Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշմամբ սահմանված պետական աջակցությամբ հիփոթեքային ծրագրի իրականացման ընթացքում ծագող իրավահարաբերությունների առավել ամբողջական և հստակ կարգավորման անհրաժեշտությամբ։ Գործող կարգավորմամբ սահմանված են ծրագրի շրջանակում պետական աջակցության տրամադրման, դրա դադարեցման, ինչպես նաև պետական բյուջեի հաշվին կատարված վճարումների վերադարձման ընդհանուր կանոնները, սակայն բավարար չափով կարգավորված չեն ծրագրի դադարեցումից հետո նախկին շահառուի, համագործակցող կազմակերպության և պետության միջև առաջացող հետագա իրավահարաբերությունները։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գրավադրման հարցը, ինչպես նաև այն իրավական մեխանիզմը, որի միջոցով համագործակցող կազմակերպությունը կարող է խնդրահարույց վարկային պարտավորության հետ կապված իր պահանջի իրավունքները, ներառյալ՝ գրավի առարկայի նկատմամբ իրավունքները, փոխանցել պետությանը։ Այդպիսի կարգավորումը պայմանավորված է իրավական որոշակիության, ծրագրի պատշաճ կիրառման և պետական աջակցությամբ ձևավորված վարկային հարաբերությունների շարունակական կառավարման անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող կարգավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում պետական աջակցությունը ներառում է բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար նախատեսված կանխավճարի, հիփոթեքային վարկի մայր գումարի, տոկոսագումարների, ինչպես նաև որոշ պետական վճարների սուբսիդավորումը։ Միաժամանակ, որոշմամբ նախատեսված է, որ ծրագրի դադարման պայմանների առաջացման դեպքում պետական աջակցությունը դադարեցվում է, իսկ նախկին շահառուն պարտավորվում է պետական բյուջե վերադարձնել մինչև այդ պետական բյուջեի հաշվին կատարված վճարումների ամբողջ գումարը, իսկ չվերադարձնելու դեպքում բռնագանձումն իրականացվում է դատական կարգով։ Սակայն գործող կարգավորմամբ ամբողջությամբ հստակեցված չէ, թե ծրագրի դադարեցումից հետո ինչպիսի ընթացակարգով պետք է կարգավորվեն համագործակցող կազմակերպության և նախկին շահառուի միջև վարկային հարաբերությունները, եթե վերջինս այլևս չի կատարում վարկային պարտավորությունները։ Բացի այդ, գործող 7-րդ կետով ամրագրված է միայն, որ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է բացառապես զինծառայողի անունով՝ օրենքով սահմանված սահմանափակումների կիրառմամբ, սակայն ուղղակի ձևով ամրագրված չէ, որ այդ գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում։ Արդյունքում գործնականում առաջանում է անորոշություն թե՛ գրավային ապահովության ձևակերպման, թե՛ ծրագրի դադարեցումից հետո խնդրահարույց վարկերի հետագա կառավարման մասով, ինչը կարող է ավելացնել համագործակցող կազմակերպությունների ռիսկերը և բացասաբար ազդել ծրագրի արդյունավետ իրականացման վրա։

3. Կարգավորմաննպատակըևբնույթը

Նախագծի նպատակն է լրացնել և հստակեցնել գործող կարգավորումը՝ ապահովելով ծրագրի շրջանակում ձևավորված հիփոթեքային իրավահարաբերությունների ամբողջականությունը և կիրառական արդյունավետությունը։ Այդ նպատակով առաջարկվում է, նախ, որոշման հավելվածի 7-րդ կետում ուղղակիորեն ամրագրել, որ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում, իսկ ապա՝ հավելվածի 11-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով, որով կսահմանվի, որ ծրագրի դադարման որոշ դեպքերում համագործակցող կազմակերպությունը կարող է իր պահանջի իրավունքները, այդ թվում՝ գրավի առարկայի նկատմամբ իրավունքները, զիջել պետությանը՝ օրենքով և վարկային պայմանագրով բխող համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի նվազեցնել համագործակցող կազմակերպությունների վարկային ռիսկերը, բարձրացնել ծրագրի նկատմամբ ֆինանսական կազմակերպությունների մասնակցության կանխատեսելիությունը, ապահովել պետության կողմից արդեն իսկ սուբսիդավորվող ծրագրի շրջանակում առաջացող խնդրահարույց հարաբերությունների վերահսկելի կառավարումը և կանխել իրավական ու գործնական անորոշությունները ծրագրի դադարման դեպքերում։ Իր բնույթով նախագիծը հստակեցնող և լրացնող կարգավորում է, որը միտված է գործող ծրագրի իրականացման ընթացքում բացահայտված իրավական և գործնական խնդիրների վերացմանը։

4.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 1-ին և 9-րդ կետերի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության կողմից զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:  

  • Տևողություն

    02.04.2026 18.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 201

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: