Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Կից տեղադրված են «Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

  • Քննարկվել է

    27.08.2024 - 11.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8908

Տպել

Առաջարկներ`

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սպառիչ կերպով թվարկում է այն բոլոր հիմքերը, որոնց առկայության պարագայում օտարերկրացիներին կարող է տրվել կացության կարգավիճակ։ Այդ հիմքերում բացակայում են այնպիսինները, որոնք հնարավորություն կտան այն օտարերկրացիներին, որոնք ունեն ցանկություն և բավարար գումար Հայաստանի Հանրապետությունում իրենց կեցությունն ապահովելու՝ առանց լրացուցիչ կապեր ունենալու պետության հետ, օրինականացնել իրենց բնակությունը պետությունում։ Առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» օրենքում սահմանել ֆինանսապես կայուն անձ համարվելու հիմքով Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակ ստանալու հիմք, որն ուղղված կլինի ինչպես պետության տնտեսական, այնպես էլ միգրացիոն ոլորտների զարգացմանը։ Նման ծրագրի մշակման համար որպես հաջողված օրինակներ կարող են դիտարկվել մի շարք պետությունների նույնաբնույթ ծրագրերը, օրինակ՝ Մեքսիկայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Մալայզիայի և այլն։ Ծրագրի հիմնական նպատակներից մեկն ապահովելն է, որ օտարերկրացիները, որոնք ցանկանում են կապ ստեղծել Հայաստանի հետ, միաժամանակ ֆինանսապես ինքնաբավ լինեն՝ Հայաստանում սեփական միջոցները ծախսելու հնարավորությամբ։ Ծրագրով պետք է նախատեսվի, որ ֆինանսապես կայուն անձ համարվելու համար օտարերկրացին պետք է ունենա, օրինակ, տարեկան առնվազն ութ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով եկամուտ, կամ բանկային հաշվին առկա լինեն դրամական միջոցներ՝ նվազագույնը տասնվեց միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Գումարի որոշված սահմանաչափը համապատասխանում է Հայաստանի կենցաղային ծախսերի տնտեսական պայմանների հետ՝ ապահովելով, որ կացության կարգավիճակ ստացած անձինք կկարողանան պահպանել արժանապատիվ կենսամակարդակ։ Առաջին տարբերակը, այն է՝ օտարերկրացին պետք է ունենա տարեկան առնվազն ութ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով եկամուտ, ենթադրում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում անձը պետք է պարբերական կտրվածքով որևէ եկամտի աղյուրից ստացած լինի բավարար դրամական միջոցներ։ Սա վերաբերելի է այն անձանց, որոնք իրենց պետությունից ստանում են աշխատավարձ, կենսաթոշակ կամ այլ կայուն եկամուտ և ցանկանում են այդ եկամուտներն օգտագործել Հայաստանում։ Միևնույն ժամանակ, այն անձինք, որոնք չունեն կայուն եկամուտ, սակայն ունեն կուտակված դրամական միջոցներ, ևս հնարավորություն կստանան դրանց առկայության հիմքով Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու և միջոցները Հայաստանի տարածքում տնօրինելու։ Ծրագիրը նաև նպատակաուղղված կլինի այն անձանց, որոնց աշխատանքի բնույթը թույլատրում է հեռավար եղանակով կատարել այն (digital nomads) և բնակություն հաստատել այլ պետության տարածքում։ Ներկայումս նման գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք ցանկանում են Հայաստան տեղափոխվել, ստիպված են լինում Հայաստանում հիմնել իրավաբանական անձ կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր՝ այդ հիմքով կացության կարգավիճակ ստանալու և Հայաստանում ազատորեն բնակվելու ու գործունեություն ծավալելու համար։ Մինչդեռ նման անձանց հնարավորություն տալն առանց մեկ լրացուցիչ քայլ անելու, այսինքն՝ առանց իրենց գործունեությանը Հայաստան տեղափոխելու, հեռավար կարգով եկամուտ ստանալն ու միաժամանակ Հայաստանում օրինական բնակություն հաստատելը միգրացիայի մեծ խթան կհանդիսանա։ Միևնույն ժամանակ, ծրագիրն օգտակար կլինի նաև թոշակառուների համար։ Վերջիններս, շարունակելով ստանալ իրենց կայուն եկամուտը՝ թոշակի տեսքով, հնարավորություն կունենան Հայաստան տեղափոխվելու և իրենց բնակությունը Հայաստանում օրինականացնելու։ Կարծում ենք՝ անվիճելի է, որ այն անձանց՝ Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելը, որոնք ֆինանսապես ապահովված են, միայն արդյունավետ կլինի տնտեսական զարգացման տեսանկյունից։ Հարկ է նշել, որ նշված պայմաններին բավարարելու դեպքում օտարերկրացիները հնարավորություն կունենան ձեռք բերելու ժամանակավոր կացության կարգավիճակ։ Մինչդեռ կացության կարգավիճակի այլ տեսակների պարագայում պայմանները համապատասխանաբար կտարբերվեն։ Մասնավորապես, մշտական կացության կարգավիճակ ստանալու համար նշված եկամտի և դրամական միջոցների վերաբերյալ պահանջները ենթակա կլինեն բազմապատկման հինգով, իսկ հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար՝ տասով: Մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար ավելի բարձր ֆինանսական շեմերի սահմանումը, նախևառաջ, հիմնվում է այն հանգամանքի հիման վրա, որ դրանք անձին առավել երկար ժամկետով են Հայաստանում օրինական բնակվելու հիմք շնորհում։ Բացի դրանից, սա ուղղված է ներգրավելու այն անձանց, որոնք ոչ միայն ֆինանսապես կայուն են, այլև պատրաստ են երկարաժամկետ կապ ստեղծել Հայաստանի հետ և, մեծ հավանականությամբ, խթանել տնտեսությունը, ներդրումներ կատարել և այլն։ Տարբեր պետությունների ծրագրերը, օրինակ՝ Մեքսիկայի «Residency Visa Through Economic Solvency», Պորտուգալիայի «Passive Income visa», Մալայզիայի «My Second Home Program», Արգենտինայի «Rentista and Pensionado Visa», ցույց են տվել, որ ֆինանսապես կայուն անձանց կացության կարգավիճակի տրամադրումը նպաստում է տնտեսության զարգացմանը՝ առանց պետությանը ծանրաբեռնելու։ Նախագծերի փաթեթով առաջարկվող ծրագիրը որպես հիմք է վերցրել վերոնշյալ հաջողված մոդելները՝ դրանք հարմարեցնելով Հայաստանի տնտեսական և սոցիալական առանձնահատկություններին։ Հարկ է նաև նշելը, որ համաձայն առաջարկվող ծրագրի՝ ֆինանսական ստուգման գործընթացը հիմնարար է ծրագրի ամբողջականության համար: Նախատեսվում է, որ եկամտի կամ դրամական միջոցների առկայությունը պետք է ապացուցվի Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի (օրինակ՝ քաղվածքի կամ տեղեկանքի) միջոցով, իսկ օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի դեպքում վերջինս պետք է վավերացված լինի: Փաստաթուղթը պետք է տեղեկություններ պարունակի այն մասին, որ կացության կարգավիճակ ստանալու դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում անձի կողմից ստացված եկամտի չափը կամ բանկային հաշվի միջին մնացորդը հավասար կամ ավելին է, քան սահմանված նվազագույն չափը։ Այս փաստաթղթի ներկայացումը կարևոր նշանակություն կունենա, քանի որ բացի նրանից, որ կապացուցի գումարի անհրաժեշտ չափի առկայությունը, այլև թույլ կտա համոզվել, որ եկամուտներն օրինական են և որ դրամական միջոցները պահվում են օրինական եղանակով։ Եզրափակելով՝ հարկ է նշել, որ ֆինանսապես կայուն անձ համարվելու հիմքով Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ձեռք բերելու վերաբերյալ առաջարկվող ծրագիրը կհավասարակշռի նման անձանց ներգրավման տնտեսական օգուտները Հայաստանի միգրացիոն կարգավիճակի զարգացման հետ: Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը և այն պրոյեկտելով հայաստանյան իրականությանը՝ ծրագիրը որպես արդյունավետ ռազմավարություն կհանդիսանա տնտեսական աճի խթանման և մշակութային բազմազանության ամրապնդման համար։ Այսպիսով, առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով՝ «Սույն օրենքի 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված՝ ֆինանսապես կայուն անձ համարվելու չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»։ Նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով՝ «ֆինանսապես կայուն անձ համարվելը»։ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով՝ «ապացուցում է իր՝ ֆինանսապես կայուն անձ համարվելը։»։ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ՝ «Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև ֆինանսապես կայուն անձ համարվող օտարերկրացիներին։»։ Միևնույն ժամանակ, օրենսդրական առաջարկվող փոփոխություններն ապահովելու համար հարկավոր կլինի ընդունել Կառավարության որոշում՝ ֆինանսապես կայուն անձ համարվելու չափանիշները սահմանելու մասին։ Մասնավորապես, առաջարկում ենք Կառավարության որոշմամբ սահմանել, որ 1) Ֆինանսապես կայուն անձ է համարվում այն օտարերկրացին, որն ունի բավարար եկամուտ կամ դրամական միջոցներ Հայաստանի Հանրապետությունում գտնվելիս իր կեցության ծախսերը հոգալու համար և որի կողմից տնօրինվող եկամուտը կարող է դրական ազդել սպառման, ներդրումների կամ խնայողությունների մակարդակի վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, 2) Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ֆինանսապես կայուն անձ համարվելու համար նվազագույն եկամտի պահանջը սահմանվում է տարեկան ութ միլիոն դրամ կամ դրան համարժեք արտարժույթ, 3) Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ֆինանսապես կայուն անձ համարվելու համար օտարերկրացին կարող է նաև ցույց տալ իր բանկային հաշվին դրամական միջոցների առկայությունը՝ նվազագույնը տասնվեց միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, 4) Եկամտի կամ դրամական միջոցների առկայությունը կարող է ապացուցվել Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի (օրինակ՝ քաղվածքի կամ տեղեկանքի) միջոցով։ Օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի դեպքում վերջինս պետք է լինի վավերացված: Փաստաթուղթը պետք է ցույց տա, որ դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում ստացված եկամտի չափը կամ բանկային հաշվի միջին մնացորդը հավասար կամ ավելին է, քան սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված չափերը, 5) Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված եկամտի և դրամական միջոցների վերաբերյալ պահանջները ենթակա են բազմապատկման հինգով, իսկ հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար՝ տասով: Որպես վերոնշյալ առաջարկի լրացում՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N-134 որոշման Հավելված N4-ի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Բանկի կամ ֆինանսական կազմակերպության կողմից տրված քաղվածք կամ տեղեկանք, որը պարունակում է բանկային հաշվի՝ վերջին տասներկու ամսվա շարժի վերաբերյալ տվյալներ կամ բանկային հաշվի միջին մնացորդի վերաբերյալ տվյալներ (միայն ֆինանսապես կայուն անձանց համար)»: Ինչպես նաև, առաջարկում ենք նույն որոշման Հավելված N5-ի 1-ին կետում «ինչպես նաև» արտահայտությունը փոխարինել ստորակետով, իսկ «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» արտահայտությունից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսապես կայուն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով։

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունն արդեն իսկ սահմանում է, որ «էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու կարգը, վարչական մարմինների միջև փոխգործակցությունը և ծանուցման եղանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Կարծում ենք՝ Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված դրույթից նպատակահարմար կլինի «Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» արտահայտությունը հանելը, քանի որ տարբեր հոդվածներում զուգահեռաբար Կառավարության որոշումների մասին հիշատակումը կարող է շփոթություն առացնել և ստեղծել տպավորություն, որ խոսքը Կառավարության տարբեր որոշումների մասին է։ Միևնույն ժամանակ, Նախագծի 17-րդ հոդվածում ևս սահմանվում է, որ «օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ՝ Կառավարությամբ սահմանված կարգով»։ Նախ՝ դրույթում առկա է վրիպակ․ «Կառավարությամբ» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել «Կառավարության որոշմամբ» արտահայտությամբ։ Այնուհետև, եթե խոսքը գնում է Կառավարության վերոնշյալ նույն որոշման մասին, ապա կրկին կարծում ենք, որ այս դրույթից ևս նպատակահարմար կլինի «Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» արտահայտությունը հանելը՝ ավելորդ կրկնություններից և խառնաշփոթից խուսափելու համար։

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է մինչև 10 տարի ժամկետով։ Հաշվի առնելով, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի 3-րդ հոդվածում «մշտական կացության կարգավիճակի» սահմանումն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում, առաջարկում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվի անժամկետ՝ ելնելով մի քանի հիմնավոր պատճառներից: Նախ, ինչպես նշվեց, «Օտարերկրացիների մասին» օրենքի 3-րդ հոդվածում տրված սահմանմամբ մշտական կացության կարգավիճակը մեկնաբանվում է որպես մշտական բնույթ կրող կարգավիճակ, ուստի դրա սահմանափակումը մինչև 10 տարի ժամկետով հակասում է այդ գաղափարին։ Եթե կացության կարգավիճակը սահմանափակվում է ժամանակով, ապա այն այլևս «մշտական» չի կարող համարվել, և սա կարող է հանգեցնել որոշ իրավական ու սոցիալական խնդիրներ: Օտարերկրացիները, որոնք կցանկանան Հայաստանում խոշոր կամ երկարաժամկետ ներդրումներ կատարել, այդ թվում՝ անշարժ գույք ձեռք բերել, կբախվեն ապագայի անորոշության խնդրին, ինչը կնվազեցնի է երկրի գրավչությունը ներդրումների համար։ Բացի դրանից, բարձր որակավորում ունեցող մասնագետներն ու ձեռնարկատերերը չեն կարող լիարժեք ինտեգրվել Հայաստանի տնտեսության մեջ, եթե չունեն վստահություն, որ կարող են անժամկետ և կայուն բնակություն հաստատել երկրում։ Անժամկետ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ավելի հավանական է, որ կձգտեն սովորել հայերեն, լիարժեքորեն կընդգրկվեն հասարակության մեջ և ավելի ակտիվ կխթանեն տնտեսական զարգացումը։ Սրա արդյունքում, բնականաբար, կբարելավվի երկրի դեմոգրաֆիական վիճակը, կաճեն պետության հարկային, կենսաթոշակային ֆոնդերի եկամուտները։ Հակառակ դեպքում օտարերկրացիները մշտական վախի մեջ կգտնվեն այն պատճառով, որ իրենց և իրենց ընտանիքի անդամներին միգուցե հնարավորություն չտրվի շարունակել բնակվել Հայաստանում։ Գործատուներին ևս առավել հարմար կլինի կնքել անժամկետ աշխատանքային պայմանագրեր՝ խթանելով աշխատաշուկայի կայունությունը, իսկ աշխատողներն իրենց հերթին առանց մտավախության հնարավորություն կունենան գործատուին փոխելու։ Ի վերջո, անժամկետ կացության կարգավիճակը կնվազեցնի վարչարարության ծախսերը՝ կապված կացության կարգավիճակների երկարաձգումների հետ, ինչպես նաև կկրճատի պետական ծառայողների վրա դրված թղթաբանության ավելորդ ծանրաբեռնվածությունը։ Հաշվի առնելով, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի 21-րդ հոդվածով արդեն իսկ հստակ սահմանվում են այն դեպքերը, երբ օտարերկրացին կարող է զրկվել կացության կարգավիճակից, անժամկետ կացության կարգավիճակի տրամադրումը էական ռիսկեր չի պարունակում։ Ավելին, հատկանշական է, որ մշտական կացության կարգավիճակի երկարաձգման համար օրենսդրությամբ պետական տուրք նախատեսված չէ, ինչը վկայում է այն մասին, որ օրենսդրի միտքն ի սկզբանե եղել է այն, որ մշտական կացության կարգավիճակը միանվագ բնույթ է կրում և չունի երկարաձգման կարիք։ Հետևապես, առաջարկում ենք մշտական կացության կարգավիճակը չսհամանափակել որևէ ժամկետով, ինչն ավելի արդյունավետ կլինի և երկարաժամկետ հեռանկարում կբերի դրական արդյունքներ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: