Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի
ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ գույքային իրավունքները տիրապետող անձի հետ պայմանագրի հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ»։

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը

  1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում`

1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.

2) բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ կամ նման այլ նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.
3) ազգային, ռասայական, սեռային, կրոնականատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.
4) պոռնկագրություն տարածելը.
5) քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը:

  1. Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 4-րդ կետի, սահմանված արգելքները խախտելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
  2. Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:
  3. Էրոտիկ բնույթի, սարսափ ու ակնհայտ բռնություն, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող ֆիլմերը և տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:
  4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 4-րդ կետերով և 4-րդ մասով նախատեսված տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
  5. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին արգելվում է Հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների և գովազդի հեռարձակումը:
  6. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության տեխնիկական կամ ծրագրային արգելքի կիրառման հնարավորության առկայության դեպքում:
  7. Արգելվում է Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումը առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը:»:

 

Հոդված 3. 14․1-րդ հոդվածը լրացնել 10-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«10․ Կոմիտեն՝ որպես անկախ մասնագիտական մարմին, իր լիազորությունների շրջանակում համակարգում է մեդիաչափումների արդյունքների վերաբերյալ առաջացած վեճերի և տարաձայնությունների լուծման գործընթացները՝ հեռարձակողների, գովազդային ոլորտի ներկայացուցիչների և չափում իրականացնող կազմակերպության միջև՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու հավասարակշռությունը։ Կոմիտեն յուրաքանչյուր վեճի և տարաձայնության դեպքով տրամադրում է մասնագիտական  եզրակացություն։

 

Հոդված 4. «Օրենքի 14․3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  1. «3. Չափումների արդյունքները Կոմիտեի անդամներին և այլ անձանց տրամադրելու դեպքերը և կարգը սահմանում է Կոմիտեն։ Մեդիաչափումների արդյունքների ուղղակի հասանելիություն ունեն միայն Կոմիտեի անդամները՝ Կոմիտեի կողմից սահմանված կարգով։

Մեդիաչափումների արդյունքներին ուղղակի հասանելիություն կարող են ստանալ նաև  այն հեռարձակողները, գովազդային գործակալությունները, վաճառքի տները (սելս հաուսներ), ռադիոկայանները և մեդիա ոլորտում գործող այլ շահառու անձինք, որոնք հանդիսանում են Կոմիտեի անդամ։

Պետական կառավարման համակարգի մարմինները և կարգավորող պետական մարմինը իրավունք ունեն դիմելու Կոմիտեին՝ չափումների արդյունքների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ Կոմիտեն պարտավոր է իր կողմից սահմանված ձևաչափով, վերջիններիս պահանջի հիման վրա տրամադրել համապատասխան տեղեկություն, այդ թվում՝ ընդհանուր չափումների արդյունքների վիճակագրությունը։»

 

  1. լրացնել 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․

«4․ Չափումների արդյունքները Կոմիտեի սեփականությունն են։ Չափումներ կատարող կազմակերպությունը պարտավոր է չափումներ կատարելու մասին պայմանագրի ժամկետի ավարտին նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը Կոմիտեին հանձնել պայմանագրի գործողության ժամանակահատվածում կատարված չափումների արդյունքները:

 

 

Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի՝

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

  • «1․Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ Հեռարձակողի կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ պայմանագրի հիման վրա:»։

 

2) Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել՝ 1.1.-րդ և 6-րդ մասերով, հետևյալ բովանդակությամբ՝

«1․1 Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ պայմանագրի հիման վրա տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին դիմում ներկայացնելու և թույլտվություն ստանալուց հետո։

Կարգավորող պետական մարմին դիմում ներկայացնելու և թույլտվություն ստանալու գործընթացի կարգավորվումն իրականացվում է սույն Օրենքի 54-րդ հոդվածի դրույթների պահանջներին համապատասխան:»:

 

«6. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սույն օրենքի 9-րդ հոդվածի
1-ին մասի դրույթների պահանջների առերևույթ խախտման  վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը»:

 

Հոդված 6. Օրենքի 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 54. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությունը.

  1. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը գործում է օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին դիմում ներկայացնելուց և կարգավորող պետական մարմնի կողմից համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո:
  2. Դիմումը ներառում է՝

1) տեղեկություններ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ.
2) տեղեկություններ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի վերաբերյալ.
3) տեսալսողական ծրագրերի գույքային իրավունք տիրապետող անձանց հետ կնքված պայմանագրերի պատճենները.
4) տեղեկություններ Հեռարձակողի կամ օպերատորի հիմնադիր, կամ մասնակից հանդիսանալու վերաբերյալ:

  1. Տեսալասողական ծրագրերի դիստրիբյուտորը յուրաքանչյուր նոր տեսալսողական ծրագրի կամ գույքային իրավունք տիրապետող անձի հետ կնքված նոր պայմանագրի  վերաբերյալ դիմում է ներկայացնում կարգավորող պետական մարմին:
  2. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կողմից կարգավորող պետական մարմին դիմում ներկայացնելուց հետո, կարգավորող պետական մարմինն իրականացնում է տեսալսողական ծրագրերի Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխանության ստուգման գործընթաց և 20-օրյա ժամկետում տրամադրում է թույլտվություն կամ մերժում է թույլտվության տրամադրումը:
  3. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների կատարման համար պարտավոր է անհրաժեշտ հասանելիությամբ ապահովել կարգավորող պետական մարմնին: Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը կարող է ապահովել կարգավորող մարմնի համար անհրաժեշտ հասանելիությունը՝

- տրամադրելով տվյալ տեսալսողական ծրագրի հղումը (լինքը),
- տրամադրելով տվյալ ծրագիրը կրիչի կամ այլ տեխնիկական միջոցների միջոցով,
- կամ տրամադրելով թեստային (test) ռեժիմով դիտման հնարավորություն՝ ըստ մատուցվող ծառայությունների տեխնիկական կարողությունների, և այլն:

  1. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորն իր գործունեության ընթացքում սույն հոդվածի 2-րդ մասի յուրաքանչյուր փոփոխության դեպքում 10 օրյա ժամկետում ծանուցում է ներկայացնում կարգավորող պետական մարմին։
  2. Թույլտվություն չի տրամադրվում՝ դիմումում ակնհայտ կեղծ, թերի կամ խեղաթյուրված տեղեկություններ հայտնաբերելու, սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին չհամապատասխանելու, օտարերկրյա տեսալսողական ծրագրերում գովազդ ներառված լինելու՝ բացառությամբ վերջինս առանց գովազդի տարբերակի ձեռք բերելու հնարավորություն չունենալու դեպքերի։
  3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո դիստրիբյուտորը, ինչպես նաև այն ցանցային օպերատորը, որն օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ պայմանագրի հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները։ Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր:
  4. Տեսալսողական ծրագրերի համապատասխան թույլտվության տրամադրման կարգը, պայմանները և դիմումի ձևն ու բովանդակությունը սահմանում է կարգավորող պետական մարմինը:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել՝ 54.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 54.1. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորին կամ ցանցային օպերատորին տրամադրված թույլտվության դադարեցումը․

«1․ Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորին, ինչպես նաև այն ցանցային օպերատորին, որը տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ պայմանագրի հիման վրա վերահաղորդում է իրականացնում, կարգավորող պետական մարմնի կողմից տրամադրված թույլտվությունը դադարեցվում է, եթե խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

2․ Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը, ինչպես նաև այն ցանցային օպերատորը, որը հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա վերահաղորդում է իրականացնում, կարգավորող պետական մարմնի պահանջով տեսագրությունն ու ձայնագրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելը առաջացնում է տրամադրված թույլտվության դադարեցում։

  1. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորին տրամադրված թույլտվության դադարեցման դեպքում կարգավորող պետական մարմինը այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է ցանցային օպերատորներին։
  2. Կարգավորող պետական մարմնից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցում ստանալու դեպքում ցանցային օպերատորները պարտավոր են անհապաղ դադարեցնել համապատասխան դիստրիբյուտորի կողմից տրամադրվող տեսալսողական ծրագրերի վերահաղորդումը։»։

 

Հոդված 8. Օրենքի 57-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրի մեկ տեսալսողական ծրագրի վերահաղորդում իրականացնելն՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.01 տոկոսի, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։»

 

2) Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել՝ 6.5-րդ, 6.6-րդ, 12.1-րդ, 12․2-րդ, 25.1-րդ և 25․2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.

«6.5 Ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրի երկուսից հինգ տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

6․6 Ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրի վեց և ավելի տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.07 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:

 

12.1. Կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում ցանցային օպերատորի կողմից սույն Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը չդադարեցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.07 տոկոսի, բայց ոչ պակաս, սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

 

12.2. Հեռարձակողի կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-ից 5-րդ կետերի պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:

 

25․1 Առանց սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված թույլտվության ցանցային օպերատորի կողմից գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

 

25.2. 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվածի յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ առանց տեղեկացնելու գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

 

3) Օրենքի 57-րդ հոդվածի՝

  • 25-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25. Առանց սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված թույլտվության տեսալսողական ծրագրի դիստրիբյուտորի կողմից գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

 

  1. 26-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26. Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումը առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։»:

 

Հոդված 9. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:»:

 

Հոդված 10. Ուժը կորցրած համարել սույն Օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասը:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել՝ 58.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ`

«Հոդված 58.1. «Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցումը ու դադարեցումը

  1. Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը կասեցվում է՝ առավելագույնը 30 օր ժամկետով, եթե՝

1) Ցանցային օպերատորը սույն օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի.
2) Ցանցային օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը կամ արգելքներ են ստեղծվում այլ Հեռարձակողների կամ օպերատորների գործունեության համար.
3) Ցանցային օպերատորի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 72 ժամ շարունակ վերահաղորդում չի իրականացվել.
4) Ցանցային օպերատորը լիցենզիա ստանալու պահից վեց ամսվա ընթացքում վերահաղորդում չի իրականացնում.
5) այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը.
6) օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ պայմանագրի հիման վերահաղորդման ընթացքում խախտվել են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները.
7) Օրենքի 54․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը 24 ժամվա ընթացքում ցանցային օպերատորի կողմից չկատարելը։»:

  1. Լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
  2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) իրավաբանական անձը լուծարվել է.
2) տեղի է ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
3) իցենզավորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.
4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել.
5) այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը.
6) կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում ցանցային օպերատորն իրականացրել է տեսալսողական հաղորդումների վերահաղորդում.
7) օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր:

 

Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1․  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  1. Կարգավորող պետական մարմնի կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված տեսալսողական հաղորդումների տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները և սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում։

3․ Կարգավորող պետական մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չափորոշիչների ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորներն ու ցանցային օպերատորները իրականացնում են անհրաժեշտ գործողություններ՝ իրենց գործունեությունը տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:

4․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ չորս ամսվա ընթացքում կարգավորող պետական մարմինը իրականացնում է ՀՀ-ում վերահաղորդվող բոլոր տեսալսողական ծրագրերի համապատասխանության ստուգման գործընթաց: ՀՀ օրենսդրությանն անհամապատասխանության մասին կարգավորող պետական մարմնի կողմից որոշում չկայացնելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է տրամադրված:»։

 

  • Քննարկվել է

    01.08.2025 - 22.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2305

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Գեւորգ Հայրապետյան

22.08.2025

Նախագիծն առնվազն տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք սահմանող դրույթի մասով չի բխում Նախագծի հիմնավորումից: Այսպես, հիմնավորմամբ իրավական որոշակիության ապահովման, անորոշություններից խուսափելու նպատակով ըստ էության առաջարկ է արվում գործող բլանկետային նորմերի փոխարեն սահմանել կոնկրետ/ինքնաբավ նորմեր: Սակայն նախագիծը այդպես էլ չի սահմանում կոնկրետ եւ ինքնաբավ կանոններ, քանի որ ամբողջությամբ պահպանում է բլանկետայնությունը Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանելով, որ արգելվում է քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը: Ավելին, անգամ Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի տարբեր դրույթներով նախատեսված ոչ բոլոր տեղեկություններն են, որ կոնկրետ են, դրանցից որոշների (օրինակ՝ բռնության կամ քրեական ենթամշակույթի քարոզի) բովանդակությունը բացահայտելու համար նույնպես անհրաժեշտ է դիմել այլ իրավական ակտերի: Այս համատեքստում տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերի հստակեցման փորձը հակառակը, թյուրըմբռնումների եւ տարընթերցումների տեղիք է տալիս: Օրինակ, անհասկանալի է Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի եւ նույն հոդվածի 4-րդ մասի (պահպանվել է գործող օրենքի ձեւակերպումը) հարաբերակցությունը: Պարզ չէ, թե ինչու՞ է մի դեպքում քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը արգելվում, մեկ այլ դեպքում քրեական ենթամշակույթի քարոզը, որը նույնպես քրեորեն պատժելի եւ օրենսդրությամբ արգելվող արարքի կոչ է իր էությամբ, միայն ենթարկվում ժամային սահմանափակման: Անորոշությունների այլ օրինակներ տես հաջորդ առաջարկներում: Նման պայմաններում գտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի առաջարկվող խմբագրությունը չի բխում Նախագծի հիմնավորումից, թյուրըմբռնումների եւ տարաձայնությունների տեղիք է տալիս, ըստ այդմ կարող է արտահայտվելու ազատության ոչ իրավաչափ միջամտության առիթ հանդիսանալ, ուստի անհրաժեշտ չէ կամ պետք է ամբողջությամբ վերախմբագրվի:

Գեւորգ Հայրապետյան

22.08.2025

Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում անորոշ է եւ պարզ չէ, թե Նախագիծը «նման նպատակ»-ի ներքո բռնություն և դաժանություն քարոզելու նպատակի կամ նույն մասի վերջին կետով նշված քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելու մեջ չներառվող ինչ նպատակ նկատի ունի: Եթե հնարավոր չէ հստակեցնել նման այլ նպատակները, ապա առաջարկում ենք նշված դրությում «կամ նման նպատակ» բառերը հանել, իսկ եթե նման այլ նպատակները հնարավոր է հստակեցնել, ապա առաջարկում ենք առնվազն «նման» բառից հետո ավելացնել «այլ» բառը:

Գեւորգ Հայրապետյան

22.08.2025

Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը: Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչու են նախատեսվում միայն խտրականության մի քանի դրսեւորումներ՝ անտեսելով խտրականության այլ դրսեւորումները (տես՝ Սահմանադրության 29-րդ հոդվածը):

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: