Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հարկադիր կատարման գործընթացում առաջացող մի շարք՝ հարկադիր կատարման ընթացքում որոշումների ընդունման, պարտապանի գույքի գնահատման, հարկադիր էլեկտրոնային աճուրդի ծանուցման ժամկետների, որպես հայցի ապահովման միջոց պարտապանի գույքի վրա արգելանքի կիրառման և այլ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նշված խնդիրների լուծման առաջնահերթությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսվել է բարելավել դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը, մասնավորապես, դատական ակտերի հարկադիր կատարման ժամկետների հստակեցման և հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների նվազեցման տեսանկյունից, որի հիման վրա Նախագծերի ընդունումը ներառվել է  նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2017 թվականի   գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի միջոցառումների  և գերակա խնդիրների ծրագրում:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
    1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) առկա են կատարողական վարույթի հարուցման և իրականացման ժամկետների հետ կապված անորոշ կարգավորումներ: Առկա են նաև բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ, ինչպես նաև անհարկի հայեցողական լիազորություններ, որոնք ակնհայտորեն դժվարացնում են դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը: Օրինակ, դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց՝ գույքի կամ դրամական միջոցի վրա արգելանք, և հարկադիր կատարողը կարող է որոշել, թե արդյոք արգելանքը դնում է միայն գուքի վրա, թե արգելանքը դրվում է և՛ գույքի, և՛ դրամական հաշիվների վրա: Կամ կատարողական վարույթի համար սահմանված է երկամսյա ժամկետ, հարկադիր կատարողը 10 օր հետո, տեսնելով, որ պարտապանը կամավոր չի կատարում պարտականությունը, կարող է որոշում կայացնել գույքը հարկադիր աճուրդի հանելու վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգում է գույքի աճուրդը՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:

Բացի այդ, Օրենքը մի շարք դեպքերում, օրինակ կատարողական վարույթը կարճելու, կասեցնելու կամ վերսկելու դեպքերի համար, չի նախատեսում հարկադիր կատարողի կողմից համապատասխան որոշումների ընդունման ժամկետներ:

Միևնույն ժամանակ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածը, սահմանելով բավարարման ենթակա պահանջների հերթականությունը, միևնույն ժամանակ չի ամրագրում հստակ իրավական պայմաններ միևնույն հերթում ընգրկված պահանջների բավարարման առաջնահերթության վերաբերյալ: Այսինքն, իրավակիրառական պրակտիկայում խնդրահարույց է այն իրավիճակը, թե միևնույն հերթի պահանջատերերի կողմից տարբեր օրերի ներկայացված պահանջների դեպքում որ պահանջին պետք է տրվի առաջնահերթություն:

2.«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում առկա են բազմաթիվ ոչ հստակ իրավական կարգավորումներ, առանձին դեպքերում էլեկտրոնային աճուրդի կազմակերպման բնագավառում առկա են անորոշ ժամկետային կարգավորումներ, ինչպես օրինակ, հստակ կարգավորված չէ, թե գույքն աճուրդով վաճառելու որոշում կայացնելիս՝ ինչ ժամկետում պետք է գնահատվի լոտը: Բացի այդ, դատական պրակտիկան զարգացել է այնպես, որ հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու արդյունքում անվավերության հետևանքներ կիրառելիս լոտի գնման գինը վերադարձնելու պարտականությունը կրում է հարկադիր կատարման ծառայությունը (ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով որոշումը): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկադիր կատարողը լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա հանձնում է պարտատիրոջը, նշված մեկնաբանությունը կարող է հանգեցնել հարկադիր կատարման ծառայության համար անհամաչափ պարտավորության առաջացման: Բացի այդ, ներկայումս յուրաքանչյուր հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտը չվաճառվելու դեպքում նշանակվում է կրկնաճուրդ, որում մեկնարկային գինն իջեցվում է տասը տոկոսով: Նման կարգավորման պայմաններում աճուրդի դրված առանձին լոտեր, որոնք փոքր պահանջարկ են վայելում, կարող են վաճառվել դրանց արժեքից շատ ավելի ցածր գնով:

  1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի    83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից:

Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վիճակագրական տվյալների համաձայն 2014-2016 թվականների ընթացքում հարկադիր կատարողի որոշումների վերաբերյալ 337 հայցադիմում է ստացվել, որոնց հիման վրա կատարողական գործողությունները կասեցվել են: Ընդ որում, նշված դատական գործերից 97-ը մերժվել է, 17-ը բավարարվել, իսկ 223-ի վերաբերյալ դեռևս վերջնական դատական ակտ չի կայացվել:

Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ Օրենքի համաձայն հարկադիր կատարողի որոշումների բողոքարկումը չի հանգեցնում կատարողական գործությունների կասեցմանը, այնուամենայիվ գործնականում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգքրի 83-րդ հոդվածով տրված կարգավորումը, որի արդյունքում կատարողական գործողություններով պարտապանները կարող են ցանկացած, այդ թվում՝ ոչ էական հիմքերով դատական կարգով վիճարկել հարկադիր կատարողի որոշումները, ինչը կարող է հանգեցնել կատարողական վարույթի անհարկի ձգձման և դրա հետևանքով պահանջատերերի իրավունքների անհամաչափ սահմանափակման:

  1. 4. Իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ հարկադիր աճուրդում հաղթած մասնակիցը տեղեկացված չի լինում Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ֆիզիկական անձից գնված գույքի դիմաց վճարված եկամտից հարկային գործակալի գործառույթ կատարելու մասին և չի կարողանում պատշաճ կատարել վճարման պարտականությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Առկա իրավական խնդիրները լուծելու նպատակով.

  1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝

 1) սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ: Մասնավորապես, որպես որոշումների ընդունման միասնական ժամկետ սահմանվել է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետը,

2) հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները: Մասնավորապես, Օրենքում նախատեսվել է առանձին հոդված, որը կարգավորում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները: Պարտապանի համար հնարավորություն է ստեղծվել միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը այլ գույքի վրա տարածելու մասին, որը կնպաստի ինչպես հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության և կանխատեսելության բարձրացման, այնպես էլ կնվազեցնի կամ կվերացնի արգելանք կիրառելու արդյունքում պարտապանների տնտեսական կամ այլ վնասներ կրելու կամ բնականոն գործունեությունը խաթարելու հնարավորությունը,

 3) Սահմանվել են գույքի գնահատման և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշում ընդունելու հստակ ժամկետներ:

  1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝

1) սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետ: Մասնավորապես, նախատեսվել է, որ ծանուցումը պետք է հրապարակվի հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշումն ընդունելուց հետո 20-օրյա ժամկետում,

2) hաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկադիր աճուրդ անվավեր ճանաչվելու դեպքում ձևավորված դատական պրակտիկայի համաձայն լոտի գնման գինը վերադարձնելու պարտականությունը կրում է հարկադիր կատարողը, ինչը կարող է հանգեցնել վերջինիս համար անհամաչափ պարտավության առաջացման,  սահմանվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության հատուկ հետևանքներ: Մասնավորապես, նշվել է, որ  հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու դեպքում գնորդը հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքը վերադարձնում է հարկադիր կատարողին, իսկ պահանջատերը և պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարները վերադարձնում են հարկադիր կատարողին, հարկադիր կատարողը գանձված կատարողական ծասերը վերադարձնում է պարտապանին, իսկ լոտի վաճառքից ստացված և պարտատիրոջ կողմից վերադարձված գումարը՝ գնորդին,

3) հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտի մեկնարկային գնի անվերջ նվազման հնարավորությունը բացառելու նպատակով սահմանվել է, որ քսաներորդ աճուրդը չկայանելու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Նախագծով նախատեսվել է սահմանափակվել քսաներորդ աճուրդով, քանի որ քսանմեկերորդ աճուրդի մեկնարկային գինը կազմում է գնահատման արժեքի 10%-ից պակաս (մոտ 9.12 %):

Միաժամանակ, պետք է նշել, որ լոտը ավելի վաղ, օրինակ, 10-րդ աճուրդից հանելու դեպքում էապես կսահամանափակվեն կատարողական վարույթներով պահանջատերերի իրավունքներն ու օրինական շահերը: Բացի այդ, 10-րդ աճուրդով իրացվում են միայն աճուրդի ներկայացվող լոտերի ընդամենը 7-ը տոկոսը, ինչը նշանակում է, որ այդ փուլում լոտը հանելը չի կարելի համարել արդյունավետ մեխանիզմ քննարկվող խնդրի լուծման համար:Նախագծով առաջակվող տարբերակը հնարավորություն է տալիս ապահովել կատարողական վարույթի բնականոն ընթացքը, ինչպես նաև առավելագույնս երաշխավորել պարտատիրոջ շահերը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում բավարարում ստանալու տեսանկյունից: Բացի այդ, առաջարկվող կարգավորմամբ փորձ է արվել ապահովել ողջամիտ հավասարակշռություն պարտատերերի և պարտապանների շահերի միջև: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով և Օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տարբեր իրավակարգավորումների և պրակտիկայում դրանց տրված մեկնաբանման համատեքստում կատարողական վարույթի անհարկի ձգձումները կանխելու և դատական ու վարչական ակտերի կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով որպես վիճարկման հայցի պարադիր հետևանք՝ վարչական ակտի կատարման կասեցումից բացառություն են սահմանվել կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից ընդունված վարչական ակտերը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ներկայումս բավականին շատ կատարողական վարույթներ կասեցված են, նախագծի անցումային դրույթներով սահմանվել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում կասեցված կատարողական վարույթները պետք է վերսկսվեն:

  1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն «գույք» հասակացությունը ներառում է նաև դրամական միջոցները «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է հացագնի չափով պատասխանողի գույքի վրա արգելանք դնելը, որի պարագայում «գույք» տերմինը ներառում է նաև դրամական միջոցները, ինչի արդյունքում դրամական միջոցներն առանձին նշելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ Օրենքում այդ առումով նախատեսվում են պարտապանի և պարտատիրոջ հավասարակշռման մեխանիզմներ: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է, որ եթե պարտապանը հայցագնի չափով գումարը վճարում է հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգքրի 98-րդ հոդվածի 3-րդ մասը:
  2. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման միջոցով կատարելագործվում են հարկադիր աճուրդի ժամանակ եկամտային հարկի գանձման մեխանիզմները: Մասնավորապես, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռք է բերում հարկային գործակալի կարգավիճակ, որի արդյունքում, ստանալով գույքի ձեռք բերման համար նախատեսված եկամուտները, անմիջականորեն կիրականացնի եկամտային հարկի հաշվարկը և վճարումը: Նշվածն, իր հերթին, կնպաստի այդ մասով պետական բյուջեի մուտքերի պատշաճ ապահովումը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագծերը մշակվել են «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետական բյուջե մուտքերի պատշաճ ապահովումը:

 


ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակ­ցու­թ­յամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

 


 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», Հարկեր մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    23.03.2017 - 07.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13534

Տպել