Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

2025 թվականի  N     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   
ո ր ո շ ու մ     է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետից հետո լրացնել նոր 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

 «4. Սույն որոշման գործողությունը 2026 թվականի և դրան հաջորդող տարիների բյուջետային գործընթացի շրջանակում տարածվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով նախատեսված համայնքների վրա։:

2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

  -ի N  -Ն որոշման

 

 «Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը և կանոնակարգվում են համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացմանն ուղղված սուբվենցիաների հայտերի մշակման, ներկայացման, քննարկման, համաձայնեցման, սուբվենցիաների տրամադրման և հաշվետվողականության հետ կապված հիմնական հարաբերությունները։

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1) մասնակցային բյուջետավորում՝ քաղաքացիների նախաձեռնություններից բխող ծրագրային առաջարկներ (այսուհետ՝ առաջարկ-նախագծեր) ձևավորելու, ներկայացնելու, մշակելու, քննարկելու, ուղիղ քվեարկությամբ դրանք ընտրելու և իրականացնելու գործընթաց, որի շրջանակում գործընթացին մասնակցող քաղաքացիներն են որոշում, թե ինչպես օգտագործել հանրային (պետական և համայնքային) բյուջետային միջոցների այդ նպատակով նախատեսված մասը.

2) մասնակցային բյուջետավորման ընթացակարգ՝ կանոնակարգված, հաջորդական փուլերով իրականացվող միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են մասնակցային բյուջետավորման կազմակերպմանը և իրականացմանը.

3) մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագիր` մասնակցային բյուջետավորման գործընթացում ներկայացված առաջարկ-նախագծերի քվեարկության արդյունքների հիման վրա, սահմանված կարգով մշակվող ծրագիր:

 

2. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացում մասնակցային բյուջետավորման խթանման համար տվյալ բյուջետային տարվա (այսուհետ՝ տվյալ տարի) պետական բյուջեով կարող են նախատեսվել սուբվենցիաներ՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով։

4.  Սույն կարգի 3-րդ կետով նախատեսվող սուբվենցիայի ընդհանուր գումարը քվոտավորվում է ըստ առանձին համայնքների, որոնցից յուրաքանչյուրի սահմանաչափը սահմանվում է հետևյալ կարգով.

1) սուբվենցիայի ընդհանուր գումարի 50 տոկոսը բաշխվում է գործընթացին մասնակից համայնքների միջև՝ հավասարաչափ.

2) սուբվենցիայի ընդհանուր գումարի 50 տոկոսը բաշխվում է գործընթացին մասնակից համայնքների միջև` այդ համայնքների գծով տվյալ տարվա համար նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի մեջ տվյալ համայնքի համար նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարի տեսակարար կշռին համաչափ տոկոսային հարաբերակցությամբ:

5. Սուբվենցիայի սահմանաչափերի հաշվարկն իրականացնում է տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին): Սուբվենցիայի սահմանաչափերի վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածում, ինչպես նաև հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

6. Մասնակցային բյուջետավորումը յուրաքանչյուր համայնքում իրականացվում է կամավորության սկզբունքով: Մասնակցային բյուջետավորման գործընթացը համայնքում սկսվում է տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում՝ համայնքի բյուջետային գործընթացին զուգընթաց, իսկ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացումը նախատեսվում է կատարել տվյալ տարվա ընթացքում։

7. Սուբվենցիաների ստացման նպատակով գործընթացին մասնակից համայնքներում մասնակցային բյուջետավորումը իրականացվում է համաձայն.

1) սույն կարգի.

2) Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցի.

3) մասնակցային բյուջետավորման վերաբերյալ տվյալ համայնքի ավագանու,  համայնքի ղեկավարի,  մասնակցային բյուջետավորման գործընթացը համակարգող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշումների.

4) համայնքի ղեկավարի և լիազոր մարմնի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման պայմանագրի։

8. Մասնակցային բյուջետավորման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցում ներկայացվում են համայնքներում մասնակցային բյուջետավորման միջոցառումների կազմակերպման և իրականացման հաջորդական փուլերի մանրամասն նկարագրությունը, հանձնաժողովի կառուցվածքը, գործառույթները և գործունեության կարգը, գործընթացի մասնակիցների շրջանակը, նրանց լիազորությունները, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից հաստատվող համապատասխան փաստաթղթերի ձևանմուշները։

9. Գործընթացին մասնակից համայնքում տվյալ տարվա մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսվում է համայնքի ավագանու որոշմամբ, որով սահմանվում են համայնքի տվյալ տարվա բյուջեից մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը, առաջարկ-նախագծերի համար պահանջվող չափանիշները և ներկայացվող յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի առավելագույն սահմանաչափը:

10. Համայնքի ղեկավարի որոշմամբ կազմավորվում է հանձնաժողովը, հաստատվում են դրա կազմը, լիազորությունները և գործունեության կարգը։ Հանձնաժողովի կազմը ձևավորվում է՝ ապահովելով մասնագիտական (ընդգրկելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ոլորտների մասնագետներ) և հասարակական ներկայացվածության համաչափությունը։ Համայնքի ղեկավարը ապահովում է հանձնաժողովի անդամների կազմի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը համայնքի պաշտոնական կայքում։

11. Հանձնաժողովի ներկայացմամբ համայնքի ղեկավարը հաստատում է տվյալ տարվա մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակացույցը, որով սահմանվում են մասնակցային բյուջետավորման իրականացման ընթացակարգով նախատեսված միջոցառումների ժամկետները և դրանց իրականացման պատասխանատուները։

12. Համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում առաջարկ-նախագծեր կարող են ներկայացնել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշին համապատասխանող համայնքի բնակիչները՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:

13. Ներկայացված առաջարկ-նախագծերի համապատասխանությունը սույն կարգի և համայնքի ավագանու սահմանած չափանիշներին որոշվում է հանձնաժողովի կողմից՝ համաձայն մասնակցային բյուջետավորման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցի պահանջների։ Սահմանված չափանիշներին համապատասխանող առաջարկ-նախագծերը հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում և ներկայացվում են հանրային քննարկման: Սահմանված չափանիշներին չհամապատասխանող առաջարկ-նախագծերը մերժվում են և ծանուցմամբ տեղեկացվում են դրանց հեղինակներին՝ նշելով մերժման կոնկրետ պատճառները: Հանձնաժողովի որոշմամբ նույնաբովանդակ կամ բովանդակությամբ մեկտեղման հնարավորություն ներառող (այդ թվում՝ համայնքի տարբեր բնակավայրերի գծով) առաջարկ-նախագծերը կարող են միավորվել:

14. Հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է համայնքի պաշտոնական կայքում: Առաջարկ-նախագծերի լրացուցիչ քննարկում կարող է կազմակերպվել սոցիալական մեդիայով և համայնքում հանրային լսումների ձևով:

15. Հրապարակված և հանրային քննարկում անցած առաջարկ-նախագծերի ընտրությունը կատարվում է համայնքի պաշտոնական կայքում քվեարկության համար նախատեսված հարթակի միջոցով: Քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային եղանակով՝ ուղիղ քվեարկությամբ: Քվեարկելու իրավունք ունեն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշին համապատասխանող՝ համայնքի բնակիչները:

16. Քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը երեք առաջարկ-նախագծի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերվող առաջարկ-նախագծերի դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկ առաջարկ-նախագծի օգտին։

17. Քվեարկության համար նախատեսված էլեկտրոնային հարթակը ինքնաշխատ եղանակով ապահովում է քվեարկության մասնակիցների իրազեկումը քվեարկության պայմանների վերաբերյալ, այդ թվում՝ առաջարկ-նախագծերի թվի, տարածքային ընդգրկման և քվեարկության սահմանափակումների մասին, ինչպես նաև կանխում է քվեարկության կարգի հնարավոր խախտումները: Հարթակն ապահովում է նաև քվեարկության ընթացքի թափանցիկությունը՝ իրական ժամանակում հասանելի դարձնելով յուրաքանչյուր առաջարկ-նախագծի օգտին քվեարկած անձանց թվի վերաբերյալ տեղեկատվությունը։

18. Քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ նույն օրը, հանձնաժողովը կազմում է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում։

 

3.    ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 19. Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի մշակման և սուբվենցիայի հայտերի կազմման համար սահմանվում են առաջարկ-նախագծերի օգտին ստացված քվեների նվազագույն տոկոսային շեմեր, որոնք հաշվարկվում են քվեարկելու իրավունք ունեցող համայնքի բնակչության թվի նկատմամբ.

1) մեկ տոկոս՝ եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել համայնքի կազմում ընդգրկված մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում (բնակավայրերում).

2) երկու տոկոս՝ եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել համայնքի կազմում ընդգրկված 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում (բնակավայրերում):

20. Քվեարկության արդյունքում սույն կարգի 19-րդ կետով սահմանված նվազագույն շեմերը հաղթահարած առաջարկ-նախագծերի հիման վրա սահմանվում է ծրագրերի մշակման և սուբվենցիայի հայտերի կազմման հերթականությունը՝ ելնելով ներկայացված առաջարկ-նախագծերի օգտին ստացված քվեների տոկոսային ցուցանիշից` նվազման կարգով: Նույն հերթականությամբ նախատեսվում է նաև մասնակցային բյուջետավորմամբ իրականացվող ծրագրերի համար նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների (պետական ֆինանսավորման և համայնքի կողմից ներդրվող ֆինանսավորման մասնաբաժնի հանրագումարի) բաշխման հաջորդականությունը։ Առաջարկ-նախագծերի օգտին ստացված քվեների տոկոսային ցուցանիշի հավասարության դեպքում առաջնահերթություն տրվում է այն առաջարկ-նախագծին, որը նախատեսում է շահառուների առավել մեծ ընդգրկում, իսկ եթե այս չափանիշն էլ չի ապահովում տարբերակումը, հանձնաժողովը հանրային նիստում իրականացնում է վիճակահանություն, որի արդյունքները հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում:

21. Համայնքի ղեկավարը սույն կարգի 20-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող առաջարկ-նախագծերի հիման վրա՝ N 1 ձևի համաձայն կազմած սուբվենցիայի հայտերը մինչև տվյալ տարվա մարտի 1-ը ներկայացնում է լիազոր մարմնին: Սույն կետում նշված ժամկետից հետո ներկայացված հայտերը լիազոր մարմնի կողմից չեն ընդունվում:

22. Յուրաքանչյուր հայտով նախատեսված ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից (ֆոնդային մասից) ֆինանսավորման մասնաբաժինը չի կարող պակաս նախատեսվել տվյալ ծրագրի ծախսերի ընդհանուր գումարի 20 տոկոսից:

23. Լիազոր մարմինը, ստանալով սուբվենցիայի հայտը, այն երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ ծրագրի ֆինանսական բաղադրիչը, իսկ համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմիններ՝ ոլորտային մասը դիտարկելու նպատակով։

24. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և ոլորտային պետական կառավարման մարմինները, որոնց տրամադրվել է հայտը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում վերջինիս վերաբերյալ դիրքորոշումը։

25. Լիազոր մարմինը հայտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների դիրքորոշումները ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք:

26. Լիազոր մարմինը հայտի ստացման օրվանից հետո առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստացված հայտի կապակցությամբ կազմում է եզրակացություն և համապատասխան համայնքի ղեկավարին ծանուցում է`

1) հայտին համաձայնություն տալու մասին.

2) հայտը լրակազմման վերադարձնելու մասին, որի դեպքում սույն կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև համայնքի ղեկավարի կողմից լրակազմված հայտի ներկայացման օրը, բայց ոչ ավելի, քան ծանուցումից հետո 10-րդ աշխատանքային օրը.

3) հայտը մերժելու մասին:

27. Լիազոր մարմինը վերադարձնում է հայտը լրակազմման, եթե դրանում ներկայացված տեղեկատվությունը թերի է կամ առկա է անհրաժեշտություն կատարելու ճշգրտումներ, ներկայացնելու լրացուցիչ հիմնավորումներ կամ պարզաբանումներ:

28. Լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`

1) հայտով նախատեսված ծրագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով և համայնքի զարգացման ծրագրային և ռազմավարական նշանակության փաստաթղթերով սահմանված նպատակներից.

2) հայտով նախատեսված ծրագիրը ուղղված չէ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը.

3) հայտով նախատեսված ծրագրի իրականացումը դուրս է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակից.

4) չեն պահպանվել սույն կարգի 20-րդ կետերով նախատեսված՝ հայտի կազմման համար սահմանված պահանջները.

5) հայտով նախատեսված ծրագրի ձևավորումը չի համապատասխանում սույն կարգով սահմանված և Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորման կազմակերպման և իրականացման վերաբերյալ մեթոդական ուղեցույցով նախատեսված ընթացակարգին.

6) հայտով նախատեսված պետական ֆինանսավորման գումարը գերազանցում է տվյալ համայնքի սուբվենցիայի սահմանաչափը կամ այդ սահմանաչափի առկա մնացորդը (սահմանաչափի այն մասը, որը հասանելի է տվյալ հայտի քննարկման պահին՝ հաշվի առնելով մինչ այդ համաձայնեցված հայտերը).

7) հայտով նախատեսված ծրագրի իրականացման մեկնարկի և ավարտի համար սահմանված ժամանակահատվածը չի համընկնում տվյալ տարվա հետ.

8) հայտը լրակազմման վերադարձնելու մասին ծանուցումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրակազմված հայտը լիազոր մարմին չի ներկայացվել:

29. Լիազոր մարմնի կողմից հայտի մերժման դեպքում համայնքի ղեկավարը սույն կարգի 20-րդ կետի պահանջները բավարարող հերթական առաջարկ-նախագծի հիման վրա կարող է մշակել նոր ծրագիր և կազմել սուբվենցիայի նոր հայտ, որի վրա ևս տարածվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերը և սահմանված ժամկետները:

30. Լիազոր մարմնի կողմից հայտին համաձայնություն տալու մասին ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարը հրապարակում է այդ հայտը և համապատասխան ծանուցումը համայնքի պաշտոնական կայքում:

 

 

4. ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

31. Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ձևավորված այն ծրագրերը, որոնց սուբվենցիայի հայտերին լիազոր մարմնի կողմից տրվել է համաձայնություն և որոնց իրականացման համար նախատեսվում է սուբվենցիայի տրամադրում, սույն կարգի իմաստով համարվում են սուբվենցիոն ծրագրեր։

32. Հայտին համաձայնություն տալու մասին ծանուցվելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերը և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը:

33. Նախագծանախահաշվային փաստաթղթերը և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում լիազոր մարմինը մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված համապատասխան ծրագրի իրականացման համար տվյալ համայնքին սուբվենցիա տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 34. Սույն կարգի 33-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի ղեկավարի հետ կնքում է սուբվենցիայի տրամադրման պայմանագիրը:

35. Սուբվենցիայի տրամադրման պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են՝ հիմք ընդունելով տվյալ սուբվենցիոն ծրագրի գծով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում լիազոր մարմին ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում՝ ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

36. Սուբվենցիայի տրամադրման պայմանագրում նշվում են`

1) սուբվենցիայի տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը), ծրագրի իրականացման ընթացքում պետության կողմից վերահսկվող չափանիշները և ակնկալվող արդյունքները.

2) տրամադրվող սուբվենցիայի գումարի չափը, սուբվենցիայի հերթական մասնաբաժնի ստացման համար համայնքից պահանջվող փաստաթղթերը (սուբվենցիան առանձին մասնաբաժիններով համայնքին տրամադրելու նպատակահարմարության դեպքում).

3) սուբվենցիոն ծրագրի իրականացման հսկողության, մշտադիտարկման և փաստագրման հարաբերությունները.

4) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան չափաբաժնով ֆինանսավորումը տրամադրվում է համայնքի համապատասխան չափաբաժնի ֆինանսավորումից հետո.

5) այլ դրույթներ, որոնք կնպաստեն սուբվենցիայի տրամադրման նպատակի իրականացմանը և այդ ուղղությամբ սուբվենցիայի գումարների արդյունավետ օգտագործմանը:

37. Սուբվենցիաների հաշվին միջոցների մուտքագրման, ծախսերի կատարման, ինչպես նաև դրանց մասին հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

38. Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: Մասնակցային բյուջետավորման գործընթացի, սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը ամսական պարբերականությամբ համայնքի ղեկավարի կողմից հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանած ձևաչափի:

39. Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ հանրային հսկողության նպատակով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վարվող ցուցակում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրատվական գործունեություն իրականացնող անձինք կամ վերջիններիս ներկայացուցիչները:

40. Համայնքի ղեկավարը, լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափով, սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմում և ներկայացնում է լիազոր մարմին՝ ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը։

41. Սուբվենցիոն ծրագրի շրջանակում տվյալ տարում ստանձնված, սակայն տվյալ տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ համայնքապետարանի գործունեությունից անկախ հանգամանքների պատճառով (կապալառուների հետաքրքրության բացակայության հետևանքով շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացների ձգձգում, եղանակային անբարենպաստ պայմաններ, շինարարական աշխատանքներում արձանագրված թերություններով պայմանավորված կատարողականների բացակայություն) ծրագրի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը կարող է տրամադրվել համայնքին լիազոր մարմնի համաձայնությամբ, եթե ծրագրի առնվազն 70 տոկոսը փաստացի իրականացվել և ֆինանսավորվել է։

42. Սույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքում՝ սուբվենցիայի տրամադրման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվում է.

1)  սուբվենցիոն ծրագրի իրականացման ավարտի նոր վերջնաժամկետը (փոփոխվում է ոչ ավելի քան 6 ամիսով).

2) տրամադրվող միջոցները համայնքի ղեկավարի անմիջական պատասխանատվությամբ ուղղվում են բացառապես տվյալ սուբվենցիոն ծրագրի իրականացմանը

3) կապալառուներին վճարումները կատարում են միայն համապատասխան ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք ներկայացվում են նաև լիազոր մարմնին.

4)   սուբվենցիոն ծրագրի իրականացման ավարտի համար սահմանված վերջնաժամկետի դրությամբ սուբվենցիայի չօգտագործված միջոցների մնացորդը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 43. Սույն կարգի 41-րդ կետով նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ ամբողջական (տարեկան և լրացուցիչ ժամանակահատվածի) հաշվետվությունը համայնքի ղեկավարը կազմում և ներկայացնում է լիազոր մարմին՝ ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացմանն ուղղված սուբվենցիաների

 

Առաջարկ-նախագիծը, որի հիման վրա մշակվել է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված

ծրագիրը

Առաջարկ-նախագծի անվանումը,

առաջարկ-նախագծի հակիրճ բովանդակությունը

Առաջարկ-նախագիծ ներկայացրած համայնքի բնակիչը /հասարակական միավորումը/քաղաքացիական նախաձեռնությունը

Անուն, հայրանուն, ազգանուն,

 

անձը հաստատող փաստաթղթի համարը

 

հասարակական միավորման անվանումը, պետական գրանցման համարը

Առաջարկ-նախագծի հանրային քննարկումը

Առաջարկ-նախագծի հրապարակման, հանրային քննարկման վերաբերյալ համայնքի պաշտոնական կայքի համապատասխան տեղեկատվությանը հղումը, սոցիալական մեդիայով և համայնքում հանրային լսումների ձևով առաջարկ-նախագծի լրացուցիչ քննարկման դեպքում ներկայացնել վերջինիս հավաստող տեղեկատվությունը (արձանագրություններ՝ վիդեո, ֆոտո

նյութեր):

Առաջարկ-նախագծի օգտին քվեարկության արդյունքները

Քվեարկության արդյունքների վերաբերյալ համայնքի պաշտոնական կայքի համապատասխան տեղեկատվությանը հղումը, նշել քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թվաքանակը և առաջարկ-նախագծի օգտին քվեարկածների թվաքանակը և %-ը մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թվաքանակի մեջ: Ներկայացնել քվեարկության արդյունքների արձանագրությունը:

Ծրագրի անվանումը

Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրի անվանումը պետք է հնարավորինս հստակ արտացոլի առաջարկ-նախագծի հիման վրա մշակված ծրագրի էությունը:

Մարզը, համայնքը, բնակավայրը

Մարզի անվանումը, համայնքի անվանումը, ծրագիրը ընդգրկող բնակավայրի անվանումը

Համայնքի /բնակավայրի բնակչությունը

Համայնք՝ ․․․․ մարդ, ծրագիրն ընդգրկող բնակավայր՝ ․․․ մարդ

Ծրագրի նպատակը

Ներկայացնել երկարաժամկետ կտրվածքով ընդհանուր նպատակը, որին հասնելուն միտված է տվյալ ծրագիրը

Ծրագրի ընդհանուր նկարագրությունը և դրա իրականացման անհրաժեշտությունը

Մանրամասն նկարագրել, թե որոնք են այն առկա կոնկրետ խնդիրները, որոնք պետք է լուծել ծրագրի ընդհանուր նպատակին և ակնկալվող արդյունքներին հասնելու համար: Խնդիրները պետք է լինեն հնարավորինս կոնկրետ, չափելի և իրատեսական: Ներկայացնել համայնքի  տվյալ տարվա բյուջեով նախատեսված այլ ծրագրերի հետ հայտով ներկայացված ծրագրի համընկնման բացառումը և տվյալ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող բացատրագիր:

Ծրագրի ակնկալվող արդյունքները, որոնց միջոցով պետք է հասնել ծրագրի իրականացման նպատակին

Նշել այն արդյունքները, որոնց պետք է հասնել ծրագրի շրջանակներում վերջինիս իրականացման նպատակին հասնելու համար:

Նշել ծրագրի համապատասխանելիությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով և համայնքի զարգացման ծրագրային և ռազմավարական նշանակության փաստաթղթերով սահմանված նպատակների հետ:

Ներկայացնել ծրագրի ավարտից հետո միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները: Հիմնավորել` ցույց տալով կապը ծրագրի շրջանակներում լուծվող խնդիրների և իրականացվող գործունեության արդյունքների հետ: Սպասվող արդյունքների նկարագրությունը պետք է լինի հնարավորինս կոնկրետ, իրատեսական, գնահատելի և չափելի:

Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները

Մանրամասն նկարագրել ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները, դրանց ժամկետները, որոնք պետք է լինեն հստակ և չափելի:

Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա

-Նշել ուղղակի շահառուների քանակը:

-Նշել շահառուների վրա ծրագրի իրականացման արդյունքում եկամտի ավելացման, և (կամ) խնայողությունների ավելացման և (կամ) հարմարավետության ապահովման չափը:

-Նշել այլ տեղեկություններ, որոնք կարող են ցույց տալ ծրագրի կարևորությունը, ակնկալվող արդյունքների ազդեցությունը համայնքի զարգացման վրա:

Ծրագիրն ընդգրկող բնակավայրում տվյալ տարվան նախորդող տարվա մասնակցային բյուջետավորմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրեր

Իրականացված լինելու դեպքում ներկայացվում են ծրագրերի անվանումները, յուրաքանչյուր ծրագրի փաստացի բյուջեն, պետական և համայնքային ֆինանսավորման գումարները, ծրագրի փաստացի կատարման աստիճանը:

Համայնքի նախորդ տարվա փաստացի և տվյալ տարվա հաստատված բյուջեն

Ներկայացնել եկամուտները, ծախսերը` առանձնացնելով բյուջեի վարչական և ֆոնդային մասերը, իսկ բյուջեի ֆոնդային մասի ծախսերը ներկայացնել առանձին բացվածքով (հազ. դրամ)

 

 

            թ.

փաստացի

               թ.

հաստատված

Ընդամենը՝ համայնքի

բյուջեի

եկամուտներ

որից՝

 

 

- վարչական բյուջեի եկամուտներ

 

 

- ֆոնդային բյուջեի

եկամուտներ

 

 

Ընդամենը՝ համայնքի բյուջեի ծախսեր,

որից՝

 

 

- վարչական բյուջեի ծախսեր

 

 

- ֆոնդային բյուջեի ծախսեր

 

 

Համայնքի ֆոնդային բյուջեի ծախսերը գործառական դասակարգմամբ, որից՝

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն, որից՝

............... հազ. դրամ (100%)

պետական ֆինանսավորման գումարը

............... հազ. դրամ (....%)

համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը

............... հազ. դրամ (....%)

Ծրագրի իրականացման տևողությունը

Սկիզբը՝___ __________ թ. 

Ավարտը՝ ___ __________ թ.

Ծրագրի ծախսերը

Ներկայացնել ծրագրով նախատեսվող ծախսերի խոշորացված հաշվարկները՝ ըստ հիմնական ծախսային ուղղությունների, և վերջիններիս գնագոյացման աղբյուրները: Ծախսերը պետք է լինեն իրատեսական, ֆինանսական հաշվարկները՝ հնարավորինս հստակ և հիմնավոր:

Ամսաթիվ

___ __________  թ.

 

Համայնքի տնտեսական պատասխանատու

Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը

 

_____________________________________________________________________________________________

 

Համայնքի ղեկավար

________________

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ »:

 

 

 

  • Discussed

    14.10.2025 - 29.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Local government

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1240

Print

Related documents / links

Suggestions

Էմիլ Կարապետյան

24.10.2025

Մասնակացային բյուջետավորման գործընթացը շատ կարևոր է փոքր գյուղերի համար ու լավ է, որ փոփխություն է արվում մեր շանսերը ավելացնելու համար։ Սակայն ծրագրով տեղնիկա գնելու հնարավորությունը սահմանափակելով բնակիչների հետաքրքրվածությունը ծրագրի հանդեպ նվազելու է։ Հողագործությամբ զբաղվողներիս տեխնիկա պետք է ուզում ենք, որ ծրագրով հնարավոր լինի տեխնիկա գնել, որը երկար ժամանակ կծառայի մեզ։ Տրակտորն ու մյուս սարքերը մեզ պետք են ոչ թե մեկ տարով, այլ տարիներ շարունակ մեր հողերը մշակելու, ճանապարհները հատկապես դաշտամիջյան մաքրելու և բարեկարգելու, համայնքի գործերը հեշտ անելու համար։ Նման բաները մեծ օգուտ են բերում գյուղին, թույլ են տալիս մեր ուժերով անել շատ աշխատանքներ ու խնայել գումար։ Լավ կլինի, եթե ծրագիրը թույլ տա նման տեխնիկա ձեռք բերել առանց սահմանափակումների, որովհետև դա գյուղացու իրական կարիքներից է։

Հայկ Խաչատրյան

16.10.2025

կարելի էր ավելի լավարկել նախագիծը

Ani Sargsyan

16.10.2025

Պետք է բյուջետավորման գործնթացն անցկացնել առանձին բնակավայրերի ներսում ծրագրերի մակարդակով ոչ թե համայնքի մակարդակով բնակավայրերի միջև

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: