ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՄՁ ՖՈՆԴԻ (ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) ՓԱՅԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՄՁ ՖՈՆԴԻ (ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) ՓԱՅԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մայիսի 21-ի N 771-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ հավելվածով հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում երկրորդ ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):
Ծրագրի շրջանակներում պետությունն ուղղակի մասնակցում է «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին» (այսուհետ՝ Ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր գումարով՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։ Ֆոնդի հիմնական նպատակներից մեկն է ստեղծել նախադեպ՝ նման ֆոնդերի և հիմնադրամների գործունեության համար, որն իր հերթին կնպաստի կապիտալի շուկայի զարգացմանը և ՀՀ տնտեսությունում այլընտրանքային ֆինանսական գործիքների ձևավորմանը, ինչպես նաև ընդհանուր կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը:
Ֆոնդն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։ Ֆոնդի ներդրողներից են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական միությունը, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, Նիդեռլանդների զարգացման բանկը և այլն։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ֆոնդին միացել է 2021 թվականին։ Մասնավորապես, 2021 թվականի հուլիսի 8-ին Որոշման մեջ կատարված փոփոխություններով հաստատվել է Ծրագիրը, իսկ 26․11․2021թ․ կնքվել է Ֆոնդի բաժնեմասային մասնակցության մեջ ներդրում կատարելու բաժանորդագրության պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է Ֆոնդի սահմանափակ գործընկերության համաձայնագրին (այսուհետ՝ Ֆոնդի կանոններ)։
Թե Որոշմամբ և թե ֆոնդին բաժանորդագրության պայմանագրով Կառավարությունը պարտավորվել է ֆոնդում ներդնել ընդհանուր 3 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար։
Որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչև 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով։ Ընդ որում, առաջին 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:
01․08․2025թ․ դրությամբ Կառավարությունը Ֆոնդում ներդրել է ընդհանուր 1,987,926․32 ԱՄՆ դոլար գումար։ Հետևաբար հաշվի առնելով, որ արդեն իսկ ձեռքբերված փայերի գումարը մոտենում է 2 մլն ԱՄՆ դոլարին և ֆոնդի կողմից ներկայացվել և Կառավարության կողմից դեռևս չի վճարվել ընդհանուր 38,331.89 ԱՄՆ դոլարի չափով գումար՝ Ֆոնդի փայերի հաջորդիվ ձեռքբերումը Որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն կարող է կատարվել միայն Կառավարության որոշման հիման վրա։
Նախագծի փաթեթին կից ներկայացվում են նաև Ֆոնդի կողմից ներկայացված հաշվետվությունները։
Առաջարկվող կարգավորման բնույթը․
Ներկայացվող նախագծով առաջարկվում է նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով ձեռք բերել ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի (հիմնադրամի) հաջորդ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փայերը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում, հաշվի առնելով որ փայերի ձեռքբերումը կատարվելու է Որոշմամբ սահմանված 3 մլն ԱՄՆ դոլարի պարտավորության շրջանակներում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
-
Քննարկվել է
07.08.2025 - 22.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1038
Տպել