Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ -ում լիզինգային գործունեությունը զարգացնելու նպատակով մշակված մի շարք իրավական ակտերի նախագծերի փաթեթներ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 609-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 628-րդ հոդվածում «ֆինանսական վարձակալություն» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«§6 . ԼԻԶԻՆԳ

Հոդված 677. Lիզինգ

  1. Լիզինգի պայմանագրով` լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը: Այդ դեպքում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում լիզինգի առարկայի և վաճառողի ընտրության համար:
  2. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է լիզինգատուն:
  3. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
  4. Լիզինգատուն, լիզինգառուի համար գույք ձեռք բերելիս վաճառողին ծանուցում է, որ գույքը նախատեսված է որոշակի անձի լիզինգով տրամադրելու համար:
  5. Լիզինգի տարատեսակներն են ՝ հետադարձ լիզինգը, երկրորդային լիզինգը:
  6. Լիզինգայի գործունեություն կարող են իրականացնել բանկերը կամ օրենքով սահմանված կարգով նման գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպությունները:

 

Հոդված 678. Լիզինգի պայմանագրով վաճառողի և լիզինգատուի պատասխանատվությունը

  1. Լիզինգի պայմանագրով լիզինգառուն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու և վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնել նրա և լիզինգատուի միջև կնքված առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, լիզինգառուն ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները և կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրն առանց լիզինգատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից:
  2. Լիզինգառուն և լիզինգատուն վաճառողի հետ հարաբերություններում համիրավ պարտատերեր են (հոդված 365):
  3. Եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով, լիզինգատուն լիզինգառուի առջև պատասխանատվություն չի կրում առուվաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է լիզինգատուի վրա: Վերջին դեպքում լիզինգառուն իրավունք ունի իր ընտրությամբ առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնել ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ լիզինգատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում լիզինգառուի առջև:
  4. Լիզինգառուի փոփոխության դեպքում, լիզինգի առարկայի նկատմամբ վաճառողին պահանջ ներկայացնելու իրավունքները անցնում են նոր լիզինգառուին: Այս դեպքում լիզինգատուն պարտավոր է ծանուցել վաճառողին նոր լիզինգառուի մասին:

Հոդված 679. Հետադարձ լիզինգ

  1. Հետադարձ լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որով լիզինգատուն պարտավորվում է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռքբերված գույքը: Հետադարձ լիզինգի պայմանագրի գործողության ավարտին լիզինգի առարկան հետ է անցնում լիզինգառուին ի սեփականություն:
  2. Հետադարձ լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, կրկին անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

Հոդված 680. Երկրորդային լիզինգ

  1. Երկրորդային լիզինգը՝ լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման արդյունքում լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին տրամադրումն է նոր լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը: Երկրորդային լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:
  2. Երկրորդային լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է՝ լիզինգատուի և լիզինգառուի միջև:
  3. Երկրորդային լիզինգի ժամանակ լիզինգառուին է անցնում վաճառողին և լիզինգատուին լիզինգի առարկայի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքը՝ սույն օրենսգրքի 678-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 681. Ենթալիզինգ և վարձակալություն

  1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու է հանդիսանում սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունը, լիզինգառուն /ենթալիզինգատուն/ իրավունք ունի լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցել երրորդ կողմի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը եւ օգտագործմանը: Լիզինգի առարկան ենթալիզինգի հանձնման դեպքում վաճառողին պահանջի ներկայացման իրավունքն ըստ ենթալիզինգի պայմանագրի անցնում է ենթալիզինգառուին:
  2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է:
  3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:
  4. Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
  5. Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
  6. Լիզինգառուն, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության, միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմաններին պահպանման պարագայում:

Հոդված 682. Լիզինգի պայմանագրի ձևը

  1. Լիզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր սույն օրենսգրքի 450 հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
  2. Անշարժ գույքի լիզինգի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

 

Հոդված 683. Lիզինգի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը

  1. Անշարժ գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
  2. Շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 684. Լիզինգի պայմանագրի առարկան

  1. Լիզինգի պայմանագրի առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք:
  2. Լիզինգատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ, այդ թվում նաև ենթալիզինգի և ենթավարձակալության դեպքում:

 

Հոդված 684.1. Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը

  1. Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգատուի սեփականությունը:
  2. Լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման իրավունքն ամբողջ ծավալով անցնում է լիզինգառուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 684.2. Լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելը

  1. Լիզինգատուն պարտավոր է լիզինգի առարկան լիզինգառուին տրամադրել լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան:
  2. Լիզինգի առարկան տրամադրվում է լիզինգով դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 684.3. Լիզինգային վճար

  1. Լիզինգային վճարը այն գումարն է, որը վճարվում է լիզինգառուի կողմից լիզինգային պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում, որը բաղկացած է՝
    • լիզինգի առարկայի արժեքից (այդ թվում մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը կատարված նախնական վճարից) և պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է լիզինգի առարկային սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին;
    • լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով չի նախատեսվում լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:

 

Հոդված 684.4. Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները

  1. Լիզինգի պայմանագիրը օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքն լիզինգառուի կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ:
  2. Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը եւ ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաեւ կատարել լիզինգի առարկայի հիմնական եւ ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:
  3. Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հիմնական վերանորոգումը կատարում է լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված է չէ պայմանագրով:
  4. Լիզինգի առարկայի բարելավումների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 626-րդ հոդվածի պահանջները:

 

Հոդված 684.5. Լիզինգի պայմանագրի լուծումը

  1. Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
  • լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը,
  • եթե լիզինգառուն սահմանափակում է լիզինգատուի հսկողության իրավունքը լիզինգի առարկայի նկատմամբ,
  • լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել հերթական լիզինգային վճարը:
  1. Լիզինգառուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
  • Լիզինգատուն լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը չի տրամադրել լիզինգի առարկան պայմանագրով սահմանված ժամկետից 30 օր կետանցով, եթե այլ ժամկետ սահմանված չէ պայմանագրով.
  • Լիզինգատուն չի իրականացրել լիզինգի առարկայի հիմնական վերանորոգումը, եթե համաձայն օրենքի կամ պայմանագրի դա վերջինիս պարտականություն է:
  1. Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:
  2. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում պայմանագրի միակողմանի լուծման դեպքում բոլոր ծախսերը, կապված գույքի վերադարձման, այդ թվում` ապամոնտաժման, ապահովագրության և փոխադրման հետ, կրում է լիզինգառուն, իսկ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում՝ լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետով սահմանված դեպքում լիզինգառուն իրավունք ունի պահանջել հատուցելու վնասները, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում լիզինգատուն:

 

Հոդված 684.6. Լիզինգի առարկայի բռնագանձումը

  1. Եթե լիզինգի առարկան ծանրաբեռնված է լիզինգի իրավունքով, ապա լիզինգի առարկայի բռնագանձնման դեպքում լիզինգառուն լիզինգի առարկայի նկատմամբ պահպանում է իր իրավունքները լիզինգի պայմանագրում նշված ծավալով և ժամկետներում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 12) կետում «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասի գ) կետում՝ «ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային)» բառերը փոխարինել «լիզինգային» բառով, ինչպես նաև «ֆինանսական վարձակալության (լիզինգային)» բառերը փոխարինել «լիզինգային» բառով:

 Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետում «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը փոխարինել «լիզինգ» բառով: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով՝

«3. Ավտոտրանսպորտային միջոցն լիզինգով տրամադրված լինելու դեպքում ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի վճարը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի լիզինգառուն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «լիզինգի պայմանագրով վարձակալության» բառերը փոխարինել «լիզինգի» բառով համապատասխան հոլովումներով:

Հոդված 2. Օրենքի 13.1-րդ հոդվածում «հաշվառման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի իրավունքների պետական գրանցման» բառերը:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 32-րդ հոդվածի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի նկատմամբ առկա է լիզինգի իրավունքի պետական գրանցում, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է լիզինգառուն կամ լիզինգառու իրավաբանական անձի գործադիր մարմինը, տնօրենը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    14.08.2018 - 30.08.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11225

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Beecity

16.08.2018

.

Տեսնել ավելին