«Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը սահմանելու մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Գործող կարգավորումներով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի թիվ 654-Ն որոշմամբ, որի ընդունման համար իրավական հիմք էր ծառայել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը: Հաշվի առնելով, որ նշված հոդվածի կարգավորումը չէր հանդիսանում քննարկվող հարաբերությունների կարգավորման համար պատշաճ իրավական հիմք, «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվել է լիազորող նորմ՝ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը սահմանելու մասին Կառավարության նոր որոշում ընդունելու համար: Բացի այդ, նախագծի ընդունումը պայմանավորված է գործող կարգավորումները ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ, նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150–Ա որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման նպատակն ու բնույթը.
Նախագծով նախատեսվում է կարգավորել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքներով հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ, ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանելու մասին» N 654-Ն որոշումը:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 187-190-րդ կետերց:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքներով հանցագործությունների մասին տեղեկություններ տրամադրելու և նրանցից տեղեկություններ ստանալու, ինչպես նաև՝ կուտակելու հետ կապված հարաբերությունները։ Բացի այդ, կապահովվի ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1150–Ա որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 1-ին կետի կատարումը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
30.01.2026 14.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Իրավական փոխօգնություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 119
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: