Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավա¬րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____   ________________ 2025 թվականի N ______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման՝

1) N1 հավելվածի՝

ա. 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության կազմի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) քաղաքացիաիրավական պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագիր.

2) աշխատավարձ` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, պայմանագրային եկամուտ.

3) վարձու աշխատող` օրենքով սահմանված կարգով գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող քաղաքացի (բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների), ինչպես նաև գործատուից պայմանագրային եկամուտ ստացող անձ..

4) պայմանագրային աշխատող` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուի համար աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող քաղաքացի.

5) քաղաքացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող քաղաքացիություն չունեցող անձ, փախստականի կարգավիճակ ունեցող անձ.

6) աշխատաժամանակի ռեժիմ` աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ և 141-րդ հոդվածներով սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ.

7) թափուր աշխատատեղ` համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի:

3. Գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորվում են եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով: Ծրագրային ապահովումը հասանելի է https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով:

4. Գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու նպատակով գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ներկայացնողը առցանց եղանակով, համակարգ է մուտք գործում օգտվողի անունի, ՀՎՀՀ-ի և գաղտնաբառի միջոցով:»,

բ. 6-րդ կետի առաջին նախադասությունը հանել,

գ. 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԳԼՈՒԽ 3. ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

 

18. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում անձնավորված հաշվարկ ներկայացնում են՝

1) հարկային գործակալը.

2) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողը.

3) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած պայմանագրային աշխատողը.

4) անհատ ձեռնարկատերը, նոտարը, ինքնազբաղված անձը և եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձը:

19. Լրացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում համակարգն այդ մասին ծանուցում է հաշվարկը ներկայացնողին:

20. Անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում անձնավորված հաշվարկը ներկայացնողի` «գրանցել» հրահանգի հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ, որի վրա դրվում է հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությունը` փաստաթղթին տալով եզակի համար:

21. Համակարգն ստուգում է ներկայացված փաստաթղթի և նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը և ընդունում է անձնավորված հաշվարկը կամ մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը:

22. Համակարգը մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը, եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական չեն` մերժման պատճառների մասին ծանուցելով անձնավորված հաշվարկը ներկայացնողին:

23. Եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական են, համակարգն ինքնաշխատ եղանակով՝

1) գրանցում է ներկայացված փաստաթուղթը` նրան հատկացնելով հարկային մարմնում փաստաթղթի գրանցման համար.

2) ինքնաշխատ եղանակով անձնավորված հաշվարկը ներկայացնողին ծանուցում է անձնավորված հաշվարկն ընդունելու մասին:

24. Էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:

25. Համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային ստացականն անմիջապես ներբեռնել և տպել:

26. Էլեկտրոնային ստացական են ներառվում՝

1) անձնավորված հաշվարկը ներկայացնողի ՀՎՀՀ-ն, անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

2) հաշվարկի տեսակը.

3) հաշվետու ժամանակահատվածը (ամիսը և տարեթիվը կամ տարեթիվը).

4) անձնավորված հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.

5) անձնավորված հաշվարկը հարկային մարմնում գրանցելու համարը:

27. Էլեկտրոնային ստացականի ձևը սահմանում է հարկային մարմինը:

28. Գործատուի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին և ամիսը.

2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

3) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնված անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (անկախ գործատուի կողմից նրանց համար աշխատավարձ հաշվարկելու, պայմանագրային եկամուտ կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստ վճարելու հանգամանքից).

4) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ չգտնված այն անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը, որին գործատուն հաշվետու ամսվա ընթացքում, դատարանի վճռի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարել է աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ կամ նպաստ.

5) կուտակային բաղադրիչի մասնակից՝ մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), նրա համար գործատուի կողմից հաշվարկված սոցիալական վճարի գումարը՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը (ներառյալ).

6) հաշվետու ամսվա համար հաշվարկված (վճարված) աշխատավարձը (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից), դրանից հաշվարկված եկամտային հարկի (կենսաթոշակային վճարի, այսուհետ` եկամտային հարկ) և սոցիալական վճարի չափը, փաստացի աշխատած ժամերը` ըստ վարձու աշխատողների, գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը.

7) հաշվետու ամսվա ընթացքում փաստացի վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը` ըստ պայմանագրային աշխատողների.

8) հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստի գումարը, նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը և վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը` ըստ վարձու աշխատողների.

9) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.

10) ամփոփ տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.

11) ամփոփ տեղեկություններ սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:

29. Սույն կարգի 28-րդ կետի 3-7-րդ ենթակետերում նշված տվյալներն անձնավորված չեն ներկայացվում, եթե գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող (գտնված) անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ է կամ նրան վերաբերող` սույն կարգի 8-րդ կետում նշված (գրանցման հայտում ներառվող) տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

30. Գործատուն ազատվում է հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտավորությունից, եթե հաշվետու ամսվա ընթացքում որևէ անձի հետ չի գտնվել աշխատանքային (քաղաքացիաիրավական) հարաբերությունների մեջ և որևէ անձի չի վճարել աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ, նպաստ կամ պասիվ եկամուտներ (չի հանդիսացել հարկային գործակալ):

31. Լուծարման գործընթացում գտնվող գործատուն անձնավորված հաշվարկը ներկայացնում է ընդհանուր հիմունքներով:

32. Հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուից հաշվետու ամսվա ընթացքում աշխատավարձ (այդ թվում՝ պայմանագրային եկամուտ) ստացած վարձու աշխատողի, այդ թվում՝ պայմանագրային աշխատողի) ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին և ամիսը.

2) աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը.

4) աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտված (պայմանագիրը լուծված, դադարած) լինելու դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

6) վարձու աշխատողի (պայմանագրային աշխատողի) անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը.

7) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

8) հաշվետու ամսվա` տվյալ գործատուի վճարած աշխատավարձի չափը, հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը.

9) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի վճարած նպաստի գումարը, նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը.

10) հաշվետու ամսվա ընթացքում տվյալ գործատուից փաստացի ստացված պայմանագրային եկամտի չափը, հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը:

33. Հարկային գործակալի պարտականություններից ազատված յուրաքանչյուր գործատուի կողմից հաշվարկված աշխատավարձի, վճարված նպաստի և պայմանագրային եկամուտների, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով առանձին հաշվարկներն անձը ներառում է մեկ հաշվարկում:

34. Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողն ազատվում է անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ժամանակավոր անաշխատունակության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, չվճարվող արձակուրդում գտնվելու հետևանքով գործատուն հաշվետու ամսվա համար աշխատավարձ չի հաշվարկել կամ նպաստ չի վճարել:

35. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացման ենթակա` շահութահարկի հարկման օբյեկտ, հարկման բազա համարվող եկամտի, հաշվարկված շահութահարկի չափը.

5) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).

6) ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարի դեպքում` նոտարական գործունեությունից) ստացման ենթակա եկամուտների հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափը.

7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:

36. Ինքնազբաղված անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հարկվող եկամուտ համարվող հարկման բազայի (բացառությամբ` հարկային գործակալի միջոցով հարկված), հաշվարկված եկամտային հարկի չափը.

5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների, հաշվարկված եկամտային հարկի չափը.

6) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).

7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:

37. Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պար­տա­վո­րություն կրող ֆիզիկական անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված անձնական եկամուտները, այդ թվում՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված այն նվազեցվող (չհարկվող) եկամուտների, որոնք ենթակա չեն հայտարարագրման.

5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հարկվող եկամուտ համարվող հարկման բազայի մասով հաշվարկված եկամտային հարկի չափը.

6) Հաշվետու տարվա ընթացքում իր կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված և հարկային հաշիվներով կամ հաշիվ վավերագրերով հիմնավորված սոցիալական ծախսերը, ինչպես նաև այդ ծախսերի առավելագույն չափերը չգերազանցող՝ փոխհատուցման ենթակա գումարները։

38. Սույն հավելվածի 8-րդ կետում և 28-րդ կետի 6-րդ ենթակետում նշված` վարձու աշխատողների փաստացի աշխատած ժամերի քանակի, հաշվարկված (վճարված) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վճարման աղբյուրների (պետական և համայնքային բյուջեներից), աշխատաժամանակի ռեժիմների (նորմալ տևողություն, ոչ լրիվ աշխատաժամանակ) և համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ տվյալների լրացումը գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում պարտադիր է այն գործատուների համար, ովքեր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ընտրանքային դիտարկումների ծրագրում: Պահանջվող տվյալները ներկայացնելու դեպքում՝ սույն կետում նշված գործատուներն ազատվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվության, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ ներկայացնելու պարտավորությունից: Սույն կետում նշված գործատուների կողմից նշված տվյալները գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում չներառելու դեպքում նրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվություն, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ:

39. Սույն հավելվածի 38-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված կարգի խախտմամբ (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու համար գործատուները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ենթարկվում են պատասխանատվության՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:»,

2) N2 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն).»,

բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«5.1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող` քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը.

7) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

8) Հայաս­­­­­տանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները՝ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում։»,

գ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված դրույթից անկախ, հարկային մարմնին տրամադրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (բացառությամբ անչափահաս համարվող)՝ սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տվյալները։»,

դ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Ծառայությունը՝

1) հարկային մարմնին է տրամադրում հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված նվազեցվող (չհարկվող) եկամուտների (այդ թվում՝ կենսաթոշակների, պետական նպաստների, սոցիալական աջակցության գումարների) վերաբերյալ տեղեկատվություն.   

2) վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների» մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ (այսուհետ` նպաստ) նշանակելուց (հաշվարկելուց, վերահաշվարկելուց) հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում՝

ա. նպաստառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).

բ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկի նույնականացման համարը

գ. ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը.

դ. նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը).

ե. նպաստի չափը, վարձու աշխատողի դեպքում՝ առանձնացված ըստ գործատուների, ինչպես նաև ըստ գործատուի միջոցներից վճարվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող նպաստի չափերի

զ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը։»,

ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Ծառայության ներկայացրած սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետի տվյալները 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի անհատական հաշիվ:»,

զ. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.

«18.1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող` քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը հարկային մարմնին է տրամադրում ֆիզիկական անձի ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ և զավակ­ներ (որդեգրող­ներ ու որդեգրվածներ)) ազգանունը, անունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը։»,

է) 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ և 24-րդ կետերով.

«23. Տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները Հայաս­­­­­տանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների կողմից հարկային մար­­մնին տրամադրելու կարգը, փոխանցվող տեղե­կու­թյուն­ների ձևաչափերը, ֆիզիկական անձի կողմից համաձայնության տրամադրման կարգն ու ձևերը, ինչպես նաև տեխ­նի­կա­ծրագ­­րային կանոնները սահմանվում են Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համա­տեղ հրամանով։

24. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հարկային մարմնին է տրամադրում եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պար­տա­վո­րություն կրող ֆիզիկական անձանց՝ հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամա­նակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն։»,

3) N3 հավելվածի 5-րդ կետի 7-րդ ենթակետի «զ» և 6.1-ին կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունները ուժը կորցրած ճանաչել։

2․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` համատեղ միջոցներ ձեռնարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում տվյալները տրամադրելու (ստանալու) տեխնոլոգիական մեթոդները փոխհամաձայնեցնելու և տվյալները տրամադրելը (ստանալը) ապահովելու ուղղությամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Duration

    09.01.2026 24.01.2026
  • Type

    Decision

  • Area

    State revenue, Job and employment

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 646

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: