ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 4.5-րդ կետով նախատեսվում է ատելության խոսքի առավել մեղմ դրսևորումների համար սահմանել վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ։
Ատելության խոսքը համարվում է մարդու արժանապատվության, հավասարության և ժողովրդավարական հասարակության հիմքերի դեմ ուղղված դրսևորումներից մեկը։ Այն կարող է դրսևորվել տարբեր մակարդակներով՝ սկսած անհատի արժանապատվության վիրավորանքից մինչև բռնության բացահայտ կոչեր։ Համաչափ իրավական պատասխանատվության համակարգի ձևավորումը պահանջում է տարբերակել ատելության խոսքի վտանգավորության աստիճանները և դրանց համապատասխանող իրավական արձագանքները։
Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի զարգացումը զգալիորեն փոխել է հասարակական հաղորդակցման ձևերը։ ԶԼՄ-ները և սոցիալական հարթակները դարձել են հիմնական հարթակները, որտեղ ձևավորվում և տարածվում է հանրային կարծիքը։ Այդ հարթակներում, սակայն, հաճախ տարածվում է ատելության խոսք, որը կարող է ուղղված լինել անձանց կամ անձանց խմբերի դեմ՝ նրանց ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական պատկանելության, քաղաքական կամ այլ հայացքների, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներով։
Ներպետական օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն։ Այսպես, Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսվել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, իսկ 330-րդ հոդվածով՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։
ՀՀ գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված չեն քաղաքացիաիրավական և վարչաիրավական պատասխանատվության միջոցներ։
Հարկ է նկատել, որ ատելության խոսքի համար իրավական պատասխանատվության միջոցների նախատեսման չափանիշները, տարբեր կոնվենցիոն մեխանիզմներով սահմանված պարտավորությունները և միջազգային փորձը միասնական չեն։
Այսպես, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզը, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, պետք է արգելված լինի օրենքով։
«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանվում է անդամ պետությունների պարտականությունը՝ որպես օրենքով պատժելի արարք նախատեսելու ռասայական գերազանցության կամ ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, ռասայական խտրականության հրահրումը, ցանկացած ռասայի կամ այլ մաշկի գույն կամ էթնիկ ծագում ունեցող անձանց խմբի նկատմամբ բռնությունը կամ դրա հրահրումը, ինչպես նաև ռասիստական գործողություններին օժանդակելը, ներառյալ՝ դրանց ֆինանսավորումը։
Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 35-րդ ընդհանուր հանձնարարականում, անդրադառնալով ատելության խոսքի դեմ կիրառելի անհրաժեշտ միջոցներին, կոմիտեն ընդգծել է ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքացիական և վարչական իրավունքի կիրառման կարևորությունը և արձանագրել է, որ քրեական պատասխանատվության միջոցները պետք է կիրառվեն միայն ռասիստական ատելության խոսքի առավել ծանր դրսևորումների դեպքում՝ հաշի առնելով, ի թիվս այլնի, կոնկրետ խոսքի ազդեցության բնույթը և ծավալը թիրախավորված անձանց և խմբերի վրա։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականով նախատեսվել է, որ անդամ պետությունները պետք է ապահովեն ատելության խոսքից արդյունավետ իրավական պաշտպանությունն իրենց քաղաքացիական և վարչական օրենսդրությամբ, մասնավորապես՝ վնասի հատուցման վերաբերյալ կարգավորումներով և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով։
Հանձնարարականի համաձայն՝ անդամ պետությունները նաև պետք է ապահովեն, որ օրենսդրությունն անդրադառնա ինչպես անցանց, այնպես էլ առցանց ատելության խոսքին և ապահովի առցանց ատելության խոսքի արագ և արդյունավետ հեռացման իրավակարգավորումներ քրեական, քաղաքացիական կամ վարչական օրենսդրությամբ։ Հանձնարարականով ընդգծվել է նաև անձանց կողմից առցանց ատելության խոսքի մասին հանրային մարմիններին և մասնավոր դերակատարներին, ներառյալ համացանցային միջնորդներին (internet intermediaries) հաղորդելու, ինչպես նաև նման հաղորդումները քննարկելու հստակ ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը։
Միաժամանակ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով զանգվածային լրատվության միջոցների թվում նախատեսվել են այն լրատվական միջոցները, որոնք տարածվում են համացանցում դոմեյն, հոսթինգ ունեցող կայքերի միջոցով։ Կարծում ենք, որ նշված զանգվածային լրատվամիջոցների համար ոչ միայն իրենց կողմից ատելության խոսք չտարածելը, այլ նաև իրենց հարթակի օգտատերերի կողմից հրապարակած՝ ատելության խոսք պարունակող հրապարակումների հեռացման պարտականության սահմանումը կարող է արդյունավետ առաջին քայլ լինել՝ այս ոլորտը օրենսդրական կարգավորման ենթարկելու տեսնակյունից։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ անձինք հիմնականում մեկնաբանություններ են տեղադրում ոչ թե լրատվական կայքերում, այլ սոցիալական ցանցերում տվյալ լրատվամիջոցների էջերում և ալիքներում՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է ամրագրել նաև նշված հարթակներում նման մեկնաբանությունների հեռացման պարտականությունը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):
Նախագծերի փաթեթով Ատելության խոսք չտարածելու, ինչպես նաև հրապարակված՝ ատելության խոսք պարունակող հրապարակումների հեռացման պարտականությունը դրվել է նաև ԶԼՄ-ների և տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա։
Հարկ է նկատել, որ նման մոտեցումը համահունչ է ինչպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականի վերոգրյալ դրույթներին, այնպես էլ Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքին (տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով 2015 թվականի հունիսի 16-ի վճիռը, դիմում no. 64569/09)։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Առաջարկվող իրավական կարգավորումը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր, որոնք քրեաիրավական կառուցակարգին զուգահեռ կարող են ունենալ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վնաս կրած անձի հատուցումն ապահովող գործառույթ։
3․ Ակնկալվող արդյունքը․
Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կանխարգելել ատելության խոսքի տարածումը՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, միաժամանակ ապահովելով տուժած անձանց իրավունքների վերականգնումը ոչ նյութական վնասի հատուցման միջոցով: Քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվության համատեղ կիրառումը թույլ կտա ձևավորել ատելության խոսքի դեմ պայքարի այնպիսի իրավական համակարգ, որը համահունչ է միջազգային չափանիշներին։
4. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 4.5-րդ կետից։
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
-
Duration
11.03.2026 27.03.2026 -
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 185
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.