Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ձևավորվել է 2014թ.-ին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ կազմակերպում և իրականացնում է նախաքննություն: Նախաքննության ընթացքում բոլոր այն անձինք, ովքեր առնչվում են Կոմիտեի հետ` անկախ իրենց կարգավիճակից (տուժող, վկա, կասկածյալ, մեղադրյալ և այլն), իրենց անձնական տվյալներն են հայտնում վարույթ իրականացնող մարմնին: Այդ տվյալները պահպանվում են թե՛ թղթային տարբերակով, թե՛ էլեկտրոնային կամ սքանավորված եղանակով: Հաշվի առնելով, որ Կոմիտեում ակամա ձևավորվում է դատավարական տարբեր կարգավիճակներ ունեցող անձանց վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն, օրենսդրական պահանջ է առաջանում սահմանել այդ տվյալների օգտագործման ռեժիմը:

Մասնավորապես, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է հետևել և ապահովել, որ տվյալները մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ: Անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

 Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար:

Հաշվի առնելով, որ Կոմիտեն նախաքննություն իրականացնող մարմին է, իսկ նախաքննության դեպքում անձն իր տվյալները հայտնում է նախաքննություն իրականացնելու նպատակով, հետևաբար այդ տվյալները ձևավորում են անհատական տվյալների ծավալուն շտեմարան:

Հաշվի առնելով ձևավորվող տեղեկատվական շտեմարանի ծավալը և տեղեկատվության անձնական լինելը, իսկ երբեմն նաև հատուկ կատեգորիայի անձնական տվյալների առկայությունը, անհրաժեշտություն է առաջանում օրենսդրորեն  ամրագրել այն հանգամանքը, որ Կոմիտեում ձևավորված տեղեկատվական շտեմարանները կարող են օգտագործվել բացառապես իր լիազորություններն իրականացնելու համար, այսինքն՝ նախաքննության կազմակերպման և իրականացման նպատակով:

Նման որոշակիությունը մի կողմից պաշտպանում է անձի անհատական տվյալները, ներառյալ՝ հատուկ կատեգորիայի անձնական տվյալները, այլ նպատակով օգտագործելուց, իսկ մյուս կողմից՝ հստակեցնում է Կոմիտեի լիազորությունները երրորդ անձանց հետ իրավահարաբերություններում, եթե նրանք ներկայացնեն որևէ անձի անհատական տվյալների վերաբերյալ հարցումներ:

Լրացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ՀՀ օրենսդրությամբ անհատական տվյալների պաշտպանության և դրանց օգտագործելու բացառություններ արդեն իսկ նախատեսված են: Մասնավորապես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն ամրագրում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց մոտ գաղտնի հիմունքներով համագործակցող և համագործակցած անձանց անհատական տվյալները:

Բացի այդ, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որը 31.08.2018թ.-ին ներկայացվել էր մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի քննարկման, իսկ 06.09.2018թ.-ին՝ Կառավարության նիստ և արժանացել հավանության՝ համապատասխան շտեմարանների կարգավորման մասին տեղեկություններն արդեն իսկ ներառված են, որտեղ նաև նշվում է այն պետական մարմինների շրջանակը, որոնց համար այդ շտեմարանները հասանելի են:

Համանման կարգավորումներ նախատեսված են տարբեր երկրների օրենսդրությամբ, օրինակ՝ Գերմանիայի քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածում ուղղակի ամրագրված է տեղեկատվության հավաքագրումը, իսկ «Անձնական տվյալների մասին» ՌԴ դանշային օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում, «Անձնական տվյալների մասին» Բելառուսի Հանրապետության օրենքի նախագծի[1] 9-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում և այլ պետությունների իրավական ակտերում սահմանված է, որ այդ առանձնահատկությունները նախատեսվում են ներճյուղային օրենքներով, որոնք էլ ամրագրում են ներկայացված իրավակարգավորմանը համապատասխանող նորմեր:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Իրավական որոշակիության համատեքստում կապահովվի քրեական դատավարությանը մասնակցող անձի անհատական տվյալների մշակումը՝ օրենքով սահմանված կարգով՝ պաշտպանելով այդ տվյալները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարել, որով կապահովվի համապատասխանեցումը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված նախապայմանին: Առաջարկվող լրացմամբ կհստակեցվի Կոմիտեի կողմից անձնական տվյալների մշակման նպատակը, որով կապահովվի անձնական տվյալների պաշտպանությունը՝ նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում:

 

 

 

 

[1] http://forumpravo.by/files/proekt_zakona_o_personalnih_dannih.pdf

  • Քննարկվել է

    15.10.2018 - 30.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5313

Տպել