Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հիմնականում 5 ուղղություններով են՝

  • 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքում (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) ամրագրված են բազմաթիվ նորամուծություններ, որոնցից մեկը վերաբերում է Օրենսգրքում կիրառվող սահմանումներին, սակայն որոշ սահմանումների կիրառումն Օրենսգրքի Հատուկ մասի հոդվածների առնչությամբ խնդրահարույց է և լրացուցիչ մեկնաբանության կամ հստակեցման կարիք ունի: Ավելին, այն դեպքում, երբ Օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված հասկացությունն այլ բովանդակությամբ է կիրառվում է Օրենսգրքի Հատուկ մասում դրա վերաբերյալ հատուկ նշում է իրականացվում կոնկրետ հոդվածի մասերից մեկում՝ մեկնաբանելով այդ հոդվածի իմաստով կիրառվող այս կամ այն հասկացության առանձնահատկությունները: Այդպիսի առանձնահատկություններ ունի «անօգնական վիճակում գտնվող», «խոշոր», «առանձնապես խոշոր» և այլ հասկացություններ, որոնք առկա են ինչպես Օրենսգրքի 3-րդ, այնպես էլ Հատուկ մասի տարբեր հոդվածներում, օրինակ՝ 198-րդ հոդվածի 5-րդ մասում, 268-րդ հոդվածի 4-6-րդ մասերում, 284-րդ հոդվածի 4-րդ մասում, 444-րդ հոդվածի 3-րդ մասում և այլն։

Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի համաձայն՝ մերձավոր ազգական է համարվում անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը, նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (այդ թվում՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), եղբայրը, քույրը (այդ թվում՝ խորթ), պապը, տատը, թոռը, որդեգրող ծնողի կամ խնամատար ծնողի ամուսինը կամ նախկին ամուսինը, ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողը, ինչպես նաև ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողի համար՝ փեսան կամ հարսը: Ամուսին կամ նախկին ամուսին է համարվում նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կամ գտնված անձը:

Օրենսգրքի 243-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու համար: Այդ հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը երեխայի՝ իր ծնողների և այլ մերձավոր ազգականների հետ կանոնավոր շփվելու, նրանց ճանաչելու իրավունքը, ինչպես նաև երեխայի հետ համատեղ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականների՝ երեխայի հետ կանոնավոր շփվելու իրավունքը պաշտպանող հասարակական հարաբերություններն են, իսկ լրացուցիչ օբյեկտ կարող է հանդես գալ երեխայի, երեխայի հետ համատեղ չբնակվող ծնողի կամ մերձավոր ազգականի պատիվն ու արժանապատվությունը, երեխայի ազատությունը, ինչպես նաև դատական որոշումը, արդարադատությունը պաշտպանող հասարակական հարաբերությունները: Քննարկվող հոդվածը ոչ միայն սահմանում է տեսակցությունների խոչընդոտելու կամ խուսափելու պայմանը որպես քրեական պատասխանատվության հիմք, այլ նաև ներկայացնում դրանց քանակական ցուցանիշ: Այս հոդվածի տարանջատվում է Օրենսգրքի 507-րդ հոդվածով նախատեսված՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հանցագործությունից կայանում է ինչպես հանցակազմերի օբյեկտով, այնպես էլ օբյեկտիվ կողմով՝ գործողությունների կամ անգործության շրջանակով, քանի որ դրսրևորվում է երկընտրելի արարքներից մեկի կատարմամբ՝

  • երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խոչընդոտելը,
  • երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը,
  • առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը:

Կարևորն այն է, որ կատարման ենթակա տեսակցությունները սահմանված են դատական ակտով և փաստացի ծնողներից մեկը չի կատարում դատական ակտը:

Համադրելով Օրենսգրքի 3-րդ և 243-րդ հոդվածները՝ ակնհայտ է, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում նշված ոչ բոլոր մերձավոր ազգականներն են, որոնք կարող են լինել երեխայի կյանքում կամ ում հետ կթույլատրվի երեխայի հետ տեսակցությունը: Մասնավորապես՝ երեխան չի կարող ունենալ թոռ, ամուսին, նախկին ամուսին, ամուսնու կամ նախկին ամուսնու ծնող, ինչպես նաև երեխան կարող է ունենալ խնամատար ծնող կամ խնամատար ծնողի ամուսին, սակայն նրանց հետ դատական կարգով չի կարող սահմանվել տեսակցությունների կարգ, քանի որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խնամատար ծնողն այն անձն է, որը խնամքի և դաստիարակության պարտավորություն է ստանձնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի նկատմամբ: Այդ փաստը ֆիքսվում է պայմանագրային հիմքերով և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի հիման վրա, որը ծնողների (երեխայի այլ օրինական ներկայացուցչի), խնամատար ծնողի և ՀՀ մարզերում մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիր է: Հետևաբար, պայմանագրային հարաբերությունների դադարեցումը և փոփոխումը ենթադրում է խնամատարության ավարտ կամ փոփոխություն և դա ոչ թե ենթադրում է միյան տեսակցությունների առնչությամբ, այլ առհասարակ երեխայի խնամքի և դաստիարակության ողջ գործընթացի հետ կապված որոշման կայացում: Տեսակցությունները որպես առանձին գործողություն չեն կարող հանդիսանալ երեխայի և խնամատար ծնողի կամ նրա ամուսնու հետ շփման միջոց:

Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։ Մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը։ Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան։

 Գործնականում երեխայի շփման համար խնամակալության և հոգաբարձության մարմին և հետագայում՝ դատարան դիմող այլ մերձավոր ազգականներ են երեխայի տատը, պապը, ծնողի քույրը կամ եղբայրը (հորեղբայր, հորաքույր, մորեղբայր, մորաքույր) և այդ անձանց վերաբերյալ հետագայում կայացվում է տեսակցությունների կարգ նաև դատական կարգով՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասը, սակայն երեխայի ծնողի քույրը կամ եղբայրը (հորեղբայր, հորաքույր, մորեղբայր, մորաքույր) մյուս մերձավոր ազգականների՝ տատ, պապ, քույր, եղբայր, համահասավասար պայմաններում չեն գտնվում պաշտպանության ներքո, ու նրանց և երեխայի հետ տեսակցությունների կարգը դուրս է մնացել քրեաիրավական պաշտպանությունից 2022 թվականի հուլիսի 1-ի Օրենսգրքի ուժի մեջ մտնելով, որը սահմանելով մերձավոր ազգականների շրջանակն այլ հանցագործությունների համար՝ հաշվի չէր առել Օրենսգրքի 243-րդ հոդվածի առանձնահատկությունները:

Օրենսգրքի 243-րդ հոդվածի կիրառման առնչությամբ առաջացել է որոշակի տարաձայնություն, ինչից ելնելով մեկնաբանող ձևակերպում է ավելացվել նաև քննարկվող հոդվածի 1-ին մասում, որտեղ որպես տեսակցությունների խոչընդոտում հատուկ շեշտվում է դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը: Օրինակ, եթե դատական ակտով սահմանված է տեսակցությանը կոնկրետ ծնողի մասնակցության բացառումը, կոնկրետ վայրում տեսակցությունների իրականացումը, կոնկրետ վայրից դուրս տեսակցությունների իրականացումը և այլն:

 

  • Օրենսգրքի ընդունմամբ քրեականացվել են բազմաթիվ նոր արարքներ, սակայն կան արարքներ, որոնց անհրաժեշտությունն առկա էր, սակայն դրանք դեռ քրեականացված չեն: Նման արարքների չքրեականացումն առաջացնում է այլ հանցագործությունների կատարում նույնպես, ինչը դառնում է քննության առարկա օրինակ, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելու կամ հարկադրելու դեպքերով քրեական վարույթների շրջանակներում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածը սահմանում է երեխաների որդեգրման միջնորդական գործունեության անթույլատրելիությունը: Մասնավորապես, այդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում: Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության և հոգաբարձության մարմինների և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և ՀՀ կառավարության լիազորած մարմնի գործունեությունը[1]:

Իհարկե, որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակի ամրագրում է, որ երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Սակայն, նման պատասխանատվություն ՀՀ-ում մինչ այսօր նախատեսված չէ, և գործնականում պարբերաբար հանդիպում են դեպքեր, երբ տարբեր կազմակերպություններ, ներառյալ նաև՝ օտարերկրյա պետություններում գործող իրավաբանական անձինք, դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին որդեգրման տարաբնույթ հարցերով:

Ելնելով վերագրյալից նախագծով առաջարկվում է քրեականացնել երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը՝ սահմանելով դա նոր առաջարկվող՝ 245.1-ին հոդվածում: Այդ հոդվածում հատուկ շեշտվում է, որ երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը կհամարվի հանցագործություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նման գործունեություն չհամարվող գործունեություն համարվող դեպքերից: Հաշվի առնելով այդ արարքի վտանգավորության աստիճանը և որդեգրման հետ առնչվող այլ հանցագործությունների համար նախատեսված պատիժը, նոր հոդվածում ամրագրված հանցագործությունն առաջարկվում է համարել միջին ծանրության հանցագործություն, որի համար հնարավոր պատժատեսակներն են` տուգանքը քսանապատիկից հիսնապատիկի չափով, հանրային աշխատանքը` հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը յոթ տարի ժամկետով, ազատության սահմանափակումը` առավելագույնը երեք տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկումը` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկումը` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քրեականացնելով երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը՝ կնվազեն որդեգրման գործընթացում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց միջամտությունները և կապահովվի որդեգրման գաղտնիությունը:

Քանի որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխություններն ամրագրում են, որ «Գործունեությունը չի համարվում միջնորդական, եթե այն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների, մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների, ինչպես նաև համադրմանը ներգրավված անձանց գործունեությունն է:», հետևաբար այս անձանց առնչությամբ պետք է նախատեսվի բացառություն:

 

  • Արհեստական բանականության լայն տարածումը հանգեցրել է նաև երեխաների նկատմամբ սեռական կամ սեռական բնույթի գործողությունների իրականացման ավելացմանը, ինչի մասին բարձրաձայնվել է միջազգային տարբեր գագաթաժողովների մեջ, մասնավորապես երեխաների նկատմամբ կիրառվում է արհեստական բանականության միջոցով ստեղծված պոռնկագրական նյութերի միջոցով կատարվում են շորթումներ կամ իրականացվում են նման նյութերի տարածում: Որպեսզի այդ հանգամանքը հանդիսանա ծանրացնող այն նախատեսվել է Օրենսգրքի 258-րդ հոդվածում: Հոդվածում հատուկ չի նշվել, որ ծանրացնող հանգամանքը վերաբերելի է երեխաներին, քանի որ արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերից կարող են տուժել նաև չափահասները, ինչից ելնելով ծանրացնող հանգամանքը ներկայացվել է ընդհանրական՝ բոլոր անձանց վերաբերելի: Միաժամանակ արհեստական բանականության վերաբերյալ փոփոխություններ իրականացվել է նաև Օրենսգրքի 300-րդ հոդվածի 5-րդ մասում, որտեղ սահմանված է, որ «Սույն հոդվածի իմաստով՝ մանկական պոռնոգրաֆիա է համարվում ցանկացած նյութ, որտեղ երեխան պատկերված է բացահայտ սեքսուալ բնույթի իրական կամ նմանակված գործողություն կատարելիս կամ սեռական շարժառիթով երեխայի սեռական օրգանը ցուցադրելիս:»: Այստեղ կատարվում է լրացում առ այն, որ նմանակված գործողությունների ներքո պետք է հասկանալ նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերում ներառված գործողությունները:

 

  • Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում նախատեսված է «երեխայի պոռնկություն» եզրույթը, որը ներառում է միջազգայնորեն ընդունելի սահմանում. այն է՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործելը վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը երեխային կամ երրորդ անձին տրամադրելու հանգամանքից: Այս սահմանումն ունի փոփոխության անհրաժեշտություն առ այն, որ երեխային կարող են ներգրավել պոռնկության ոչ միայն իրական կյանքում, այլ նաև առցանց տիրույթում՝ ներգարվվելով երեխայի մասնակցությամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարմանը տարբեր սոցիալական կայքերում, պարբերաբար բացվող խմբերում և այլուր: Այդ իսկ պատճառով շեշտադրում առ այն, որ սեքսուալ բնույթի գործողությունները կարող են իրականացվել նաև առցանց եղանակով հնարավորություն կընձեռի բացառել տարընթերցումը և երեխաների պաշտպանել նաև առցանց սեռական բռնությունից և շահագործումից, ինչպես դա պահանջվում է միջազգային տարբեր փաստաթղթերով, օրինակ` Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան (Լանզարոտեի կոնվենցիա) (Convention on the Protection of Children against Sexual Exploitation and Sexual Abuse) և ԵԽ-ի «Կիբերհանցագործության մասին կոնվենցիան» (Convention on Cybercrime (Budapest Convention) և WePROTECT Global Alliance ազգային արձագանքման մոդելը (WePROTECT Global Alliance Model National Response): Նաև անհրաժեշտություն է առաջացել միասնականացնել մանկական պոռնոգրաֆիա հասկացությունը, որը կիրառվում Օրենսգրքի է թե՛ 202-րդ, թե՛ 300-րդ հոդվածներում, ինչից ելնելով Օրենսգրքի 300-րդ հոդվածի 5-րդ մասում լրացում է կատարվել առ այն, որ այդտեղ նշված սահմանումը կիրառելի է նաև Օրենսգրքի 202-րդ հոդվածին:

 

 

  • ՀՀ հարկային օրենսգրքում կիրառվում են եզրույթներ, որոնք երեխաների պաշտպանության միջազգային օրենսդրությամբ և երեխաների պաշտպանության համակարգում կիրառելի չեն և դրանց առկայությունն ունի պիտակավորող, երբեմն խտրական ազդեցություն, ինչպիսինն են՝ «տուն-ինտերնատ, մանկատուն, արատներ ունեցող երեխա, ծերանոց, տուն-գիշերօթիկ և այլն»: Հետևաբար, այդ բառերն անհարժեշտ է փոխարինել առավել չեզոք ձևակերպումներով, ինչպիսինն է «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունը»:

Հաշվի առնելով, որ միջազգայնորեն տերմինաբանությունը համատարած կիրառվում է նաև ՀՀ օրենսդրությունում, առկա են որոշակի եզրույթներ, որոնք այլևս կիրառելի չեն թե՛ միջազգային, թե՛ ազգային իրավական ակտերում և այլ փաստաթղթերում: Այդ եզրույթներից մեկն է «մանկատուն» եզրույթը, որը փոխարինվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան եզրույթներով:

 

 

  1. Կարգավորման նպատակը.

Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության երեխայի և մերձավոր ազգականներից՝ երեխայի տատու, պապու, եղբոր (այդ թվում՝ խորթ), քրոջ (այդ թվում՝ խորթ), ծնողի քրոջ կամ եղբոր, հետ տեսակցությունների խոչընդոտելու համար, որն այս պահին բացակայում է՝ անհավասար պաշտպանության ներքո վերցնելով երեխայի տարբեր մերձավոր ազգականներին, մասնավորապես՝ տարանջատում դնելով երեխայի տատու, պապու, քրոջ և եղբոր նկատմամբ մի կողմից, և երեխայի հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր և մորաքրոջ նկատմամբ՝ մյուս կողմից, այն դեպքում՝ երբ գործնականում հենց այդ անձինք են շատ հաճախ կապ պահում երեխայի հետ՝ առավել ևս ծնողներից որևէ մեկի բացակայության պայմաններում։ Այսինքն, ներկայացված Նախագծով հավասար երաշխիքներ կսահմանվեն երեխայի և մերձավոր այլ ազգականների հետ շփման առնչությամբ, կհստակեցվի Օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով «մերձավոր ազգական» հասկացությունը, կբացառվեն տարընթերցումները և կվերանա օրենսդրական բացը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև քրեական պատասխանատվություն երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելու համար՝ ապահովելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում ուղղակի ամրագրված նորմը:

Նախագծով սահմանվել է նաև առցանց սեռական բռնության կամ շահագործման և արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի կիրառմամբ երեխաների վտանգման դեպքերին համապատասխան կարգավորումներ:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն երեխայի և մերձավոր այլ ազգականների տեսակցությունների իրականացման համար՝ համահունչություն ապահովելով նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի կարգավորումների հետ, կքրեականացվի երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը, երեխաների առցանց սեռական շահագործամ և բռնության առնչության կսահմանվեն հստակեցումներ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարությունից:

 

 

[1] Քննարկվող անձանց շրջանակն ըդլայնվում է «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծով, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7933/about

  • Քննարկվել է

    29.09.2025 - 14.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1041

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

05.10.2025

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ Նախագծի 2-րդ հոդվածը շարադրված է հետևյալ խմբագրությամբ՝ << Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝ 1-ին մասում «իրականացմանը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը,» բառերը․․․>>։ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Եթե Նախագծով առաջարկվող լրացումը տեղայնացնենք գործող հոդվածի դիսպոզիցիայում, կստանանք հետևյալ պատկերը․ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը, մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Ակնհայտ է, որ շարահյուսության առումով Նախագիծը վերաշարադրման կարիք ունի, քանի որ առաջարկվող տեսքով լրացում կատարելուց հետո գործող նորմի իմաստը կխախտվի։ Մյուս կողմից, այս լրացման վերաբերյալ Նախագծի հիմնավորումներում նշված է, որ <<Օրենսգրքի 243-րդ հոդվածի կիրառման առնչությամբ առաջացել է որոշակի տարաձայնություն, ինչից ելնելով մեկնաբանող ձևակերպում է ավելացվել նաև քննարկվող հոդվածի 1-ին մասում, որտեղ որպես տեսակցությունների խոչընդոտում հատուկ շեշտվում է դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը: Օրինակ, եթե դատական ակտով սահմանված է տեսակցությանը կոնկրետ ծնողի մասնակցության բացառումը, կոնկրետ վայրում տեսակցությունների իրականացումը, կոնկրետ վայրից դուրս տեսակցությունների իրականացումը և այլն>>: Նախագծի հեղինակներն, ըստ էության, նպատակ են ունեցել քրեականացնել նոր արարք՝ դատական ակտով սահմանված՝ տեսակցության պայմանների խախտումը։ Կարծում եմ, որ առաջարկվող արարքն իր օբյեկտով և օբյեկտիվ կողմով նաև սուբյեկտով տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունից, առաջարկում եմ քննարկել այդ հանցանքը նոր լրացվող հոդվածով նախատեսելու հարցը։ Իսկ եթե Նախագծի հեղինակների նպատակը եղել է գործող հոդվածով նախատեսված <<խոչընդոտելու>> եղանակները մեկնաբանելը, ապա <<դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը>> առաջարկվող ձևակերպումն ավելի անորոշ կլինի, քանի որ դատական ակտը կարող է սահմանել տարատեսակ պահանջներ, որոնք կամ վերաբերելի չեն լինի տեսակցություններին, կամ վերաբերելի լինելով հանդերձ՝ էական նշանակություն չեն կարող ունենալ հատկապես տեսակցողների իրավունքների խախտումների համատեքստում։ 2․ Նախագծով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 245.1-ին հոդվածով, որի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը՝>>։ Քանի որ այս արարքի քրեականացմամբ լուծվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածով նշված արգելքի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու խնդիրը, ուստի կարծում եմ, որ նպատակահարմար կլինի տարընթերցումներից և տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար 245․1-ին հոդվածի դիսպոզիցիայում ամբողջությամբ ներկայացնել Ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի մեկնաբանությունը, այն է՝ դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ․ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված գործունեություն իրականացնելը՝>>։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Օրենսգրքում առաջարկվող նոր 245.1-ին հոդվածի շարադրանքը («Հոդված 245.1. Երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը) հստակեցման և որոշակիացման կարիք ունի։ Թվարկվում են տարբեր սանկցիաներ, սակայն հստակ չէ թե միջնորդական ո՞ր գործունեության համար ո՞ր պատժատեսակն է կիրաեռելի, մեկ անձի կողմից կատարված թե՞ մի խումբ անձանց կողմից։ Ըստ իս սա կարող է հանգեցնել իրավական որշակիության սկզբունքի խախտմանը։ Բացի այդ, օրենքի ոչ բավարար հստակությունն ու որոշակիությունը կարող է հանգեցնել տարաբնույթ ընկալման և յուրովի մեկնաբանման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզաբանման անհրաժեշտության:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածն է սահմանում, թե որն է համարվում միջնորդական գործունեություն, այն է՝ որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն, բայց այս գործողությունները կարող է կատարված լինի մեկ անձի կողմից կամ մի խումբ անձանց կողմից՝ շահադիտական նպատակներով կամ առանց որևէ շահ հետապնդելու։ Արդյո՞ք օրենսդիրը այս տարբերություններին չպետք է անդրադառնա և որոշակիացնի և հստակեցնի, որպեսզի տարաբնույթ ընկալման և մեկնաբանությունների տեղիք չտա կամ հետագայում այն ընդունելուց հետո անհրաժեշտություն չառաջանա վերախմբագրել։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: