Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

      

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026թ. ______     ____-ի     N____-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1 Սահմանել ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանելու մասին» N 654-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

               վարչապետ                                                                    Ն. Փաշինյան

 

 

 «     »________2026թ.

 

                                                                                                        ք. Երևան

 

 

 

 

 

    Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
 ________     ____-ի     N_____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) կողմից Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի (այսուհետ՝ Ինտերպոլ) և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքով հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) տեղեկություն հայցող` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության դատարաններ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որոնք սույն կարգով սահմանված ձևով դիմում են Բյուրո՝ տեղեկություն ստանալու համար.

2) տեղեկություն տրամադրող` Բյուրոն կամ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմինները։

3) տեղեկությունների փոխանակում՝ Բյուրոյից տեղեկության հայցումը և Բյուրոյի կողմից դրա տրամադրումը, ինչպես նաև Բյուրոյի կողմից սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններից տեղեկության հայցումն ու ստացումը.

4) տվյալների էլեկտրոնային պահոց՝ Բյուրոյի կողմից կառավարվող ներքին տեղեկատվական համակարգ կամ դրա կազմակերպական-տեխնիկական համալիր, որը նախատեսված է հանցագործությունների, հանցավոր վարքագծի, դրանց մասնակից անձանց և վարութային նշանակություն ունեցող տեղեկությունների հավաքագրման, համակարգման, դասակարգման, պահպանման, մշակման և օգտագործման համար՝ օրենքով սահմանված կարգով ապահովելով տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը, իսկությունը և հասանելիության սահմանափակումները.

5) տեղեկությունների կուտակում՝ Բյուրոյի գործունեության ընթացքում Ինտերպոլի և կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում ստացված տեղեկությունների ներառումը տվյալների էլեկտրոնային պահոցում.

3. Բյուրոյի կողմից տեղեկություն ստանալու, կուտակելու և տրամադրելու նպատակը նախաքննություն և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև դատախազությանն ու արդարադատության նախարարությանն աջակցելն է` քրեական վարույթում և օպերատիվ հաշվառման գործում ներգրավված անձանց հետախուզելու, նույնականացնելու, ինչպես նաև միջազգային բնույթի հանցագործությունները կանխելու, նախականխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար:

4. Բյուրոյի կողմից սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մյուս մարմիններին տեղեկությունը տրամադրվում է օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

5. Բյուրոն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

6. Բյուրոյի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և նախարարությանը ենթակա պետական մարմինների միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

 

2. ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Բյուրոյի կողմից տեղեկություն հայցողներին տեղեկությունը տրամադրվում է հայերեն կազմված հարցումների հիման վրա: Տեղեկությունը փոխանակվում է առկա կապի միջոցներով: Գաղտնի տեղեկությունը փոխանակվում է պաշտպանված կապուղիների միջոցով:

8. Նախաքննություն և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հարցումը պետք է պարունակի՝

1) քրեական վարույթը նախաձեռնող կամ օպերատիվ հաշվառման գործը վարող մարմնի անվանումը, քրեական վարույթը նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, վարույթի համարը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով սկսվել է վարույթը.

2) դեպքի համառոտ նկարագրությունը.

3) մեղադրյալի կամ օպերատիվ հաշվառման գործում ներգրավված անձի մասին առկա բոլոր տվյալները, այդ թվում՝ դատվածության, որևէ լեզվի տիրապետելու, այցելած երկրների, մեղադրյալի մերձավոր ազգականների գտնվելու վայրերի վերաբերյալ.

4) իրեղեն ապացույց ճանաչված առարկաների վերաբերյալ ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև դիրքորոշում դրանց տվյալները Ինտերպոլի համապատասխան տվյալների պահոցներում զետեղելու վերաբերյալ.

5) այն հարցերը, որոնց պարզաբանման համար պետք է կատարվի ստուգում կամ կատարվի հարցում և տրամադրվի տեղեկություն.

6) հարցմանը կցվող փաստաթղթերը, այդ թվում` առկայության դեպքում քրեական հետապնդում հարուցելու, անձին քրեական վարույթին ներգրավելու մասին և խափանման միջոց ընտրելու կամ փոխելու մասին որոշումների պատճենները, կամ մեղադրյալի մատնադրոշմները, մատնահետքերը, ԴՆԹ բնութագրերը, որակյալ լուսանկարը, հանցագործության առարկայի լուսանկարը, հնարավորության դեպքում՝ հանցագործության առարկայի նմուշը.

7) նշում տվյալները երրորդ անձին տրամադրելու թույլտվության կամ արգելելու մասին.

8) այն պաշտոնատար անձի տվյալները (մարմնի անվանումը, ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսի և ֆաքսի համարները), ում պետք է փոխանցվի տեղեկությունը:

9. Հարցումների մեջ օտարերկրյա քաղաքացիների անուններն ու ազգանունները, իրավաբանական անձանց անվանումները և այլ անհատականացնող տվյալները, դրանց գրավոր տարբերակի առկայության դեպքում, վերարտադրվում են բնագրով կամ Ինտերպոլի պաշտոնական լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ արաբերեն) մեկով:

10. Հարցումը ստորագրվում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմնի ղեկավարի կամ տեղակալի կամ մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի կողմից:

11. Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք լիազորված են հարցումը ստորագրելու, հաստատվում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմնի ղեկավարի հրամանով, որի մեկ օրինակն ուղարկվում է Բյուրո: Ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում համապատասխան իրավական ակտի օրինակը նույնպես ուղարկվում է Բյուրո:

12. Բյուրոյում ստացված հարցումն ընդունվում է և ստուգվում դրա հիմնավորվածությունը, լիարժեքությունը և ճշգրիտ ձևակերպումը. հարցման մեջ անճշտությունների դեպքում տեղեկություն հայցողից պահանջվում է տրամադրել լրացուցիչ տվյալներ:

13. Հանցավորության դեմ պայքարի շրջանակում սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններից, ինչպես նաև Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունից և Ինտերպոլի անդամ պետությունների ազգային կենտրոնական բյուրոներից ստացված տվյալները դրանց ստուգումից հետո՝ ներառյալ հարցման ճշգրտման նպատակով ստացված լրացուցիչ տեղեկությունները, կուտակվում են Բյուրոյի տվյալների էլեկտրոնային պահոցում այնպես, որ նույն անձին, նույն հանցագործությանը, իրադարձությանը կամ փաստերին վերաբերող տեղեկությունները մշակվեն համակարգված ձևով։

14. Բյուրոն, ի պատասխան հարցմանը, տրամադրում է Բյուրոյի տվյալների էլեկտրոնային պահոցում կուտակված համապատասխան տեղեկությունը, իսկ հայցվող տեղեկատվության բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, նախապատրաստում է հարցում և ուղարկում Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն կամ Ինտերպոլի անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոներ:

15. Բյուրոյի կողմից տեղեկությունը տրամադրվում է հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ:

16. Բյուրոն սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով չնախատեսված մարմիններին տեղեկություն տրամադրում և դրանցից տեղեկություն ստանում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված դրույթները:

17. Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հարցումները չեն քննարկվում և ուղարկվում են իրավասու մարմիններ` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

18. Բյուրոն մերժում է տեղեկության տրամադրումը, եթե`

1) չի տնօրինում հայցվող տեղեկությանը, և այն չի բխում սույն կարգի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված տեղեկությունը տրամադրելու նպատակներից.

2) հայցվող տեղեկության տրամադրումն արգելված է Հայաստանի Հանրապետության և հայցվող տեղեկությանն առնչվող օտարերկրյա պետության օրենսդրությամբ.

3) հարցումը ձևակերպված է սույն կարգի 8-րդ և 10-րդ կետերի պահանջների խախտմամբ:

19. Բյուրոն Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից և Ինտերպոլի անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոներից հանցավորության դեմ պայքարում ստացված հարցումները գրանցելուց և մշակելուց հետո դրանք ըստ իրավասության ուղարկում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններին:

20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված իրավասու մարմինները Բյուրոյից ստացված հարցումների հիման վրա հայցվող տեղեկությունները տրամադրում են Բյուրոյին` հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը կամ Ինտերպոլի անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոներին փոխանցելու համար։

21. Հարցումը ստացած մարմինը մերժում է  տեղեկության տրամադրումը, եթե`

1) չի տնօրինում հայցվող տեղեկությանը և օրենքով լիազորված չէ փնտրելու, ստանալու և տրամադրելու այդ տեղեկությունը.

2) հայցվող տեղեկության տրամադրումն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

22. Տեղեկության փոխանակման ընթացքում տեղեկությունն օգտագործվում է միայն հանցավորության դեմ պայքարի ոլորտում: Նշված տեղեկության օգտագործումը սահմանափակելու նպատակով Բյուրոյի կապուղիներով փոխանցվող փաստաթղթերն ուղեկցվում են հատուկ նշումով` «Միայն իրավապահ մարմինների օգտագործման համար»:

23. Բյուրոն և տեղեկություն հայցողն ապահովում են փոխանակվող տեղեկության բովանդակության պաշտպանվածությունը չարտոնագրված մուտքից, աղավաղումից և հրապարակումից:

24. Տեղեկություն տրամադրողը պետք է տեղեկացնի երրորդ անձի կողմից այդ տեղեկությունն օգտագործելու հնարավորության մասին: Տեղեկությունը երրորդ անձին տրամադրվում է տեղեկությունը տրամադրողի գրավոր համաձայնությամբ:

 

 

 

  • Տևողություն

    30.01.2026 14.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Իրավական փոխօգնություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 119

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: