Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Մարիա Գևորգյան 12.04.2026 00:15:30

Մարզերում դպրոցահասակ երեխաների համար սպորտային կրթության հասանելիության ապահովումը կարևոր ռազմավարական ուղղություն է՝ ուղղված ինչպես առողջ ապրելակերպի ձևավորմանը, այնպես էլ մարզական ներուժի վաղ բացահայտմանը։ Մարզերում առկա են ենթակառուցվածքներ (օրինակ՝ չգործող ակումբներ,), որոնք ներկայումս չեն օգտագործվում, սակայն կարող են վերագործարկվել նվազագույն ներդրումներով։ Դրանք հնարավոր է վերածել նպատակային ուսուցման կենտրոնների, մասնավորապես՝ հրաձգության մարզումների կազմակերպման համար՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերը։

Առկա ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը և մասնավոր հատվածի ներգրավումը կարող են զգալիորեն բարձրացնել մարզերում սպորտային կրթության որակը և հասանելիությունը։ Հատկապես կարևոր է չգործող ակումբների վերակենդանացումը, որոնք կարող են դառնալ համայնքային սպորտային կենտրոններ և ծառայել, օրինակ, հրաձգության անվտանգ և վերահսկվող ուսուցման կազմակերպման նպատակով։

Ընդունվել է ի գիտություն.

Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների համար սպորտային կրթության հասանելիության ապահովումը այլևս դիտարկվում է որպես կարևոր ռազմավարական ուղղություն, իսկ նշված առաջարկները կարող են նպաստել առկա ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործմանն ու ոլորտի զարգացմանը:  

2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 14.04.2026 09:58:43

Սույն նախագիծը միտված է կարևոր հանրային նպատակների՝ երեխաների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի խթանման և սպորտի հասանելիության բարձրացման ապահովմանը։ Սակայն, հաշվի առնելով ծրագրի իրականացման առանձնահատկությունները (մասնավոր հատվածի ներգրավում, բյուջետային ֆինանսավորում, երեխաների մասնակցություն), անհրաժեշտ է լրացուցիչ կարգավորումների սահմանում՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

«Դպրոցահասակ երեխաներ» ձևակերպումը իրավական առումով կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Տարիքային շրջանակի և առաջնահերթ խմբերի հստակ սահմանումը թույլ է տալիս ապահովել ծրագրի թիրախայնությունը և կանխել ռեսուրսների ոչ նպատակային բաշխումը։ Առանց այս հստակեցման՝ հնարավոր է, որ ծրագրից օգտվեն ոչ առաջնահերթ խմբերը՝ սահմանափակելով առավել կարիքավորների հասանելիությունը։ 

Առաջարկում ենք հստակ սահմանել «դպրոցահասակ երեխաներ» հասկացությունը՝ ներառելով տարիքային սահմանները (օրինակ՝ 6-18 տարեկան), ինչպես նաև նախատեսել սոցիալապես խոցելի խմբերի (սոցիալական նպաստառու ընտանիքների երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ և այլն) առաջնահերթ ընդգրկման մեխանիզմներ։

Ընդունվել է մասամբ:

Ծրագրում շահառուների շեմը սահմանված են յուրաքանչյուր ծրագրի շրջանակում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի N 1428-Ն որոշումը, հետևաբար լրացուցիչ սահմանման անհրաժեշտություն չի դիտարկվում: Իսկ սոցիալական խոցելի խմբերի առաջնահերթ ընդգրկման վերաբերյալ առաջարկությունն ընդունվել է:

3 Մարիամ Շահինյան 15.04.2026 22:33:42

Ողջունելի է մասնավոր ենթակառուցվածքները դպրոցականների մարզական կյանքում ներգրավելու նախաձեռնությունը։ Սակայն հաշվի առնելով մարզային առանձնահատկությունները՝ կցանկանայի բարձրաձայնել հետևյալ հարցը՝

Ինչպե՞ս է լուծվելու հեռավոր համայնքների երեխաների տրանսպորտային հասանելիության հարցը դեպի այդ մասնավոր օբյեկտներ։

Նաև պետք է նշել, որ լողը, դահուկային սպորտը և հատկապես հրաձգությունը պահանջում են խիստ անվտանգային կանոններ և որակավորված մարզիչներ։ Արդյո՞ք մասնավորի մարզիչները պետք է անցնեն հատուկ սերտիֆիկացում պետության կողմից՝ նախքան երեխաների հետ աշխատելը։

Չի ընդունվել, քանի որ ծրագրով հստակ սահմանված է շահառուների շրջանակը. «Շահառու են համարվում մարզական ենթակառուցվածքի տեղակայման համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները»:

 Չի ընդունվել, քանի որ ծրագրով արդեն իսկ սահմանված են մարզիչների որակավորմանը ներկայացվող պարտադիր պահանջը: Այդ պատճառով մարզիչների համար պետական մակարդակով հատուկ սերտեֆիկացման պահանջ առայժմ չի դիտարկվում: 

4 Մարիամ Շահինյան 16.04.2026 16:46:58

Առաջարկում եմ անպայման ծրագրում ներառել կետ ներառական երեխաների մասնակցությունը ապահովելու համար։

Չի ընդունվել, քանի որ այն արդեն իսկ ամրագրված է Կարգի առաջին գլխի առաջին կետի 2-րդ ենթակետում, որտեղ հստակ սահմանված է․ «ստեղծելով հավասար և մատչելի հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ տարիքային, սոցիալական, տարածքային կամ առողջական պայմաններից ու առանձնահատկություններից»: 

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: