Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1.    Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, որը նախատեսվում էր ամբողջ հանրապետությունում ներդնել 2026 թվականին հունվարի 1-ից։

Հարկ է նշել, որ գնահատման նոր համակարգի հիմքում դրված է թվայնացման գործընթացը, որը գնահատման համակարգի սահուն գործարկման հիմնական բաղադրիչներից է հանդիսանում: Գնահատման նոր համակարգը, ընտանիքի անապահովության գնահատման համար, ենթադրում է տվյալների ստացում շուրջ 30 տեղեկատվական շտեմարաններից, ինչը ենթադրում է, որ դրանք պետք է լինեն հնարավորինս ճշգրիտ և ստացվեն ինքնաշխատ եղանակով:

Պետական նպաստների մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը, որը ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացված տվյալների՝ 2024 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ փոփոխվել է:

Որոշման շրջանակներում ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոններ, որոնց թվում է 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի (ՀՀ-ում հաշվառված և համարանիշ ունեցող) և անշարժ գույքի առկայության մասով սահմանված բացառող գործոնները: Անհրաժեշտություն է առաջացել փոխել ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը՝ պահելով վերջին 10 տարվա արտադրության տրամաբանությունը, իսկ անշարժ գույքի գույքահարկը 2026 թվականի համար սահմանել՝ հաշվի առնելով 2026 թվականին նախատեսվող անշարժ գույքի գույքահարկի 25 տոկոս աճը:

Միաժամանակ, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել անապահովության գնահատման գործող համակարգով ընտանեկան նպաստների վճարումները 2026 թվականի համար, անհրաժեշտ է 2026 թվականի համար սահմանել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը:

Ելնելով վերոգրյալից՝ նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է պիլոտային վերոնշյալ 2 մարզերում ներդրված գնահատման նոր համակարգի լավարկման, իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորման, այդ համակարգին սահուն անցման, ինչպես նաև անապահովության գնահատման գործող համակարգի հիման վրա նշանակված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման շարունակականությունը ապահովելու հանգամանքներով: 

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Անապահովության գնահատման նոր համակարգի շրջանակներում տվյալների փոխանակման գործընթաց է իրականացվում շուրջ 30 տեղեկատվական շտեմարանների միջև, որոնց մի մասը ստացվում է վեբ ծառայության միջոցով, մյուս մասը՝ CSV ձևաչափով, ինչպես նաև առկա են դեռևս չթվայնացված տվյալներ, որոք ընտանիքների կողմից ներկայացվում են թղթային տարբերակով՝ դրանց լուսապատճենները կցելով անապահովության գնահատման համար ներկայացվող առցանց դիմումին: Ուստի տեղեկատվական համակարգերի ամբողջական թվայնացումը և տվյալների փոխանակման գործընթացը լրացուցիչ ժամանակ է ենթադրում՝ անապահովության գնահատման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու 2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, քանի որ Պետական նպաստների մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը, որը 2026 թվականի համար, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների կազմում է 35875 դրամ` 2025 թվականի 34581 դրամի փոխարեն:

Որոշման շրջանակներում ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոններ, որոնց թվում է 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի (ՀՀ-ում հաշվառված և համարանիշ ունեցող) և անշարժ գույքի առկայության մասով սահմանված բացառող գործոնները: Անհրաժեշտություն է առաջացել փոխել ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը՝ 2015 թվականի փոխարեն 2016 թվական՝ պահելով վերջին 10 տարվա արտադրության գաղափարը, իսկ անշարժ գույքի գույքահարկը 2026 թվականի համար սահմանել՝ հաշվի առնելով 2026 թվականին նախատեսվող անշարժ գույքի գույքահարկի 25 տոկոս աճը:

Որոշմամբ սահմանված է, որ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին եկամտի վերագրման ժամանակ եկամտի վերագրում չի կատարվում, եթե ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամը 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող է: Նախագծով առաջարկվում է նշված խմբում դիտարկել նաև հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողներին:

Անապահովության գնահատման գործող համակարգով ընտանեկան նպաստների վճարումները 2026 թվականին կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է սահմանել 2026 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը՝ համաձայն Պետական նպաստների մասին օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի:

Միաժամանակ, ելնելով այն հանգամանքից, որ նպաստների ֆինանսավորումը կատարվում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ֆինանսական վարչության կողմից՝ արդիական չէ ըստ Ծառայության տարածքային կենտրոնների ֆինանսական միջոցների չափեր հաստատելու պահանջը: 

1.2.        Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով առաջարկվում է

1) անապահովության գնահատման նոր համակարգի՝ ամբողջ հանրապետությունում ներդրման ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2026 թվականի հուլիսի 1-ը,

2) 2025 թվականի համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը՝ 34581 դրամը, 2026 թվականի համար սահմանել 35.875 դրամ՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների,

3) 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի առկայության մասով սահմանված բացառող գործոնի դեպքում ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը 2015 թվականի փոխարեն սահմանել 2016 թվականը,

4) Անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով ներկայիս սահմանված գույքահարկերի չափերը  ավելացնել 25 տոկոսով,

5) ընտանիքի 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող աշխատունակ, բայց չաշխատող անդամներից բացի նաև հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող, աշխատունակ, բայց չաշխատող անդամներին եկամտի վերագրում չկատարել,

6) սահմանել 2026 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը,

7) հանել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության համար ֆինանսական միջոցների չափերն ըստ տարածքային կենտրոնների սահմանելու պահանջը,

8) Կատարել տեխնիկական շտկում խնամառության գործակցում:

2. Կարգավորման առարկան

Նախագծի ընդունմամբ կարգավորվում են անապահովության գնահատման համակարգի հետ կապված հարաբերությունները և վերանայվում են անապահովության գնահատման նոր համակարգի՝ ողջ հանրապետությունում ներդրման ժամկետները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ապահովվում է գնահատման նոր համակարգով ընտանիքի անապահովության գնահատման համար սահմանված շեմերի համապատասխանությունը 2026 թվականի համար սահմանված ցուցանիշներին, ինչպես նաև կարգավորվում են անապահովության գնահատման հիմքով նշանակվող նպաստների վճարման գործընթացները:

4. Նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

        Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Անապահովության հիմքով նպաստների վճարումներն իրականացվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի 1011 «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի  12001 «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման համար նախատեսված միջոցների շրջանակներում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի երկրորդ պարբերությունների պահանջից։ Այն է՝ ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական։ Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը։

 

  • Discussed

    18.11.2025 - 03.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 554

Print

Suggestions

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

18.11.2025

1. Գործող համակարգով անապահովության սահմանային միավորը 2026 թվականի համար դարձյալ 28.00 է սահմանվո՞ւմ։ 

2. Գործող համակարգով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը փաստագրվածները կշարունակե՞ն մինչև իրենց հաջորդ տարվա հերթական փաստագրումը ընտանեկան, սոցիալական նպաստ ստանալ, թե հուլիսի մեկից նոր համակարգով նորից պետք է անցնեն։ 

3. Եթե ընտանիքում աշխատունակ անձ չկա ու խնամառության ինդեքսը սահմանվում է 100, որքա՞ն հավելում է տրվում։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

18.11.2025

Նոր համակարգով 2 հոգանոց ընտանիքի դեպքում էլեկտրաէներգիայի ու գազի ամսական ինչքա՞ն ծախսն է համարվում առավելագույն չափ,որը կարող է համարվել բացառող գործոն։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: