Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ (ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ) 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան` յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Նշենք, որ համաձայն «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության (4-րդ ենթակետ) դրույթների՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը մի քանի պարտադիր բաղադրիչներից բացի, ներառում է նաև ընդունելության քննության ձևը (մրցութային, ոչ մրցութային): Տվյալ դեպքում, բոլոր այն մասնագիտությունների (կրթական ծրագրերի) դեպքում, որոնց համար ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի պահանջներից բխող «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունը չի նախատեսվում որպես մրցութային միասնական ընդունելության քննություն (այլ ներառված է որպես կամընտրական), ապա ցանկում «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունը պարտադիր նախատեսվում է որպես ոչ մրցութային ընդունելության քննություն։ ՀՀ կառավարության նույն որոշման 40-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի համաձայն՝ այդ ենթակետում նշված բոլոր մասնագիտությունների համար պահպանվում է «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունն որպես պարտադիր միասնական ընդունելության քննություն հանձնելու պայմանը։
Նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների՝ 2024-2025 ուստարվանից սկսված, դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ը ընկած ժամանակահատվածը և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները:
Նախորդ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերի ընդունելության քննություններում կատարվել են փոփոխություններ՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Մաթեմատիկա-Ֆիզիկա»,«Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերի՝ բակալավրի հեռակա ընդունելության քննությունների ցանկում վերոհիշյալ մասնագիտությունների համար կսահմանվի 1 քննություն:
Փոփոխության համար հիմք է հանդիսացել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջարկ-հիմնավորումը՝ որի համաձայն փոփոխությունը կնպաստի բուհի՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության ԲՏՃՄ կրթական ծրագրերի համալրմանը, որոնք բխում են հանրակրթության պետական կարիքներից: Այն կնպաստի ապահովել ուսանողների թվաքանակի և մասնագիտական ուղղությունների համալրմանը:
Այս փոփոխությունները պայմանավորված են բուհում իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով:
Նախագծում նշված մասնագիտությունների ընտրությունը պայմանավորված է նաև դիմորդների ակնկալիքները բավարարելու անհրաժեշտությամբ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների ընդլայնման համատեքստում իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն սույն նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:
Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար ապահովելով ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում:
Արդյունքում, դիմորդը կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները՝ լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:
Որոշման նախագծով կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
3. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մրցույթի իրականացումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների:
4. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից: