Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

2026 թվականի --------------- N    - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում սույն ծրագրի շրջանակում ապահովել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի իրականացման նպատակով համայնքների համար գանձապետական ավանդային հաշիվների բացումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 

3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով բացված հաշիվների նկատմամբ գործողությունների իրականացման լիազորությունը վերապահել համայնքներին։

4. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով բացված հաշիվների շրջանակում իրականացվող գործարքների պատասխանատուն համայնքներն են։

5 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

N -Լ որոշման

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

  

1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

      

1.  Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի (այսուհետ՝ պարարտանյութ)  ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես, հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:

2.  Ծրագիրը կիրականացվի 2026 թվականին։

3.  Ծրագրի մասնակիցներն են՝

1)   Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2)  Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).

3)  Հայաստանի Հանրապետության համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ՝ համայնք կամ բնակավայր).

4)  պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ մատակարար), որոնք՝

ա. ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկատվության` դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունեն ձևավորված վարկային պատմություն,

բ. ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն, դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ առկա չեն.

5)   գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու)։

4.  Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

5.  Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով՝ 2000 դրամը։

6. Ծրագրի շրջանակում մատակարարների կողմից վաճառվող պարարտանյութերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1692-Ն որոշմամբ հաստատված հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգին, մասնավորապես, տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտներին՝

1) ազոտական պարարտանյութ, ԳՕՍՏ 2-2013 «Սելիտրա՝ ամոնիակային. Տեխնիկական պայմաններ», ԳՕՍՏ 2081-2010 «Կարբամիդ. Տեխնիկական պայմաններ».

2) ֆոսֆորական պարարտանյութ, ԳՕՍՏ 16306-80 «Սուպերֆոսֆատ՝ կրկնակի հատիկավորված. Տեխնիկական պայմաններ».

3) կալիումական պարարտանյութ, ԳՕՍՏ 4568-95 «Կալիումի քլորիդ. Տեխնիկական պայմաններ»։

7. Ծրագրի շրջանակում վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվությունը կրում է մատակարարը։

8. Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաքանակներով՝

1) ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 500 կգ, 3 հա-ի համար առավելագույնը՝ 1500 կգ,

2) ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 400 կգ, 3 հա- համար առավելագույնը՝ 1200 կգ,

3) կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ, 3 հա-ի համար առավելագույնը՝ 900 կգ։

9. Մինչև 3 հա հողատարածք ունեցող շահառուների համար հաշվարկված պարարտանյութերի չափաքանակները հողատարածքի կամ հողատարածքի այն մասի հաշվով, որը ծրագրի 8-րդ կետով սահմանված չափաքանակների շրջանակում չի ապահովում 1 պարկի (50 կգ) չափով պարարտանյութի ձեռքբերում, ապա տվյալ հողատարածքի կամ հողատարածքի տվյալ մասի համար տրամադրվում է 1 պարկ (50 կգ) պարարտանյութ:

10.    Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքն իրականացվում է ապրիլի 30-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ։

11.     Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացն իրականացնում է նախարարությունը:

12.    Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև ապրիլի 20-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթերը, առաջարկվող պարարտանյութերի (ըստ տեսակների) նախնական քանակները ու նախարարության հետ մինչև ապրիլի 30-ը կնքում են սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր (պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով), որի արդյունքում ձևավորվում է մատակարարների տվյալների ցանկ։

13.    Նախարարությունը մինչև ապրիլի 23-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է մատակարարների (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը (հեռախոսահամարները)) վերաբերյալ տեղեկատվությունը և նրանց կողմից վաճառքի ենթակա պարարտանյութերի տեսակները։

14.    Շահառուները պարարտանյութեր կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։

15.    Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև ապրիլի 30-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակները՝ ըստ տեսակների։ Դիմումին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը.

2) անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները)։ Այն դեպքում, երբ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվում է, սակայն սեփականատերը շահառուն չէ, ապա համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարը դիմումին կցում է տեղեկանք՝ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն)։

16.   Համայնքի ղեկավարը հավաքագրում է ծրագրի 15-րդ կետում նշված տեղեկատվությունը, և մինչև մայիսի 5-ը ստեղծում շահառուների բանկ։

17.    Համայնքի ղեկավարը, ամփոփելով պարարտանյութերի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը, մատակարարին (մատակարարներին) է ներկայացնում նախնական հայտ, որում պարտադիր նշվում են առաջարկություններ մատակարարման և վճարումների ժամկետների, մատակարարման վայրի վերաբերյալ։

18.    Մատակարարը (մատակարարները) նախնական հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին մատակարարման և վճարումների ժամկետների, մատակարարման վայրի, ինչպես նաև պարարտանյութերի վաճառքի գների վերաբերյալ։

