«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի №1876-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի № 1876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N1876-Ն որոշման (այսուհետ՝ 1876-Ն որոշում)` 2025 թվականին Հայաստանի Հանրապետության համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) ներմուծման սակագնային քվոտա՝ 8000 հատ քանակով, որի շրջանակներում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Ընդհանուր 8000 հատ քանակից 5000 հատ քանակով ներմուծումը թույլատրվել է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատ քանակով ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի առկայության պարագայում:
Ս․թ․ նոյեմբերի 24-ի դրությամբ N 1876-Ն որոշման իմաստով դիլեր է ճանաչվել թվով 22 կազմակերպություն։
Ս․թ․ մարտի 3-ի դրությամբ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց հատկացված 5000 հատ չափաքանակը սպառվել է։ Հարկ է նշել, որ արտոնությունը կիրառվել է նաև 2024 թվականի ընթացքում ներմուծված և 2025 թվականի ընթացքում ձևակերպված տրանսպորտային միջոցների նկատմամբ ևս, ինչը արագացրել է սպառման տեմպերը։ ՊԵԿ կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականին անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծվել է 1434 հատ տրանսպորտային միջոց, որոնք մաքսազերծվել են 2025 թվականի ընթացքում՝ արտոնության շրջանակներում։
Համաձայն ՊԵԿ կողմից ստացված տեղեկատվության՝ դիլերներին հատկացված 3000 հատ չափաքանակից՝ ս․թ․ նոյեմբերի 19-ի դրությամբ մաքսազերծվել է 1830 հատ տրանսպորտային միջոց (մնացորդ` 1170 հատ)։
Հարկ է նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը ամենամսյա պարբերականությամբ դիլերներից հավաքագրում է իրենց կողմից փաստացի ներմուծված, ճանապարհին և պատվիրված տրանսպորտային միջոցների քանակների և գնումը/պատվերը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ինչպես նաև ամենամսյա պարբերականությամբ Էկոնոմիկայի նախարարությունում դիլերների հետ կազմակերպվում է հանդիպումներ՝ տրամադրված տեղեկատվության քննարկման նպատակով։
Համաձայն ս․թ․ նոյեմբերի 11-ին էկոնոմիկայի նախարարությունում դիլերների հետ կազմակերպված հանդիպման և հավաքագրված տեղեկատվության արդյունքներով՝ առկա են 459 հատ պատվիրված տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև 868 հատ տրանսպորտային միջոց գտնվում է ՀՀ ճանապարհին, որոնք ըստ վերջիններիս կանխատեսումների սահմանը կհատեն մինչև ս․թ․ դեկտեմբեր ամսվա վերջ։
Հանդիպման ընթացքում դիլերների կողմից բարձրացվել է նաև 2025 թվականի հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցակետում ներդրված մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգի կիրառմամբ պայմանավորված կուտակումների խնդիրը։ Վերջիններիս կողմից նշվել է, որ կուտակումներ առկա են նաև Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հորգոսի նավահանգստում՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնությունում 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ուտիլիզացիոն վճարի բարձրացման հետևանքով ՌԴ քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների մեծաքանակ ձեռքբերումներով, որոնք ևս հանգեցնում են կուտակումների և բեռնափոխադրումների ուշացումների։ Բացի այդ դեկտեմբեր ամսին Վերին Լարսի անցակետում կանխատեսվող անբարենպաստ եղանակային պայմանները կարող են առաջացնել լրացուցիչ կուտակումներ, ինչը ևս կարող է հանգեցնել մատակարարումների ուշացման։
Դիլերների կողմից ս․թ․ հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով մաքսազերծված
|
Հնվ․ |
Փետ․ |
Մարտ |
Ապր․ |
Մայ․ |
Հուն․ |
Հուլ․ |
Օգոստ․ |
Սեպտ․ |
Հոկտ․ |
Նոյ․ 19 դրությամբ |
Ընդամենը |
|
399 |
54 |
46 |
110 |
233 |
148 |
160 |
205 |
88 |
197 |
190 |
1830 |
տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N1876-Ն որոշման մեջ կատարել լրացում, որով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուների կողմից չներմուծված քանակի չափով՝ կիրառելով ժամանակագրական սկզբունքը, հերթականությունը, իրականացնել վճարված ներմուծման մաքսատուրքի վերադարձ, այն ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ովքեր N 1876-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 5000 հատ չափաքանակը սպառվելուց հետո իրականացրել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում և կատարել են համապատասխան վճարումները:
Արտոնության վերականգնումը չձևակերպված քանակի չափով իրականացվում է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ մաքսային հայտարարագրի և(կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
6․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
18.11.2025 - 03.12.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 650
Տպել