«50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման մարմիններում պետության կողմից նշանակվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջների, ընտրության, թեկնածությունն առաջադրման, պաշտոնավարման, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և պետության առաջարկով նշանակման կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N175-Ն որոշման գործողությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2026 թվականի N ...... –Ն
50 ՏՈԿՈՍԻՑ ՑԱԾՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 34-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հաստատել 50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Մինորիտար մասնակցությամբ ընկերություններ (ՄՄԸ)) կառավարման մարմիններում պետության կողմից նշանակվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջների, ընտրության, թեկնածությունն առաջադրման, պաշտոնավարման, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և պետության առաջարկով նշանակման կարգը ՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ՝
1) Մինորիտար մասնակցությամբ ընկերությունների կառավարման մարմիններում պետության կողմից նշանակվող պաշտոնատար անձինք (խորհրդի անդամներ, վերստուգող կամ վերստուգող հանձնաժողովների անդամներ, գործադիր մարմնի անդամներ՝ տնօրեն, տնօրենի տեղակալ) նշանակվում են մրցույթով, որը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)։
2) պետության առաջարկով նշանակվող պաշտոնատար անձը պարտավոր է՝
ա․ գործել լիարժեք տեղեկացված, բարեխղճորեն, պատշաճ ջանասիրությամբ և ողջամտորեն՝ ելնելով կազմակերպության, դրա մասնակիցների ու այլ շահառուների լավագույն շահերից և հաշվի առնելով կազմակերպության շահակիցների շահերը,
բ․ չխախտել բարեվարքության, անհամատեղելիության և շահերի բախման կանխարգելման վերաբերյալ պահանջները, չընդունել նվերներ, բացառությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թույլատրելի նվերների, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
3) պետության առաջարկով նշանակվող պաշտոնատար անձը չի կարող միաժամանակ նշանակվել մեկից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման մարմիններում։
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել՝ ընկերությունում ծավալած գործունեության վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը։
4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագիրը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 175-Ն որոշումը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
————— « » —— - Ն որոշման
Կ Ա Ր Գ
50 ՏՈԿՈՍԻՑ ՑԱԾՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄՄԸ)) ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են 50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Մինորիտար մասնակցությամբ ընկերությունների (ՄՄԸ)) կառավարման մարմիններում պետության առաջարկով նշանակվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջները, նրանց ընտրության, թեկնածուների առաջադրման, պաշտոնավարման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը։
2. Սույն կարգը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք կազմակերպության կանոնադրությամբ կամ հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կառավարման մարմիններում նշանակվում և որոնց թեկնածությունն առաջադրվում է պետության՝ որպես բաժնետիրոջ կողմից, այդ թվում՝ խորհրդի անդամների, վերստուգող կամ վերստուգող հանձնաժողովների անդամների, գործադիր մարմնի անդամների (տնօրեն, տնօրենի տեղակալ)։ Ընդ որում սույն կարգով սահմանված դրույթները տարածվում են միայն այն դեպքերի վրա, երբ նշված պաշտոններում նշանակման կամ թեկնածության առաջադրման լիազորությունը վերապահված է պետությանը։
3. Սույն կարգի 2-րդ կետով նշված անձինք նշանակվում են արտաքին մրցութային կարգով՝ հարցազրույցով:
4․ Սույն կարգի 2-րդ կետով նշված անձինք իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կազմակերպության կանոնադրությանը և կառավարման մարմինների որոշումներին համապատասխան։
5․ Սույն կարգը չի կարգավորում նշված անձանց աշխատանքային հարաբերությունները, որոնք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բաժնետիրական ընկերությունների մասին և աշխատանքային օրենսդրությամբ ու կազմակերպության կանոնադրությամբ։
6․ Սույն կարգի շրջանակներում նշված անձինք հաշվետու են պետությանը այն դեպքերում, երբ կազմակերպության կանոնադրությամբ բաժնետիրոջը վերապահված է նրանց լիազորությունների դադարեցման իրավասությունը։
2. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
7․ Սույն կարգի 2-րդ կետով նշված անձանց թափուր պաշտոն առաջանալու դեպքում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինը (այսուհետ՝ Ոլորտային մարմին) եռօրյա ժամկետում, իսկ որոշակի ժամկետով նշանակման դեպքում սահմանված ժամկետի ավարտից առնվազն երկու ամիս առաջ դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե)` միաժամանակ ներկայացնելով թեկնածու՝ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար: Ոլորտային մարմինը անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև լրացուցիչ պահանջներ մրցույթի պայմաններում ներառելու նպատակով։
8․ Մրցույթ անցկացնելու մասին որոշումն ընդունում է Կոմիտեն` դրա մասին հայտարարություն տեղադրելով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, www.azdarar.am կայքում, ինչպես նաև տարածվում է կորպորատիվ կառավարումը խթանող կազմակերպությունների շրջանում։ Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
9. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝
1) Մինորիտար մասնակցությամբ ընկերության անվանումը, որտեղ նախատեսվում է ընտրել ներկայացուցիչ, և պաշտոնը.
2) Մինորիտար մասնակցությամբ ընկերությունում պետական մասնակցության չափը (հազար դրամով և տոկոսով՝ կանոնադրական կապիտալում).
3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.
4) մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները.
5) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի (տեղեկատվության) ցանկը.
6) փաստաթղթերը ներկայացնելու վայրը և վերջնաժամկետը կամ էլեկտրոնային հասցեն:
10. Մրցույթի մասնակիցը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով նաև անձը հաստատող փաստաթուղթ կամ պահանջվող փաստաթղթերը ուղարկում է էլեկտրոնային փոստով։
3. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11․Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող և կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի կամ խորհրդի անդամի կամ վերստուգող անդամի կամ վերստուգող հանձնաժողովի անդամի կամ պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր՝
1) դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) չեն տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը կարող է խոչընդոտել աշխատանքային պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
3) անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).
4) նախորդ երեք տարվա ընթացքում չեն զբաղեցրել սնանկացման պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար պաշտոններ.
5) չեն զբաղեցնում ղեկավար պաշտոններ պետական մարմիններում կամ չեն հանդիսանում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջների հիմքով նրանց հետ փոխկապակցված անձինք կամ տվյալ կազմակերպության գործունեության միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսավարող կազմակերպությունների մոտ չեն զբաղեցնում ղեկավար պաշտոններ․
6) չեն հանդիսանում փոխկապակցված անձ տվյալ առևտրային կազմակերպության մասնակիցների կամ գործադիր մարմնում ներկայացվածների հետ:
12. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
4) ինքնակենսագրություն.
5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, ինչպես նաև մասնագիտական որակավորումների դիպլոմների պատճենները․
6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)։
8) արական սեռի անձանց համար` զինվորական գրքույկի կամ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկի պատճենը (բնօրինակի ներկայացմամբ), կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանք:
13․ Թեկնածուն պետք է ունենա՝
1) բարձրագույն կրթություն՝ կառավարում, իրավաբանություն, տնտեսագիտություն, ֆինանսներ մասնագիտությամբ կամ հինգ տարվա աշխատանքային ստաժ՝ տվյալ կազմակերպության հիմնական գործունեության ոլորտում․
2) ֆինանսական գիտելիքներ և ֆինանսական հաշվետվությունների ընթերցման ու վերլուծության կարողություն․
3) կորպորատիվ կառավարման ոլորտում գիտելիքներ և փորձ․
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացություն՝ առևտրային կազմակերպությունների գործունեության, պետական գույքի կառավարման և հարակից ոլորտներում․
5) զարգացած փափուկ կարողություններ (soft skills), այդ թվում՝ ռազմավարական մտածողություն, հաղորդակցման, թիմային աշխատանքի, բանակցման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ․
6) Ոլորտային մարմնի կողմից ներկայացված հմտություններ։
14․ Թեկնածուի համար առավելություն է համարվում՝ կորպորատիվ կառավարման ոլորտում միջազգային սերտիֆիկատի առկայությունը, մասնագիտական վերապատրաստումների և որակավորումների առկայությունը։
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
15. Մրցույթի անցկացման նպատակով ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով՝ (այսուհետ` հանձնաժողով) պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմնի, Ֆինանսների նախարարության, Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և Ոլորտային մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանձնաժողովի կազմը սահմանվում է Կոմիտեի նախագահի հրամանով, որով Կոմիտեի ներկայացուցիչներից նշանակվում է նաև հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
4. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
16. Մրցույթն անցկացվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և նվազագույն պահանջներին համապատասխանության, թեկնածուների մասնագիտական գիտելիքների և կարողությունների ստուգման միջոցով:
17. Հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ընդունում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ տվյալ մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու մասին:
18. Հանձնաժողովն ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու մասին որոշում, եթե ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում սույն կարգով սահմանված պահանջներին կամ թերի են: Թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում մասնակիցն իր էլեկտրոնային փոստին ուղարկված նամակով 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է՝ պակաս փաստաթղթերը համալրելու համար։ Ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակից) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում մրցույթը սկսվելուց առնվազն 1 աշխատանքային օր առաջ:
19. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին թույլ չի տալիս մասնակցել մրցույթին, կամ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, կամ, եթե մրցույթին մասնակցության համար որևէ դիմում չի ներկայացվել, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում՝ մրցույթը չկայացած համարելու մասին և նշանակվում է մրցույթի անցկացման նոր օր՝ սույն կարգի պահանջների համապատասխան:
20. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և նշանակվում է կրկնակի մրցույթ: Հանձնաժողովի նիստին ներկա անդամները դրա մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:
21. Կրկնակի մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է մրցույթի օրվանից հետո տասնօրյա ժամկետում՝ սկզբնական պայմաններով:
22. Թեկնածուների ֆինանսական, կորպորատիվ կառավարման, օրենսդրական և մասնագիտական գիտելիքների և դրանք կիրառելու կարողությունների ստուգման նպատակով Կոմիտեն մշակում է հարցազրույցի հարցաշար։
23․ Հարցազրույցի հարցաշարը պետք է բաղկացած լինի առնվազն 50 հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ ոլորտները՝
1) կորպորատիվ ֆինանսներ և ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն,
2) կորպորատիվ կառավարում, այդ թվում` ներքին հսկողություն, ռիսկերի կառավարում, աուդիտ (ներքին և արտաքին), կորպորատիվ հաշվետվողականություն, կորպորատիվ էթիկա, խորհրդի և խորհրդի անդամի դերակատարում, պարտականություններ և պատասխանատվություն,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ ընկերությունների, պետական գույքի կառավարման, հարկային, աշխատանքային ոլորտներում:
4) էթիկա, շահերի բախում և պատասխանատվություն,
5) ռազմավարական կառավարում և ռիսկերի կառավարում։
24․ Հանձնաժողովը մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
25. Հարցազրույցը գրավոր արձանագրվում և ձայնագրվում է:
26. Հարցազրույցի անցկացման յուրաքանչյուր կետ գնահատվում է հանձնաժողովի անդամի կողմից առանձին՝ 0-3 միավորների միջակայքում, որտեղ 0-ն պատասխանի բացակայությունն է, 1-ը ցածր մակարդակն է, 2-ը՝ միջին և 3-ը՝ բարձր:
27․ Մասնակցի հետ հարցազրույցի ավարտից հետո գնահատման արդյունքներն ամփոփվում են ընդհանուր գնահատականով, որը հանձնաժողովի բոլոր անդամների կողմից մասնակցին տված գնահատականների հանրագումարն է: Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը: Ընդ որում, հաղթող մասնակցի միավորները չի կարող պակաս լինել ընդհանուր հնարավոր միավորների 70 տոկոսից։ Երկու մասնակիցների հավասար միավորների դեպքում հաղթողը ընտրվում է հանձնաժողովի անդամների քվեարկությամբ ձայների պարզ մեծամասնությամբ։
28. Մրցույթի արդյունքում հանձնաժողովի քարտուղարը կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
5. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
29. Մրցույթի հաղթող մասնակիցը մրցույթի ավարտից հետո ծանոթանում է մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացության թերթի հետ և ստորագրում այն:
30. Մրցույթի արդյունքները հրապարակվում են Կոմիտեի կայքում մրցույթի անցկացումից հետո՝ նույն օրն անմիջապես:
31. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դրանց հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում՝ հանձնաժողովին, իսկ հետագայում՝ մեկ ամսվա ընթացքում դատական կարգով:
32․ Հանձնաժողովը Վարչապետի աշխատակազմ և համապատասխան պետական մարմին է ներկայացնում մրցույթի հաղթող ճանաչելու մասին որոշման, ինչպես նաև մրցույթի մասնակիցների ներկայացրած և հանձնաժողովի կողմից կազմված փաստաթղթերի պատճենները: Կոմիտեն սույն կետով նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
33․ Թեկնածության հաստատվելու դեպքում պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին։
34․Պաշտոնատար անձը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 31-ը Ոլորտային մարմնին ներկայացնում է հաշվետվություն՝ իր գործունեության վերաբերյալ։
35․Ոլորտային մարմինը հաշվետվությունը հաստատում կամ մերժում է այն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։
36․ Հաշվետվության չհաստատվելու դեպքում Ոլորտային մարմինը եռօրյա ժամկետում տեղեկատվությունը տրամադրում է Կոմիտեին, որից հետո Կոմիտեն նախաձեռնում է տվյալ անձի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը՝ կազմակերպության կանոնադրությամբ և կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով։
37․ Պաշտոնատար անձի վարձատրությունը սահմանվում է Կոմիտեի կողմից տվյալ կազմակերպության վարձատրության քաղաքականությանը համապատասխան՝ Կոմիտեի հետ կնքված աշխատանքային պայմանագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։
38․ Պաշտոնավարման ժամկետի ավարտի կամ սահմանված կարգով լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում անցկացվում է նոր մրցույթ՝ սույն կարգի դրույթներին համապատասխան։
39․ Մրցույթի երկու անգամ չկայանալու դեպքում Կոմիտեն կարող է առաջարկել այլընտրանքային թեկնածուի՝ մինչև մրցույթի կայանալը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան
-
Տևողություն
08.04.2026 29.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 75
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: