Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ– ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Համաձայն  «Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։ 

            Նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն  որոշման  նախագծով  առաջարկվում  է   Երևան քաղաքում    սահմանել   տեղական վճարների հետևյալ տեսակները և դրույքաչափերը.

  1. Նախագծով առաջարկվում է անփոփոխ թողնել համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտական ակտի փաստագրման ձևակերպման համար, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար 2018 թվականի գործող դրույքաչափերը:

            Հաշվի առնելով Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը՝ պետության վարկանիշային դիրքն ավելի բարձր աստիճանի հասցնելու նպատակով 2010-2013 թվականների ընթացքում մի շարք բարեփոխումներ են իրականացվել քաղաքաշինական գործունեությանն առնչվող՝ ՀՀ գործող մի շարք իրավական ակտերում համապատասխան լրամշակումներ կատարելու միջոցով, որի արդյունքում կրճատվել են ինչպես այդ ոլորտի փաստաթղթեր ձեռք բերելու ժամկետներն (այդ թվում շինարարության ավարտի փաստագրման ակտի ձևակերպման), այնպես էլ հնարավորինս պարզեցվել են այդ փաստաթղթերի ձևակերպման ընթացակարգերը։ Համաձայն հիշյալ գործընթացի արդյունքում ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածության, նախատեսվել է նաև մշակել շինարարության ավարտի փաստագրման ձևակերպման համար Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի գոտիավորման չափորոշիչները, որը ինչպես հնարավորություն կընձեռնի 2019 թվականի կտրվածքով բարելավել Հայաստանի Հանրապետության վարկանիշային դիրքն, այնպես էլ այն կխթանի Երևան քաղաքում շինարարության կազմակերպման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև վարչական շրջանների համաչափ զարգացումը:

            Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է տեղական վճարի գործող դրույքաչափերի վրա տարածել ՀՀ կառավարության 24.12.2003թ. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» հ. 1746-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիները (որոնք Երևան քաղաքի վարչական տարածքում բաշխված են 1-ից ներառյալ 9-րդ գոտիներում)՝ կիրառելով համապատասխան գործակիցներ, այդ թվում՝

1-ին գոտի-1,9

 

6-րդ գոտի-0,9

2-րդ գոտի-1,7

 

7-րդ գոտի-0,7

3-րդ գոտի-1,5

 

8-րդ գոտի-0,5

4-րդ գոտի-1,3

 

9-րդ գոտի-0,3

5-րդ գոտի-1,1

 

 

 

            Նշված գործակիցների կիրառման արդյունքում` Երևան քաղաքի այն բոլոր տարածքները, որոնք ընդգրկված են 6-ից ներառյալ 9-րդ գոտիներում, տեղի կունենա տեղական վճարի գործող դրույքաչափերի համամասնական նվազեցում, իսկ ավելի բարձր տարածագնահատման գոտիներում համամասնորեն կաճեն դրույքաչափերը, որի արդյունքում հնարավոր կլինի ինչպես խթանել Երևան քաղաքի վարչական տարածքի միջին և համեմատաբար ավելի հեռավոր հատվածների շինարարական գործընթացների կազմակերպումը՝ կառուցապատողների կողմից ավելի քիչ դրամական միջոցներ ծախսելու միջոցով, այնպես էլ պահպանել այդ եկամտատեսակի ուղղությամբ Երևան համայնքի բյուջե մուտքագրվող գումարների համամասնությունը:

  1. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար տեղական վճարը նույնպես առաջարկվում է սահմանել 2018 թվականի գործող դրույքաչափով, հաշվի առնելով չափագրվող հողամասի մակերեսը` համապատասխանաբար փոքր, միջին և խոշոր մակերեսով հողամասերի համար:
  2. Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար առաջարկվում է սահմանել նախորդ տարիներին գործող տեղական վճարի դրույքաչափը՝ 10000 /տասը հազար/ դրամ:
  3. Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար առաջարկվում է սահմանել օրական 200 /երկու հարյուր/ դրամի չափով:
  4. «Աղբահանության   և   սանիտարական  մաքրման  մասին»  ՀՀ  օրենքի 5-րդ    հոդվածի համաձայն աղբահանության դիմաց օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է, որը «Աղբահանության եվ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն սահմանվում է.
  • Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար
    • «Աղբահանության և   սանիտարական  մաքրման  մասին»  ՀՀ  օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տարբերակներից առաջարկվում է սահմանել` ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար (2019 թվականի համար առաջարկվում է վերը նշված որոշմամբ սահմանված վճարի դրույքաչափերը թողնել անփոփոխ).
  • Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճար
    • առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ (օրենքով նախատեսված 50 /հիսուն/ դրամից 100 /հարյուր/ դրամ դրույքաչափի դիմաց).
    • հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ (օրենքով նախատեսված 20 /քսան/ դրամից 50 /հիսուն/ դրամ դրույքաչափի դիմաց).
    • արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ (օրենքով նախատեսված 5 /հինգ/ դրամից 15 /տասնհինգ/ դրամ դրույքաչափի դիմաց).
    • կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 /չորս/ դրամ (օրենքով նախատեսված 3 /երեք/ դրամից 15 /տասնհինգ/ դրամ դրույքաչափի դիմաց).
  • Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճար
    • «Աղբահանության և   սանիտարական  մաքրման  մասին»  ՀՀ  օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված տարբերակներից առաջարկվում է սահմանել` ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ (օրենքով նախատեսված 3000 /երեք հազար/ դրամ դրույքաչափի դիմաց):

            Միաժամանակ,  համաձայն  «Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին»  ՀՀ օրենքի 10-րդ  հոդվածի 1-ին մասի 8-րդ  կետի`  տեղական  ինքնակառավարման   մարմինների կողմից սահմանվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին շինարարական  և   խոշոր   եզրաչափի  աղբի  հավաքման  և  փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման  համար  թույլտվության   վճար,  որը  «Աղբահանության   և  սանիտարական  մաքրման  մասին»  ՀՀ  օրենքի 8-րդ  հոդվածի 7-րդ  մասին համապատասխան   չի   կարող  գերազանցել   համապատասխան   աղբահանության  վճար  վճարողի  կողմից  նախատեսված   դրույքաչափի 20 %–ը,  ինչը  սույն  որոշման  նախագծով նախատեսվում  է սահմանել մեկ  խորանարդ մետրի համար 500 /հինգ հարյուր/ դրամ։ 

  1. Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար տեղական վճարի դրույքաչափն առաջարկվում է սահմանել յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող. ա/ բնակելի տարածքի համար՝ ամսական 25 /քսանհինգ/ դրամ, բ/ոչ բնակելի տարածքի համար՝ ամսական 50 /հիսուն/ դրամ:

Դրույքաչափի սահմանման համար հիմք են ընդունվել համատիրությունների կողմից ներկայացված տվյալները, որոնց համաձայն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար բնակելի տարածքի սեփականատիրոջից գանձվող գումարի չափը կազմել է ամսական մինչև 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար, իսկ ոչ բնակելի տարածքների համար՝ մինչև 50 /հիսուն/ դրամ:

  1. Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար`մեկ երեխայի հաշվարկով առաջարկվում է տեղական վճարի դրույքաչափը սահմանել ամսական 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ դրամ: Մանկապարտեզները տարիներ շարունակ ֆինանսավորվել են երեխա-թվով: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 160 մանակապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա ուղղակի կատարվող ծախսը:
  2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 26 երաժշտական և արվեստի դպրոցներից յուրաքանչյուրում գործում են շուրջ 30 բաժիններ, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսուցման ծառայություններ մատուցելով մոտ 9000 երեխայի համար։ Դպրոցների ֆինանսավորումը ներկայումս իրականացվում է ըստ յուրաքանչյուր դպրոցի եկամուտների և ծախսերի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման սուբսիդավորման սկզբունքով։

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին կետի, 14-րդ ենթակետով սահմանված դրույթների համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ծառայություններից օգտվողների համար կարող են սահմանվել տեղական վճարներ։

Վերոնշված տեղական վճարների տեսակների համար համայնքի ղեկավարի ներկայացմամբ յուրաքանչյուր տարի համայնքի ավագանին պետք է սահմանի փոխհատուցման վճարներ, որոնց դրույքաչափերը որոշվում են տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը իրականացվել են ուսումնասիրություններ մատուցվող ծառայությունների գծով տեղական վճարների կիրառման, դրանց դրույքաչափերի սահմանման, վճարողների հաշվառման և վճարների հավաքագրման, ինչպես նաև՝ արտոնությունների կիրառման հնարավորությունների վերաբերյալ, ներգրավելով համապատասխան ոլորտների մասնագետներին և շահառուներին։

Տեղական վճարի արժեհաշվարկի հիմքում ընդունվել է.

ՀՀ կրթության և գիտության նախարարի 30 հուլիսի 2018 թվականի հ. 825-Ն հրամանով հաստատված դասաժամերի այն քանակը, որը պարտադիր է դասարաններում տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար, ներկայիս գործող մանկավարժների դրույքաչափերը, վարձատրման սկզբունքները, պահպանման փաստացի ծախսերը և արժեհաշվարկի վրա ազդող այլ գործոններ, բացի ուղղակի (մանկավարժական անձնակազմի վարձատրություն) ծախսերից, ներառվել են նաև վարչա-սպասարկող անձնակազմի աշխատավարձերի, կոմունալ ծախսերի, ինչպես նաև պահպանման այլ ընթացիկ ծախսերի (տնտեսական, գրասենյակային, ընթացիկ վերանորոգման և այլն) երեխա-թվով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը:

Նշված ծառայությունների գծով տեղական վճարների միասնական դրույքաչափերի սահմանումը թույլ կտա դպրոցների ֆինանսավորումը իրականացնել երեխա-թվով, որը կստեղծի հավասար մրցակցային պայմաններ և ֆինանսավորման արդարացի սկզբունք։

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 5 թանգարաններում մուտքի համար տեղական վճարի դրույքաչափի փոփոխություն նախատեսված չէ։
  2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին 21.12.2017թ. ՀՕ-41-Ն օրենքի համաձայն, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել է 19-րդ կետ՝ «19) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար:»:

21.12.2017 թվականի ՀՕ-41-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով:

  1. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը առաջարկվում է սահմանել 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:

Հաշվի առնելով վերոգրյալը, Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը  սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

  • Քննարկվել է

    14.11.2018 - 29.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

29.11.2018 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2626

Տպել

Առաջարկներ`

Նինա Մխիթարյան

26.11.2018

Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի նվազեցման առաջարկի վերաբերյալ եզրակացությունը բավարար չէ, քանի որ հարցը վերաբերում է նրան, որ վճարի դրույքաչափը պետք է պայմանավորված լինի մատուցվող ծառայությունների վրա կատարվող ծախսերով, և տվյալ պարագայում առաջարկվում է ավտոկայանատեղի կազմակերպման վրա կատարված ծախսերի հաշվարկը հրապարակել կամ ներկայացնել տեղեկանք հիմնավորման մեջ: Ծախսերի հաշվարկը չներկայացնելու և նախորդ տարիներին գործող դրույքաչափերը անփափախ թողնելու դեպքում առաջանում է հիմնավոր կասկած, որ ավտոկայանատեղի համար որևէ էական ծախս չանելով բնակչությունից հավաքագրվում են գումարները և ուղղվում այլ անձանց (նախկին ավանդույթների պես):

Նինա Մխիթարյան

20.11.2018

Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի համաձայն տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթ է: Հաշվի առնելով, որ նախագծով նախատեսվում է անփոփոխ թողնել ավտոկայանատեղի վճարի դրույթաչափերը, ինչը բազմիցս քննադատվել է հասարակության կողմից, առաջարկում եմ հստակ սահմանել այն ծառայությունները, որը մատուցվում է բնակչին ավտոկայանատեղի ծառայությունների դիմաց, ինչպես նաև այդ ծառայությունների արժեհաշվարկը, որով կհիմնավորվի նախագծով նախատեսված դրույքաչափերը: Հաշվի առնելով, որ դրույքաչափերի հիմնավորումը առկա չէ տեղեկանք հիմնավորման մեջ, առաջարկում եմ վատոկայանատեղի վճարի դրույքաչափերը նվազեցնել առնվազն հիսուն տոկոսով, ինչը նաև համահունչ կլինի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Նինա Մխիթարյան

20.11.2018

Աղբահանության և սանիտարական մաքրման ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է աղբահանության վճարների կիրառման հնարավոր մեթոդներն ու դրութքաչափերը, ինչպես նաև այդ մեթոդներից և դրույթաչափերից կոնկրետ մեթոդի և դրույքաչափի ընտրության և սահմանման լիազորությունը վերապահում է համայնքի ավագանուն: Ներկայացված նախագծով բնակելի նշանակության շինություններում աղբահանության վճարը նախատեսված է ըստ հաշվառված անձանց քանակի համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար այն դեպքում, երբ նախկինում աղբահանության վճարը հաշվարկվում և վճարվում էր միայն փաստացի բնակվող բնակչի հաշվով: Սա նշանակում է, որ նախագծով քաղաքապետին տրվում է կամային լիազորություն ընտրելու և կիրառելու տարբերակված մոտեցում, ինչը հակասում է տեղական վճարի բովանդակությանը, բացի այդ անձնագրային հաշվառում ունեցող անձանց համար աղբահանության վճար սահմանելը նշանակում է բազմաթիվ սփյուռքում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած և փաստացի աղբ չարտադրող անձանցից աղբահանության վճարի գանձում, ինչը սկզբունքորեն ընդունելի չէ և հակասում է տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքին: Առաջարկվում է աղբահանության վճարը բնակելի նշանակության շինություններում սահմանել միայն փաստացի բնակվող բնակիչների համար:

Տեսնել ավելին