Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1.            Առկա իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը։

2017 թվականին  ընդունվել է «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք)։  2023 թվականին  Օրենքում կատարվել են համապատասխան  փոփոխություններ և լրացումներ։ նշված օրենսդրական կարգավորումների արդյունքում  2024 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը անդամագրվել է Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միությանը «ՈՒՊՈՎ (UPOV)», որը հիմնվել է 1961 թվականին Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի կողմից։ ՈՒՊՈՎ նպատակն է հստակ սահմանված սկզբունքների հիման վրա ՈՒՊՈՎ անդամ պետությունների կողմից բույսերի նոր սորտերի բուծողների հեղինակային իրավունքի ճանաչումն ու բուծողի իրավունքի տրամադրումը։ ՈՒՊՈՎ անդամակցումից հետո անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում սահմանված և անդամ երկրներում գործող միևնույն կանոնակարգերի համաձայն ստեղծել բուծողի հեղինակային իրավունքների պահպանության համանման համակարգ։

 Բույսերի սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայով սահմանված  պահանջներին համապատասխան  Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել նաև բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը։  

Միաժամանակ հարկ է նշել, որ մինչև Օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում  բուծողի իրավունքների պահպանությունը կարգավորվել է «Սելեկցիոն նվաճումների մասին»  օրենքով, որը ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 2017թվականին։

 

2.             Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

3.             Կարգավորման նպատակը

Սույն Նախագծի ընդունման նպատակն է Օրենքի դրույթների և Բույսերի սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայի պահանջների համաձայն կարգավորել բուծողի իրավունքի տրամադրման  համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը։ 

 

 4    Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակորեն սահմանել բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը։

 

 

5  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 11 կետի Առևտրային քաղաքականության բաժնում նախատեսված է, որ Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)   և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա, ինչպես նաև գործունեության ծրագրում ներառված է Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման միջոցառման կատարումը։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված «Զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները»  առաջնահերթության միջոցառումներից մեկն է ՈՒՊՈՎ անդամակցության ապահովումը։

  • Discussed

    26.12.2025 - 21.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1349

Print

Suggestions

ՄՀԶԱԴԱՅԱՆ Խորհրդատվական խումբ

09.01.2026

Նախագիծը ընդհանուր առմամբ անհրաժեշտ է և իրավաչափ, քանի որ այն բխում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի 23, 24-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության՝ UPOV-ին անդամակցության պարտավորություններից։

Սակայն նախագծում առկա են մի շարք իրավական, ընթացակարգային և թափանցիկության խնդիրներ, որոնք կարող են լրջորեն սահմանափակել բուծողների, սերմ արտադրողների և շուկայի մասնակիցների տեղեկացվածությունը և իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

Մասնավորապես, նախագիծը բավարար չափով չի ապահովում.

– հանրային վերահսկելիություն,

– առցանց հասանելիություն,

– ժամկետների հստակություն,

– բողոքարկման ընթացակարգերի սահմանվածություն,

– և չի համադրելի է Օրենքի մի շարք դրույթների հետ։


Առաջարկություն 1 — Հրապարակման միջոցը բացակայում է

Դրույթ – Գլուխ 1, կետ 2, Գլուխ 2, կետ 16

Նախագծում չի սահմանվում, թե որտեղ և ինչ ձևաչափով պետք է իրականացվի հրապարակումը (կայք, տեղեկագիր, բաց ռեեստր, PDF, որոնելի տվյալներ և այլն)։

Սա հակասում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 23 -րդ հոդվածի նպատակին, որն ուղղված է հանրային իրազեկվածությանը։

Առաջարկվում է կարգում ամրագրել, որ հրապարակումը պետք է իրականացվի.

– Կազմակերպության պաշտոնական կայքում,

– որոնելի և անվճար հասանելի ռեեստրի ձևաչափով,

– PDF-ից բացի՝ մեքենայաընթերցելի ձևաչափով (xls/xml)։


Առաջարկություն 2 — Օրենքով սահմանված հրապարակայնության սկզբունքը թերի է իրականացվում

Դրույթ – Գլուխ 2, կետեր 7–15

«Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը («Պաշտոնական տեղեկությունների հրապարակումը») նախատեսում է, որ բուծողի իրավունքի տրամադրման, սորտի անվանման և իրավունքի գործողության վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները հրապարակվում են այնպիսի ծավալով, որ երրորդ անձինք կարողանան տեղեկացված լինել և պաշտպանել իրենց օրինական շահերը։

Նախագծի 7–15-րդ կետերով հրապարակվող տվյալները բաժանված են «պարտադիր» և «լրացուցիչ», ինչի արդյունքում մի շարք էական տեղեկություններ (օրինակ՝ սորտի նկարագիր, տարբերակիչ հատկանիշների (DUS) ամփոփ տվյալներ, լուսանկարներ) թողնված են կամընտրական դաշտում, ինչը կարող է չապահովել Օրենքի 23-րդ հոդվածի նպատակները։

Առաջարկվում է սորտի հիմնական նկարագրությունը և տարբերակիչ հատկանիշների ամփոփ տեղեկատվությունը ներառել պարտադիր հրապարակվող տվյալների շրջանակում։

 

Առաջարկություն 3 — UPOV-ի «գաղտնիության» չափազանց լայն մեկնաբանում

Դրույթ – կետ 17

UPOV-ը չի պահանջում ամբողջ DUS տեղեկատվության փակ պահում։ Այն պահանջում է միայն փորձարկման մեթոդների և որոշ «հում» տվյալների գաղտնիություն։

Նախագծի 17-րդ կետը փաստացի կարող է ամբողջ DUS տեղեկատվությունը դուրս բերել հանրային վերահսկողությունից, ինչը հակասում է թե UPOV-ի պրակտիկային, թե ՀՀ օրենքի թափանցիկության նպատակին։

Առաջարկվում է հստակ տարանջատել՝

– գաղտնի են մեթոդաբանությունն ու փորձարկման «հում» տվյալները,

– բայց սորտի տարբերակիչ հատկանիշների ամփոփ նկարագիրը պետք է հրապարակվի։


Առաջարկություն 4 — Բողոքարկման կարգը բացակայում է

Դրույթ – կետ 18

Կետ 18-ը թերի է և չի սահմանում.

– ով է քննում բողոքը,

– ինչ ընթացակարգով,

– ինչ իրավական հետևանքներով։

Սա հակասում է ՀՀ վարչարարության հիմունքներին և Օրենքի 24-րդ հոդվածի տրամաբանությանը։

Առաջարկվում է կետ 18-ը լրացնել՝ սահմանելով բողոքարկման մարմինը, ժամկետը և որոշման բողոքարկելիությունը դատարանում։

 

Առաջարկություն 5 — Ժամկետների անհամաչափություն

Դրույթ – կետ 16

Կետ 16-ով սահմանված մեկամսյա ժամկետը հրապարակման համար ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային պրակտիկային (այդ թվում՝ UPOV անդամ պետությունների մեծ մասում), որտեղ նախ անհրաժեշտ է ավարտել հայտի ձևական փորձաքննությունը և միայն հետո հրապարակել տվյալները։

Սակայն նախագծում բացակայում է հստակեցումը, թե հրապարակումը կատարվում է ձևական փորձաքննության ավարտից հետո, թե դիմումի ստացումից անմիջապես։

Առաջարկվում է կետ 16-ում հստակ ամրագրել, որ հրապարակումը կատարվում է հայտի ձևական փորձաքննության ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։

 

Առաջարկություն 6 — Տնտեսվարողների շահերը բացակայում են

Դրույթ – ամբողջ նախագիծ

Նախագիծը ամբողջությամբ կառուցված է վարչարարության տրամաբանությամբ և չի դիտարկում սերմ արտադրողների, ներմուծողների և ֆերմերների իրազեկման և ռիսկերի նվազեցման խնդիրները։

Առաջարկվում է ներդնել բաց, որոնելի, անվճար ռեեստր, որտեղ ցանկացած տնտեսվարող կարող է տեսնել՝

– որ սորտերն են հայտագրված,

– որոնք են պաշտպանված,

– ինչ անվանումներ են մերժված կամ փոփոխված։


Առաջարկություն 7

(կետ 18 – թերի լինելու մասին)

Դրույթ – Գլուխ 2, կետ 18

Նախագծի 18-րդ կետը ակնհայտորեն թերի է («…երկամսյա ժ»), ինչից պարզ չէ՝ արդյոք դա տեխնիկական վրիպակ է, շարունակելիք տեքստ է, թե ամբողջ դրույթ է բաց թողնվել։

Սա իրավական անորոշություն է ստեղծում բողոքների և դիմումների քննության կարգի վերաբերյալ և հակասում է ՀՀ վարչարարության և «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի տրամաբանությանը։

Առաջարկվում է՝

1.    վերականգնել կետի ամբողջական տեքստը,

2.    հստակ սահմանել բողոքները քննող մարմինը, ընթացակարգը և վերջնական որոշման իրավական հետևանքները։


See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: