«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրի գործողության ժամկետը երկարաձգելու, բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը խթանելու, այգեհիմնման դեպքում աջակցության չափը նվազեցնելու և ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ներկայացվել է շուրջ 8000 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3840 հա ինտենսիվ այգի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության թիրախային ցուցանիշները ապահովվում են, անհրաժեշտություն է առաջացել նվազեցնել աջակցության չափը։
Պետական աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման ուղղությամբ դեռևս առկա է հետաքրքրվածություն։ Բացի այդ,
սակավաջրությամբ պայմանավորված և գյուղացիական տնտեսություններին կարկտից հասցված վնասները նվազեցնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել շարունակելու պետական աջակցությունը՝ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման, ոռոգման առաջադիմական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4 կետով (էջ 36) կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսության ինտենսիվացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը և նպատակ է դրվել յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հա-ով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է ներդրումների արդյունավետության և մատչելիության բարելավումը, ոռոգման բնագավառում նոր համակարգերի զարգացման աջակցումը։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը, խթանել բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, այգեհիմնման դեպքում նվազեցնելն աջակցության չափը ու հստակեցնել ծրագրով սահմանված որոշ դրույթներ, մասնավորապես․ լարասյունային և կարկտապաշտպան համակարգերի, կաթիլային ոռոգման խողովակների (այգեհիմնման դեպքում), նռան և թզենու տնկիների տնկանյութի նկատմամբ պահանջները, ընկուզենու և նռնենու տնկիների քանակը, սուբսիդիայի դադարեցման և վարկի վաղաժամկետ մարման դեպքերը։
Նախագծով առաջարկվում է երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը՝ մինչև 2026 թվականը ներառյալ, և հնարավորություն տալ գյուղացիական տնտեսավարողներին պետական աջակցությամբ հիմնել նոր ինտենսիվ այգիներ, ներդնել առաջադիմական ոռոգման համակարգեր և կարկտապաշտպան ցանցեր, ինչպես նաև ընդլայնել կամ կառուցել ջրավազաններ։
Ընկուզենու և նռնենու տնկիների նվազագույն քանակի փոփոխության համար հիմք են հանդիսացել այգիների և տարբեր սորտերի նկարագրերի ուսումնասիրությունները, մասնագետների հետ քննարկումները, ինչպես նաև շահառուների կողմից ներկայացված առաջարկները, համաձայն որի Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում 1 հա-ում 417 տնկիների տնկման դեպքում աշխատանքների մեքենայացման ընթացքում առաջանում են որոշակի դժվարություններ՝ պայմանավորված անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայի դժվար հասանելիությամբ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում արտադրության ընթացքում որոշակի արդյունավետություն ապահոված որոշ սորտերի համար որպես օպտիմալ տնկման սխեմա սորտերի նկարագրի, ինչպես նաև ընկուզենու տնկիներ արտադրող տնկարանների խորհրդատվության համաձայն նշվում է 1 հա-ի հաշվով 285-300 հատ տնկի։ Նռնենու տնկիների մեկ հեկտարի հաշվով նվազագույն քանակի փոփոխութունը պայմանավորված է Հայստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում նռնենու կենսաբանական և մշակության առանձնահատկությամբ (սաղարթի բաժակաձև ձևավորման համակարգ, ծաղկման առանձնահատկություն), հիվանդությունների և վնասատուների նկատմամբ առավել շատ խոցելիությամբ և մեքենայացված մշակության անհրաժեշտությամբ։
Ագրոնոմիական տեսակետից նռենին և թզենին կարող են բազմանալ վեգետատիվ ճանապարհով և մայր բույսից վերցված վեգետատիվ օրգանները կրում են մայր բույսի սորտին բնորոշ հատկություններն ու հատկանիշները, ինչպես նաև այն կարող է ապահովել ինտենսիվ այգիներում կիրառվող խիտ տնկման սխեմաներին բավարարող թույլ աճեցողություն։ Հետևաբար ագրոնոմիական տեսանկյունից նռնենու և թզենու տնկիները կարող են լինել նաև չպատվաստված։ Հաշվի առնելով, որ արդեն իսկ առկա են տվյալ պտղատեսակներով կնքված պայմանագրեր, շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու համար, նախագծով առաջարկվող դրույթին տրվել է հետադարձ ուժ։
Նախագծով առաջարկվող ծրագրի ժամկետի 1 տարով երկարացումը պետական բյուջեի վրա կհանգեցնի շուրջ 750 մլն դրամի հավելյալ ծախսի։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունումը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը:
Այլ տեղեկություններ:
-
Քննարկվել է
15.08.2025 - 01.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1312
Տպել