Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմնական նպատակը ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաև կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ԵՏՄ անդամ այլ պետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով կարգավորումների սահմանումն է։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքով ներկայումս կանոնակարգվում են էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակների միջոցով անհատ ձեռնարկատեր կան նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետ՝ ֆիզիկական անձ) կողմից ձեռք բերված ապրանքների ԱԱՀ-ով հարկման հետ կապված հարցերը։ Մասնավորապես, օրենսգրքով՝

- սահմանված են առևտրի էլեկտրոնային հարթակ և ապրանքների էլեկտրոնային առևտուր հասկացությունները,

- էլեկտրոնային առևտրի դեպքում ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ապրանքների փոխադրման (առաքման) ավարտի պահին ապրանքները հանձնվում են ֆիզիկական անձին ՀՀ տարածքում:

Հետևաբար, օրենսգրքի գործող կարգավորումները վերաբերում են միայն էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից հարթակների միջոցով ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքներին։

Միաժամանակ, օրենսգրքի գործող կարգավորումներով առանձնահատկություններ սահմանված չեն ԵՏՄ անդամ այլ պետությունների կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կողմից ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակների միջոցով ԵՏՄ անդամ այլ պետության տարածքում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով։

Օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ներպետական համաձայնեցման փուլում գտնվող Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի և Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N18 հավելվածի փոփոխությամբ, որով նախատեսվում է կանոնակարգել ԵՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարվող ապրանքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման հետ կապված հարցերը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով նախատեսվում է էլեկտրոնային առևտուր և առևտրի էլեկտրոնային հարթակ հասկացությունները համապատասխանեցնել ԵՏՄ պայմանագրի N18 հավելվածով նախատեսվող փոփոխություններին, ապրանքի մատակարարման վայրը որոշել փոխադրման (փոխանցման) ավարտի պահին ապրանքի փաստացի գտնվելու վայրով, հստակեցնել էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորություն կրողների շրջանակը, սահմանել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ԵՏՄ անդամ այլ պետության տարածքում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառման մասով համապատասխան կարգավորումներ։

Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտների կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման մասով բարձրացված հարցերի կարգավորման նպատակով նախատեսվում է հարկային օրենսդրությամբ պարզեցնել առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման գործընթացը և այդ գործարքների փաստաթղթավորումն իրականացնել էլեկտրոնային կտրոնի միջոցով։

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում՝

1) ապրանքների էլեկտրոնային առևտուր է համարվում ԵՏՄ մի անդամ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների մատակարարումը ԵՏՄ մյուս անդամ պետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսինքն՝ վաճառողը և ֆիզիկական անձը գտնվում են ԵՏՄ անդամ տարբեր պետություններում),

2) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող է համարվում ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այդ թվում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող), որի առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվում և (կամ) կազմակերպվում է ապրանքների էլեկտրոնային առևտուր,

3) ապրանքի մատակարարման վայրը համարվելու է Հայաստանի Հանրապետությունը, եթե ֆիզիկական անձանց վաճառված ապրանքները փոխադրման (փոխանցման) ավարտի պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում,

4) արտարժույթով արտահայտված գործարքների մասով հարկման բազան և եկամուտը որոշվելու է ապրանքի մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքից,

5) Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման նպատակով ապրանքի մատակարարման պահ է համարվելու ապրանքի դիմաց վճարումը կատարելու օրը ներառող ամսվա վերջին օրը,

6) ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից հրաժարվելու դեպքում օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում, որում ֆիզիկական անձին ամբողջությամբ կամ մասնակի վերադարձվել է ապրանքի արժեքը,

7) ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման փաստաթղթավորումն իրականացվելու է էլեկտրոնային կտրոնի միջոցով։ Ընդ որում, էլեկտրոնային կտրոնում պարտադիր ներառման ենթակա տվյալները և այդ կտրոնի դուրս գրման կարգը սահմանելու է Կառավարությունը,

8) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի՝ ֆիզիկական անձին մատակարարման գործարքը համարվելու է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ և այդ գործարքի մասով կիրառվելու է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ։ Ընդ որում, ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը այդ տեղեկատվությանը հասանելիության տրամադրման կարգն ու ժամկետները սահմանելու է Կառավարությունը,

9) առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ը հաշվարկելու և վճարելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը: Ընդ որում, սահմանվել է, որ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվելու յուրաքանչյուր հաշվետու ամիսը, իսկ ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարվելու մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

10) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում,

11) օրենքն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։

4. Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում են էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման, հարկային հաշվարկների ներկայացման, մատակարարումների փաստաթղթավորման, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ԵՏՄ անդամ այլ պետության տարածքում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ կիրառելու հետ կապված իրավակարգավորումները։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով օրենսդրությամբ սահմանված կարգավորումների համապատասխանեցում ԵՏՄ պայմանագրի N18 հավելվածով կատարվող փոփոխություններին, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ԵՏՄ անդամ այլ պետության տարածքում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման գործընթացի պարզեցում։

  • Քննարկվել է

    19.06.2025 - 04.07.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2980

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: