ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և կարգավորման նպատակը.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 11.04.2023 թիվ ՍԴՈ-1683 որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել՝
- «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանում է արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելք.
- «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված կարգավորումը՝ ոստիկանության ծառայողի՝ արհեստակցական կազմակերպության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով.
- «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված կարգավորումը՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ արհեստակցական կազմակերպության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով.
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ամրագրված կարգավորումը՝ զինծառայողի՝ արհեստակցական միության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն թվականի հունիսի 23-ին թիվ 02/07.19/20131-2025 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է հետևյալ բովանդակությամբ հանձնարարական՝ «Վարչապետի հանձնարարությամբ՝ ի լրումն 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 02/07.19/16952-2025 հանձնարարականի, խնդրում եմ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1683 որոշման կատարումն ապահովող համապատասխան օրենքների նախագծեր»։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ, մշակել է ««Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքին՝ նշենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-404-Ն օրենքով Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով նախատեսված արհեստակցական կազմակերպությանն անդամակցելու սահմանափակումը վերացվել է։
Ինչ վերաբերում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին, ապա այս մասով նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և օրենքով սահմանված կարգով Ազգային Ժողովի քննարկանն է ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Կ-1068-12.05.2025, 16.06.2025-ՊԱ-011/0)։ Նախագծի 5-րդ հոդվածով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, որով ապահովվում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1683 որոշման կատարումը։ Միաժամանակ, նախագիծը 17․06․2025թ ընդգրկվել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
3. Ակնկալվող արդյունք.
Նախագծի ընդունմամբ կվերացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը և կապահովվի «Արհեստակցական միությունների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների իրավակարգավորումների համապատասխանեցումը Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը։
4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին։
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթում, որպես 4-րդ մեգանպատակ սահմանված է՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։
Նախագծով ներկայացվող փոփոխությունները միտված են վերոնշյալ փաստաթղթերում վկայակոչված նպատակների իրացմանը։
Ներկայացվող փոփոխությունները կապված են նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 8-րդ և 10-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ Զինված ուժերի բարոյեհոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կատարելագործման, Զինված ուժերում կարգապահության և մարդու իրավունքների պաշտպանության խթանման: