ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16 «Հայաստանի Հանրապետության նախարարությունների ենթակայությանը հանձնված` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 1668-Ն որոշման N 1 հավելվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների ենթակայությանը հանձնված` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը։ Նշված կարգի 8-րդ կետով սահմանում են Հիմնարկի տնօրենի ընտրության պարտադիր պայմանները։ Վերջինիս 1-ին ենթակետը սահմանում է «համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, եթե մրցույթի անցկացման պայմաններով ավելի բարձր չափանիշներ նախատեսված չեն»։ Այս կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Հավելյալ մեկնաբանության անհրաժեշտություն ունի «համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն» հասկացությունը․ մասնավորապես հարց է առաջանում, թե մի քանի ոլորտում գործունեություն իրականացնող նախարարության դեպքում որ ոլորտի բարձրագույն կրթություն պետք է ունենա հավակնորդը։ Օրինակ․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի հավակնորդի համար ո՞րն է հանդիսանում համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը։ Կամ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 1999թ-ից ի վեր իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր, որոնց առանցքային բաղադրիչներից է հանդիսացել բժշկական հաստատությունների կառուցումը, վերակառուցումը կամ հիմնանորոգումը։ Ավելին՝ ներկայում Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը հանդիսանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների կապիտալ շինարարական աշխատանքների իրականացման պատասխանատու մարմինը (նախագծում, շինարարական աշխատանքների վերահսկում, հագեցում)։ Հետևաբար՝ նախարարությունների ենթակայությանը հանձնված ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկների տնօրենների հավակնորդներին ներկայացվող պահանջները պետք է բխեն ոչ միայն տվյալ նախարարության գործունեության բնույթից, այլ նաև պետական հիմնարկների առջև դրված կոնկրետ խնդիրների լուծման անհրաժեշտությունից։
Նախագծի շրջանակներում փոփոխվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16 թիվ 1668-Ն որոշման նախաբանը՝ նախագիծը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, համաձայն որոնց՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը:
Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր ոլորտային նախարարություն, հաշվի առնելով իր ենթակայությամբ գործող ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի գործունեության ուղղվածությունը, վերջիններիս առջև դրված ոլորտային խնդիրները, յուրաքանչյուր պետական հիմնարկի մրցութային գործընթացից առաջ Վարչապետի աշխատակազմ ներկայացնի պետական հիմնարկի հավակնորդին ներկայացվելիք մասնագիտական կրթությանը ներկայացվող առաջարկությունը՝ մրցութային գործընթացի հայտարարության մեջ ներառելու նպատակով։ Նման մոտեցումը հնարավորության կտա ապահովել ճիշտ կադրային քաղաքականություն, ինչպես նաև ապահովել աշխատանքների արդյունավետ իրականացում։
Միևնույն ժամանակ նախագիծը համապատասխանեցվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումը հնարավորություն կընձեռի նախարարությունների ենթակայությամբ գործող ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկների տնօրեն/մասնագետների ընտրության լայն հնարավորություն՝ կապված տվյալ պետական հիմնարկի առջև դրված խնդիրների առավել պրոֆեսիոնալ մակարդակով լուծման անհրաժեշտությամբ։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Իրավական ակտի նախագիծը առընչվում է և բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշումից, որի հավելված 1-ով հաստատված են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագիրը, որում հստակ սահմանված են նախարարությունների կողմից իրականացվող/ելիք միջոցառումները։
6․ Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն կատարվելու։
-
Discussed
03.10.2025 - 18.10.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1118
Print