Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, թե ում և ինչ ժամկետում դիմելու դեպքում է վճարվում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը, իսկ 6-րդ մասով նույն հարաբերությունները կարգավորված են կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարի դեպքում:

Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մաս 2-րդ պարբերության համաձայն` կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

Օրենդրության համաձայն` այլ օրենքներով նշանակված կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, պարգևավճարները, պատվովճարները վճարվում են կենսաթոշակի համար սահմանված կարգով:

Այսպես, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եվ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` այդ օրենքով սահմանված կենսաթոշակը վճարվում է, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները վճարվում են կենսաթոշակի համար սահմանված կարգով:

Այսինքն, գործող իրավակարգավորումների համաձայն` պետական կենսաթոշակային ապահվության համակարգի կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները և այլ դրամական վճարները, այդ թվում` կենսաթոշակառուի (նպաստառու) մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի (նպաստի) գումարը, կենսաթոշակառուի (նպաստառուի) կենսաթոշակ (նպաստ) ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի (նպաստի) գումարը և կենսաթոշակառու (նպաստառուի) մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում են շահառուի ընտրությամբ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Հարկ է նշել, որ կենսաթոշակի (նպաստի) վճարման կանխիկ եղանակը մի կողմից իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր` կապված վճարման հասցեականության հետ (կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին տրամադրում է կազմակերպության աշխատողը և հնարավոր չէ պետական վերահսկողական մեխանիզմով վերահսկել այդ գործընթացը), մյուս կողմից իրականացվում է ավելի սեղմ ժամկետում (տվյալ ամսվա կենսաթոշակը վճարվում է մինչև տվյալ ամսվա 20-ը, որպեսզի հնարավոր լինի տվյալ ամսվա կենսաթոշակների վճարման վերաբերյալ անձնավորված տեղեկատվությունը ամփոփել  և տրամադրել ծառայությանը):

Բացի այդ, կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ պետական բյուջեով նախատեսված են 1,439.1 մլն դրամի չափով, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով: Այս ծրագրի գծով 2017 թվականի փաստացի ծախսը կազմել է 1,587.0 մլն դրամ, որից կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով` 1,506.5 մլն դրամ: Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը:

Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով:  

Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Կարգավորման առարկան

Կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք ունեցող շուրջ 550 000 շահառուներից մոտ 200 000 ապրում է Երևանում:

Հաշվի առնելով նաև կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտ վճարային քարտերով և այլ վճարային գործիքներով սպասարկման ենթակառուցվածքի ընդգրկման սահմանափակությունը, նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարել`

- կենսաթոշակը` Երևան քաղաքում` կանխիկ եղանակով վճարման հնարավորություն նախատեսելով առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների, 75 տարին լրացած տարեցների համար, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում,

-  կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` ակախ բնակության վայրի:

Քանի որ առկա է անկանխիկ եղանակով վճարումն ապահովելու համար անհրաժեշտ` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկում բանկային հաշիվ բացելու խնդիրը (իր անվամբ բանկային հաշիվ բացելու համար շահառուն պետք է այցելի բանկ, բանկից վերցնի բանկային հաշվի համարը հավաստող տեղեկանք և այն ներկայացնի տարածքային բաժին), նախատեսվում է, որ օրենքի գործողությունը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, չվճարված կենսաթոշակի գումարը, այդ թվում` կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը, թաղման նպաստը վճարելու դիմումներ ներկայացնելու դեպքերում: 2020 թվականի հունվարի 1-ից հետո բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունվելու դեպքում կենսաթոշակը Երևան քաղաքում կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով (բացառությամբ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների, 75 տարին լրացած տարեցների և Կառավարության սահմանած այլ դեպքերում): Անկանխիկ եղանակով կվճարվեն նաև  կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյոուջեի ծախսերը կնվազեն, որի չափը գնահատել հնարավոր չէ, քանի որ օրենքի գործողությունը տարածվելու է միայն կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի վճարմանը կամ ստանալու իրավունքին առնչվող դիմումեր ներկայացնելու դեպքերի վրա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշումների մեջ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, իսկ ծախսերը կնվազեն։

 

  • Քննարկվել է

    20.11.2018 - 06.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7801

Տպել