05.10.2025
Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ Նախագծի 2-րդ հոդվածը շարադրված է հետևյալ խմբագրությամբ՝ << Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝ 1-ին մասում «իրականացմանը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը,» բառերը․․․>>։ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Եթե Նախագծով առաջարկվող լրացումը տեղայնացնենք գործող հոդվածի դիսպոզիցիայում, կստանանք հետևյալ պատկերը․ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը, մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Ակնհայտ է, որ շարահյուսության առումով Նախագիծը վերաշարադրման կարիք ունի, քանի որ առաջարկվող տեսքով լրացում կատարելուց հետո գործող նորմի իմաստը կխախտվի։ Մյուս կողմից, այս լրացման վերաբերյալ Նախագծի հիմնավորումներում նշված է, որ <<Օրենսգրքի 243-րդ հոդվածի կիրառման առնչությամբ առաջացել է որոշակի տարաձայնություն, ինչից ելնելով մեկնաբանող ձևակերպում է ավելացվել նաև քննարկվող հոդվածի 1-ին մասում, որտեղ որպես տեսակցությունների խոչընդոտում հատուկ շեշտվում է դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը: Օրինակ, եթե դատական ակտով սահմանված է տեսակցությանը կոնկրետ ծնողի մասնակցության բացառումը, կոնկրետ վայրում տեսակցությունների իրականացումը, կոնկրետ վայրից դուրս տեսակցությունների իրականացումը և այլն>>: Նախագծի հեղինակներն, ըստ էության, նպատակ են ունեցել քրեականացնել նոր արարք՝ դատական ակտով սահմանված՝ տեսակցության պայմանների խախտումը։ Կարծում եմ, որ առաջարկվող արարքն իր օբյեկտով և օբյեկտիվ կողմով նաև սուբյեկտով տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունից, առաջարկում եմ քննարկել այդ հանցանքը նոր լրացվող հոդվածով նախատեսելու հարցը։ Իսկ եթե Նախագծի հեղինակների նպատակը եղել է գործող հոդվածով նախատեսված <<խոչընդոտելու>> եղանակները մեկնաբանելը, ապա <<դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը>> առաջարկվող ձևակերպումն ավելի անորոշ կլինի, քանի որ դատական ակտը կարող է սահմանել տարատեսակ պահանջներ, որոնք կամ վերաբերելի չեն լինի տեսակցություններին, կամ վերաբերելի լինելով հանդերձ՝ էական նշանակություն չեն կարող ունենալ հատկապես տեսակցողների իրավունքների խախտումների համատեքստում։ 2․ Նախագծով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 245.1-ին հոդվածով, որի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը՝>>։ Քանի որ այս արարքի քրեականացմամբ լուծվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածով նշված արգելքի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու խնդիրը, ուստի կարծում եմ, որ նպատակահարմար կլինի տարընթերցումներից և տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար 245․1-ին հոդվածի դիսպոզիցիայում ամբողջությամբ ներկայացնել Ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի մեկնաբանությունը, այն է՝ դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ․ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված գործունեություն իրականացնելը՝>>։