19.    Ծրագրի 18-րդ կետում նշված տեղեկացումից և համայնքի ղեկավարի հետ մատակարարման գրավոր (էլեկտրոնային եղանակով) համաձայնություն ձեռք բերելուց հետո շահառուները պարարտանյութերի գումարի չսուբսիդավորված կամ չփոխհատուցված մասը սույն որոշման 2-րդ կետում նշված բանկային հաշվեհամարին վճարում են անկանխիկ եղանակով՝ փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնելով համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։

20.  Պարարտանյութերի մատակարարումն իրականացվում է մատակարարի և համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի միջև կազմված հանձնման-ընդունման ակտով (որում պարտադիր նշվում են մատակարարված պարարտանյութերի քանակները և վաճառքի գները), որին կցվում է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված ներմուծման եզրակացությունը, պարարտանյութերի ներմուծումը հավաստող փաստաթղթերը և պարտավորագիր՝ համայնքի ղեկավարի կողմից ծրագրի 19-րդ կետում նշված գումարը՝ հանձնման-ընդունման ակտը (ակտերը) ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարի հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ։ Համայնքի ղեկավարը կնքված հանձնման-ընդունման ակտի (ակտերի) պատճենը (պատճենները) 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ ։

21.    Համայնքի ղեկավարը հանձնման-ընդունման ակտի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է փոխանցում 19-րդ կետում նշված բանկային հաշվեհամարին մուտքագրված գումարը։

22.    Համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պարարտանյութերի հանձնումը շահառուներին իրականացվում է շահառուների հետ կնքվող հանձնման-ընդունման ակտի հիման վրա։

23.   Ծրագրի 20-րդ կետում նշված հանձնման-ընդունման ակտի շրջանակում պարարտանյութերի փաստացի վաճառքի ավարտից հետո համայնքի ղեկավարը 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով նախարարություն է ներկայացնում՝

1)     ծրագրի 20-րդ նշված փաստաթղթերի պատճենները.

2)   վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն նախարարության կողմից սահմանված ձևաչափի (ձևաչափը հրապարակվում է նախարարության կայքում՝ մինչև ապրիլի 30-ը)։ Ձևաչափը պետք է ներկայացնել համայնքի ղեկավարի կողմից կնքված և ստորագրված տարբերակով:

24.    Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ծրագրի 23-րդ կետում ներկայացված փաստաթղթերը և ուսումնասիրության ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը փոխանցում է մատակարարի համապատասխան հաշվեհամարին՝ ծրագրի 12-րդ կետում նշված պայմանագրի շրջանակում երկկողմ ստորագրված համաձայնագրի հիման վրա։ Ուսումնասիրության ընթացքում թերությունների հայտնաբերման դեպքում առաջարկվում է համայնքների ղեկավարներին եռօրյա ժամկետում շտկել և ներկայացնել նախարարություն:

25.  Ծրագրի շրջանակում, պարարտանյութի մատակարարումից հետ երկամսյա ժամկետում, մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվում է համայնքներում շահառուների առնվազն 20 տոկոսի փաստաթղթերի ընտրանքային մոնիթորինգ՝ ծրագրի պահանջներին համապատասխանության մասով: Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում մարզպետի աշխատակազմը 2 աշխատանքային օրվա ընթացքում պարարտանյութի սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարները՝ պետական բյուջե վերադարձնելու մասին, գրավոր տեղեկացնում է շահառուին, համայնքի ղեկավարին և նախարարությանը: Շահառուի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գումարը չվճարելու դեպքում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

26.  Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝

1) պարարտանյութերի ներմուծման լոգիստիկ խնդիրները.

2) ծրագրով գնահատված պահանջարկի և փաստացի վաճառված ծավալների շեղումները.

3) պարարտանյութերի ներկրումների ուշացումները.

4) արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությունը.

5) արտաքին շուկայում պարարտանյութերի գնային էական տատանումները։

27.   Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված՝

1) պարարտանյութերի գնի սուբսիդավորումը կամ փոխհատուցումը.

2) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված պարարտանյութերի ներմուծման եզրակացության ներկայացման պարտադիր պահանջը.

3)  մարզպետի աշխատակազմի կողմից մոնիթորինգի իրականացումը։

28.  Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծրագրի բյուջեն 2026 թվականի համար կկազմի շուրջ 600 մլն դրամ։

29.  Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) ցանքատարածությունների պարարտացման ապահովում.

2) պարարտանյութերի նորմավորված չափաքանակների օգտագործման պայմաններում՝ բերքատվության բարձրացում.

3) հողերի բերրիության բարձրացում։

  • Տևողություն

    01.04.2026 17.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 116

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: