Հիշել նախագիծը

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ և դրանից բխող` Հայաստանի Հանրապետության «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Սերմերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կերի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր

                                                                                                                                                                   ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1 Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը, հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը և ազգաբնակչության ապագա սերունդների շահերը, կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ստացման, ներկրման, փորձարկման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման հետ կապված անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի և կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի որակի և անվտանգության պաշտպանությանն ու կենսանվտանգությանն առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ` որոնցում գենետիկական նյութը (ԴՆԹ) փոխվել է ոչ բնական ճանապարհով՝ ռեկոմբինացիայի միջոցով,

2) գենետիկական անվտանգության գոտի՝ տարածք, որի սահմաններում արգելվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը և/կամ կենսագործունեությունը,

3) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածություն՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետազոտություն, ստացում, փորձարկում, պահպանում, օգտագործում, ներկրում, տեղափոխում, ոչնչացում կամ վնասազերծում ցանկացած ձևով՝ ներառյալ դրանց հետ կապված արտահանումը և տարանցիկ փոխադրումը,

4) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության հետ կապված կենսաանվտանգություն՝ միջոցառումների ամբողջականություն է, որը երաշխավորում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ցանկացած անբարենպաստ ազդեցության բացառումը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա,

5) լիազոր մարմին (մարմիններ)` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին,

6) կենդանի օրգանիզմ՝ ցանկացած կենսաբանական առանձնյակ, որն ունի գենետիկական նյութի փոխանցման կամ վերարտադրման ունակություն՝ ներառյալ ստերջ օրգանիզմները, վիրուսները և վիրոիդները.

7) մեկուսացված համակարգ` փակ, արտաքին միջավայրի հետ շփումը սահմնափակող հատուկ տարածք կամ կառույց,

8) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկում` միջոցառումների ամբողջականություն, որը ներառում է  գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր  ազդեցության վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը և տարածումը,

9) պատահար` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության արդյունքում առաջացած ցանկացած դեպք, որը սպառնալիք է ներկայացնում շրջակա միջավայրի, գյուղատնտեսական նշանակության հողերի և բուսական ու կենդանական ծագման մթերքի համար,

10) տեղափոխում` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների տարանցիկ փոխադրումը մեկ պետությունից մեկ այլ պետություն:

Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության հետ կապված՝ ցանկացած տեսակի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետազոտության, ստացման, փորձարկման, պահման, օգտագործման, ներկրման, տեղափոխման, ոչնչացման կամ վնասազերծման գործընթացների վրա:
  2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գենետիկորեն ձևափոխված այն օրգանիզմների գործածության վրա, որոնք հանդիսանում են` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ մարդու, կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին մանրէներ, մակաբույծ որդեր, կենսաբանական ծագում ունեցող թույներ և մարդու ու կենդանիների բուժման համար նախատեսված դեղագործական պատրաստուկներ:

    Հոդված  4. Օրենքի նպատակն ու խնդիրները

    1. Օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը և ապահովել կենսաանվտանգությունը՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի անվտանգության վրա:
    2. Օրենքի խնդիրներն են`

    1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման սկզբունքների ու իրավական հիմքերի սահմանումը.

    2) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության հետ կապված շրջակա միջավայրի, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության կանխարգելումը:

    3) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ու հասարակությանն իրազեկման ապահովումը:

    Հոդված 5. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման իրավական կարգավորումը

    1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու միջազգային պայմանագրերով:
    2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 6. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները

    1.Կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն են՝

    1) նախազգուշավորությունը՝ սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, եթե վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմնավորումը բավարար չէ կամ անորոշ է և անհրաժեշտություն է առաջանում կիրառելու  ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցներ,

    2) կանխարգելումը՝ միջոցառումների ամբողջականություն է, որն ուղղված է մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցվող վնասից պաշտպանության ապահովմանը,

    3) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը և մատչելիությունը,

    4) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ որոշումների կայացման գործում հանրության մասնակցությունը,

    5) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության հետ կապված յուրաքանչյուր նախատեսվող գործունեության` որպես կենսաբանական վտանգներ ներկայացնող ներուժ  դիտարկումը:

    Հոդված 7.  Շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկումը

    1. Հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման նկատմամբ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը՝ իրականացվում է մեկուսացված համակարգերի մշտադիտարկում:
    2. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կենսաանվտանգության ապահովման նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
    3. Մշտադիտարկումն իրականացվում է գենետիկորեն ձևափոխված յուրաքանչյուր օրգանիզմի և դրա գործածության նկատմամբ` գիտականորեն հիմնավորվածության և թափանցիկության ապահովմամբ, հաշվի առնելով սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները: Մշտադիտարկումն իրականացվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հարցերով փորձագիտական խմբի կողմից:
    4. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը, այդ թվում` ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ:
    5. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մշտադիտարկման կարգը, մեթոդաբանությունը և լիազոր մարմին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 2

    ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 8. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունը

    1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունն է`

    1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործման արդյունքում առաջացած վտանգի կամ վնասի դեպքում հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու կյանքի և առողջության,  գյուղատնտեսական նշանակության հողերի, գյուղատնտեսական ծագման սննդամթերքի որակի և անվտանգության պահպանությանն ուղղված  պետական ծրագրերի ընդունումը,

    2) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման վերաբերյալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարգավորման ենթակա իրավական ակտերի ընդունումը,

    3) մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանաջների սահմանումը,

    4) բացառապես գիտահետազոտական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգի սահմանումը,

    5) մեկուսացված համակարգերում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության ևկենսաանվտանգության կարգի սահմանումը։

    Հոդված 9. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր   մարմինի լիազորությունը

    1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմինի լիազորությունն է՝

    1) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի որակի և անվտանության պաշտպանության ու մոնիթորինգային պետական ծրագրերի մշակումը.

    2) սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների շրջանակներում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.

    3) հասարակության տարբեր խավերի իրազեկության բարձրացման և կրթադաստիարակչական նպատակով համապատասխան գիտակրթական և ուսուցողական ծրագրերի մշակումը և իրականացումը.

    4) իրենց լիազորությունների շրջանակներում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

    5) Հայաստանի Հանրապետության տարածքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունը:

    ԳԼՈՒԽ  3

    ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

    ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

    Հոդված 10. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործումը գյուղատնտեսության բնագավառում

    1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում արգելվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը, մասնավորապես` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող մշակաբույսերի մշակությունը, արտադրությունը և անասնապահության վարումը:
    2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանափակումը չի տարածվում բացառապես գիտահետազոտական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վրա, որի համար թույլտվություն է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 4

    ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 11. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ապօրինի գործածությունը

    1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ապօրինի գործածությունը առաջացում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
    2. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ապօրինի գործածության դեպքերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան:
    3. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կամ դրանց համակցված գործածության դեպքերում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրին և մարդու առողջությանն առնչվող ցանկացած սպառնալիք բացառելու ուղղությամբ:
    4. Լիազոր մարմինը զանգվածային լրատվության միջոցներով հասարակայնությանը տեղեկացնում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կամ դրանց համակցություններ ապօրինի գործածության հետևանքով առաջացող իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:

    ԳԼՈՒԽ  5

    ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ

    Հոդված 12. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

    1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներով:
    2. Պետական, առևտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
    3. Գաղտնիք չի համարվում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի գործածության կենսանվտանգության հետ կապված հետևյալ տեղեկատվությունը՝

    1) գործունեություն իրականացնող անձի վերաբերյալ տվյալները,

    2) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի ընդհանուր բնութագիրը,

    3) գործածության նպատակը և վայրը,

    4)  կիրառվող մեկուսացման միջոցները,

    5) շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը և մարդու առողջությանը սպառնացող վտանգը,

    6) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը,

    7) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

    Հոդված 13 Հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը

    1. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներով հանրությանը տրամադրում է տեղեկատվություն`

    1) մշտադիտարկման արդյունքների մասին,

    2) տրամադրված թույլտվության մասին,

    3) արտակարգ իրավիճակի մասին,

    4) հանրության իրազեկման համար սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

    1. Լիազոր մարմինն ապահովում է հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված գործընթացներին:

    Հոդված 14 Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը

    1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիազոր մարմինից պահանջել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունից:

    ԳԼՈՒԽ 6

    ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 15. Պատասխանատվությունը

    1. Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
         

    ԳԼՈՒԽ 7

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 16. Օրենքը ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

  • Քննարկվել է

    04.09.2018 - 19.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13898

Տպել

Առաջարկներ`

Gohar Jerbashian

18.09.2018

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծը մարդու առողջության և կենսոլորտի մաքրության պահպանման կարևորագույն օրենքի նախագիծ է։ Օրենքի նախագիծը բնավ չի արգելում գիտական նպատակներով գենային ինժեներիայի հարցերով զբաղվելը։ Անտեղյակների համար հատուկ նշեմ, որ ԳՄՕ բուսատեսակներն անհնար է աճեցնել առանց հատուկ հերբիցիդների/պեստիցիդների։ Օրինակ ռաունդափը (Roundup), որի ակտիվ բաղադարիչ գլայֆոսատն (glyphosate) ազդում է ԴՆԹ վրա, ապացուցված է քաղցկեղային բջիջների արագ բազմացումը (ploriferation) դրդելու գլայֆոսատի ունակությունը։ Գլայֆոսատը պատենտավորվել է որպես հակաբիոտիկ և խելատոր՝ միկրոտարրեր (միներալներ) օրգանիզմից հեռացնող միջոց։ Այն մարդու մարմնից հեռացնում է կարևոր միկրոտարրեր՝ երկաթ, կոբալտ, մանգան։ Ոչնչացնում է աղիքային միկրոֆլորան և վնասում է դրա կարողությունը արտադրել էական ամինաթթուներ, ինչպես օրինակ տրիպտոֆան (tryptophan)։ Վնասում է ԴՆԹ տրանսկրիպցիային մասնակցող մեթիլացման ուղիները։ Այլ բացասական ազդեցությունների մասին կարդացեք այստեղ և ստորև հղվող գիտական հոդվածներում․ Round Up is Wrecking Ball on the Human Body․ https://healthfreedomidaho.org/round-up-is-wrecking-ball-on-the-human-body – The mechanism of DNA damage induced by Roundup 360 PLUS, glyphosate and AMPA in human peripheral blood mononuclear cells - genotoxic risk assessement https://www.sciencedirect.com/science/article/pii/S0278691518304800?via%3Dihub – Glyphosate-based herbicides are toxic and endocrine disruptors in human cell lines https://www.sciencedirect.com/science/article/pii/S0300483X09003047 – Glyphosate, Hard Water and Nephrotoxic Metals: Are They the Culprits Behind the Epidemic of Chronic Kidney Disease of Unknown Etiology in Sri Lanka? http://www.mdpi.com/1660-4601/11/2/2125 – Monsanto ordered to pay $289 million in world's first Roundup cancer trial https://www.reuters.com/article/us-monsanto-cancer-lawsuit/monsanto-ordered-to-pay-289-million-in-worlds-first-roundup-cancer-trial-idUSKBN1KV2HB ԳՄՕ բույսերի աճի համար լայնորեն կիրառվող հերբիցիդները և պեստիցիդները (օրինակ alachlor և atrazine) բացասաբար են ազդում տղամարդու սերմի (semen) որակի վրա։ Ապացուցվել է նաև, որ ատրազին (atrazine) հերբիցիդը, ի լրումն բազմաթիվ այլ բացասական հետևանքների ազդում է նաև գորտերի սեռի վրա՝ արուների իգացում է տեղի ունենում․ – Semen quality in relation to biomarkers of pesticide exposure. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1241650/ – Hermaphroditic, demasculinized frogs after exposure to the herbicide atrazine at low ecologically relevant doses http://www.pnas.org/content/99/8/5476 – Feminization of male frogs in the wild https://www.nature.com/articles/419895a Թեև այսքանն էլ բավական է ԳՄՕ բույսերի մշակությամբ զբաղվելու վտանգները գնահատելու համար, թեմային առնչվող շատ կարևոր մի նորություն ավելացնեմ․ «Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը» (International Agency for Research on Cancer (IARC)) տարբեր հետազոտությունների արդյունքների համադրման (գրականության տեսության) հիման վրա դեռևս 2015թ․ (հրապարակվել է 2017թ․ - https://monographs.iarc.fr/wp-content/uploads/2018/07/mono112.pdf) գլայֆոսատը հայտարարել էր որպես հավանական քաղցկեղածին։ Դրանից հետո Մոնսանտոն և Ամերիկյան քիմիական խորհուրդը (American Chemistry Council (of which Monsanto is a member)), որի անդամ է Մոնսանտոն, հարձակումներ են սկսել IARC-ի դեմ և լոբբիստների միջոցով հասել են նրան որ ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ֆինանսավորման կոմիտեն (U.S. Senate and Congress appropriations committees) ԱՄՆ բյուջեի օրենքի նախագծում նախատեսած է եղել զրկել IARC-ին ֆինանսավորումից․․․ Սակայն անցած կիրակի, սեպտեմբերի 16-ին հայտարարվել է, որ այդ հատվածը հեռացվել է բյուջեի օրենքի նախագծից․․․ Glyphosate Industry Fails to Stop US Funding for Global Cancer Agency https://sustainablepulse.com/2018/09/16/glyphosate-industry-fails-to-stop-us-funding-for-global-cancer-agency/#.W6ERq_ZoSM- Monsanto’s Four Tactics for Undermining Glyphosate Science Review https://blog.ucsusa.org/genna-reed/monsantos-four-tactics-for-undermining-glyphosate-science-review Monsanto Drags IARC Into the Depths of Its Disinformation Campaign on Glyphosate https://blog.ucsusa.org/genna-reed/monsanto-drags-iarc-into-the-depths-of-its-disinformation-campaign-on-glyphosate *** Օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները․ Հոդված 2.-ի 8) և 9) ենթակետերով տրվող սահմանումներում «մարդու առողջության» բառերից հետո ավելացնել «(ներառյալ գեների)» 8) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկում` միջոցառումների ամբողջականություն, որը ներառում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մարդու առողջության (ներառյալ՝ գեների) և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը և տարածումը, 9) պատահար` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության արդյունքում առաջացած ցանկացած դեպք, որը սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության (ներառյալ՝ գեների), շրջակա միջավայրի, գյուղատնտեսական նշանակության հողերի և բուսական ու կենդանական ծագման մթերքի համար

Վահագն Մխոյան

17.09.2018

Կատարյալ անհեթեթ ու խավարամիտ օրինագիծ է, որը սահմանափակում է Հայաստանում գենետիկ ինժեներիայի զարգացման հեռանկարը։ Մինչդեռ անհրաժեշտ է հակառակը․ ստեղծել նպաստավոր պայմաններ, որ այս ուղղությունը զարգանա, որ Հայաստանում էլ ստեղծվեն նոր, արդյունավետ ու ավելի անվտանգ սորտեր և ցեղատեսակներ։ Էլ չխոսենք տնտեսության ու բժշկության ոլորտներում գենետիկ ինժեներիայի ահռելի պոտենցիալի մասին։

Դավիթ Գրիգորյան

08.09.2018

ԳՄՈ-ները անվտանգ են մարդու առողջության համար, սա տգիտության նախավերջին աստիճանն է: Մի հատ էլ հավատացյալների կրոնական զգացմունքները պաշտպանող օրենք հանեք ու վերջնական փչացրեք օրինական դաշտը: Գիտնականների հետ զրուցեք, սա խայտառակություն է: Հղմամբ ծանոթացեք անկախ հետազոտությունների արդյունքների մի մասին, փորփրեք թեման, ամոթա շատ: https://tinyurl.com/ya7t3x4m

Տեսնել ավելին