Հիշել նախագիծը

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Նախագծի մշակումը պայմանավորված է ՓՄՁ սուբյեկտների, ներդրողների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնման արտադատարանական անկախ ինստիտուտի ներդման անհրաժեշտությամբ և նպատակաուղղված է  գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում և պետությանը ու համայնքներին պատկանող կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման, դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմների, ինչպես նաև   գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված գործուն միջոցների ներդրմանը։

«Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներառված է ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում։  

Թեև Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա է գործարարների շահերի պաշտպանության մի շարք այլ մեխանիզմներ (ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, հասարակական կազմակերպությունները և այլն), այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մարմին, որի հիմնական գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:

Ներկայումս գործող մեխանիզմները գործարարներին հնարավորություն չեն ընձեռում արագ և հուսալի կերպով վերականգնելու իրենց խախտված իրավունքները կամ վերացնելու գործունեության խոչընդոտները, այդ թվում՝ այն դեպքերում, երբ առկա է  այդ խնդիրներին հրատապ կերպով լուծում տալու անհրաժեշտություն:

Ձեռնարկատիրական հաշտարարի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը առավել կարևորվել է Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի վերացման հետևանքով, քանի որ էապես նվազել է վարչական ակտերի արտադատական բողոքարկման և գործարարների խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը:

Հարկ է նշել, որ գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված կառույցի ստեղծման անհրաժեշտությունը վերջին տարիներին պարբերաբար քննարկվել է ինչպես պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, այնպես էլ կառավարության մակարդակում:

Այդ կապակցությամբ օրենքի նախագծեր են շրջանառել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունները: Նախագծերը տարբեր պատճառներով իրավական ակտի կարգավիճակ չեն ստացել, սակայն դրանց համար հիմք հանդիսացած խնդիրները չեն վերացել և համակարգային լուծման կարիք ունեն:

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա չեն գործարարների շահերի պաշտպանության այնպիսի մեխանիզմներ, որոնց նկատմամբ շահառուները կցուցաբերեին աներկբա վստահություն և միաժամանակ այդ մեխանիզմներով հնարավոր կլիներ հասնել խախտված իրավունքների արագ վերականգնման:

Գործարարների շահերի պաշտպանությունն առավելապես իրականացվում է հասարակական հատվածում՝ գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնց հնարավորությունները խիստ սահմանափակ են և որոնք օժտված չեն գործարարների բողոքները քննելու, խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտ լիազորություններով: Գործարարների շահերի պաշտպանության խնդիրն առավել հրատապ է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դեպքում, որոնք չունեն բավարար ռեսուրսներ իրենց շահերը դատական և վարչական կարգով պաշտպանելու համար:

Թեև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է գործարարությամբ զբաղվող սուբյեկտների խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն՝ այնքանով, որքանով այն ուղղված է անձի` սահմանադրությամբ երաշխավորված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի լիարժեք ապահովմանը, այնուամենայնիվ Մարդու իրավունքների պաշտպանի ինտիտուտը մասնագիտացված է և արդյունավետ կերպով իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանություն՝ դասական իմաստով: Բացի այդ, Մարդու իրավունքերի պաշտպանության լիազորությունը բավականին ընդգրկուն է և ենթադրում է բազմաթիվ ոլորտներում գործունեության իրականացում և Պաշտպանի գործունեությունը չի սահմանափակվում բացառապես  ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հետ կապված բողոքների քննությամբ: Ուստի, չնայած Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետ գործողությանը, գործարարների շահերի պաշտպանությունը մի շարք դեպքերում կարող է պահանջել դիմումների ուսումնասիրության գործընթացում ոլորտային առանձնահատկությունների հաշվառմամբ համակարգային մոտեցումների ցուցաբերում, խնդրի նեղ մասնագիտական դիտարկում, գործարարների շահերի ներկայացում, ինչով էլ պայմանավորված է ձեռնարկատիրական շահերի պաշտպանության մեջ մասնագիտացված ինքնուրույն մեխանիզմի առկայության անհրաժեշտությունը:  

  1. Եթե պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողության կամ անգործության դեմ բողոքարկման որոշակի հնարավորություններ առկա են, ապա տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կազմակերպությունների պարագայում բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ առկա չեն:
  2. Շատ հաճախ գործարարների արդյունավետ գործունեությանը խոչընդոտում են առկա օրենսդրական կարգավորումները կամ բացերը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի հետ կապված խնդիրները: Դրանք բարձրաձայնվում են գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների, հիմնականում` հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն պետական մարմինները հաճախ վերջիններիս դիրքորոշումն ընկալում են որպես միակողմանի, ինչը երկխոսության նպաստավոր պայմաններ չի ապահովում: Այս տեսանկյունից Հաշտարարի գործունեությունը կնպաստի նաև քաղաքականության մշակմանը և առկա օրենսդրական խոչընդոտների վերացմանը, քանի որ կոնկրետ դեպքերի ուսումնասիրության հիման վրա հավաքագրվող տվյալները կարող են խոչընդոտների վերաբերյալ փաստարկները դարձնել առավել ծանրակշիռ:
  3. Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ մի շարք երկրներում ստեղծվել և գործում են գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող մարմիններ, մասնավորապես.

Ավստրալիա. Ավստրալիայի Փոքր Բիզնեսի և Ընտանեկան Ձեռնարկությունների Օմբուդսմենի մասին 2015 թվականի Ակտի 2-րդ բաժնի 24-րդ հոդվածի համաձայն՝ Ավստրալիայում Բիզնես Օմբուդսմենը նշանակվում է Կառավարության ղեկավարի (Governor-General) կողմից` գրավոր ակտի միջոցով:

Օմբուդսմենը պաշտոնավորում է նշանակման ակտում հստակեցված ժամկետով, որը չի կարող գերազանցել 5 տարին: Օմբուդսմենը կարող է վերանշանակվել:

Ավստրալիայում Բիզնես Օմբուդսմենի կողմից իրականացվող գործառույթները բաժանվում են երկու խոշոր խմբերի, որոնք ենթադրում են առանձին ենթագործառույթներ, մասնավորապես՝

  • Հավաքագրման գործառույթներ.
    • Վերհանել փոքր բիզնեսի և ընտանեկան ձեռնարկությունների մտահոգությունները, որոնք բխում են համապատասխան օրենսդրական ակտերից, քաղաքականությունից,
    • Սեփական նախաձեռնությամբ իրականացնել համապարփակ ուսումնասիրություն և հարցումներ կատարել համապատասխան մարմիններ՝ կապված վերաբերելի օրենսդրական ակտերի, քաղաքականության հետ,
    • Մշակել և զարգացնել ռազմավարություն՝ կապված վերաբերելի օրենսդրական ակտերի և քաղաքականության հետ, որոնք ազդում են կամ կարող են ազդել փոքր բիզնեսի և ընտանեկան ձեռնարկությունների գործունեության վրա,
    • Տեղեկատվություն տրամադրել կամ առաջարկություններ ներկայացնել կամ որևէ այլ ձևով նպաստել հարցի լուծմանը,
    • Ներկայացնել և նպաստել միջազգային լավագույն փորձի ներդրմանը:
  • Աջակցման գործառույթներ.
    • Արձագանքել դիմումներին, այդ թվում՝ վերահասցեագրել դիմումները այն մարմիններին, որոնց իրավասությանն է պատկանում դիմումով բարձրացված հարցի ուսումնասիրությունը՝ սերտորեն համագործակցելով այդ մարմինների հետ,
    • Այն դեպքերում, երբ դիմումի առարկան կապված է այլ մարմնի գործունեության հետ, հնարավոր լուծումների, այդ թվում՝ այլընտրանքային եղանակների առաջարկումը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ. ԱՄՆ-ում օմբուդսմենի ինստիտուտի համար նախատեսված են առանձնահատուկ կարգավորումներ: Գոյություն չունի մեկ միասնական մարմին և օմբուդսմենի ինստիտուտը գործում է ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային մակարդակներում:

1996 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Փոքր բիզնեսի կարգավորման իրականացման արդարության ակտով ստեղծվել է ազգային օմբուդսմենի ինստիտուտը, որի գործառույթը փոքր բիզնեսին աջակցելն է, երբ պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք նրանց նկատմամբ կատարում են անբարեխիղճ գործողություններ, ինչպիսիք են կրկնակի աուդիտները, չափից ավելի տուգանքները, տույժերը, սպառնալիքները, զրպարտությունը կամ այլ անօրինական գործողություններ:

Նահանգային օմբուդսմենների համար մշակված ԱՄՆ օմբուդսմենների ասոցիացիայի մոդելային օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` օմբուդսմենն ընտրվում է օրենսդիր մարմնի անդամների քվերակությամբ`  ձայների որակյալ մեծամասնությամբ (2/3):

Ֆրանսիայի Հանրապետություն. Ֆրանսիայի վարչապետի 2002 թվականի ապրիլի 26-ի թիվ 2002-612 որոշմամբ Ֆրանսիայի տնտեսության, ֆինանսների և արդյունաբերության նախարարության կազմում ստեղծվել է հաշտարարի ինստիտուտը: Հաշտարարն իրականացնում է ֆիզիկական (հարկատուներ, սպառողներ, առևտրականներ, ընկերության տնօրեններ և այլն) կամ իրավաբանական անձանց (ընկերություն, ասոցիացիա և այլն) կողմից նախարարության ծառայությունների դեմ բերվող անհատական բողոքների քննություն:

Հաշտարարը նշանակվում է Ֆրանսիայի տնտեսության, ֆինանսների և արդյունաբերության նախարարի որոշմամբ` 3 տարի ժամկետով:

Հաշտարարին ուղղված ցանկացած բողոք պետք է նախապես ներկայացված լինի շահագրգիռ ծառայությանը և լինի լրիվ կամ մասնակի մերժված:

Հաշտարարը պարտավոր է նախարարին ներկայացնել ամենամյա զեկույց, որում ամփոփվում են վերջինիս գործունեության արդյունքները և ձևակերպվում առաջարկություններ, որոնք ուղղված են բարելավելու նախարարության կողմից մատուցվող ծառայությունները: Զեկույցը հրապարակային է:

Ղազախստան. Ղազախստանի  ձեռնարկատիրական օրենսգրքի 28-րդ գլուխը նվիրված է ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության համար լիազորված անձին` բիզնես օմբուդսմենին: Օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ բիզնես օմբուդսմենը նշանակվում է Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և հաշվետու է վերջինիս:

Ոչ ոք իրավասու չէ բիզնես օմբուդսմենին պատվիրակել օրենսգրքով չնախատեսված լիազորություններ: Բիզնես օմբուդսմենի գործունեությանը  ցանկացած անօրինական միջամտություն արգելվում է:  

Ղազախստանում բիզնես օմբուդսմենը պաշտոնավարում է 4 տարի ժամկետով: Վերջինս չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ և դադարեցնում է քաղաքական կուսակցություններին իր անդամակցությունը նշանակման պահից:

Իր պաշտոնավարման ընթացքում բիզնես օմբուդսմենը պետք է հավատարմագրային կառավարման հանձնի առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում իր բաժնեմասերը:

Ղազախստանի բիզնես օմբուդսմենը չի կարող զբաղեցնել պաշտոններ այլ կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացառությամբ՝ կրթական, գիտական կամ այլ ստեղծագործական գործունեության:

Ղազախստանի բիզնես օմբուդսմենը պետք է համապատասխանի որոշակի պահանջների, մասնավորապես, համաձայն Ղազախստանի  ձեռնարկատիրական օրենսգրքի 312-րդ հոդվածի՝ նա պետք է ունենա`

  • Ղազախստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • ձեռնարկատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքային փորձ՝ ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:

Միևնույն անձը չի կարող նշանակվել բիզնես օմբուդսմենի պաշտոնում ավելի քան երկու անգամ անընդմեջ:

Բիզնես օմբուդսմենի հիմնական գործառույթը ձեռնարկատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է: Նշված գործառույթների իրականացման համար վերջինս օժտված է լիազորությունների լայն շրջանակով.

  • Պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնել՝ կապված ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հետ,
  • Պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնել՝ կապված այն գործողությունների հետ, որոնք հանգեցրել են ձեռնարկությունների իրավունքների և օրինական շահերի խախտման, ինչպես նաև նշված գործողություններն իրականացրած մարմիներին ներկայացնել պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություններ,
  • Պետական մարմինների հետ անհամաձայնության դեպքում կարող է միջնորդել դատախազության մարմիններին՝ խախտված իրավունքները վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով,
  • Ձեռնարկել խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնմանն ուղղված այլ քայլեր:

Եթե խախտումները կրում են պարբերական բնույթ և պետական մարմինների կողմից կամ ձեռնարկված այլ միջոցների օգնությամբ չեն վերացվում, ապա բիզնես օմբուդսմենը իրավասու է դիմել Ղազախստանի Հանրապետության նախագահին:

Ուկրաինայում, Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում բիզնես/հարկային օմբուդսմենի ինստիտուտը ներդրվել է վերջին չորս-հինգ տարիների ընթացքում:

Ուկրաինա. Ուկրաինայի բիզնես օմբուդսմենի խորհուրդը Կառավարության անկախ խորհրդակցական մարմին է: Խորհուրդը պետական մարմիններում ներկայացնում և պաշտպանում է ուկրաինական բիզնեսի շահերը:

Ուկրաինայի բիզնես օմբուդսմենի խորհրդի խնդիրներն են՝

  1. Կոռուպցիայի կամ պետական մարմինների այլ անօրինական գործողությունների դեմ պայքարին օժանդակելը.
  2. Ուկրաինայում ներդրումների խթանմանն օժանդակելը.
  3. պետական ծառայության այնպիսի մշակույթի ձևավորումը, որին բնորոշ են արդարությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Համաձայն Ուկրաինայի կառավարության 26.11.2014թ. թիվ 691 որոշման 11-րդ կետի`

«Բիզնես օմբուդսմենի խորհրդի ղեկավար մարմինը վերահսկիչ խորհուրդն է, որը բաղկացած է ներքոնշյալ խմբերի լիազորված ներկայացուցիչներից.

  1. Ուկրաինայի կառավարություն,
  2. Միջազգային ֆինանսական կազմակերպություններ (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն),
  3. Բիզնես ասոցիացիաներ (Ուկրաինայի ամերիկյան առևտրի պալատ, Եվրոպական բիզնես ասոցիացիա, Ուկրաինայի գործատուների ֆեդերացիա, Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատ և Ուկրաինայի արդյունաբերողների և գործարարների լիգա) (2-րդ և 3-րդ խմբերի կազմը հետագայում կարող է ընդլայնվել):

Բիզնես օմբուդսմենի և բիզնես օմբուդսմենի յուրաքանչյուր տեղակալի ընտրության վերաբերյալ վերահսկող խորհրդի որոշումները, որոնք հետագայում ներկայացվում են կառավարության հաստատմանը, Խորհրդի կողմից պետք է ընդունվեն միաձայն` բոլոր երեք խմբերի կողմից:

Եթե վերահսկիչ խորհուրդը չի կարողանում համաձայնության գալ որևէ հարցի վերաբերյալ (բացառությամբ բիզնես օմբուդսմենի և նրա երկու տեղակալների ընտրության), հարցը լուծվում է  մեծամասնական ընտրակարգով (երեքից երկու կողմ ձայն սկզբունքով):»

Համաձայն վերոնշյալ ակտի 12-րդ կետի` «Բիզնես օմբուդսմենի և  բիզնես օմբուդսմենի երկու տեղակալների ազատման վերաբերյալ խորհրդի որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ, այնուհետև ներկայացվում է Ուկրաինայի կառավարության հաստատմանը:»

Բիզնես օմբուդսմենը քննում է բողոքներ՝ կապված կոռուպցիոն դեպքերի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, և դրանց պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկությունների օրինական շահերի այլ խախտումների հետ (բիզնես իրավախախտումներ): Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բիզնես օմբուդսմենին կարող են ներկայացվել նաև բողոքներ, որոնք ուղղված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպությունների դեմ:  

Բիզնես օմբուդսմենը վարույթներ կարող է հարուցել նաև սեփական նախաձեռնությամբ, եթե հայտնաբերում է ենթադրյալ բիզնես իրավախախտումներ ցանկացած աղբյուրից, ներառյալ՝ զանգվածային լրատվամիջոցներից (առանց սահմանափակման):

Ուկրաինայում գործող Բիզնես Օմբուդսմենի Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Ուսումնասիրում է ձեռնարկատերերի դիմումները՝ կապված պետական մարմինների կոռուպցիոն գործողությունների հետ,
  • Տեղեկատվություն է հարցում պետական մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից՝ կապված Խորհրդի առաջարկությունների իրականացման հետ,
  • Հավաքագրում, ուսումնասիրում և համակարգում է ստացված տեղեկատվությունը,
  • Զեկույցներ է հրապարարակում իր կայքէջում և զանգվածային լրատվամիջոցներով,
  • առաջարկություններ է ներկայացնում օրենդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնություն. 2013 թվականի ապրիլի 26-ին ընդունվել է «Ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության լիազոր ներկայացուցչի մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքը: Օրենքի կարգավորումների համաձայն՝ բիզնես օմբուդսմենը նշանակվում է ՌԴ նախագահի հրամանագրով՝ 5 տարի ժամկետով և հաշվետու է վերջինիս: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել օմբուդսմենի պաշտոնում: Նա պետք է լինի 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող անձ, ով նշանակվելուց հետո իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել Դաշնության Խորհրդի անդամ, պատգամավոր, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք: ՌԴ նախագահը բիզնես օմբուդսմենի ընտրությունը կատարում է ինքնուրույն՝ հաշվի առնելով բիզնես համայնքի կարծիքը: Բիզնես օմբուդսմենի գրասենյակը ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Օրենքի կարգավորումների համաձայն՝ բիզնես օմբուդսմենի ինտիտուտը (այդ թվում՝ վերջինիս աշխատակազմը) պետական կառավարման համակարգի մարմին են` իրավաբանական անձի կարգավիճակով (1-ին հոդված 2-րդ կետ):

Օրենքով տրված լիազորություններով բիզնես օմբուդսմենն իրավունք ունի նշանակել մարզային/դաշնային ներկայացուցիչներ թե՛ հասարակական, թե՛ վճարովի հիմունքներով: Բիզնես օմբուդսմենի կենտրոնական գրասենյակի, դաշնային լիազոր ներկայացուցիչների թիվը ավելի քան հարյուրն է, ներառյալ՝ հասարակական հիմունքներով ներգրավվածները: Այս պահին ՌԴ բիզնես օմբուդսմենին կից գործում է 13 անձից բաղկացած հանրային խորհուրդ, որոնք հիմնականում բիզնես շահերը ներկայացնող հասարակական կառույցների ներկայացուցիչներ են:

Բիզնես օմբուդսմենն ու իր ենթակայության տակ գտնվող աշխատանքային խումբը համարվում են փոխհամագործակցության միասնական հարթակ՝ բիզնես ոլորտի և Կառավարության միջև:

Նշված ինստիտուտի հիմնական նպատակներն են.

  • Կոռուպցիան ծնող գործոնների վերհանումը և հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության ապահովումը,
  • Օրինագծերի նախապատրաստումն ու մշակումը՝ նպատակ ունենալով չեզոքացնել կոռուպցիային նպաստող պատճառներն ու պայմանները,
  • Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված մեթոդական աշխատանքների կազմակերպումը,
  • Բիզնես ոլորտի գործողությունների կառավարումը՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման համատեքստում:

ՌԴ բիզնես օմբուդսմենին տրված լիազորությունները բավական լայն են: Ի թիվս այլ գործառույթների՝ վերջինս կարող է ձեռնարկատերերի և նրանց խմբերի իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան, բողոքարկել արբիտրաժային դատարանների՝ ուժի մեջ մտած դատական ակտերը, անարգել մուտք գործել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, առանց հատուկ թույլտվության այցելել «ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հոդվածներով մեղադրրվող» կալանավայրերում և քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և դատապարտյալներին, մասնակցել ձեռնարկություններում պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումներին և այլն:

Վրաստան: «Հարկային Օմբուդսմենի» գրասենյակը ստեղծվել է 2011 թվականին, որի լիազորությունները սահմանվել են երկրի հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով: «Հարկային Օմբուդսմենին» նշանակում է վարչապետը՝ համաձայնացնելով խորհրդարանի ղեկավարի հետ:

«Հարկային Օմբուդսմենի» հիմնական գործառույթներն են.

  • Վերահսկել հարկ վճարողների իրավունքների, օրինական շահերի պահպանությունը Վրաստանի ամբողջ տարածքում, բացահայտել իրավունքների խախտման փաստերը, աջակցել խախտված իրավունքների վերականգմանը,
  • Ընդունել պետական մարմինների դեմ ներկայացված դիմումները, բողոքները, որոնք վերաբերվում են հարկ վճարողների իրավունքների խախտումներին,
  • Օրենսդրության կամ վարչարարության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, մասնակցել հարկային խորհրդի նիստերին,
  • Գործարարների և կառավարության միջև ապահովել երկխոսություն,
  • Երկրի պառլամենտին հարկատուների իրավունքների վերաբերյալ ներկայացնել տարեկան հաշվետվություններ (Զեկույցներ), որոնք պետք է պարունակեն ընդհանուր գնահատականներ, եզրակացություններ ու առաջարկություններ երկրի ներսում հարկ վճարողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Իր գործառույթներն իրականացնելիս բիզնես օմբուդսմենն ունի հետևյալ լիազորությունները՝

  • Հարկային և այլ պետական մարմիններից իր կողմից քննվող դիմում-բողոքների վերաբերյալ ստանալ տեղեկատվություն, բացատրություններ,
  • Կատարել հարցումներ և հարցված տեղեկությունները ստանալ պետական մարմիններից՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
  • Կնքել համաձայնագրեր տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության ապահովման նպատակով՝  բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
  • Ստեղծել աշխատանքային խումբ, որում կարող են ընդգրկվել պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ,
  • Որոշ դեպքերում Վրաստանի Սահմանադրական դատարանում հանդես գալ որպես դատական խորհրդատու (Amicus Curiae):

Բիզնես օմբուդսմենը պարտավոր է իր լիազորությունների իրականացման ընթացքում երաշխավորել ստացված տեղեկատվության գաղտնիությունը:

Հաշվի առնելով հարկային Օմբուդսմենի գործունեության արդյունավետությունը և այն հանգամանքը, որ վերջինիս լիազորությունները չէին սահմանափակվում միայն հարկային հարաբերություններով` 28.05.15թ. ընդունվեց Բիզնես Օմբուդսմենի մասին օրենքը: Վերջինս հստակեցնում է Օմբուդսմենի լիազորությունները և ստեղծում գործունեության առավել կատարելագործված իրավական հենք:

 

 

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
  2. Հիմք ընդունելով միջազգային փորձի վերլուծությունը` Նախագիծը նախատեսում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված ինստիտուտի ստեղծում` ի դեմս Ձեռնարկատիրական հաշտարարի:

Նախագծով նախատեսվում է, որ Հաշտարարն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Պաշտպանի անկախության և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: Պաշտպանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ Գրասենյակի հոգաբարձուների խորհրդի առաջադրած թեկնածուներից:

Միջազգային փորձի վերլուծությունը ևս վկայում է Նախագծի ընդունման և Գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք առաջադեմ երկրներում (Ավստրալիա, ԱՄՆ) արդեն ստեղծվել և արդյունավետ կերպով գործում են գործարարների շահերի պաշտպանության մեջ մասնագիտացված հատուկ կառույցներ:

Գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինն ընկալվում է որպես գործարարներին առաջարկվող ծառայություն, որը վերջիններիս օժանդակում է պետական մարմինների կողմից կայացված ակտերի անբարենպաստ հետևանքների վերացման հարցում: Որոշ երկրներում (Ուկրաինա, Վրաստան) այս կառույցներն օժտված են նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության իրականացման հարցում կառավարությանը համապատասխան առաջարկություններ ներկայացնելու իրավասությամբ:

Տարբեր երկրներում գործող կառույցներն ունեն մեկ ընդհանրություն. այն է՝ ապահովել արդյունավետ, ոչ ժամանակատար, անկախ, բայց միևնույն ժամանակ համապատասխան «մանդատով օժտված» միջնորդ օղակի առկայությունը, որը կերաշխավորի գործարարների և պետական մարմինների միջև պատշաճ հաղորդակցությունը: Ընդ որում, այդ մանդատ-ը ենթադրում է ոչ թե պետական մարմնին բնորոշ գործառույթների առկայություն, այլ օրենքով գործունեության համար անհրաժեշտ երաշխիքների սահմանում՝ պետական մարմինների հետ գործարարության ոլորտում արդյունավետ համագործակցության երաշխավորման նպատակով: Հատկանշական է, որ ուսւոմնասիրված բոլոր երկրներում գործում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինիստիտուտը, և նշված ինստիտուտների գործունեությունը որևէ կերպ միմյանց չի խանգարում և գործառութների կրկնություն առկա չէ:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի մասնագետների կողմից` հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

Օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավումը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

 

  • Քննարկվել է

    19.09.2018 - 06.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9872

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

02.10.2018

1. «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի(այուհետ՝ նախագիծ) 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «քրեական վարույթն իրականացնող մարմինների» բառերը: Գործարարի նկատմամբ անարդարացի հետապնդում կարող է իրականացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքից ելնելով: 2. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասից պետք է հանել տարիքային և կրթական ցենզը, մնացած չափորոշիչները լիարժեք բավարար են: 3. Պետք է ամբողջությամբ փոխվեն նախագծի 12-րդ հոդվածը: 12-րդ հոդվածում հասկանալի չէ . - թե ինչու խորհուրդում պետք է ընդգրկված լինեն գործադիր իշխանության ներկայացուցիչները, որն է լինելու նրանց առաքելությունը, - թե ինչու խորհուրդում պետք է ընդգրկված լինեն միջազգային կազմակերպության ներկայացուցիչները , որն է լինելու նրանց առաքելությունը: Նախագծում հստակեցված չէ նաև այն իրավիճակը , երբ ոչ մի կամ երեքից պակաս միջազգային կազմակերպություն ցանկանան լինել խորհրդի կազմում, - թե ինչու գործարարների շահերը ներկայացնող կազմակերպություննների ներկայացուցիչներին պետք է ընտրեն գործադիր իշխանությունների և միջազգային կազմակերպությունների ներիկայացուցիչները: Այս ամենը հաշտարարի ընտրությունը և նրա աշխատանքը իշխանությունների կողմից խիստ վերահսկելի դարձնելու միտում է հիշեցնում: Կարծում ենք, որ . - խորհրդի կազմում մեծամասնություն պետք է կազմեն գործարարության շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 9-ից առնվազն 5-ը, որոնք պետք է ընտրվեն սեփական հայտերի հիման վրա՝ ՀՀ վարչապետի կողմից: Մնացած 4-ը կարելի է բաշխել նախագծում նշված կարգով: - Խորհրդում որոշումները պետք է ընդունվեն խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկելու դեպքում : 4. Նախագծի 23-րդ հոդվածում «10-օրյա» և 29-րդ հոդվածում ՝ «20-օրյա» ժամկետները պետք է հնարավորինս կրճատվեն:

Gagik Grigoryan

20.09.2018

Առաջարկում եմ հաշտարար բառը փոխել, օրինակ՝ օմբուդսմեն բառով՝ հաշտարարության ինտիտուտին չվնասելու և այս երկու ինստիտուտների միջև շփոթ չստեղծելու նպատակով:

Տեսնել ավելին