ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու ճկուն մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք չունեն սեփական բնակելի տարածք կամ բնակվում են բնակության համար ոչ պիտանի պայմաններում՝ անհաղթահարելի ուժի, բնական աղետների, սոցիալ-տնտեսական դժվարությունների կամ այլ հանգամանքների պատճառով, ապահովված չեն ժամանակավոր, անվտանգ և նվազագույն կենցաղային պայմաններով կացարանով։ Նախագիծը նպատակ ունի ստեղծել սոցիալական աջակցման արագ, նպատակային և իրավականորեն կարգավորված մեխանիզմ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ աղետների հետևանքով կացարանից զրկված անձանց և ընտանիքների համար։ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ աղետների ռիսկի կառավարման ուղղություններից է բնակչության պաշտպանությունը, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը նախատեսում է տուժած բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովում։ Ներկայումս բացակայում է համապատասխան կարգավորում, որը հնարավորություն կտա արագ և ճկուն ապահովել բնակարանային աջակցության կարիք ունեցող անձանց, հաշվի առնելով իրենց սոցիալական և ֆիզիկական խոցելիությունը։ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվում է, որ կառավարությունը սոցիալական աջակցության տրամադրման ձևերը կարող է սահմանել հատուկ կարգերով: Այս նախագծի նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության համար ոչ պիտանի տարածք ունեցող անձանց (ընտանիքներին) ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով, ինչը հնարավորություն կտա արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ կամ սոցիալ-տնտեսական դժվարին հանգամանքներում: Գործող կարգավորումներով նախատեսված բնակարանային աջակցության մեխանիզմները հիմնականում չեն ապահովում արագ արձագանքման հնարավորություն։ Այդ պատճառով անհրաժեշտ է ներդնել ճկուն և օպերատիվ գործիք՝ մոդուլային տնակների միջոցով ժամանակավոր կացարանով ապահովման տեսքով։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կացարանով ապահովումն անօթևան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի՝ օրենքով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ենթաօրենսդրական իրավական ակտերով բացակայում են «մոդուլային տնակ» հասկացության իրավական սահմանումը, ինչպես նաև սոցիալական աջակցության շրջանակում մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրելու կարգը, պայմանները և կիրառման մեխանիզմները։ Բնակարանային աջակցության գործող ծրագրերը հիմնականում ուղղված են սոցիալական բնակարանային ֆոնդի կամ դրամական աջակցությունների տրամադրմանը և չեն ներառում արագ տեղակայվող, շարժական ժամանակավոր կացարանների կիրառման հնարավորությունը։ Սույն կարգավորման բացակայության պայմաններում չկա իրավական հստակ հիմք մոդուլային տնակների ձեռքբերման, տեղադրման, շահագործման և շահառուներին տրամադրման գործընթացները կազմակերպելու համար, ինչը սահմանափակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների համար օպերատիվ և հասցեական բնակարանային աջակցության տրամադրումը։ Միևնույն ժամանակ, սոցիալ-տնտեսական, բնական աղետների կամ այլ օբյեկտիվ հանգամանքների հետևանքով բնակելի տարածք կորցրած կամ բնակության համար ոչ պիտանի պայմաններում հայտնված անձանց և ընտանիքների համար ժամանակավոր կացարանով ապահովման կարիքը պահանջում է ճկուն, արագ և նպատակային գործիքների ներդրում, ինչի ապահովումը հնարավոր է միայն համապատասխան իրավական կարգավորման սահմանման միջոցով։ Միաժամանակ, բնական աղետների, արտակարգ իրավիճակների կամ սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով բնակելի տարածք կորցրած ընտանիքների թիվը պահանջում է նմանատիպ արագ արձագանքման լուծումների ներդրում։
2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է ընդունել ՀՀ կառավարության որոշում, որով կսահմանվեն հրատապ իրավիճակում հայտնված ընտանիքներին մոդուլային տնակներով ապահովման կարգն ու պայմանները։
Նախագծով առաջարկվում է՝
- օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող և տեղափոխելի կացարան,
- սահմանել շահառուների շրջանակը և ընտրության չափանիշները,
- ներդնել դիմումների ընդունման, տվյալների համադրման և գնահատման միասնական համակարգ,
- սահմանել մոդուլային տնակների տրամադրման ընթացակարգը, ժամկետները և պայմանագրային հիմքերը,
- ամրագրել պատասխանատու մարմինների լիազորությունները,
- սահմանել մոդուլային տնակների օգտագործման նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմներ։
Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա ապահովել սոցիալական աջակցության առավել հասցեական, թափանցիկ և արդյունավետ իրականացում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյուքում ակնկալվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող (կորցրել է բնակարանը անհաղթահարելի ուժի, բնական աղետների, սոցիալ-տնտեսական պայմանների հետևանքով) կամ բնակության համար ոչ պիտանի բնակելի տարածք ունեցող թվով 100 ընտանիքների ժամանակավոր մոդուլային տնակով ապահովում։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 500-ից 700 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր շահառուի (ընտանիքի) համար՝ 5-ից 7 միլիոն դրամ:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6-րդ ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
-
Տևողություն
20.04.2026 06.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 67
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: