Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 32-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-րդ կետով

«14.1) դատավորի փոխարինումից հետո դատարանը կայացրել է վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում.»

 

Հոդված 3. Օրենսգրքի 268-րդ հոդվածում՝

1 լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ մասով

«2.1. Եթե դատավորի փոխարինումից հետո դատարանը որոշում է կայացրել դատական վարույթը շարունակելու մասին, ապա նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է:»

2 3-րդ մասը «հետազոտված» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ սույն հոդվածի 2.1-րդ մասով նախատեսված դեպքերում դատական նիստում հետազոտված համարված)» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝

12-րդ մասի «Բացառությամբ սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի» բառով, իսկ «նորից» բառը փոխարինել «սկզբից» բառով։

2 լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ մասով

«2.1. Եթե վարույթն ստանձնած դատավորը, ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում՝ դատական նախորդ կազմով հետազոտված ապացույցներին, գտնում է, որ գործի դատական վարույթը սկզբից սկսելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա ինքնաբացակի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծելուց հետո լսելով կողմերին՝ կարող է որոշում կայացնել վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ:»

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 270.1-րդ հոդվածով.

«Հոդված 270.1. Դատաքննության ժամկետը

1. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթն ստանձնելու օրվանից հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երեք անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 311-րդ հոդվածը՝ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ մասերով

«3. Դատավորի փոխարինման արդյունքում վարույթն ստանձնած դատարանը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հարցը քննարկելուց հետո կարող է քննարկման առարկա դարձնել վարույթն ընդհատված պահից շարունակելու հարցը:

4. Վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կրկին հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը , իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հարցերը չեն քննարկվում, և վարույթը շարունակվում է ընդհատված պահից:»

 

Հոդված 7. Օրենսգրքի 325-րդ հոդվածում՝

12-րդ մասը «սահմանված հաջորդականությունից ավելի շուտ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հարցաքննության ընթացքում` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը» բառերով։

2 լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով

«5. Պաշտպանության կողմն իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին ներկայացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալում չներառված՝ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելը հերքող առարկա կամ փաստաթուղթ ՝ միջնորդելով հետազոտել այն և ճանաչել որպես իրեղեն ապացույց կամ արտավարութային փաստաթուղթ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը հետազոտելուց հետո  պաշտպանության կողմը կարող է ներկայացնել դրանով պայմանավորված քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ՝ միջնորդելով քննարկել հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցը:

7. Պաշտպանության կողմի փաստարկները լսելուց հետո դատարանը հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցի վերաբերյալ անց է կացնում խորհրդակցություն հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում՝ նաև տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

8. Խորհրդակցության արդյունքում կողմերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով կարող են միջնորդել սահմանափակել իրենց ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը:»

 

Հոդված 8. Օրենսգրքի 333-րդ հոդվածում՝

1. 11-ին մասը «սեփական նախաձեռնությամբ իրավասու է» բառերից հետո լրացնել «դատաքննության ցանկացած փուլում» բառերը

2 4-րդ մասը «սեփական նախաձեռնությամբ իրավասու է» բառերից հետո լրացնել լրացնել «դատաքննության ցանկացած փուլում» բառերը, իսկ «օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «՝ անկախ նախնական դատալսումներում սահմանված ապացույցների հետազոտման հերթականությունից և հաջորդականությունից» բառերը։

 

Հոդված 9 Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 336.1-րդ հոդվածով.

«Հոդված 336.1. Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու կարգը

1. Հիմնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք ի հայտ գալուց հետո, դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու:

2. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը վերաբերում է քննության առարկա մեղադրանքի մի մասին, և այդ ապացույցով պայմանավորված ի հայտ է եկել սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հանգամանք, ապա դատարանը որոշում է կայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

3. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման վրա տարածվում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները:»։

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Տևողություն

    20.11.2025 06.12.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 509

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սամվել Հակոբյան

24.11.2025

Առաջարկում եմ լրամշակել նախագիծը՝ հետևյալ պատճառաբանությամբ:

 

Նախագծով առաջարկվում է ներդնել դատաքննության ժամկետներ. համապատասխան նորմն ունի հետևյալ բովանդակությունը՝ Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երեք անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

Նախագծով չի հստակեցվում՝ դատաքննության ժամկետը երկարաձգելու մասին Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման հատուկ վերանայման, թե վերաքննության կարգով:

 

Միևնույն ժամանակ այն պայմաններում, երբ դատաքննության ժամկետի երկարաձգումը կապակցված է գործի իրավական բարդության, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու և այն հանգամանքների հետ, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, ենթադրվում է, որ դատարանը վերը նշված հանգամանքների պատճառաբանված որոշման հիման վրա միայն կարող է երկարաձգել դատաքննության ժամկետը: Սույն ձևակերպումները խնդրահարույց են այնքանով, որքանով այն դեպքերում, երբ դատարանը չպատճառաբանված, վերը հիշատակված հանգամանքների փոխկապակցվածության բացակայության պայմաններում կայացնի որոշում դատաքննության ժամկետը երկարացնելու մասին, ապա ո՞րը պետք է լինի դրա իրավական հետևանքը:

 

Միևնույն ժամանակ իրավական հետևանք նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ Դատարանը դատաքննության առավելագույն ժամկետը սպառելուց հետո, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի ավարտի գործի դատաքննությունը: Սույն դեպքում, մի կողմից, կաշկանդված լինելով օրինականության սկզբունքով, չի կարող կայացնել չորրորդ անգամ դատաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշում, քանի որ այդպիսի որոշում կայացնելու համար օրենքով նախատեսված հնարավորություն չի ունենա, և մյուս կողմից չի կարող շարունակել գործի քննությունը, քանի որ դատաքննության առավելագույն ժամկետները սպառված են: Սույն դեպքում, նույնիսկ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելը չի կարող երկարացնել դատաքննության ժամկետը և ապահովել քրեական գործի քննության բնականոն ընթացքը: Գործի քննությունը մտնում է փակուղի:

 

Վերոշարադրյալով պայմանավորված ստացվում է մի իրավիճակ, երբ դատավորին չորրորդ անգամ դատաքննության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չտալը կարող է դառնալ սահմանադրական արդարադատության քննության առարկա, ինչը որքան տրամաբանական է, հատկապես տուժողի իրավունքների և ազատությունների պաշտպանության համատեքստում, այնքան էլ անտրամաբանական՝ դատաքննության ժամկետներով դատարանին, իբրև, կաշկանդելու հարցում:

 

Հատկանշական է, որ սույն նախագծով նախանշված ժամկետները չեն նույնանում "Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին" Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ԲԴԽ-74-Ո-142 որոշմամբ նախատեսված ժամկետների հետ, որպիսի պարագայում առաջանում է հարցադրում՝ Պետությունն ինչպիսի՞ պարտականություն է նախատեսում դատավորների համար, հետևել Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, թե՞ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատաքննության ժամկետների պահպանմանը:

 

Հ.Գ. ԵԴ1/0245/01/25 գործով գրեթե 1 տարի է ինչ չեն ավարտվել նախնական դատալսումները: Նման գործերը բազմաթիվ են:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: