ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N523-Ն որոշմամբ սահմանված ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով և 2016 թվականի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով ամրագրված են, որ կենցաղային և ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերը ձեռք է բերում և փոխարինում է մատակարարը, մինչդեռ 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշմամբ սահմանված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով մատակարարի կողմից առևտրային հաշվառքի սարքերի ձեռք բերման պարտավորությունը սահմանված է միայն կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար: Ուստի Հանձնաժողովը, ելնելով մատակարար-բաժանորդ իրավահարաբերություններում միանման կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի սպասարկման գործընթացի շրջանակում գործնականում առաջացող խնդիրները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում մշակել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում նույնպես առևտրային հաշվառքի սարքերը ձեռք բերելու և մինչև 2040 թվականը փուլերով փոխարինելու պարտավորությունը վերապահել մատակարարին:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Քանի որ Հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված է, որ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ձեռք բերման ծախսերը կրում է բաժանորդը, արդյունքում առևտրային հաշվառքի սարքերը հիմնականում տեղադրվում են բաժանորդներին պատկանող սեփականության տարածքներում: Նշված հանգամանքի արդյունքում առաջանում են խնդիրներ և Հանձնաժողով բազմաթիվ բողոքներ են ներկայացվում ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների միջև բաժանորդների սեփականության տարածքում գտնվող առևտրային հաշվառքի սարքերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու առնչությամբ: Խնդիրներին լուծում տալու շրջանակներում հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների քննարկման արդյունքում կայացվել է ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի և էլեկտրոնային ճշտիչների՝ մատակարարի կողմից ձեռք բերման և փոխարինման որոշում, ինչի արդյունքում առաջացել է Կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող որոշման նախագծով նախատեսվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում նույնպես առևտրային հաշվառքի սարքերի ձեռք բերում մատակարարի կողմից, ինչպես նաև մատակարարի համար սահմանվում է պարտավորություն մինչև 2040 թվականը Հանձնաժողովի հետ համաձայնեցված ժամանակացույցով փոխարինել ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերը։
Նախագծի մշակումն ուղղված է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների կարգավորմանը և հստակեցմանը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիրքորոշումը։
5․ Ակնկալվող արդյունքը
Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման արդյունքում կհստակեցվի մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները, ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդները կազատվեն առևտրային հաշվառքի սարքը ձեռք բերելու ֆինանսական բեռից և, ըստ էության, կբացառվեն առևտրային հաշվառքի սարքերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու գործընթացում առաջացող՝ մատակարար-բաժանորդ հակասությունները:
-
Տևողություն
22.04.2026 08.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Գերատեսչություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 159
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: