Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում (Միջոցառում 49 – Ըստ նախագծի վրիպակի 48) Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սույն առաջարկությունը բխում է և ՏՀԶԿ զեկույցից, և՝ ԻՀԱ-ի և Կոալիցիայի Գրությունից, որը խիստ կարևորվում է մեր կողմից։ Որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ «Բանկային հաշիվների կենտրոնական ռեեստրը ստեղծվել է և ապահովվելի է տվյալների պաշտպանության երաշխավորմամբ վերջինիս հասանելիությունը քրեական հետապնդման մարմիններին»։ Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում ունիվերսալ անկախ մարմին ունենալու մեր տեսլականը՝ գտնում ենք, որ վերջինիս ստեղծմամբ վերոնշյալ ռեեստրի տվյալների հասանելի լինեն հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմնի համար։ Առաջարկում ենք Վերոնշյալ ռեեստրի տվյալների հասանելի դարձնել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմնի համար։ Ընդունվել է մասնակի: Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է վերջինիս թե՛ ինքնավար մարմնի, թե՛ քննչական մարմնի կարգավիճակի ընձեռում: Ուստի, ունիվերսալ մարմնի ստեղծումը պահանջում է սահմանադրական փոփոխությունների իրականացում: Այս փուլում սահմանադրական փոփոխություններից զերծ մնալու և հնարավորին կարճ ժամկետներում ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն գործուն համակարգ ստեղծելու նպատակով նախապատվություն է տրվել առանձնացված մոդելին, որը կաշխատի կանխարգելիչ և իրավապահ գործառույթներ իրականացնող առանձին մարմինների համագործակցության և փոխլրացման միջոցով: Նմանատիպ մարմնի ստեղծումը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Միաժամանակ, նոր ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը հենք կծառայի հետագայում, նպատակահարմարության դեպքում, դեպի ունիվերսալ մարմին անցումն առավել սահուն կազմակերպելու համար: Ուստի, ունիվերսալ մարմնին հասանելիություն տալու վերաբերյալ առաջարկը Նախագծի մեջ տեղ չի կարող գտել: Այնուամենայնիվ, նախագծում կատարվել է փոփոխություն՝ նախատեսելով բանկային հաշիվների կենտրոնական ռեեստրի հասանելիություն հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնին:
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Կոռուպցիոն հանցագործությունների քննության և բացահայտման շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդում (Միջոցառում 50– Ըստ նախագծի վրիպակի 49) Հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների բռնագանձման և վերադարձման վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխանեցում ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պահանջներին (Միջոցառում 51– Ըստ նախագծի վրիպակի 50) Նշյալ միջոցառումները, ըստ էության, իրենց մեջ ներառում են հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների վերականգմանն ուղղված միջոցառումներ։ Սակայն, գտնում ենք, որ նշյալ միջոցառումները բավարար չեն գողացված ակտիվները վերականգնելու համար։ Օրինակ, կոռուպցիայի հետևանքով յուրացված ակտիվների վերականգման մակարդակի և վերականգնված ակտիվների հաշվետվողականության մակարդակի ավելացումը սահմանված է «Արևելյան գործընկերություն՝ 2020 թվականին՝ 20 արդյունք» փաստաթղթում, որով պետություններին հանձնարարվում է նախատեսել ԱլԳ տարածաշրջանում հանցագործություններից ստացված եկամուտների արդյունավետ առգրավումը, բռնագրավումը և կառավարումը թույլատրող օրենսդրական շրջանակ, ինչպես նաև հիմնադրել ակտիվների վերականգնման և կառավարման գրասենյակներ՝ ԱլԳ տարածաշրջանում հանցավոր ճանապարհներով ձեռք բերված/չհիմնավորված հարստության նույնականացման, սառեցման, կառավարման և բռնագրավման գրանցամատյանի վարմամբ։ Առաջարկում ենք i. Նշյալ առաջարկությունները միավորել և խմբագրել «Ներդնել հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների վերականգման ծրագիր» վերտառությամբ, որտեղ ներառել նաև ներքոշարադրյալ ենթամիջոցառումները։ ii. Հիմնադրել ակտիվների վերականգնման գրասենյակ։ Որոշել, թե որպես այդպիսին կարող է ծառայել արդեն իսկ գործող մարմիններից, թե անհրաժեշտ է ստեղծել նոր մարմին կամ ստորաբաժանում, օրինակ՝ միայն կոռուպցիոն գործերով մասնագիտացված վարչություն դատախազությունում։ iii. Ստեղծել գողացված ակտիվների ռեեստր: iv. Կոռուպցիոն հանցագործությունների քննության և բացահայտման նպատակով ամրապնդել միջազգային, մասնավորապես՝ երկկողմ փոխօգնության ինստիտուտը, v. Ներդնել ակտիվների վերականգնման քրեական վարույթի շրջանակներից դուրս քաղաքացիական (օրենսդրության շրջանակներում ակտիվների վերականգնման in rem) ընթացակարգեր, ինչպիսիք գործում են Միացյալ Թագավորությունում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Գերմանիայում, Սլովենիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Լիխտեյնշտեյնում և այլ զարգացած երկրներում: vi. Կատարել օրենսդրական բարեփոխումներ՝ ակտիվների պետականացման, իսկ այնուհետև՝ ռեպատրիացիայի կառուցակարգերի ներդրման նպատակով։ Ընդունվել է մասնակի: ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան տվյալ ոլորտում ՀՀ-ի վավերացրած կարևորագույն փաստաթղթերից է: Կոնվենցիայի 5-րդ գլխով նախատեսված են ակտիվների վերականգնման, այդ թվում՝ համագործակցության վերաբերյալ դրույթներ: Ուստի, Նախագծիւ համապատասխան միջոցառումները միտված են ապահովել Կոնվենցիայի 5-րդ գլխով նախատեսված պահանջների իրականացումը; Ինչ վերաբերում է ակտիվների վերադարձի ինստիտուտի առանձնահատկություններին վերաբերյալ առաջարկներին, ապա վերջիններս վերոնշյալ միջոցառումների իրականացման շրջանակում կքննարկվեն և կորոշվեն:
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Դիտարկել գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության, դատախազների աշխատանքի ընդունման մրցույթի կազմակերպման, գլխավոր դատախազի հանձնարարականների բողոքարկման վերաբերյալ օրենսդրության կատարելագործման նպատակահարմարությունը (Միջոցառում 53, Ըստ նախագծի վրիպակի՝ 52) Գտնում ենք, որ դատախազության համակարգում, բացի վերոնշյալից, առկա է նաև այլ հակակոռուպցիոն բարեփուխումներ իրականացնելու անհրաժեշտություն, որոնցից որոշները ունեն ինստիտուցիոնալ բնույթ։ Մասնավորապես, դատախազության համակարգում գործում է կոռուպցիոն և տնտեսական հարցերով մասնագիտացված վարչություն, սակայն գտնում ենք, որ անհրաժեշտ է ունենալ միմիայն կոռուպցիոն գործերով մասնագիտացված վարչություն։ Վերոնշյալը բխում է կոռուպցիոն գործերով մասնագիտացված իրավապահ համակարգ, որը մենք տեսնում ենք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ներքո, ինչպես նաև՝ կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարան ունենալու տեսլականից։ Առաջարկում ենք․ Դատախազությունում ստեղծել միմիայն կոռուպցիոն հանցագործություներով զբաղվող ստորաբաժանում։ Չի ընդունվել Դատախազության մասին 2017 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավոր դատախազության և զինվորական կենտրոնական դատախազության կազմում գործող վարչությունները և բաժիններն են: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Գլխավոր դատախազը ղեկավարում և վերահսկում է դատախազության գործունեությունը և պատասխանատու է դատախազության բնականոն գործունեության ապահովման համար: Գլխավոր դատախազը հաստատում է գլխավոր դատախազության և զինվորական դատախազության կառուցվածքը, այսինքն գլխավոր դատախազության և զինվորական դատախազության կազմում գտնվող վարչությունները և բաժինները: Գլխավոր դատախազությունում համապատասխան բաժնի ստեղծումը պայմանավորված է դատախազության առջև դրված խնդիրների առավելագույնս արդյունավետ իրականացման նպատակով: Ուստի առկա ստորաբաժանումների հարցը կարող է քննարկվել Գլխավոր դատախազի կողմից ըստ հանցավորության դեմ պայքարի առաջնահերթ ուղղությունների:
4 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Պետության կողմից հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման, ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված բարեփոխումների, ազդարարման և բողոքարկման մեխանիզմների, պետական մարմնի հետ հարաբերակցվելիս անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում (Միջոցառում 54– Ըստ նախագծի վրիպակի 53) Գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկման արշավի կազմակերպում (Միջոցառում 55– Ըստ նախագծի վրիպակի 54) Տեղեկատվության ազատության բնագավառի կարգավորումների, այդ թվում՝ տեղեկատվության պրոակտիվ հրապարակման վերաբերյալ հանրային ծառայողների, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացում (Միջոցառում 57– Ըստ նախագծի վրիպակի 56) Հարկ է նշել, որ վերջին երկու թվարկված միջոցառումներն արդեն իսկ ներառված են առաջինում, քանի որ նախատեսվում է հակակոռուպցիոն նոր ռազմավարության շրջանակներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում՝ իրազեկման տարեկան ծրագրի իրականացմամբ: Առաջարկում ենք Հանրային իրազեկմանը վերաբերող բոլոր միջոցառումները ներառել մեկ իրազեկման միջոցառման ներքո։ Ընդունվել է ի գիտություն Գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկման արշավի կազմակերպումը և տեղեկատվության պրոակտիվ հրապարակման վերաբերյալ հանրային ծառայողների, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցառումները կլանվում և իրականացվում են Ռազմավարությամբ սահմանված այլ ծրագրերի շրջանակներում:
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Քաղաքացիական ծառայողների շրջանում քաղաքացիական ծառայության նոր կարգավորումների վերաբերյալ վերապատրաստումների իրականացում (Միջոցառում 58– Ըստ նախագծի վրիպակի 57) 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որի հիման վրա 2019 թվականի հունվարի 9-ին ՀՀ առաջին փոխվարչապետը քաղաքացիական ծառայության վերապատրաստման կարգը սահմանելու մասին որոշում է ընդունել, որով քաղաքացիական ծառայողներ պարբերաբար վերապատրաստում են անցնելու: Առաջարկում ենք Նշյալ միջոցառումը նախագծից հանել՝ անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով։ Ընդունվել է մասնակի Նպատակ ունենալով շարունակաբար ընդլայնել քաղաքացիական ծառայողների մասնագիտական հմտությունները և իրազեկվածության մակարդակը՝ միջոցառումը վերանվանվել է Քաղաքացիական ծառայողների շրջանում շարունակական վերապատրաստումների իրականացում:
6 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Հանրային ծառայողների շրջանում էթիկայի կանոնների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների իրականացում (Միջոցառում 59 – Ըստ նախագծի վրիպակի 58) ՏՀԶԿ-ի զեկույցի 12-րդ առաջարկության 2-րդ կետով առաջարկվում է ամբողջ հանրային ծառայության համար ապահովել պարբերական և համակարգված էթիկայի դասընթացներ: Որպես հիշյալ միջոցառման իրականացման վերստուգիչ ցուցանիշ՝ նշվում է, որ 2019-2022 թվականների ընթացքում իրականացվելու են 35 վերապատրաստման ծրագրեր: Այդ առնչությամբ, հաշվի առնելով, որ հիմնականում հանրային ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է հանրային ծառայության մեջ ընդգրկվող պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող օրենքներով և այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, հետևաբար գտնում ենք, որ առկա է անհրաժեշտություն պետական ծառայության առանձին տեսակների վերապատրաստման ծրագրերում և վերջիններիս կարգավորող իրավանորմերում համապատասխան փոփոխություներ կատարելու համար։ Առաջարկում ենք Փոփոխություններ կատարել պետական ծառայության առանձին տեսակների վերապատրաստման ծրագրերը սահմանող իրավանորմերում և նախատեսել էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացի անցկացումը ՝ որպես առանձին և պարտադիր բաղադրիչ: Ընդունվել է ի գիտություն Պետական առանձին ծառայությունների մասին օրենքներով թեև նախատեսվում է ծառայողների վերապատրաստումների պարտադիրությունը, սակայն վերապատրաստումների բաղադրիչները օրենքով սահմանման ենթակա չեն: Կողմ լինելով առաջարկի բովանդակությանը՝ տեղեկացնում եմ, որ պետական ծառայության առանձին տեսակների վերապատրաստման ծրագրերում արդեն իսկ ներառված են էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացներ:
7 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում (Միջոցառում 60, ըստ նախագծի վրիպակի՝ 59)։ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման N 3 հավելվածով հաստատվել է «Պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», որի 1-ին կետով, որպես առանձին միջոցառում, նախատեսվել է հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ միջոցառմամբ նախատեսվում է ներդնել հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավմանն ուղղված պարտադիր վերապատրաստումների ծրագիր, ինչն արդեն իսկ իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ որպես առանձին միջոցառում: Ավելին, ՀՀ ՊԵԿ-ի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 569-Ա հրամանով այն ներառվել է 2018 թվականի 4-րդ եռամսյակում վերապատրաստումների ծրագրում: Առաջարկում ենք Նախագծից հանել վերոնշյալ միջոցառումը՝ հաշվի առնելով, որ ներկայումս արդեն իսկ հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով հարկային և մաքսային ծառայողները վերապատրաստվում են։ Ընդունվել է: Միջոցառումների ծրագրի նախագծից նշված կետերը հանվել են:
8 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թթ-ի միջոցառումների ծրագրի մոնիթորինգի ցուցանիշների համակարգի մշակում ու ներդնում (Միջոցառում 61, ըստ նախագծի վրիպակի՝ 60)։ Գտնում ենք, որ Նախագծով որպես միջոցառում չեն կարող նախատեսվել մոնիթորինգի ցուցանիշների մշակումն ու ներդնումը, քանի որ վերջիններս պետք է արդեն իսկ ներառվեն յուրաքանչյուր միջոցառման հետ համատեղ։ Այլ հարց է, որ առկա չէ մոնիթորինգային գործուն համակարգ, որի վերաբերյալ ավելի մանրամասն առաջարկներ նախատեսված են Ռազմավարության Նախագծի համապատասխան բաժնում։ Բացի այդ, նշյալ միջոցառման ժամկետները ևս ենթակա են վերանայման։ Առաջարկում ենք i. Միջոցառմամբ նախատեսել ոչ թե մոնիթորինգի ցուցանիշների համակարգի մշակում և ներդնում, այլ՝ մոնիթորինգի համակարգի մշակում և ներդնում, ii. Որպես կատարման վերջնաժամկետ սահմանել 2019թ առաջին կիսամյակը։ Ընդունվել է մասնակի: Առաջարկության առաջին մասն ընդունվել է, ըստ այդմ՝ նախագծում կկատարվի համապատասխան փոփոխություն: Միաժամանակ, ներկայացված վերջնաժամկետի վերաբերյալ սկզբունքային դիտողություն չունենալով հանդերձ՝ հայտնում ենք, որ վերջնական քննարկումների արդյունքում վերջնաժամկետը կվերանայվի դրա իրականացման իրատեսականությունից ելնելով:
9 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Հակակոռուպցիոն բնույթի հանրային իրազեկման քարոզարշավների կազմակերպում (Միջոցառում 62, ըստ նախագծի վրիպակի՝ 61)։ Սույն միջոցառման նախատեսումը շատ կարևոր է, սակայն որպես ակնկալվող արդյունք նախատեսվում է հանրային իրազեկման քարոզարշավների իրականացումը միայն տնտեսվարող սուբյեկտների շրջանում և միայն հարկային և մաքսային ոլորտներում հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Անհասկանալի է, թե ինչու՞ է սահմանվել իրազեկման ենթակա սուբյեկտների նման նեղ շրջանակ: Բացի այդ, նշյալ միջոցառումը զետեղված է մոնիթորինգի բաժնի ներքո, մինչդեռ որևէ աղերսներ չկան վերջիններիս միջև։ Առաջարկում ենք Սույն միջոցառման ակնկալվող արդյունքներ բաժնում ներառել i. նշյալ միջոցառման ակնկալվող արդյունք բաժնից հանել միայն տնտեսվարող սուբյեկտներին և հարկային ու մաքսային ոլորտներին վերաբերող սահմանափակումները, ii. նշյալ միջոցառումը զետեղել նոր՝ հակակոռուպցիոն կրթություն գլխի ներքո, iii. հակակոռուպցիոն սոցիալական թիրախավորված գովազդների կիրառում, iv. համայնքներում բնակչության և տեղական հասարակական կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն բնույթի հանրային քննարկումների կազմակերպում, v. կոռուպցիայի դեմ պայքարի օրը՝ դեկտեմբերի 9-ին, համապետական ֆլեշմոբի կազմակերպում, vi. կոռուպցիայի դեմ պայքարի օրը՝ դեկտեմբերի 9-ին, երիտասարդական համաժողովի և հակակոռուպցիոն թեմաներով պլենար նիստերի կազմակերպում, vii. տարբեր համակարգչային խաղերի ծրագրավորում, որոնք կվերաբերեն կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես տեղեկատվական բնույթի, այնպես էլ՝ իրավիճակային՝ հիմնված հակակոռուպցիոն սցենարների վրա, viii. թատրոններում հակակոռուպցիոն բնույթի բեմականացված ներկայացումների կազմակերպում, ix. հակակոռուպցիոն համապետական մրցույթների և ճամբարների կազմակերպում։ Ընդունվել է մասնակի Միջոցառումը հանվել է նախագծից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 53-րդ միջոցառումն արդեն իսկ նախատեսում է առանց սուբյեկտային թիրախավորման հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում և իրականացում: Ընդ որում, հանրային իրազեկումը կիրականացվի առաջարկված ձևաչափերի շրջանակում:
10 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:06:39 Համակարգային մոտեցման որդեգրում հակակոռուպցիոն կրթության ներդրման ուղղությամբ Վերոգրյալում արդեն անդրադարձ ենք կատարել, որ Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի կողմից իրականացվող կարևոր գործառույթի՝ հակակոռուպցիոն կրթություն մասին Ռազմավարության նախագծով, ըստ էության, անդրադարձ չի կատարվել: Փոխարենը, Ռազմավարության նախագծով առանձին բաժին է նախատեսվել «Հանրային իրազեկում և հակակոռուպցիոն կրթություն» վերնագրմամբ, որում ներառված թվով 8 միջոցառումները ոչ միայն չեն կարող համարվել բավարար երկրում հակակոռուպցիոն կրթությունը բովանդակային հենքի վրա դնելու, այլ նաև խնդրահարույց է երկրի եռաստիճան կրթական համակարգում այն ներդնելու տեսանկյունից: Գտնում ենք, որ հակակոռուպցիոն կրթությունը պետք է ունենա մեկ հիմնական նպատակ՝ ժողովրդին դաշնակից դարձնելը կոռուպցիայի դեմ պայքարում, և վերջինս պետք է ունենա անկյունաքարային նշանակություն։ Առաջակում ենք Ներդնել էթիկայի, բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաների ուսուցման մոդուլներ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատություններում՝ հաշվի առնելով նշյալ հաստատություններում ուսում ստացող անձանց տարիքային առանձնահատկությունները:
11 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:08:31 Իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության համակարգի բարելավում Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգով, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ պայմանավորված ներկայումս մշակվում է նոր կարգ: Առաջարկում ենք i. Նոր մշակվող կարգում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում ներդնել հակակոռուպցիոն բնագավառիկարգավորման ազդեցության գնահատման առավել ճկուն, արդիականացված համակարգ և մեթոդաբանություն՝ հիմքում ունենալով պետության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման առաջնահերթությունները և վերջին տարիների օրենսդրական բարեփոխումներրի արդյունքները: ii. Ներդնել հակակոռուպցիոն փորձագետների ակրեդիտացման համակարգ, ինչպիսին գործում է, օրինակ, Ռուսաստանում։ iii. Վերապատրաստել հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնող պաշտոնատար անձանց։
12 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:08:31 Կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի ստեղծում Միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ավելի ու ավելի տարածում է գտնում կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանների ստեղծումը։ Ներկայումս շուրջ 20 երկրներում կան հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ, օրինակ՝ Ինդոնեզիա, Քենիա, Ֆիլիպիններ, Սլովակիա, Ուգանդա և այլն։ Հակակոռուպցիոն դատարան ասելով մենք հասկանում ենք դատարան, դատավոր կամ դատարանի մասնագիտացված կազմ, որը մասնագիտացված է կոռուպցիոն գործեր քննելում։ Նման դատարանի ստեղծումը տրամաբանական շարունակությունն է մասնագիտացված հակակոռուպցիոն իրավապահ համակարգի, որը մենք տեսնում ենք ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ներքո և դատախազությունում մասնագիտացված հակակոռուպցիոն ստորաբաժանման։ Հակառակ պարագայում, որքան էլ որ մասնագիտորեն պատրաստված գործը գնա դատարան, եթե դատավորը չլինի մասնագիտացված հակակոռուպցիոն գործերում, որտեղ առկա են մի շարք առանձնահատկություններ, օրինակ՝ ապօրինի հարստացման գործերում ապացուցման բեռի հետ կապված, ապա չի կարող արդար և անաչառ վճիռ կայացնել։ Արդյունքում, պետության կողմից իրականացված ամբողջ հակակոռուպցիոն ջանքերը զուր կանցնեն։ Առաջարկում ենք Ստեղծել կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարան կամ հատուկ մասնագիտացված դատական կազմ։ Ընդունվել է ի գիտություն Ներկայացված առաջարկների Նախագծում ներառման հնարավորությունը կդիտարկվի ՀՀ կառավարության նոր ծրագրի ընդունից հետո նախագծի վերջնական լրամշակման ընթացքում:
13 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:08:31 Միանալ «Թափանցիկության խոստում» նախաձեռնությանը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոալիցիայի առաջնահերթությունների շարքին է պատկանում «Թափանցիկության խոստում» (Transparency Pledge) նախաձեռնության միացումը, ինչպես նաև հակակոռուպցիոն ջանքերի վերաբերյալ տեղեկատվության ազատության իրավունքի խթանումը: «Թափանցիկության խոստում»-ն իրենից ներկայացնում է պետության կողմից ստանձնած հանձնառարությունը՝ հետևել թվով վեց թափանցիկության սկզբունքի՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման մեխանիզմի ժամանակ։ Դրանց թվին է պատկանում նաև՝ քաղաքացիական հասարակության հետազոտողների ֆինանսավորումը, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան ներկա գտնվել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի օժանդակ մարմիններում, ինչպես նաև կազմակերպել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման արդյունքում կազմված զեկույցի քննարկումներ և այլն։ Արդեն իսկ մի շարք երկրներ միացել են խոստմանը՝ Բելգիա, Բուլղարիա, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Նորվեգիա, ԱՄՆ, Սլովենիա և այլն։ Առաջարկում ենք i. Միանալ «Թափանցիկության խոստում» նախաձեռնությանը ii. Նախատեսել միջոցներ ՀՀ պետական բյուջեից խոստմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ։
14 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:08:31 Պայքարել գույքը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացում ծագող կոռուպցիոն ռիսկերի դեմ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով փորձ է կատարվել սահմանել, թե գերակա հանրային շահը ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել` տալով բավականին ընդգրկուն մեկնաբանություն, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դեպք ներառել այդ հասկացության ներքո: Բացի այդ, թվարկված է միմիայն նպատակների բնույթը` գերակա հանրային շահը կարող է հետապնդել պետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգության ապահովման, կրթության, առողջության սպորտի զարգացման ապահովման և այլ նպատակներ: Առաջարկում ենք i. փոփոխություն կատարել «հանրության գերակա շահ»-ի սահմանման մեջ և թվարկել ու ներառել հստակ կառույցների, ոլորտների անվանումները, որոնց գործունեության բարելավումն իսկապես արտացոլում է հանրության գերակա շահերը, ii. սահմանել, որ յուրաքանչյուր դեպքում, ձեռքբերվող սեփականությունը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելով, պետությունը պարտավոր է հիմնավորել, որ այդ շահը օտարվող սեփականության սեփականատերերի շահից գերակայող է, և նպատակի իրագործումն անհնար է առանց կոնկրետ այդ սեփականության ձեռքբերման: Ընդ որում, եթե ձեռք է բերվում մի քանի սեփականատերերի գույք, ապա այդ հիմնավորումը պետք է տրվի նրանցից յուրաքանչյուրի գույքի ձեռքբերման կապակցությամբ: iii. սահմանել, որ գերակա հանրային շահ ճանաչելու կառավարության որոշման համար անհրաժեշտ հիմքերը և փաստաթղթերն իրենց մեջ ներառում են օտարման ենթակա տարածքի:
15 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:08:31 Նախատեսել հակակոռուպցիոն աուդիտ Նման փորձ առկա է, օրինակ, Բոտստվանայում, Լեհաստանում, Չեխիայում և այլն: Ներկայումս սույն հարցի վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրություն: Արդյունքները կներկայացվեն լրացուցիչ: Առաջարկում ենք․ Նախատեսել հակակոռուպցիոն աուդիտ hանրային և մասնավոր ոլորտներում։
16 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:33:11 Առաջարկում ենք Ռազմավարության նախագծում ներկայացնել նաև նախորդ Ռազմավարության գործողության ընթացքում իրավապահ (այն մարմինները, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու են իրականացնել կոռուպցիոն բնույթի գործերի քննություն) և հակակոռուպցիոն կանխարգելիչ գործունեություն իրականացնող մարմինների (Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով, ՀՀ վարչապետին կից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ) գործունեության արդյունավետության, արդյունքների և ազդեցության գնահատումը: Ընդունվել է Նախագծում կկատարվի համապատասխան փոփոխություն: Լրամշակված տարբերակը նույնպես կներկայացվի հանրային քննարկման: