Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2031 ԹԹ. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2031 ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.                Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում 2015-2022 թթ. տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բաժանման բնագավառներում իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել  խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` արդեն ձևավորված բազմաբնակավայր  համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում:

Հայաստանի Հանրապետությունում շարունակում է ցածր մնալ լիազորությունների ապակենտրոնացման մակարդակը, ինչը բնութագրվում է ինչպես հանրային կարևորություն ունեցող ծառայությունները հանրապետական կամ տարածքային կառավարման մարմինների կողմից մատուցվելու պրակտիկայով, այնպես էլ ցածր ֆինանսական ապակենտրոնացման ցուցիչով։

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ցանկում 8.1-ին կետով նախատեսված է «Միավորված համայնքների լիազորությունների և կարիքների ուսումնասիրման հիման վրա լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի մշակում» միջոցառումը:

«Հայաստանի Հանրապետության լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031թթ. ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  Կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք են ընդունվել Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. հնգամյա ծրագրի 6.6-րդ ենթաբաժնով սահմանված ուղենիշային կարգավորումները, ինչպես նաև Վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 11-ի N 1111-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը և դրանով հաստատված միջոցառումների ծրագիրը:

2.               Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031 ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում են ռազմավարական նպատակները և ենթանպատակները, ակնկալվող արդյունքները, ռազմավարական մոտեցումները: Ռազմավարությունը ունի չորս գերակա ուղղություն` առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենք-շինությունների պահպանում և սպասարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շենք-շինությունների կառավարում և պահպանություն, սոցիալական աջակցության ծառայությունների իրականացում և մարզային (տեղական) նշանակության ճանապարհների պահպանություն:   

2 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

ՀՀ լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031 ռազմավարությունը և առհասարակ լիազորությունների ապակենտրոնացումը կարող է ունենալ բացառապես մեկ գերակա նպատակ` այն է բարելավել համայնքներում հանրային ծառայությունների մատուցման որակը և արդյունավետությունը: Հաշվի առնելով այս դիտարկումը ՀՀ լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031 ռազմավարական ընդհանուր նպատակն է «Տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների ապակենտրոնացման միջոցով նպաստել հանրային ծառայությունների որակի, մատչելիության և մասնակցայնության բարձրացմանը՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում կյանքի որակի և արդյունավետ կառավարման մակարդակի բարելավման նպատակով»։

 

Ռազմավարությունը ունի նաև մի շարք հատուկ ռազմավարական նպատակներ, որոնք ավելի մանրամասնում և տրոհում են ընդհանուր նպատակը` դարձնելով այն ավելի հեշտ վերահսկելի: Բացի դրանից չորս գերակա ոլորտների համար մշակվել են նաև այդ մակարդակի ենթանպատակներ, որոնք բնորոշ են բացառապես տվյալ գերակա ուղղության համար, ինչպես նաև մշակվել են այդ ենթանպատակների ձեռքբերմանն ուղղված միջոցառումներ, որոնք ներկայացված են Ռազմավարության միջոցառումների ծրագրում:

 

Ռազմավարական հատուկ նպատակ 1

 

ՏԻՄ-երի ինստիտուցիոնալ կարողությունների և կառավարական պրոֆեսիոնալիզմի զարգացում՝ ապակենտրոնացված լիազորությունների արդյունավետ իրականացման համար:

 

Ակնկալվող արդյունքներ

 

·         ՏԻՄ-երի կարողությունների զարգացման ծրագիրը իրականացվել է աշխատակազմերի առնվազն 80%-ի համար,

·         Հաստատվել  և կիրառվում են տեղական մակարդակում ապակենտրոնացված լիազորությունների իրագործման ընթացակարգեր՝ բոլոր 4 ոլորտների համար,

·         Արդյունավետ կառավարման հիմունքներով վերապատրաստված են համայնքի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները (առնվազն 600 աշխատակից):

 

Ռազմավարական հատուկ նպատակ 2

 

Ֆինանսական ապակենտրոնացման և ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում՝ լիազորությունների իրականացման ապահովման համար:

 

Ակնկալվող արդյունքներ

·         Կիրառվում է ֆինանսական համահարթեցման արդյունավետ մոդել՝ կապակցված լիազորությունների ծավալների աճի հետ,

·         Ներդրված է պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման գործիքակազմ, կիրառվում է պետական դոտացիաների բաշխման բանաձև, որը հաշվի է առնում ապակենտրոնացված լիազորությունները՝ հիմնված վստահելի տվյալների վրա:

 

Ռազմավարական հատուկ նպատակ 3

 

Հանրային գոհունակության մակարդակի բարձրացում` ապակենտրոնացման գործընթացի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման միջոցով:

 

Ակնկալվող արդյունքներ

·         Գործարկվել է հանրային կարծիքի պարբերական գնահատման  համակարգ՝ ոլորտային ցուցանիշներով:

·         Հանրային գոհունակության մակարդակը 2031թ. բարելավվել է առնվազն 30%-ով` համեմատած 2027թ հետ:

 

Ռազմավարական հատուկ նպատակ 4

 

Ապակենտրոնացման գործընթացի պլանավորման, մոնիթորինգի և գնահատման ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում:

 

Ակնկալվող արդյունքներ

·         Գործարկվել է ապակենտրոնացման գործընթացի մշտադիտարկման և գնահատման համակարգ՝ բազային ցուցանիշներով և տարեկան հաշվետվությամբ,

·         Տարեկան հրապարակվում է ապակենտրոնացման առաջընթացի հաշվետվություն՝ ներառյալ համայնքային տվյալները,

·         2031-2032թթ. մշակվել և հրապարակվել է Լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարության արդյունքների գնահատման հաշվետվությունը:

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031թթ. ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:  

 

4 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

ՀՀ լիազորությունների     ապակենտրոնացման 2027-2031 թթ. ռազմավարության և դրա միջոցառումների իրականացումը կարող է հանգեցնել պետական ծախսերի վրա որոշակի ազդեցության:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031թթ. ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք են ընդունվել Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. հնգամյա ծրագրի 6.6-րդ ենթաբաժնով սահմանված ուղենիշային կարգավորումները, ինչպես նաև Վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 11-ի N 1111-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը:

  • Քննարկվել է

    27.10.2025 - 11.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1145

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Առաջարկում ենք ռազմավարության շրջանակում դիտարկել նաև հոգեբուժական կազմակերպությունների կառավարման փուլային ապակենտրոնացումը, որը կնպաստի հոգեկան առողջության ծառայությունների համայնքահենք համակարգի ձևավորմանը։ Մասնավորապես՝ առաջարկում ենք համայնքներին կամ միջհամայնքային միավորումներին փոխանցել հոգեկան առողջության առաջնային և համայնքային ծառայությունների կազմակերպման, մոնիթորինգի և տեղական մակարդակում կարիքների գնահատման լիազորություններ, միաժամանակ ապահովելով մասնագիտական հսկողության, որակի և մարդու իրավունքների չափանիշների միասնական պետական մոտեցումը։ Ապակենտրոնացման գործընթացը պետք է կառուցվի համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունների աստիճանական զարգացմամբ, ներառյալ տեղական հոգեբուժական մոբիլ խմբերի, հոգեբանական խորհրդատվության և սոցիալ-վերականգնողական ծառայությունների ներդրումը։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «առկա իրավիճակ» ենթաբաժնում առկա է «անձնական տվյալներ» և «անհատական տվյալներ» եզրույթների շփոթություն։ «Անձնական տվյալներ» հասկացությունը սահմանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ «անհատական տվյալներ» հասկացությունը սահմանված չէ, այդ թվում՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ Այս տարբերակումը հիմնավորված չէ և կարող է հանգեցնել տվյալների պաշտպանության իրավական ռեժիմների շփոթմունքի՝ վտանգելով տվյալների գաղտնիության և պաշտպանության երաշխիքները։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «առկա իրավիճակ» ենթաբաժնում նշվում է, որ սոցիալական ծառայությունների ապակենտրոնացման համատեքստում քննարկվելու է միայն ոչ դրամական ծառայությունների տրամադրման գործընթացը՝ սոցիալական աջակցության ոլորտում։ Առաջարկում ենք վերանայել այս մոտեցումը և հստակ տարբերակել դրամական սոցիալական ծառայությունների վճարման փուլերը և դրանց իրականացմանն առնչվող վարչական ու գնահատողական գործառույթները։ Այսպիսով, կարելի է ապահովել դրամական ծառայությունների որոշ վարչական փուլերի, օրինակ, նախնական փաստաթղթային ստուգման, գնահատման և մոնիթորինգի աստիճանական ապակենտրոնացումը՝ պահպանելով վճարման իրավասությունը և վերահսկողությունը պետական մակարդակում։ 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: