Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք հիմք են տալիս վերանայելու առանձին կարգավորումները, ինչպես նաև նախատեսելու նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության նվազեցնելու, ՀՀ տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով։

  • Քննարկվել է

    01.08.2025 - 22.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2304

Տպել

Առաջարկներ`

Գեւորգ Հայրապետյան

22.08.2025

Նախագիծն առնվազն տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք սահմանող դրույթի մասով չի բխում Նախագծի հիմնավորումից: Այսպես, հիմնավորմամբ իրավական որոշակիության ապահովման, անորոշություններից խուսափելու նպատակով ըստ էության առաջարկ է արվում գործող բլանկետային նորմերի փոխարեն սահմանել կոնկրետ/ինքնաբավ նորմեր: Սակայն նախագիծը այդպես էլ չի սահմանում կոնկրետ եւ ինքնաբավ կանոններ, քանի որ ամբողջությամբ պահպանում է բլանկետայնությունը Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանելով, որ արգելվում է քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը: Ավելին, անգամ Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի տարբեր դրույթներով նախատեսված ոչ բոլոր տեղեկություններն են, որ կոնկրետ են, դրանցից որոշների (օրինակ՝ բռնության կամ քրեական ենթամշակույթի քարոզի) բովանդակությունը բացահայտելու համար նույնպես անհրաժեշտ է դիմել այլ իրավական ակտերի: Այս համատեքստում տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերի հստակեցման փորձը հակառակը, թյուրըմբռնումների եւ տարընթերցումների տեղիք է տալիս: Օրինակ, անհասկանալի է Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի եւ նույն հոդվածի 4-րդ մասի (պահպանվել է գործող օրենքի ձեւակերպումը) հարաբերակցությունը: Պարզ չէ, թե ինչու՞ է մի դեպքում քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը արգելվում, մեկ այլ դեպքում քրեական ենթամշակույթի քարոզը, որը նույնպես քրեորեն պատժելի եւ օրենսդրությամբ արգելվող արարքի կոչ է իր էությամբ, միայն ենթարկվում ժամային սահմանափակման: Անորոշությունների այլ օրինակներ տես հաջորդ առաջարկներում: Նման պայմաններում գտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի առաջարկվող խմբագրությունը չի բխում Նախագծի հիմնավորումից, թյուրըմբռնումների եւ տարաձայնությունների տեղիք է տալիս, ըստ այդմ կարող է արտահայտվելու ազատության ոչ իրավաչափ միջամտության առիթ հանդիսանալ, ուստի անհրաժեշտ չէ կամ պետք է ամբողջությամբ վերախմբագրվի:

Գեւորգ Հայրապետյան

22.08.2025

Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում անորոշ է եւ պարզ չէ, թե Նախագիծը «նման նպատակ»-ի ներքո բռնություն և դաժանություն քարոզելու նպատակի կամ նույն մասի վերջին կետով նշված քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելու մեջ չներառվող ինչ նպատակ նկատի ունի: Եթե հնարավոր չէ հստակեցնել նման այլ նպատակները, ապա առաջարկում ենք նշված դրությում «կամ նման նպատակ» բառերը հանել, իսկ եթե նման այլ նպատակները հնարավոր է հստակեցնել, ապա առաջարկում ենք առնվազն «նման» բառից հետո ավելացնել «այլ» բառը:

Գեւորգ Հայրապետյան

22.08.2025

Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը: Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչու են նախատեսվում միայն խտրականության մի քանի դրսեւորումներ՝ անտեսելով խտրականության այլ դրսեւորումները (տես՝ Սահմանադրության 29-րդ հոդվածը):

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: