Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՆԻ, ԹԱԼԻՆԻ, ՄԱՍԻՍԻ, ՍԵՎԱՆԻ, ՃԱՄԲԱՐԱԿԻ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ԱՐԹԻԿԻ, ԵՂՎԱՐԴԻ, ՍԻՍԻԱՆԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ապարանի, Թալինի, Մասիսի, Սևանի, Ճամբարակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Արթիկի, Եղվարդի, Սիսիանի և Գորիսի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և առկա իրավիճակը.

2002 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական արխիվների միաձուլման միջոցով ստեղծվեց «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ նաև՝ Ազգային արխիվ), Երևան քաղաքի և մարզային պետական արխիվների հիման վրա ստեղծվեցին Ազգային արխիվի մասնաճյուղեր, իսկ մարզային պետարխիվների մասնաճյուղերի (նախկին շրջանային պետարխիվներ) հիման վրա՝ Ազգային արխիվի ներկայացուցչություններ։ Արդյունքում ստեղծվեց Ազգային արխիվի 41 տարածքային ստորաբաժանում։ Հետագա տարիներին գործառույթների նվազման պատճառով դադարեցվեցին մի շարք ստորաբաժանումների աշխատանքները։

Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների գործառույթները պայմանականորեն բաժանվում են 2 խմբի։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ տվյալ տարածաշրջանում ստեղծված փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն է, երկրորդը՝ այդ փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիներին և իրավաբանական անձանց արխիվային ծառայությունների մատուցումը՝ սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկանքների տրամադրմամբ։

Ազգային արխիվի մարզային մասնաճյուղերի և տարածքային ներկայացուցչությունների (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանումներ) ներկա վիճակը

Ազգային արխիվն ունի 9 մարզային մասնաճյուղ և 19 տարածքային ներկայացուցչություն, որոնց մի մասը գտնվում է պետական, մյուսը՝ համայնքային սեփականություն համարվող շենքերում։

Ներկա պահին թե՛ մասնաճյուղերը, թե՛ ներկայացուցչություններն իրականացնում են նույն գործառույթները, աշխատանքների կամ ֆոնդերի ծավալների էական տարբերություններ չկան մասնաճյուղերում և ներկայացուցչություններում։ Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների նմանատիպ բաժանման պատճառը գալիս է նախկին շրջանային պետական արխիվների լուծարումից և սրանց փոխարեն մարզային մասնաճյուղերի ստեղծումից։ Մարզային մասնաճյուղերը տարածքային ներկայացուցչությունների նկատմամբ նախկինում ունեցել են ինչպես մեթոդական, այնպես էլ՝ վարչատնտեսական վերադասություն, սակայն արդեն շուրջ 1 տասնամյակ թե՛ մասնաճյուղերը, թե՛ ներկայացուցչությունները հավասարապես են ենթակա Ազգային արխիվն, ուստի ստորաբաժանումների անվանումների նմանօրինակ բաժանումն արդեն ժամանակավրեպ է։

Ստորաբաժանումների թվի նվազեցման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ գործոններով

1. Արխիվ համալրվող գործերի քանակի նվազում - կապված ՀՀ-ում տեղի ունեցող մի շարք փոփոխությունների հետ՝ տարեցտարի պակասում է պետական պահպանության հանձնվող գործերի քանակը, մասնավորապես՝

·   համայնքների խոշորացմանը զուգահեռ՝ փաստացի պակասում է այն կազմակերպությունների քանակը, որոնց գործունեության արդյունքում ստեղծվում են ՀՀ արխիվային հավաքածուի մաս կազմող փաստաթղթեր (ավագանու նիստերի արձանագրություններ, համայնքի ղեկավարի որոշումներ և այլն),

·   պետական կազմակերպություններում մեծ թափով ավելանում է էլեկտրոնային փաստաթղթերի քանակը, որոնք նախկինում առաջանում էին թղթային տարբերակով և արագորեն համալրում էին արխիվային հավաքածուի շարքերը (համայնքի գրքեր, ուսումնական հաստատությունների դասամատյաններ, գրանցամատյաններ և այլն)։

2. Արխիվ անձամբ դիմող քաղաքացիների քանակի նվազում - կապված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալաների մեծացման հետ՝ զգալիորեն նվազում է Արխիվ դիմող քաղաքացիների քանակը։ Քաղաքացիներին Ազգային արխիվ դիմում մուտքագրելու հնարավորություն ընձեռնված է էլեկտրոնային փոստի, պաշտոնական կայքէջի, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, հետևաբար ստորաբաժանման առկայության անհրաժեշտությունը զգալիորեն պակասում է։

3. Փաստաթղթերի պահպանության պայմաններ - ներկայում գործող 28 ստորաբաժանումների զգալի մեծամասնությունը գտնվում է շենքային անբարենպաստ պայմաններում, և վտանգված է փաստաթղթերի պատշաճ պահպանության խնդիրը, սրան զուգահեռ՝ կազմակերպությունն ունի շենքային գերազանց պայմաններ ունեցող ստորաբաժանումներ, որոնք թերբեռնված են, և օպտիմալացման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի փաստաթղթերի պահպանությունն իրականացնել առավել բարենպաստ շենքային պայմաններում։

4. Ֆինանսական խնայողությունների կատարում - Ազգային արխիվի ֆինանսական միջոցները գոյանում են պետությունից ստացված դրամաշնորհով, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացող եկամուտներից, որոնց շրջանակներում վճարվում են աշխատակիցների աշխատավարձերը և պահպանության համար անհրաժեշտ ընդհանուր ծախսերը։ Հաշվի առնելով Ազգային արխիվի աշխատակիցների աշխատավարձերի խիստ ցածր լինելը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած կադրային մեծ հոսքը՝ նախատեսվում է առաջարկվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում ակնկալվող տարեկան շուրջ 25 միլիոն ՀՀ դրամի խնայողությունը ուղղել կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական վերազինմանը։

Ազգային արխիվի տարածքային  ստորաբաժանումների կողմից ծառայությունների մատուցման ծավալը

Կից ֆայլով ներկայացվում է Ազգային արխիվի Տարածքային ստորաբաժանումների կողմից ծառայությունների մատուցման ծավալը 2022-2024 թվականներին:

Ստացվում է` նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանման համար 1 աշխատակիցը մեկ տարվա ընթացքում միջինում պատասխանում է մոտավորապես 390 հարցման, սակայն մի շարք ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունն էական ցածր է միջին ցուցանիշից և ոչ բոլոր դեպքերում է հնարավոր հաստիքների վերաբաշխմամբ լուծել առաջացած խնդիրը, քանի որ ծանրաբեռնվածության զգալի ցածր մակարդակ ունեցող ստորաբաժանումներն արդեն աշխատում են 1-2 աշխատակցով։

 

2. Առաջարկվող կարգավորումը.

Ազգային արխիվի մարզային մասնաճյուղերի և տարածքային ներկայացուցչությունների ծանրաբեռնվածության տարբերակված լինելու հանգամանքից ելնելով, նպատակ ունենալով արդյունավետ բաշխելու Ազգային արխիվի ռեսուրսները, փաստաթղթերի պահպանության համար ստեղծելու առավել բարվոք պայմաններ, ինչպես նաև կատարելու ֆինանսական խնայողություններ՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացում և հաստատելու նոր խմբագրությամբ կանոնադրություն:

Առաջացած խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է իրականացնել Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումներ՝ հետևյալ սկզբունքով և հիմավորումներով

1 Ապարանի և Թալինի ներկայացուցչությունները միացնել Արագածոտնի մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Աշտարակ՝ այն հիմնավորմամբ, որ Ապարանի ստորաբաժանումում վերջին տարիներին փաստաթղթերի համալրում գրեթե տեղի չի ունեցել, իսկ Թալին համայնքում, կապված համայնքների խոշորացման հետ, արդեն իրականացվել է մեծ թվով համալրում և առաջիկայում չի կանխատեսվում համալրման մեծ աշխատանքներ, սրան զուգահեռ՝ կամբողջանա Աշտարակի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը։

2 Մասիսի ներկայացուցչությունը միացնել Արարատի մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Արտաշատ՝ այն հիմավորմամբ, որ Մասիսում ևս չեն կանխատեսվում փաստաթղթերի համալրման մեծ ծավալներ, առկա փաստաթղթերի պահպանության համար ներկայիս շենքային պայմանները բավարար չեն, իսկ Արտաշատի մասնաճյուղը ապահովված է ընդարձակ  շենքային պայմաններով:

3 Սևանի ներկայացուցչությունը միացնել Կոտայքի մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Հրազդան՝ այն հիմնավորմամբ, որ  Սևանի ստորաբաժանմանը հատկացված շենքային պայմանները ծավալային առումով բավարար չեն առկա փաստաթղթերի պահպանությունն իրականացնելու համար, Սևան քաղաքին տարածքի առումով ամենամոտը Հրազդան քաղաքն է, որի ստորաբաժանումն էլ գտնվում է շենքային խիստ բարենպաստ պայմաններում:

4 Ճամբարակի ներկայացուցչությունը միացնել Վարդենիսի ներկայացուցչությանը՝  փաստաթղթերը տեղափոխելով Վարդենիս՝ այն հիմավորմամբ, որ Ճամբարակի ստորաբաժանումն այս պահին ցածր ծանրաբեռնվածության հետևանքով ունի միայն մեկ հաստիքային միավոր, ինչը խիստ դժվարացնում է ներկայացուցչության բնականոն գործունեության կազմակերպումը, սրան զուգահեռ՝ կամբողջանա Վարդենիսի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը:

5 Ստեփանավանի և Դիլիջանի ներկայացուցչությունները միացնել Լոռու և Տավուշի միասնական մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Վանաձոր՝ այն հիմնավորմամբ, որ  Ստեփանավանի ստորաբաժանումում վերջին տարիներին փաստաթղթերի համալրում ընդհանրապես տեղի չի ունեցել, շենքային պայմանները խիստ անբարենպաստ են, փաստաթղթերի պահպանությունը վտանգի տակ է, իսկ կապված նախորդ տարիներին Ազգային արխիվի Տավուշի մասնաճյուղի լուծարման և փաստաթղթերի՝ Վանաձոր տեղափոխման հետ՝ Դիլիջանին վերաբերող մի շարք փաստաթղթեր տեղափոխվել են Վանաձոր՝ նպատակահարմար է Դիլիջանում առկա արխիվային փաստաթղթերը ևս տեղափոխել Վանաձոր՝ հաշվի առնելով հատկապես, որ Վանաձորի ստորաբաժանումն ապահովված է շենքային բարենպաստ պայմաններով:

6 Եղվարդի ներկայացուցչությունը միացնել Չարենցավանի ներկայացուցչությանը՝  փաստաթղթերը տեղափոխելով Չարենցավան՝ այն հիմնավորմամբ, որ այս երկու տարածքային ստորաբաժանումները գրեթե ունեն ծանրաբեռնվածության նույն մակարդակը և նույն հաստիքային կազմը, սակայն էապես տարբերվում են շենքային պայմանները, և Չարենցավանի ստորաբաժանումն ապահովված է շենքային բարվոք պայմաններով, իսկ տարածքը թերբեռնված է։

7 Արթիկի ներկայացուցչությունը միացնել Մարալիկի ներկայացուցչությանը՝  փաստաթղթերը տեղափոխելով Մարալիկ՝ այն հիմնավորմամբ, որ Արթիկում գտնվող ստորաբաժանման շենքային պայմանները, ի տարբերություն Մարալիկի, խիստ անբավարար են, առկա տարածքն արդեն չի բավարարում փաստաթղթերի պատշաճ պահպանությունն իրականացնելու համար։

8 Սիսիանի ներկայացուցչությունը միացնել Վայոց ձորի մասնաճյուղին՝  փաստաթղթերը տեղափոխելով Եղեգնաձոր՝ այն հիմավորմամբ, որ Սիսիանի ստորաբաժանումում ևս վերջին տարիներին փաստաթղթերի համալրում տեղի չի ունենում, ստորաբաժանումում առկա է հաստիքային մեկ միավոր, տարածքային առումով այն մոտ է գտնվում Եղեգնաձորին, որն ունի շենքային բարվոք պայմաններ, սրան զուգահեռ՝ կամբողջանա նաև Եղեգնաձորի ստորաբաժանման ծանրաբեռնվածության ցուցանիշը:

9 Գորիսի ներկայացուցչությունը միացնել Սյունիքի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Կապան՝ այն հիմավորմամբ, որ Գորիսի ներկայացուցչությունն ունի շենքային պայմանների ապահովման խնդիր, առկա տարածքը արդեն չի բավարարում փաստաթղթերի պահպանությունն իրականացնելուն, իսկ Կապանի ստորաբաժանումն ունի շենքային բարվոք պայմաններ, շենքն էլ գտնվում է թերծանրաբեռնված վիճակում։ 

Օպտիմալացման աշխատանքների արդյունքում Ազգային արխիվի բոլոր գործող տարածքային ստորաբաժանումները վերակազմակերպել որպես մասնաճյուղեր՝ անվանելով ըստ գտնվելու համայնքի։

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.

1)     դադարեցնել այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք գործում են միջինացված չափորոշիչներից ցածր արդյունքով,

2)    արդյունավետ օգտագործել հաստիքային միավորները,

3)    ապահովել փաստաթղթերի պահպանության համար առավել բարվոք պայմաններ,

4)    մեծացնել հսկողությունը Տարածքային ստորաբաժանումների նկատմամբ՝ աշխատանքը դարձնելով առավել վերահսկելի,

5)    կատարված ֆինանսական խնայողությունները (աշխատավարձ և 11 շենքերի պահպանության ծախսեր)՝ տարեկան շուրջ 25 միլիոն ՀՀ դրամ, ուղղել Ազգային արխիվի աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը և տեխնիկական վերազինմանը:

 

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից:

 

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եվ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Քննարկվել է

    14.11.2025 - 29.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կառավարչական իրավահարաբերություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 762

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: