«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______________ 2026 թվականի N ____-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-Ի N 433 Գ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1302-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման հավելվածի 4-րդ կետից հանել «ռազմարդյունաբերության պետական կոմիտեի» բառերը։
2) Որոշման հավելվածը լրացնել նոր 4.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կնքված պայմանագրերի շրջանակներում պետական պատվիրատուի գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության կողմից (այսուհետ՝ ՊՊՆ):»
3) Որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի առաջարկությամբ» բառերը։
4) Որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«Այն դեպքերում, երբ կազմակերպությունում չկան զինվորական ներկայացուցչություններ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով այդ կազմակերպություն է գործուղում իր ներկայացուցիչներին ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգման և ընդունման, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման, կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների վերահսկողության համար: Նշված ներկայացուցիչների վրա տարածվում են սույն կարգով նախատեսված զինվորական ներկայացուցիչների բոլոր իրավունքներն ու պարտականությունները:»։
5) Որոշման հավելվածը լրացնել նոր 10.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«ՊՊՆ հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կնքված պայմանագրերի շրջանակներում ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի ստուգումն է:»:
6) Որոշման հավելվածը լրացնել նոր 11.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«ՊՊՆ-ն իր նպատակին համապատասխան ունի հետևյալ խնդիրները՝
ա) կազմակերպություններում ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի ստուգումը և ընդունման իրականացումը` համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հիման վրա.
բ) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի պատշաճ իրականացման վերահսկումը.
գ) կազմակերպություններում հզորությունների պահպանման ու զարգացման ապահովման մասնակցությունը.
դ) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացման ապահովումը կազմակերպություններում:»:
7) Որոշման հավելվածը լրացնել նոր IV գլխով՝ հետևյալ բովանդակությամբ․
«IV ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
19․ ՊՊՆ-ն իր հիմնական նպատակին և խնդիրներին համապատասխան իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) կազմակերպություններում սպասարկվող, մշակվող, նորոգվող և արտադրվող, ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգում աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում.
2) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի նյութատարության և աշխատատարության ուսումնասիրում.
3) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի կատարման ընթացքի, պատրաստի արտադրանքի ընդունման ու առաքման ստուգում.
4) կազմակերպությունում ռազմական ապրանքի և գույքի տեխնիկական մակարդակի, որակի, հուսալիության, դիմացկունության, տեխնոլոգիականության և այլ հատկանիշների վերլուծությանը վերաբերող քննարկումներին (անհրաժեշտության դեպքում նաև՝ քննարկումների կազմակերպում) և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, նաև բանակցություններին մասնակցություն.
5) կազմակերպություններում հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների ընթացքի վերահսկում՝ ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների համաձայն, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմատեխնիկական միջոցների փորձնական նմուշների փորձարկումներին մասնակցություն և դրանց գնահատում.
6) կազմակերպություններում նոր ստեղծված, արդիականացված և նորոգված ռազմական ապրանքի և գույքի փորձարկումներին մասնակցություն և դրանց գնահատում.
7) կազմակերպություններում կատարվող աշխատանքների ու փորձարկումների արդյունքների՝ տեխնիկական առաջադրանքներին համապատասխանության ստուգում.
8) կազմակերպություններում «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան կնքված պայմանագրերի կատարման ուսումնասիրում.
9) ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգման նպատակով պարբերական, տիպային, ստուգիչ և հատուկ փորձարկումներին մասնակցություն.
10) ռազմական ապրանքի և գույքի փորձարկումների և ընդունման ժամանակ կիրառվող վերստուգիչ-չափիչ գործիքների, սարքավորումների, հարմարանքների պետական և գերատեսչական չափագիտական ստուգումների ժամանակին իրականացման վերահսկում.
11) կազմակերպությունների պահեստներում ընդունված ռազմական ապրանքի և գույքի պահպանման, փաթեթավորման և պահեստավորման կանոնների պահպանման, առաքման և անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ձևակերպման նկատմամբ ստուգման իրականացում.
12) կազմակերպություններում հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների, փորձանմուշների, ներհանրապետական արտադրանքի տեսականու մասին տեղեկությունների և տեխնիկական փաստաթղթերի ընդունում և հաշվառում.
13) կազմակերպություններում արտադրված կամ նորոգված, երաշխիքային ժամկետում գտնվող սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների և խափանումների դեպքերում վնասապահանջների (ռեկլամացիաների) պատճառների ուսումնասիրման, դրանց վերացման միջոցառումներին մշակման մասնակցություն և ստուգում.
14) կազմակերպությունների տեխնոլոգիական հագեցվածության, զարգացման հարցերի վերաբերյալ և նյութատեխնիկական բազայի կատարելագործման քննարկումներին մասնակցություն.
15) ռազմական նշանակության արտադրանքի մշակումների, փորձարկումների, արտադրության, նորոգման և առաքման բոլոր փուլերում գաղտնիության ռեժիմի պլանավորման միջոցառումների մշակմանը մասնակցություն և դրանց կատարման ստուգում:
20․ Պետական պատվիրատուի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ռազմական նշանակության արտադրանքի ընդունումն անհիմն ուշացնելու և դրա որակը ոչ ճիշտ գնահատելու համար:
21. Կազմակերպությունների ղեկավարների պարտականությունները, ինչպես նաև նրանց և ՊՊՆ փոխհարաբերությունները կարգավորվում են կազմակերպությունների և պատվիրատուների միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան կնքված փոխադարձ համաձայնեցված պայմանագրով:
22․ Կազմակերպությունների ղեկավարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում չլրակազմված և տեխնիկական փաստաթղթերին չհամապատասխանող ռազմական ապրանքների և գույքի մատակարարման դեպքում:
23. Պետական պատվիրատուի ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կազմակերպում են կազմակերպություններում հաստատված ներքին կանոնակարգերին համապատասխան:»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ____________ ___
Երևան
-
Տևողություն
22.04.2026 07.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 218
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: