Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հայկուհի Խաչատրյան 30.04.2025 14:40:42 | Հաշվի առնելով, որ հիմնական աշխատողների թիվը նվազեցվում է, կարելի է ներդնել այլ ձևով որակի ապահովման մեխանիզմներ, օրինակ՝ պարտադիր վերապատրաստման ժամկետներ ոչ հիմնական աշխատողների համար, տարեկան մոնիթորինգի պահանջ կրթության որակի նկատմամբ։ | Վերապատրաստումները, որոնք նախատեսված են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով, վերաբերվում են մանկավարժական աշխատողներին (անկախ հիմնական կամ համատեղությամբ աշխատողների), որոնք հինգ տարին մեկ անցնում են պարտադիր վերապատրաստում և որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան /ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրաման/ : | |||
| 2 | Marine Muradian 03.05.2025 18:14:40 | երբ 2024 թվականին այս հարցը բարձրացնում էինք, վստահեցնում էիք, որ եթե ոչ այսօր, ապա վաղը բոլոր մասնավոր մանկապարտեզները ՀՀ-ում դառնալու են հասարակական նշանակության։ Վստահեցնում էիք, որ սա արվում է երեխաների շահից ելնելով, որ բոլոր շինությունները վաղ թե ուշ պիտի համապատասխանեն նորմերին՝ կոչվելու մանկապարտեզ։ 8 ամիս շարունակ քաղաքապետարան-Կադաստր-Կգմսն քաշքշուքների մեջ մեզ գցեցիք, ծախսեցինք ավելի քան 3 մլն դրամ միայն շինության տիպը փոփոխելու համար, այսուհետ հասարակական շինության ծախսերը մեզ համար արժենալու են ավելին և այսքանից հետո նորից ուզում եք հանել այդ պահանջը՞ Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ այսքան ամիսներ շարունակ մի շարք կենտրոնների ստիպել եք անիմաստ վատնել գումարներ, միայն նրա համար, որ շինության նշանակությունը փոխվի հասարակական։ Նույնիսկ մեկ դուռ չի փոխվել մեր շինության մեջ, այսինքն այն լիովին համապատասխանել է նորմերին, բայց միայն այդ թուղթն ունենալու համար այդքան ժամանակ ու ռեսուրս է վատնվել, որ այսօր հայտարարեք թե դա ընդհանրապես անհրաժեշտություն չի ՞։ Ու այդպես հանգիստ կառավարության նիստի ժամանակ ներկաներին համոզելու եք, որ սա լավ նախագիծ է և ոչ թե որ ժամանակին ականջալուր չեք եղել ոլորտի մասնակիցներին ու հապճեպ որոշում եք կայացրել՞։ Առնվազան պետք է սահմանվի ժամկետ, որից հետո ՀՀ-ում, բոլոր գործող մասնավոր մանկապարտեզները գործեն միայն հասարակական շինության առկայության դեպքում, ինչպես ժամանակին մեզ էիք համոզում։ Ձեր կայացրած որոշման հետևանքով նույն գործունեությունը ծավալող տնտեսվարողներին դրել եք անհավասար մրցակցային պայմաններում։ Պատրա՞ստ եք արդյոք փոխհատուցել այն բոլոր անիմաստ ծախսերը, որոնք ձեր կայացրած որոշման արդյունքում կատարվել են՞։ Սա ի՞նչ անպատասխանատու գործելաոճ է՞ Այս բոլոր մտահոգությունները մի քանի անգամ բարձրաձայնվել են տարբեր հարթակներում։ Սա պարզապես կոչվում է ձեռ առնել մարդկանց, ովքեր փորձել են ամեն ինչ անել օրենքի սահմաններում և փորձ օրենքը ձևելու մի քանի կենտոններին հարմար դարձնելու նպատակով։ Ի՞նչ եք պատասխանելու այն բոլոր տնտեսվարողներին, որոնց ստիպել եք այս ժամանակահատվածում իրենց բնակելի տները դարձնել հասարակական և ծախսել այդքան ռեսուրս, ժամանակ ու նյարդեր։ | Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով բազմաթիվ հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիների պահանջը: Այն նախադպրոցական ուսումնական հաստատությունները, որոնք կունենան 50-ից ավել երեխաներ, նրանց համար կգործի հասարակական շենք շինություն ունենալու պահանջը: Այսինքն հասարակական շինություններ ունենալու պահանջը չի հանվել, այն գործում է 50 թվակազմից ավելի սան ունեցող ուսումնական հաստատութոյւնների համար: Բնակեի շինությունների պահանջը նախատեսված է միայն սակավակազմ, մինչև 50 թվակազմ ունեցող ուսումնական հաստատութոյւնների համար, որոնք պիտի ապահովեն քաղաքաշինական նորմատիվների պահանջները: | |||
| 3 | ՄՆՀԱ ասոցիացիա 06.05.2025 12:25:45 | Տարածքի բնակելի կամ հասարակական նշանակությունը չի կարող լիարժեք հիմք հանդիսանալ նախադպրոցական գործունեություն ծավալելու համար։ Հարկավոր է մշակել չափանիշներ, որոնց հիման վրա կգնահատվի տարածքը և գնահատման արդյունքների հիման վրա որոշում կկայացվի արդյոք այն հարմար է նախադպրոցական ծառայություններ իրականացնելու համար թե ոչ։ ԱՆհրաժեշտ է բացառել տարածքի օգտագործման արգելքը միայն դրա բնակելի կարգավիճակի հիմքով, եթե անվտանգության պահանջները բավարար են։ Սահմանել անվտանգային մինիմալ պահանջների ցանկ՝ շեշտը դնելով ոչ թե տարածքի ֆորմալ նշանակության և սաների թվաքանակի, այլ իրական օգտագործման պայմանների վրա՝ (օրինակ՝ հավելյալ վթարային ելքերի քանակը՝ կախված սաների թվից, հակահրդեհային միջոցառումներ և այլն): Այս մոտեցումը կհավասարեցնի պայմանները, կտա հնարավորություն արդեն իսկ լիցենզավորված հաստատություններին անհրաժեշտության դեպքում լիցենզիայի պայմանների փոփոխություն կատարել և կբերի հաստատությունները օրինական դաշտ։ | Նախագիծը մշակվել է հաշվի առնելով շահագրգիռ կողմի բազմաթիվ առաջարկությունները, միաժամանակ բազմիցս քննարկումներ կազմակերպելով Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների հետ: Քաղաքաշինական նորմատիվներում սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը նախատեսվում են 2 հարկ բարձրությամբ։ Կառուցապատման բարձր խտության և տարածքի սակավության պայմաններում թույլատրվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը նախատեսել 3 հարկ բարձրությամբ։ 3-րդ հարկում թույլատրվում է տեղակայել խմբային բջիջներ միայն ավագ տարիքային խմբերի երեխաների համար, դահլիճներ և երեխաների հետ աշխատելու այլ մասնագիտացված սենքեր, ծառայողական, կենցաղային և հանգստի (ռեկրեացիոն) սենքեր։ Մսուրային տարիքի երեխաների համար նախատեսված խմբային բջիջները, որպես կանոն, տեղակայվում են 1-ին հարկում, 2 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների համար խմբային բջիջների տեղակայում թույլատրվում է 2-րդ հարկում: Երկրորդ և երրորդ հարկերի յուրաքանչյուր խմբային բջիջից պետք է նախատեսել երկու տարանջատված տարհանման ելքեր դեպի երկու սանդղավանդակ, այդ թվում նաև՝ միջանցքով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել որ նմանատիպ պայմաններ կարող են ապահովել հիմնականում միահարկ, երբեմն նաև երկհարկ շինությունները, որոնք կարող են տեղավորրել սակավակազմ թվաքանակով երեխաներ (իսկ բնակելի շենքերը, որոնք առանձնատներ են սովորաբար լինում են եռահարկ, երբեմն քառահարկ): | |||
| 4 | ՄՆՀԱ ասոցիացիա 06.05.2025 12:26:36 | Լիցենզավորման գործընթացում երկրորդ առանցքային խոչընդոտը վերաբերում է մասնագետների որակավորմանը ներկայացվող չափազանց խիստ և երբեմն հակասական պահանջներին։ Չնայած պետական քաղաքականության նպատակն է ապահովել որակյալ կադրեր նախադպրոցական կրթության ոլորտում, գործող մեխանիզմները շատ հաճախ գործնականում վերածվում են անհաղթահարելի արգելքների: Թեև որոշ կարգավորումներ ներդրվել են՝ կապված կրեդիտային համակարգով դաստիարակների վերապատրաստման հնարավորության հետ, այնուամենայնիվ այս պահին մեխանիզմը ամբողջությամբ չի գործում։ Իսկ ԶԼՄ-ներում պարբերաբար հնչող հայտարարությունները մանկավարժական կրթության պարտադիր լինելու վերաբերյալ վկայում են ոլորտում քաղաքականության և պրակտիկայի միջև առկա անորոշության մասին։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդումների, մանկավարժական կրթությունը շարունակում է դիտարկվել որպես պարտադիր նախապայման, ինչը խստորեն սահմանափակում է նոր մասնագետների ներգրավումը նախադպրոցական ոլորտում։ Առաջարկ: Կիրառել հանրակրթության համակարգում կիրառվող փորձը՝ թույլ տալով բարձրագույն կրթության այլ մասնագիտությամբ անձանց անցնել ՇՄԶ վերապատրաստման ծրագիր և շարունակել աշխատանքը ոլորտում։ Սա մեծապես կհեշտացնի որակյալ կադրերի ներգրավումը՝ առանց մասնագիտական նշաձողը իջեցնելու, ինչպես նաև մեծապես կլուծի բազմաթիվ հաստատությունների լիցենզավորման պահանջներին չհամապատասխանելու խնդիրը։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է կիրառել այն նույն մոտեցումը, որն այսօր գործում է հանրակրթության ոլորտում․ մասնագետը կարող է չունենալ մանկավարժական նախնական բարձրագույն կրթություն, սակայն հնարավորություն է ստանում աշխատել պայմանով, որ կհավաքի համապատասխան կրեդիտներ և կհաստատի իր կարողությունները գործնականում։ Նույն չափանիշների կիրառումը նախադպրոցական ոլորտում կբացի դաշտը որակյալ և պատրաստակամ մասնագետների համար՝ առանց իջեցնելու կրթության որակը։ | Այդ հարցի լուծումը տրված է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով, համաձայն որի նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է համապատասխանի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկով և պաշտոնների նկարագրով դաստիարակի պաշտոնի համար սահմանված որակավորման պահանջներին կամ ունենա միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և հատուկ դասընթացի միջոցով (մոդուլ) ձեռք բերի նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 20 կրեդիտ: Այսինքն հավաքելով համապատասխան կրեդիտներ այլևս անհրեժշտ չի լինի համապատասխան որակավորում ունենալու պահանջը: | |||
| 5 | Լիա Մարտիրոսյան 10.05.2025 15:46:08 | Նախագիծը լիովին հիմնավորված է և արդիական, քանի որ, մասնավորապես, փոքր կամ սակավաբնակ բնակավայրերում բարդ է կազմակերպել նախադպրոցական ուսումնական գործունեություն՝ հաշվի առնելով տարածքների հասարակական նպատակային նշանակության սահմանափակումները: Միաժամանակ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ներդնել հստակ գործիքակազմ, որն ապահովի բնակելի տարածքների հակահրդեհային և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման արդյունավետ վերահսկողություն: Առաջարկում եմ «մինչև 50 թվակազմ ունեցող սակավակազմ ․․․» արտահայտությունը ճշգրտել՝ մեկնաբանության միանշանակություն ապահովելու նպատակով, և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «մինչև 50 երեխայի ընդգրկմամբ գործող սակավակազմ ․․․»: | Բնակելի տարածքների հակահրդեհային և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման վերահսկողությունը իրանացվում է քաղաքաշինության և առողջապահության բնագավառի համապատասխան լիազոր մարմիննների կողմից, որոնց հետ նախարարությունը համագործակցում է: Ինչ վերաբերվում է ձևակերպման փոփոխությանը, ապա այն քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի հետ: |