Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Նախագիծի ընդունման նպատակն է ստորև թվարկված իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորումը։

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) գործող կարգավորումներով`

1) Օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված են արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, որոնց կիրառումը գործնականում կարող են խնդրահարույց լինել նշված գործարքների ճշգրիտ հաշվառման և հարկային վարչարարության իրականացման տեսանկյունից, ինչպես նաև առկա են արտարժույթով արտահայտված որոշ գործարքներ և գործառնություններ, որոնց հաշվառումը գործող կարգավորումներին համապատասխան հնարավոր չէ իրականացնել, ուստի այդ դեպքերի մասով կարգավորումների նախատեսման անհրաժեշտություն է առաջացել։ Մասնավորապես, Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերին համապատասխան՝ ապրանքների մատա­կարար­ման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների, ինչպես նաև արտարժույթով արտահայտված այլ գործարքների և գործառնությունների մասով (բացառությամբ ապրանքերի ներմուծման և արտահանման գործարքների) հարկման բազաները, եկամուտները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից։ Նշված դրույթի կիրառումը գործնականում հարկման բազաների, եկամուտների և սկզբնական արժեքների հաշվառման առումով խնդրահարույց է, քանի որ հարկման բազաները, եկամուտները և սկզբնական արժեքները Օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան հաշվառվում են մի օրվա դրությամբ, իսկ դրանց արժեքների հաշվարկման համար հիմք է ընդունվում մեկ այլ օրավա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը։

Ուստի, նախագծով վերանայվում է նշված դրույթը՝ նախատեսելով ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ ապրանքերի ներմուծման և արտահանման գործարքների) հարկման բազաների, եկամուտների և ձեռքբերման արժեքների որոշման համար հիմք ընդունել Օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան դրանց համար հաշվառման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը։

Միաժամանակ նախատեսվում են կարգավորումներ նշված գործարքների մասով՝

 - արտարժույթի փոխանակման գործարքների մասով նախատեսվում է, որ եկամուտների և ծախսերի հաշվարկը կատարվում է արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

- տրամադրված կամ ստացված կանխավճարների մասով առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքների որոշման մասով նախատեսվում է, որ հիմք է ընդունվելու դրանց առաջացման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը։

Հստակեցվում է նաև, որ Օրենսգրքի 16-րդ հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, իսկ արտարժույթի փոխանակման գործարքների մասով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը,

2) Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթը վերանայման կարիք ունի՝ նախատեսելով, որ շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների ոչ միայն տեղաբաշխման (որը վերաբերում է բաժնետիական ընկերություններին), այլ նաև օտարման (որը վերաբերում է մասնավորապես՝ ՍՊԸ-ներին) դեպքում տեղաբաշխման (օտարման) գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը եկամուտ չի համարվում,

3) Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին համապատասխան՝ ինքնավար էներգաարտադրողները էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը չեն կարող նվազեցնել համախառն եկամտից, ինչը խնդրահարույց է ինքնավար էներգաարտադրողների կողմից ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի նվազեցման առումով,

4) արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտների և ծախսերի հաշվառման նպատակով առկա է համապատասխան կարգավորումների սահմանման անհրաժեշտություն,

5) Օրենսգրքի 116-րդ հոդվածին համապատասխան ներկայացուցչական ծախսերի նվազեցման հետ կապված կարգավորումը տարընկալում է առաջացնում կապված կարգավորման մեջ կիրառվող «կամ» տերմինի հետ,

6) Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Հարկ վճարողների կողմից բարձրացված բազմաթիվ խնդիրների արդյունքում պարզվել է, որ դրոշմավորման ենթակա կաթնամթերքի որակական կորուստը տարեկան կտրվածքով ավելի մեծ է, քան համախառն եկամտի 1%-ը,

7) Օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները վերանայման և հստակեցման կարիք ունեն։ Մասնավորապես, Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան՝ հարկային գործակալի նկատմամբ առկա՝ եկամտի ստացման պահանջի իրավունքը հարկային գործակալ չհանդիսացող անձին զիջելու դեպքում եկամուտը համարվում է վճարված ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, իսկ այլ անձաց զիջելու դեպքում կարգավորումներ սահմանված չեն։ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմաված դրույթը, այն է՝ եկամտի ստացման պահանջի ներումը համարվում է վճարում, գործնականում առաջացնում է տարընկալումներ։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախագծով նախատեսվում է՝

1) վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաև սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների և գործառնությունների հաշվառման մասով՝ նախատեսելով հետևյալը՝ 

- ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ ապրանքերի ներմուծման և արտահանման գործարքների) հարկման բազաների, եկամուտների և ձեռքբերման արժեքների որոշման համար հիմք ընդունել Օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան դրանց համար հաշվառման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը,

- արտարժույթի փոխանակման գործարքների մասով եկամուտների և ծախսերի հաշվարկը կատարել արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

- տրամադրված կամ ստացված կանխավճարների մասով առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքների որոշման համար հիմք ընդունել դրանց առաջացման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը,

- հստակեցվում է, որ Օրենսգրքի 16-րդ հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, իսկ արտարժույթի փոխարման գործարքների մասով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը,

2) վերանայել Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթը՝ նախատեսելով, որ շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների ոչ միայն տեղաբաշխման (որը վերաբերում է բաժնետիրական ընկերություններին), այլ նաև օտարման (որը վերաբերում է մասնավորապես՝ ՍՊԸ-ներին) դեպքում տեղաբաշխման (օտարման) գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը եկամուտ չի համարվում։

Վերանայել տոկոսների մասով եկամտի հաշվեգրման կարգավորումները՝ սահմանելով հայեցողություն տոկոսների տեսքով եկամտի հաշվեգրման մասով՝ նախատեսելով, որ տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված կամ տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից,

4) վերանայել ինքնավար էներգաարտադրողների կողմից ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի նվազեցումը սահմանափակող դրույթը՝ ինքնավար էներգաարտադրողներին թույլատրելով ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերը նվազեցնել համախառն եկամտից։ Ինչպես նաև սահմանվում է, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հավասար փոխհոսքերի տեսքով ստացվող էլեկտրական էներգիայի սկզբնական արժեքը որոշումն է ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի արտադրության համար կատարված ծախսերի չափով,

5) հստակեցնել արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտների և ծախսերի հաշվառման կարգավորումները,

6) հստակեցնել ներկայացուցչական ծախսերի նվազեցման հետ կապված կարգավորումները,

7) վերանայել և հստակեցնել Օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները,

8) վերանայել դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների՝ համախառն եկամտից նվազեցման նորման՝ սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով։

4. Կարգավորման առարկանՆախագծով առաջարկվում է՝ իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների կարգավորումը։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն և կկարգավորվեն հարկային հարաբերությունները կարգավորող որոշ դրույթների կիրառման հետ կապված գործնականում առաջացած խնդիրները։  

  • Discussed

    28.10.2025 - 12.11.2025

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2292

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: