Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻՆ ԱԿՏԻՎ ԿԱՄ ՊԱՍԻՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻՆ ԱԿՏԻՎ ԿԱՄ ՊԱՍԻՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

      1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ գործունեությունը ենթադրում է, որ այն պետք է արտացոլի Հայաստանի Հանրապետության բնակչության իրական և գործող պատկերը՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունն ու արդիականությունը։ Սակայն ներկայիս համակարգում հաշվառված են բոլոր այն անձինք, ովքեր որևէ ժամանակահատվածում ստացել են հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), անկախ նրանից՝ տվյալ անձը ներկայումս մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, տեղափոխվել է արտերկիր, մահացել է, թե երկարաժամկետ բացակայում է առանց պետական համակարգի հետ որևէ շփման։ Այս հանգամանքը հանգեցնում է նրան, որ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված ընդհանուր թվերն այլևս լիովին չեն արտացոլում երկրի իրական բնակչությունը, ինչն իր հերթին բացասաբար է ազդում վիճակագրական հաշվարկների, սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի պլանավորման, ինչպես նաև պետական ծառայությունների հասցեական տրամադրման վրա։

Այս խնդիրը լուծելու նպատակով նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշներին տրամադրել ակտիվ կամ պասիվ կարգավիճակ՝ թույլ տալով հստակ տարբերակել Հայաստանի Հանրապետության բնակչության հիմնական կազմը և այն անձանց, ովքեր այլևս չեն հանդիսանում գործող բնակչության մաս։ Այս մոտեցումը բխում է արդի բնակչության հաշվառման և էլեկտրոնային կառավարման միջազգային լավագույն փորձից, որտեղ բնակչության ռեգիստրի տվյալները տարանջատվում են վերջիննսերիս առկա կամ արխիվացված կարգավիճակ տրամադրելու միջոցով։

Առաջարկվող կարգավորման համաձայն՝ ՀԾՀ-ին կտրամադրվի ակտիվ կարգավիճակ, եթե բնակչության հաշվառման տվյալները բնակչության պետական ռեգիստրում համարվում են ամբողջական, օրինական և համապատասխանում են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջներին։ Այսինքն, ակտիվ կարգավիճակը տրվում է այն ՀԾՀ-ին, որը փաստացի հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բնակիչ՝ ունենալով համապատասխան իրավական կարգավիճակ և վերջին տարիներին փաստացի շփումներ պետական կամ վարչական մարմինների հետ։ Այդպիսի շփումները կարող են արտահայտվել հարկային պարտավորությունների կատարումով, սոցիալական կամ առողջապահական ծառայությունների օգտագործմամբ, կրթական հաստատություններում գրանցմամբ, կամ այլ ձևերով, որոնք վկայում են անձի շարունակական կապի և գործունեության մասին երկրի ներսում։

 Իսկ պասիվ կարգավիճակ ՀԾՀ-ին կտրամադրվի այն դեպքում, եթե անձը չունի գրանցված հիմնական հասցե, տրամադրված անձնական տվյալները չեն համապատասխանում օրենքով սահմանված ծավալին կամ ստուգման արդյունքում ճանաչվել են կեղծ կամ ոչ հավաստի, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության տարածքից և հյուպատոսական հաշվառման չի կանգնել 183 օրվանից ավելի ժամկետով կամ մահացած է, քաղաքացիությունից հրաժարված է, կամ ճանաչվել է անհայտ բացակայող: Այսինքն, պասիվ կարգավիճակը նշանակում է, որ տվյալ անձը փաստացի այլևս չի հանդիսանում Հայաստանի բնակչության հիմնական կազմի մաս։

Ընդ որում, ակտիվ կարգավիճակ ունեցող ՀԾՀ-ները հիմք կընդունվեն նաև ընտրողների ռեգիստրը ձևավորելու համար։

Միաժամանակ, նախագծով հստակեցվում է նաև, որ պետական մարմիններից ծառայություններ ստանալու համար պարտադիր է ակտիվ ՀԾՀ ունենալը։

Այս փոփոխությունը նպատակաուղղված է նաև պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը․ պետական մարմինները, հիմնվելով ակտիվ կարգավիճակ ունեցող անձանց ցուցակի վրա, կարող են առավել նպատակային պլանավորել բյուջետային ծրագրերը, առողջապահական, սոցիալական և կրթական նախաձեռնությունները՝ ուղղելով դրանք իրական և գործող շահառուներին։ Այն միաժամանակ կնպաստի բնակչության պետական ռեգիստրի, հարկային, առողջապահական և այլ տվյալների բազաների փոխգործունակությանը՝ ապահովելով միասնական, թափանցիկ և վստահելի տեղեկատվական միջավայր։

 

      2 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կառավարության 2021-2026թթ ծրագրի 6.2-րդ բաժնով Կառավարությունը ստանձնել է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն։ Որակյալ ծառայությունների մատուցման հիմքը արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունն է, որն էական է քաղաքացիակենտրոն որոշումների կայացման համար։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական կառավարման արդյունավետության բարձրացմամբ իրականացնել բնակչության պետական ռեգիստրի առավել թափանցիկ և ճշգրիտ գործառույթ, ինչպես նաև՝ ապահովել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

  • Քննարկվել է

    13.10.2025 - 29.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություններ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 765

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: