ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՕ-293-Ն), ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-295-Ն), 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներով (ՀՕ-236-Ն), որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, իսկ այն ուսումնական հաստատությունները որոնք իրականացրել են հիմնական կրթական ծրագրեր սահմաված ժամկետներում կդիմեն լիցենզավորման համար:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային) և նախադպրոցական ծառայություններ, ինչպես նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Կենտրոնները լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո՝ կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին:
Տարբեր քննարկումների արդյունքում կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի հետ պարզվեց, որ շատ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այդ թվում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար կարող է խնդիր առաջանալ լիցենզավորվելիս (քանի որ դեռ կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր են իրականացնում բնակելի տարածքներում), ուստի անհրաժեշտություն ենք համարում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով:
Նախադպրոցական ծառայություն իրականացնող կազմակերպությունները, քանի որ իրականացնում են ծառայություն մինչև 4 ժամ տևողությամբ, ուստի մանկավարժական կազմը հիմնական աշխատողներով ապահովելու խնդիր է առաջանում, քանի որ օրվա մի մասը նրանք աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով նախատեսել ենք 80% հիմնական աշխատողների շեմը իջեցնել 50%: Միաժամանակ, քանի որ նախադպրոցական ծառայությունը համաձայն օրենքի փոփոխության իրավաբանական անձի կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է ուստի անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել երեխայի խնամքի, հոգածության, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայությունների համապատասխանությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման, ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857, 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանները:
3.Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է լիցենզավորման կարգերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինելով և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպություններում հիմնական աշխատողների տոկոսային շեմը իջեցնելով անխոչընդոտ իրականացնել լիցենզավորման գործընթացը, միաժամանակ ապահովելով նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարածքների մասով այլ նորմատիվների կատարումը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3-րդ կետի պահանջներից ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
7.Ակնկալվող արդյունքը.
Իրականացնելով նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային) և նախադպրոցական ծառայություններ, ինչպես նաև հիմնական կրթական ծրագիր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորումը, ոլորտը դառնում է վերահսկելի իսկ կրթական ծրագրերի իրականցման գործընթացը դառնում է առավել արդյունավետ: