Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 195-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Թափոնների հաշվառման՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը սահմանելու մասին» N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է վարչապետի 2026 թվականի հունվարի 20-ի «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N38-Ա որոշման հավելվածի ցանկի 3-րդ կետով սահմանված միջոցառման կատարումն ապահովելու պարտավորությունից։

 «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ»  կետով որպես Կառավարության իրավասություն սահմանված էր՝ թափոնների հաշվառման, գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգի սահմանումը։ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ սահմանված է «թափոնների գործածություն» եզրույթը, համաձայն որի թափոնների գործածությունը դա այն գործողություններն են, որոնք ուղղված են թափոնների հավաքմանը, փոխադրմանը, տեղադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածով սահմանված է թափոնների հաշվառման կարգը, համաձայն որի թափոնների գործածության ոլորտում ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են սահմանված կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, հեռացվող` ոչնչացվող, վնասազերծվող, տեղադրվող, ինչպես նաև այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող թափոնների հաշվառում:

 «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն խմբագրվել է «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ»  կետը և Որոշման վերնագրում թվարկված գործողությունները ներկայացվել են Օրենքով սահմանված՝  «թափոնների գործածություն» ընդհանրացնող եզրույթով, ինչը հնարավորություն տալիս մեկ միասնական ակտի շրջանակներում սահմանել տարբեր թափոնների (հիմնականում՝ վտանգավոր թափոնների) գործածության կանոններն ու պահանջները։ Նշված փոփոխության արդյունքում Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ»  կետով Կառավարության վերապահված իրավասությունը սահմանվել է հետևյալ կերպ՝ «թափոնների հաշվառման կարգի և գործածության կանոնների ու պահանջների սահմանումը», ուստի անհրաժեշտություն է առաջացել Որոշումը համապատասխանեցնել Օրենքի նշված դրույթին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշմամբ սահմանված են ոչ պիտանի պեստիցիդների (գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների թափոնների) գործածության կանոնները։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշման ընդունման համար օրենքով Կառավարությանը լիազորող նորմ սահմանված չէ, և նշված որոշման մեջ անհրաժեշտության դեպքում հնարավոր չէ կատարել որևէ փոփոխություն և լրացում, ուստի առաջարկվում է այն ուժը կորցրած ճանաչել, իսկ պեստիցիդների թափոնների գործածության կանոններն ու պահանջները սահմանել սույն Որոշման մեջ լրացվող նոր (N 2) հավելվածում՝ այլ թափոնների տեսակների հետ մեկ իրավական ակտի շրջանակներում։ Առաջարկվում է բոլոր (վտանգավոր և ոչ վտանգավոր)  թափոնների գործածությանը վերաբերող ընդհանուր կանոններն ու պահանջները սահմանել Որոշման նոր՝ N 2 հավելվածի առաջին բաժնի տեսքով, իսկ թափոնների կոնկրետ տեսակներին վերաբերող առանձնահատուկ կանոններն ու պահանջները լրացուցիչ սահմանել N 2 հավելվածի հաջորդ բաժիններում։

Օրենքում, ենթաօրենսդրական ակտերում և սույն նախագծում սահմանված դրույթները, որոնցում կիրառվում է «թափոններ» հասկացությունը, վերաբերում են բոլոր թափոններին (ինչպես՝ վտանգավորներին, այնպես էլ՝ ոչ վտանգավորներին) և դրանց գործածությանը, իսկ այն դրույթները որոնցում կիրառված է «վտանգավոր թափոն» տերմինը՝ վերաբերում են բացառապես վտանգավոր թափոններին, օրինակ սույն նախագծով սահմանվող՝ «լիթիում-իոնային կուտակիչների թափոններին», «պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոններին» և «պեստիցիդների թափոններին»։

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է՝

1)     Որոշման վերնագիրը շարադրել Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխված «դ»  կետին համապատասխան, հետևյալ խմբագրությամբ՝ «Թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններն ու պահանջները սահմանելու մասին».

2)    Որոշման N 1 հավելվածում հստակեցնել հաշվառման ենթակա տվյալների շրջանակը՝ գոյացող, կուտակվող, պահվող, հեռացվող (ոչնչացվող, վնասազերծվող, տեղադրվող), այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից (այսուհետ՝ այլ անձինք) ստացվող, այլ անձանց փոխանցվող, կամ օգտահանվող վտանգավոր և ոչ վտանգավոր թափոնների վերաբերյալ տվյալները.

3)    Որոշման հավելվածի «թափոնների օգտագործում» տերմինը փոխարինել «թափոնների օգտահանում» տերմինով, որն Օրենքի իմաստով նշանակում է՝ թափոնի օգտագործում որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս, այսինքն ապրանքի սկզբնական նշանակությամբ օգտագործումից բացի, ընդգրկում է նաև թափոնի շրջանառությունը որպես երկրորդային հումք նոր արտադրանք կամ էներգիա ստանալու նպատակով.

4)    առաջացող, պահվող կամ տեղադրվող թափոնները ճշգրիտ տեղորոշելու, հաջորդիվ այդ տվյալները համապատասխան հաշվետվություններում, լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրներում ներառելու նպատակով Որոշման N 1 հավելվածում սահմանել՝ այդ օբյեկտների հասցեները և կոնկրետ կոորդինատները ևս թափոնների հաշվառման գրքերում արձանագրելու պահանջ.

5)    Որոշմամբ հաստատել նոր՝ N 2 հավելվածը, ինչով կսահմանվեն ՀՀ-ում գոյացող  տարբեր տեսակի թափոնների՝ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով գործածության կանոններն ու պահանջները։  

    Նշված հավելվածի առաջին բաժնով նախատեսվում է սահմանել թափոնների գործածությանը վերաբերող ընդհանուր կանոններն ու պահանջները, իսկ դրան հաջորդող բաժիններով՝ կոնկրետ տեսակի (հիմնականում՝ վտանգավոր) թափոնների  գործածությանը վերաբերող առանձնահատուկ կանոններն ու պահանջները։ Սույն նախագծի շրջանակներում նախատեսվում է սահմանել երեք տեսակի թափոնների («լիթիում-իոնային կուտակիչների թափոնների»,  «պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնների» և «պեստիցիդների թափոնների») գործածությանը ներկայացվող կանոններն ու պահանջները, ինչի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝ այլ երկրների փորձը, այդ երկրներում թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը, այդ թվում՝ Եվրոպական միության համապատասխան հրահանգներն ու արձանագրությունները.   

6)   ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնները հաստատելու մասին»  N 195-Ն որոշումը, միաժամանակ սույն նախագծի շրջանակներում, այլ թափոնների տեսակների հետ միասին,  սահմանելով նաև պեստիցիդների թափոնների գործածության կանոններն ու պահանջները։

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4.    Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի մեկ ընդհանուր նորմատիվ իրավական ակտի շրջանակներում սահմանել՝ թափոնների հաշվառման կարգը, ինչով սահմանվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ-ում գոյացող բոլոր թափոնների հաշվառման ընթացակարգը, ինչպես նաև ՀՀ-ում գոյացող տարբեր թափոնների գործածության (հավաքման, փոխադրման, տեղադրման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման) կանոններն ու պահանջները, ինչը հնարավորություն կստեղծի՝

     1) թափոններ առաջացնողներին և թափոնների գործածության մեջ ներգրավված անձանց, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմիններին, այլ կազմակերպություններին և շահագրգիռ անձանց ավելի արագ և մատչելի եղանակով ծանոթանալու իրենց հետաքրքրող թափոնի տեսակի գործածությանը վերաբերող կանոններին ու պահանջներին.

2) գործածության հատուկ կանոններ պահանջող թափոնների տեսակների (օրինակ՝ անվադողերի, էլեկտրոնային սարքավորումների, շինարարական, արդյունաբերական յուղերի, սնդիկ պարունակող և այլ թափոնների) պահման, փոխադրման, օգտահանման կամ հեռացման կանոններն ու պահանջները ևս սահմանել սույն Որոշման շրջանակում՝ յուրաքանչյուր նոր թափոնների տեսակի համար՝ Որոշման հավելվածի առանձին բաժնի տեսքով։ Բազմաթիվ այլ թափոնատեսակների գործածության կանոնները սահմանելու համար այսուհետ անհրաժեշտ չի լինի ընդունել նոր ենթաօրենսդրական իրավական ակտ, իսկ  վերջինիս իրավական հիմքն ապահովելու՝ օրենքով լիազորող նորմ սահմանելու համար յուրաքանչյուր անգամ Օրենքում նոր փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանա, ինչի շնորհիվ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները կիրականացվեն ավելի արագ և առանց օրենսդիր մարմնին լրացուցիչ ծանրաբեռնելու,

3) ՀՀ-ում գոյացող տարբեր թափոնների գործածության կանոնների ու պահանջների սահմանումն ու դրանց կիրառումը կբերի այդ թափոնների՝ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար ազդեցության ռիսկի նվազմանը, ինչպես նաև երկրորդային ռեսուրս հանդիսացող բազմաթիվ թափոնների օգտահանմանը, շրջանաձև տնտեսության ներդրմանն ու զարգացմանը։

5.    Տեղեկատվություն  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի   վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

  Նախագիծն ուղղված է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ամրագրված Կառավարության հնգամյա ծրագրի  «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն»  բաժնի 8-րդ և 14-րդ առաջնահերթ ուղղությունների, (մասնավորապես՝ թափոնների կառավարման համակարգի կատարելագործման և թափոնների վերաբերյալ առաջնային տեղեկատվության հաշվառման ու համակարգված կառավարման մասով), ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի,  8.3 միջոցառման (մասնավորապես՝ պոլիքլորացված բիֆենիլների թափոնների գործածության պայմանները հաստատելու մասով) կատարմանը։                                   

 

  • Քննարկվել է

    29.08.2025 - 13.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5139

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: