««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման, ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի n 704-ն որոշման մեջ լարացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
1․ Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։
««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) ՀՍՏ 370-2015 «Օրգանական սննդամթերքի արտադրության, վերամշակման, պիտակավորման և շուկայավարման ղեկավար ցուցումներ» Հայաստանի ազգային ստանդարտի ընդգրկման անհրաժեշտությամբ, հաշվի առնելով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացման գործընթացում ազգային ստանդարտի կիրառելիությունը և գործող որոշ ենթաօրենսդրական իրավական ակտերի կիրարկման հետ կապված խնդիրները։
Միաժամանակ սյուն նախագծի 2-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված պահանջը ներկայացվում է հաշվի առնելով, որ գործող ազգային ստանդարտով արդեն իսկ սահմանվում է օրգանական գյուղատնտեսությանը, օրգանական արտադրանքի մակնշմանը և ապրանքաշրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները, ինչպես նաև Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգավորումները։
Բացի այդ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների, արտադրատեսակների, արտադրողների և հողատարածքների մակերեսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման նպատակով անհրաժեշտություն է առաջանում Օրենքով սահմանել՝ Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսական գործունեություն ծավալող և որպես «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացված արտադրանք արտահանող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցամատյանում պարտադիր գրանցման ենթակա լինելու կարգավորումը։
Գործող Օրենքով օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցամատյանը վարող լիազոր մարմինը հնարավորություն ունի վարելու միայն Հայաստանի Հանրապետությունում արտադրված, սերտիֆիկացման մարմնի կողմից որպես «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացված և տեղական շուկայում իրացվող արտադրանք ունեցող տնտեսավարողների վերաբերյալ տեղեկատվությունը։
Վերոնշյալ կարգավորման ընդունումն անհրաժեշտ է օրգանական գյուղատնտեսության ճյուղում ընդհանուր իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկման, վերլուծությունների և զարգացմանն ուղղված միջոցառումների մշակման համար։ Միաժամանակ մշակված և առաջիկայում ընդունվելիք «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտադրանքն օրգանական ճանաչելու կարգի մասին» համաձայնագրի նախագծով նախատեսվում է ունենալ ԵԱՏՄ անդամ պետություններում օրգանական արտադրողների ռեեստր և փաստացի գործող կարգի համաձայն հնարավոր չէ ամբողջական արտադրողների մասին տեղեկատվություն հավաքագրել։
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը։
Ներկայացվող ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կնձեռնվի Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքը սերտիֆիկացնող մարմնի կողմից որպես «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացնել ազգային ստանդարտի համաձայն՝ խուսափելով լրացուցիչ խոչընդոտներից, ինչն ի հայտ էր գալիս Օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի կիրարկման ընթացքում։
Միաժամանակ ոլորտի իրավական կարգավորումները կհամապատասխանեցվեն, ինչպես նաև կմոտարկվեն ԵԱՏՄ օրենսդրությանը, հնարավորություն կստեղծվի տվյալների հավաքագրման, վերլուծությունների, կանխատեսումների և զարգացմանն ուղղված միջոցառումների, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացման համար։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
4․ Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կնձեռնվի Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքը սերտիֆիկացնող մարմնի կողմից որպես «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացնել ազգային ստանդարտի համաձայն՝ առանց լրացուցիչ խոչընդոտների, հնարավորություն կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսական գործունեություն ծավալող տնտեսավարողների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծությունների, կանխատեսումների և զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացման համար։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին։
ՀՀ օրենքի նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թթ․ միջոցառումների 1,13 կետով նխատեսված է աջակցություն ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը։
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի n 704-ն որոշման մեջ լարացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» N 704-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է գործող տարբերանշանի ցածր որակով և կիրառելիության հետ կապված սահմանափակումներով։
Առաջարկվող «Հայաստան օրգանական» տարբերանշանը մշակվել է Braind բրենդինգային ընկերության կողմից և անհատույց տրամադրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Այն հանդիսանում է հայկական օրգանական արտադրանքի հավաստման և նշագրման հիմնական խորհրդանիշը, որն ընդգծում է Հայաստանի մշակութային և ազգային ինքնությունը, ինչն արտահայտվում է նռան պատկերով՝ որպես պտղաբերության և հարստության ավանդական խորհրդանիշ: Տարբերանշանը նախատեսված է ինչպես հիմնական տարբերակով՝ բաց ֆոնի վրա կիրառման, այնպես էլ երկրորդական տարբերակով՝ մուգ կամ կանաչ ֆոնի վրա կիրառման համար, ինչը հնարավորություն է ընձեռնում պահպանել տարբերանշանի ընթեռնելիությունը և տեսանելիությունը կիրառման ընթացքում։
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը։
Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կնձեռնվի «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրների կարգավորմանը, կնպաստի տարբերանշանի ինքնության պաշտպանությանը, կնպաստի Հայաստանի՝ որպես բարձրակարգ օրգանական արտադրանքով երկրի ճանաչելիության բարձրացմանը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
4․ Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող նախագծերի ընդունման արդյունքում հնարավորություն կնձեռնվի «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության դյուրացմանը, տարբերանշանի ինքնության պաշտպանությանը, կնպաստի Հայաստանի՝ որպես բարձրակարգ օրգանական արտադրանքով երկրի ճանաչելիության բարձրացմանը, որը կհանգեցնի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների աճին։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին։
ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված գերակայությունների 4-րդ կետով նախատեսված է զարգացնել տեղական շուկաները և բարձրացնել արտահանման հնարավորությունները։
-
Քննարկվել է
15.07.2025 - 04.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1466
Տպել