«Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇԵՐՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասից, ըստ որի՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այս իրավական լիազորությունը նպատակ ունի ապահովելու պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիությունը, տվյալների փոխանակման միասնական կանոնները և այդ գործընթացի անվտանգ իրականացումը։
Բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ գործունեությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապահովված է տվյալների շարունակական հոսքը տարբեր պետական շտեմարանների և տեղեկատվական համակարգերի միջև։ Դրանց թվին են պատկանում անձը հաստատող փաստաթղթերի շտեմարանը, կենսաչափական տվյալների շտեմարանը, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը, պաշտպանության բնագավառի տվյալների բազաները և այլ պետական շտեմարաններ, որոնք ունեն նույնականացման կամ բնակչության հաշվառման համար անհրաժեշտ տեղեկություններ։ Այս փոխկապակցվածությունը տեխնիկապես իրականացվում է տվյալների փոխանակման շերտի՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով, որը հանդիսանում է անվտանգ և ստանդարտացված թվային միջավայր պետական տեղեկատվական համակարգերի փոխգործակցության համար։
2․ Կարգավորման նպատակն ու բնույթը.
Նախագծով նախատեսում է տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների փոխգործակցության հստակ իրավական և տեխնիկական կանոնները՝ ապահովելով, որ պետական կառավարման մարմինների միջև տվյալների փոխանցումը կատարվի անվտանգ, վերահսկելի և հաշվետու ձևով։ Կարգը սահմանում տվյալների փոխանակման շերտի անդամների շրջանակը, նրանց դերերը որպես տվյալների ծառայության մատակարար և օգտագործող, հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգերը, տվյալների ծառայություններից օգտվելու պայմանները, ինչպես նաև անվտանգության ապահովման մեխանիզմները։
Կարգը նախատեսում է, որ յուրաքանչյուր տվյալների փոխանցում հաստատվում է էլեկտրոնային կնիքով և պարտադիր կերպով գրանցվում է հարցումների գրանցամատյանում, որը թույլ է տալիս ապահովել հետադարձ վերահսկելիություն, հաշվետվողականություն և իրավական ապացուցելիություն տվյալների շարժի վերաբերյալ։ Այս լուծումը համահունչ է եվրոպական և սկանդինավյան երկրների կիրառվող պրակտիկային՝ մասնավորապես Էստոնիայի տվյալների փոխանակման շերտի մոդելին, որը հանդիսանում է բաց կոդով և միջազգային ստանդարտների վրա հիմնված փոխգործելիության հարթակ։
Նախագծով սահմանվում են նաև տվյալների օգտագործման իրավական սահմանափակումներ՝ բացառելով փոխանցված տվյալների չթույլատրելի օգտագործումը կամ երրորդ կողմին տրամադրումը։ Դրանով ապահովվում է անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացում և «անհրաժեշտության սկզբունքի» կիրառություն՝ համաձայն Եվրոպական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) և ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի։
Կարգը նախատեսում է նաև անվտանգության բարձր պահանջներ․ տվյալների փոխանցումն իրականացվելու է կոդավորված կապի (VPN կամ HTTPS) միջոցով, իսկ տվյալների փոխանակման շերտին միացված բոլոր անվտանգության սերվերները պարտավոր են ունենալ միջազգային սերտիֆիկացված վկայագրեր։ Բոլոր հաղորդագրությունները, որոնք փոխանցվում են Անձնական տվյալների պաշտպանության մասին միջոցով, ավտոմատ կերպով ստանում են էլեկտրոնային կնիք, իսկ դրանց տեխնիկական պարամետրերը պահպանվում են առնվազն երեք տարի՝ թվային արխիվում։
Նախագծով սահմանվում է նաև պարտադիր անվտանգային աուդիտի պահանջ՝ չորս տարին մեկ անգամ, որը հնարավորություն կտա գնահատել տվյալների ամբողջականությունը, գաղտնիությունը և հասանելիությունը։ Սա թույլ կտա ոչ միայն ապահովել համակարգի կայուն աշխատանքը, այլև կանխել հնարավոր չարաշահումներ կամ տեխնիկական խոցելիություններ։
Տվյալների փոխանակման շերտի միջոցով կազմակերպվող փոխգործակցությունը ստեղծում է միասնական թվային միջավայր, որի շնորհիվ պետական մարմինները կարող են ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը առանց տվյալների կրկնակի հավաքման՝ նվազեցնելով վարչական ծախսերը և բարձրացնելով պետական ծառայությունների մատուցման արագությունն ու արդյունավետությունը։
Կարգը նաև ամրագրում է, որ տվյալների ծառայությունների օգտագործումը թույլատրելի է միայն օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում։ Սա ապահովում է իրավական կանխարգելիչ մեխանիզմ՝ բացառելով այն դեպքերը, երբ պետական մարմինները կարող են ստանալ կամ օգտագործել տվյալներ առանց իրավական հիմքի։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման ծախսային գնահատականը հնարավոր կլինի կազմել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատանքները վերջնականացնելուց հետո։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Կառավարության 2021-2026թթ ծրագրի 6.2-րդ բաժնով կառավարությունը ստանձնել է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն։ Որակյալ ծառայությունների մատուցման հիմքը արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունն է, որն էական է քաղաքացիակենտրոն որոշումների կայացման համար։
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունումը կնպաստի միաժամանակ մի քանի ռազմավարական նպատակների իրականացմանը՝
• կբարձրանա պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակը,
• կապահովի տվյալների փոխանակման իրավական և տեխնիկական անվտանգությունը,
• կնվազեցնի տվյալների կրկնօրինակումները և ձեռնարկային տվյալների հավաքման բեռը,
• կբարելավի քաղաքացիների տվյալների պաշտպանության և պետական ծառայությունների մատուցման որակը։
Նախագիծը ներդնում է միջազգային լավագույն փորձը՝ հիմնված Փոխգործելիության լուծումների սկանդինավյան ինստիտուտի (Nordic Institute for Interoperability Solutions, NIIS) մշակած տեխնիկական բնութագրերի վրա, որոնք լայնորեն կիրառվում են մի շարք զարգացած երկրներում։ Այդ մոտեցումը ապահովում է նաև Հայաստանի թվային կառավարման համակարգերի համատեղելիությունը միջազգային ստանդարտների հետ։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
09.10.2025 - 24.10.2025
-
Type
Decision
-
Area
Public services
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 899
Print