Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «փորձաքննության» բառը փոխարինել «պետական-իրավական և հակակոռուպցիոն փորձաքննությունների» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-ին հոդվածով՝

«Հոդված 8.1. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննությունը, իրականացման կարգն ու ժամկետները

1.   Հակակոռուպցիոն փորձաքննությունը նորմատիվ իրավական ակտերի նախագծերում, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերը վերլուծելու, բացահայտելու և գնահատելու գործընթաց է, որի նպատակը նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի կարգավորման ոլորտում կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեցումը, վերահսկումը և հաղթահարումն է։

2.  Հակակոռուպցիոն փորձաքննության են ենթակա նաև նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի այն կարգավորումները, որոնք վերաբերելի են իրավական ակտերի նախագծերին:

3.  Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերը հակակոռուպցիոն փորձաքննության են ենթարկվում նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից, որից հետո տրվում է եզրակացություն:

4.  Նորմատիվ իրավական ակտի նախագծերը հիմնավորման հետ մեկտեղ հակակոռուպցիոն փորձաքննության են ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները:

5.  Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունը իրականացվում է պետական-իրավական փորձաքննության հետ միաժամանակ` սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված կարգով և ժամկետներում:

6.  Հակակոռուպցիոն փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է փորձագիտական եզրակացության հետ միաժամանակ:

7.  Այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք ենթակա չեն պետական-իրավական փորձաքննության, հակակոռուպցիոն փորձաքննության են ենթարկվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:

8.  Այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք ենթակա են, սակայն չեն անցել հակակոռուպցիոն փորձաքննություն, չեն կարող արժանանալ Կառավարության հավանությանը և ենթակա են ներկայացման նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը՝ փորձաքննություն անցնելու նպատակով, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում։

9.  Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության իրականացման ժամանակ անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել համապատասխան ոլորտում մասնագիտացված փորձագետ:

10.   Հակակոռուպցիոն փորձաքննության են ենթարկվում հետևյալ ոլորտները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերը.

1) պետական և համայնքային գույքի կառավարում,

2) առողջապահություն,

3) պետական գնումներ,

4) բյուջետային եկամուտներ և ծախսեր,

5) շրջակա միջավայրի պաշտպանություն,

6) հանրային ծառայություն,

7) լիցենզավորում և թույլտվություններ,

8) հարկեր, վճարներ և մաքսային ոլորտ,

9) քաղաքաշինություն,

10) ապրանքների առուվաճառք, մատակարարում և ծառայությունների մատուցում,

11) սոցիալական աջակցություն,

12) կրթություն,

13) այլ դեպքերում, երբ նորմատիվ իրավական ակտի հեղինակի կարծիքով և փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի համաձայնությամբ, մշակված օրենսդրությամբ նախատեսված իրավական կարգավորումը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր:

11.  Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտի նախագծի հիմնավորումը ներառում է մեթոդաբանությամբ իրականացված նախնական հակակոռուպցիոն վերլուծություն: Հակակոռուպցիոն փորձաքննության իրականացման մեթոդաբանությունը սահմանվում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով:

12.   Հակակոռուպցիոն փորձաքննության արդյունքում կազմվում է եզրակացություն, որը ներկայացվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված համապատասխան մարմնին: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հակակոռուպցիոն փորձաքննության եզրակացությունը ներկայացվում է Ազգային ժողով, ինչպես նաև ոլորտը համակարգող մարմնին:

13.   Հակակոռուպցիոն փորձաքննության արդյունքում կոռուպցիոն ռիսկեր հայտնաբերվելու դեպքում, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված մարմինները համապատասխան նորմատիվ իրավական ակտի նախագծի հիմնավորման մեջ նշում են բացահայտված ռիսկերի նվազեցման կամ վերացման ուղղությամբ իրականացված փոփոխությունների մասին։

14.   Նախարարությունը տարեկան կտրվածքով հրապարակում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերում, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերում հակակոռուպցիոն փորձաքննությունների քանակի վերաբերյալ վիճակագրություն։ Վիճակագրությամբ տրամադրվող տեղեկության շրջանակը և մանրամասները սահմանվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով:

 

Հոդված 4. Օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասում «փորձաքննության» բառը փոխարիել «պետական-իրավական և հակակոռուպցիոն փորձաքննությունների» բառերով։

 

Հոդված 5.

1.   Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող նոր 8.1-ին հոդվածի 11-րդ մասը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2.  Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող նոր 8.1-ին հոդվածի 1-ից 10-րդ և 12-ից 14-րդ մասերն ուժի մեջ են մտնում նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ձևավորումից հետո՝ եռամսյա ժամկետում:

3.  Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

  • Քննարկվել է

    10.11.2025 - 26.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1818

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.11.2025

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft հարթակում ս.թ. նոյեմբերի 10-ին տեղադրվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության ընթացակարգ նախագծերի մշակման վաղ փուլում կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու և գնահատելու, դրանց հավանական հետևանքները նվազեցնելու կամ վերացնելու նպատակով։

Ստորև ներքոստորագրյալ կազմակերպություններս ներկայացնում ենք մի շարք դիտարկումներ ու առաջարկություններ նշված Նախագիծը բարելավելու նպատակով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.11.2025

1.     Նախագծի հոդված 3-ի՝ նոր լրացվող հոդված 8․1-ի 1-ին և հաջորդող մասերում նշված է, որ հակակոռուպցիոն փորձաքննության է ենթարկվելու ոչ միայն նորմատիվ իրավական ակտի նախագիծը, այլև «դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերը»։ Վերջինս ենթադրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշ չափով իրականացնելու է արդեն իսկ գործող իրավական ակտերի կոռուպցիոն ռիսկերի (ex post) գնահատում, որը, համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական կարգավորումների, վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Արդյունքում հնարավոր է գործառույթների կրկնություն, չնայած որ իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունն ու ոլորտների կոռուպցիոն ռիսկերի գնահատումն էապես տարբեր խնդիրներ են լուծում՝ տարբեր մեթոդներով:[1] Նաև, թեև փոխկապակցված օրենսդրության գնահատումը Նախագծի համատեքստում կարևոր նշանակություն ունի, սակայն պարզ չէ, թե ինչ հետևանք է ունենալու փորձաքննությունը գործող իրավական ակտերի կարգավորումների վրա, եթե դրա արդյունքում վերհանվեն կոռուպցիոն ռիսկեր ոչ միայն Նախագծում, այլև վերաբերելի իրավական ակտում:   

Առաջարկ

●       Օրենքի Նախագծով առաջարկվող 8․1-րդ հոդվածի 2-րդ մասը վերաձևակերպել հետևյալ կերպ․ «Հակակոռուպցիոն փորձաքննության շրջանակում դիտարկվում են նաև նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված գործող իրավական ակտերի այն կարգավորումները, որոնք վերաբերելի են այդ իրավական ակտերի նախագծերին։ Դրանցում կոռուպցիոն ռիսկեր վերհանելու պարագայում ներկայացվում է առաջարկ իրավական ակտն ընդունող մարմիններին՝ տվյալ օրենսդրական փաթեթի շրջանակում վերաբերելի և գործող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ»:


[1] Anti-Corruption Assessment of Laws (“Corruption Proofing”), page 15, https://rai-see.org/wp-content/uploads/2015/06/Comparative_Study-Methodology_on_Anti-corruption_Assessment_of_Laws.pdf

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.11.2025

1.     Նախագծի հոդված 3-ի՝ նոր լրացվող հոդված 8․1-ի 1-ին մասով սահմանված է հակակոռուպցիոն փորձաքննության հասկացությունը, որի համաձայն «Հակակոռուպցիոն փորձաքննությունը նորմատիվ իրավական ակտերի նախագծերում, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերը վերլուծելու, բացահայտելու և գնահատելու գործընթաց է, որի նպատակը նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի կարգավորման ոլորտում կոռուպցիոն հնարավոր ռիսկերի նվազեցումը, վերահսկումը և հաղթահարումն է»։ Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները նշված են հոդված 2-ում՝ տրամաբանական կլինի նաև հակակոռուպցիոն փորձաքննության հասկացությունը սահմանել նշված հոդվածում։ Բացի այդ, գործող օրենքում սահմանված չէ նաև պետական-իրավական փորձաքննության հասկացությունը։

Առաջարկ

●       Օրենքի Նախագծի 8․1 հոդվածի 1-ին մասում նշված հասկացությունը սահմանել օրենքի 2-րդ «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» հոդվածում։ Նույն հոդվածում սահմանել նաև պետական-իրավական փորձաքննության հասկացությունը՝ հստակեցնելով և տարանջատելով երկու գործընթացները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: