Հիշել նախագիծը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.

 «Հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:»:

 

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) առկա է սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ կամ 9-րդ մասով նախատեսված հիմքը:»:

2) 3-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման, ինչպես նաև սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 3-րդ  և 8-րդ մասերով սահմանված դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»:

 

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածում՝

  • վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով արգելանք դնելը»

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 44.3-րդ հոդվածով:»:

 

Հոդված 4. Օրենքի 44.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5) պարտապանը հայցագնի չափով գումարը վճարել է հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին կամ պարտապանի միջնորդությամբ արգելանքը դրվել է այլ գույքի վրա:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.3-րդ հոդվածով՝

«Հոդված 44.3. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելը

«1. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանքը դրվում է հետևյալ հերթականությամբ.

1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`

ա. անշարժ գույք,

բ. արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,

գ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

դ.պատրաստի արտադրանք,

ե. շարժական գույք,

զ. դրամական միջոցներ:

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա. անշարժ գույք,

բ. շարժական գույք,

գ. դրամական միջոցներ:

  1. Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա արգելանք է դրվում միայն նախորդ հերթի գույքի վրա արգելանք դնելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի վրա արգելանք դնելու՝ հաջորդ հերթի գույքի վրա կարող է արգելանք դրվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի լիկվիդացիոն արժեքը պակաս է հայցագնի չափից:
  2. Պարտապանը, ում գույքի (այդ թվում՝ դրամական միջոցների) վրա որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով արգելանք է կիրառվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը այդ գույքի վրա տարածելու մասին՝ կցելով գույքի լիկվիդացիոն արժեքի՝ հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը և միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ:
  3. Գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին:
  4. Հարկադիր կատարողն առարկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում գնահատման եզրակացության արժանահավատությունը ստուգելու նպատակով որոշում է կայացնում փորձաքննություն նշանակելու մասին, որի ծախսերը կրում է պահանջատերը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի: Նշված դեպքերում փորձաքննության ծախսերը կրում է պարտապանը:
  5. Եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող գույքի հայցագնից պակաս լիկվիդացիոն արժեք ունենալու հանգամանքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է և կատարողական վարույթն ավարտվում է:
  6. Եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է հայցագնի չափին, ապա հարկադիր կատարողը որոշում է կայացնում արգելանքը միջնորդությամբ նշված գույքի վրա տարածելու, նախկինում արգելադրված գույքը արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:
  7. Արգելանքը դրամական միջոց չհամարվող գույքի վրա դրված լինելու դեպքում պարտապանը կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը իր անունով բացված բանկային կամ ավանդային հաշվի վրա առկա դրամական միջոցների վրա տարածելու վերաբերյալ՝ պայմանով, որ դրանց չափը պակաս չէ հայցագնի չափից, ինչպես նաև հայցագնի չափով գումարը մուծել հարկադիր կատարման դեպոզիտ հաշիվ:
  8. Պարտապանի անվամբ բացված բանկային կամ ավանդային հաշվի վրա առկա դրամական միջոցների վրա արգելանք դրվելու կամ հարկադիր կատարման դեպոզիտ հաշիվ հայցագնի չափով պարտապանի կողմից գումար մուծված լինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում նախկինում արգելադրված գույքը արգելանքից հանելու և կատարողական վարույթն ավարտելու մասին»:

 

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը

   
  1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով արգելանք կամ սահմանափակում կիրառելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում գույքի գնահատման մասին:
  2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո՝ եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 7. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.

 «5.1. Սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված փորձաքննության իրականացման կատարողական ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից` բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 8. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«2. Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են հետևյալ հերթականությամբ.

  • առաջին հերթին վճարվում են հարկադիր կատարման ծառայության կողմից որպես հարկային գործակալ հաշվարկված հարկերը,
  • երկրորդ հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները,
  • երրորդ հերթին բավարարվում են դատական և կատարողական ծախսերը,
  • չորորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը,
  • հինգերորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաև հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները,
  • վեցերորդ հերթին բավարարվում են աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների և դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները,
  • յոթերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները,
  • ութերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

Միևնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

       Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35.1-րդ հոդվածի 3-րդ մասում «հրապարակվում է աշխատանքային ժամերին» բառերից հետո լրացնել «հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացնելու մասին որոշում ընդունելուց հետո 20-օրյա ժամկետում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Քսաներորդ հարկադիր աճուրդը չկայանելու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում:»:

 

Հոդված 3. Օրենքի 35.3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ վերականգվում է պարտապանի սեփականության իրավունքը, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը և պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարները նույն չափով վերադարձնում են գնորդին:

  1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու դեպքում հարկադիր կատարողը տասնօրյա ժամկետում իրականացնում է օրենքով նախատեսված լոտի գնահատմանը և իրացմանն ուղղված գործողություններ:»:

 

Հոդված 4. Օրենքի 35.4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Քսաներորդ աճուրդը չկայանելու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 98-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին կետից հանել «կամ դրամական միջոցների» բառերը.
  • 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից ընդունված վարչական ակտերի կատարման:»:

 

Հոդված 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վերսկսվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կասեցված բոլոր կատարողական վարույթները:

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության  1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 6-րդ հոդվածում «հիմնարկը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարության դատական   ակտերի   հարկադիր  կատարումն ապահովող ծառայությունը» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ -246-Ն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասում «վճարված եկամուտներից» բառերից հետո լրացնել «, իսկ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լինելու դեպքում գնորդի կողմից վճարված գումարից»  բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

 

  • Քննարկվել է

    23.03.2017 - 07.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    ՀՀ արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 1096

Տպել