Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--------- ---------------- 2026  թվականի  N      - Ն

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2.  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ։

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

              ՀՀ կառավարության 2026 թվականի

______________ ____ -ի N ______ որոշման

 

ԾՐԱԳԻՐ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.      Ծրագրի նպատակն է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց մրցունակության բարձրացումը և կայուն զբաղվածության ապահովումը։

2.      Սույն ծրագրում կարող են ընդգրկվել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող (այսուհետ՝ hաշմանդամություն ունեցող) անձինք և 63-ից բարձր տարիք ունեցող այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով, համաձայն  «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված անձնավորված հաշվառման տվյալների՝ վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ (այսուհետ՝ աշխատանք փնտրող)։

3.    Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում այն գործատուին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որն առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր է կնքում իր պահանջներին համապատասխանող աշխատանք փնտրող անձի հետ:

4.    Ծրագիրը ֆինանսավորվում է`

1)    Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ.

2)   օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

 

5.    Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում (այսուհետ՝ հարթակ) և կատարած լինի համապատասխան նշում՝ ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Տվյալ դեպքում աշխատանք փնտրողը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, ներառյալ օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության,  անձի ֆունկցիոնալության գնահատման «E-Disability» տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվության հետ և սույն ծրագրի 2-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում անձի օգտահաշվում պահպանվում է կատարված նշումը։

6.    Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն հարթակում նշում է կատարում ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում, որտեղ վեբ ծառայության միջոցով ինքնաշխատ եղանակով արտացոլվում են գործատուի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից՝ գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, պետական հաշվառման ամսաթիվը և հաշվառման/բնակության կամ գործունեության վայրի հասցեն։

7.      Գործատուն դիմումում նշում է թափուր հաստիքի անվանումը, աշխատանքի վայրը և աշխատավարձի չափը, աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման, հմտությունների և կարողությունների պահանջները:

8.     Գործատուի դիմումը հարթակի միջոցով փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) մասնագետին, որտեղ ցուցադրվում է գործատուի վերաբերյալ սույն ծրագրի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը։

9.     Գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի մասնագետի կողմից այն հաստատվելու դեպքում հարթակն ինքնաշխատ եղանակով համադրում է սույն ծրագրի 7-րդ կետով նշված պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, հաշմանդամություն ունենալու հանգամանքը, մասնագիտություն, որակավորում, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում))։

10.    Սույն ծրագրին մասնակցության համար աշխատանք փնտրողը և գործատուն կարող են դիմել տարածքային կենտրոն նաև առձեռն եղանակով՝ հարթակի միջոցով սույն ծրագրի 5-9-րդ կետերով նախատեսված գործընթացների իրականացման անհնարինության դեպքում։  Տվյալ դեպքում գործատուն դիմումին կից ներկայացնում է թափուր աշխատատեղի մասով հայտ՝ նշելով ծրագրի 7-րդ կետով նախատեսված պահանջները, իսկ տարածքային կենտրոնը, գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը համալրելու համար, գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հնարավորության դեպքում ինքնաշխատ եղանակով, կազմում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (այսուհետ՝ ցուցակ)` հիմք ընդունելով տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձանց տվյալները և սույն ծրագրի 2-րդ և 7-րդ կետերում նշված պահանջները։

11.     Տարածքային կենտրոնը, ցուցակը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկությունները (անուն, ազգանուն, մասնագիտություն, որակավորում, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե) և այդ մասին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում ցուցակում ընդգրկված անձանց։

12.   Գործատուի դիմումը հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և այդ մասին  տեղեկացնում տարածքային կենտրոնի մասնագետին։  Տարբեր գործատուների ուղարկված ցուցակներում ծրագրում ընդգրկման ենթակա անձանց տվյալների կրկնության դեպքում, երբ գործատուների կողմից ընտրվում են իրենց պահանջներին բավարարող միևնույն անձին, ապա տվյալ անձն է ընտրություն կատարում՝ որ գործատուի հետ է ցանկանում մտնել աշխատանքային հարաբերությունների մեջ և այդ մասին տեղեկացնում  տարածքային կենտրոնի մասնագետին։ Տեղեկացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է գործատուին աջակցություն տրամադրելու մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` երեք օրինակից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան, որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։

13.   Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր։

14.   Ծրագրի շրջանակում գործատուին տրամադրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի փոխհատուցում՝

1)      աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը.

2)     աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը, միաժամանակ տրամադրելով նաև 1-3-րդ ամիսների համար շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 50%-ի չափով գումար, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը։

15.   Սույն ծրագրով շահառուի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները սույն ծրագրի 14-րդ կետով նախատեսված փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում՝ գործատուին տրամադրվում է միանվագ աջակցություն՝ 100 000 դրամի չափով։

16.   Ծառայությունը սույն ծրագրի 14-րդ կետով նախատեսված գումարը փոխանցում է գործատուի բանկային հաշվեհամարին եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, իսկ 15-րդ կետով նախատեսված գումարը՝ մինչև աշխատանքային պայմանագրի գործողության 12 ամիսը լրանալուն հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը։

17.   Տարածքային կենտրոնի մասնագետը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների համար աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափի վերաբերյալ, որն էլ հիմք է հանդիսանում գործատուին ծրագրով նախատեսված աջակցության տրամադրման համար։ Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված հարկային հաշվարկներում փոփոխություն կատարելու դեպքում ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրված աջակցության չափերը վերահաշվարկվում են ճշտման արդյունքներով։

18.   Տարածքային կենտրոնն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ծառայություն մինչև հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը։ Ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա երկրորդ տասնօրյակի ավարտը։

  • Duration

    20.03.2026 09.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 74

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: