Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության որեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծերի ընդունման անհրաժեշտությունը

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրվել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածով։ Միաժամանակ, ողջամիտ ժամկետում գործի քննության ապահովումը ենթադրում է օրենսդրական, կազմակերպական և մարդկային ռեսուրսների կառավարմանն ուղղված համալիր միջոցառումների ձեռնարկում։

Համաշխարհային բանկի՝ «Հայաստան. Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Հայացք ապագային» ուսումնասիրության (այսուհետ՝ Ուսումնասիրություն) համաձայն՝ վերջին ժամանակաշրջանում Հայաստանում դատարանները գործերի ծանրաբեռնվածության զգալի աճ են գրանցում, և համակարգը պայքարում է պահանջարկը բավարարելու ուղղությամբ։ Ուսումնասիրության համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ գործերի լուծումը հետևողականորեն աճել է, քիչ դատարանների է հաջողվել հասնել կատարման ցանկալի ցուցանիշներին։ Քանի որ գործերի ծավալները մեծանում են, և կատարման տոկոսները (միջինում) 100-ից ցածր են, Հայաստանում դատարանները բախվում են իրենց ընդհանուր առկախ գործերի քանակի ավելացմանը կամ 35%-ով աճին։ Ըստ այդմ, Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դատարանները բախվում են քննարկման սպասող գործերի ընդհանուր հարաճուն քանակի խնդրին։

Այս փաստը հաստատվում է նաև 2025 թվականի դրությամբ քննվող գործերի վիճակագրության ուսումնասիրմամբ։ Այսպես, Դատական դեպարտամենտի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի դատարաններում ստացվել են 22122 գործեր։ Նույն ժամանակահատվածում ավարտվել է 17725 գործ։ Ըստ այդմ, 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի դատարանների կատարման ցուցանիշը կազմել է մոտ 80,1%։

Միաժամանակ, նման կատարման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ դատարաններում գործերի քննության արդյունավետության և ժամանակի կառավարման հետ կապված մարտահրավերներով։ Այսպես, Ուսումնասիրության համաձայն՝ այն դատարանները, որոնք ցույց են տալիս յուրաքանչյուր գործող դատավորի ցածր արտադրողականության մակարդակ, մեկ դատավորի հաշվով ավելի քիչ գործեր են ստանում, մինչդեռ այն դատարանները, որոնք մեկ դատավորի հաշվով ավելի շատ գործեր են ստանում, նաև ավելի շատ գործեր են ավարտում։ Սա ցույց է տալիս, որ առկա դատավորների գործադրած ջանքերը համաչափ են պահանջներին (այսինքն՝ դատավորներն աշխատում են ավելի քրտնաջան, ավելի երկար կամ ավելի արդյունավետ՝ ըստ անհրաժեշտության)։

Վերոգրյալից ելնելով՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ ջանքեր՝ ուղղված ինչպես դատարաններում ժամանակի կառավարման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ դատավորների ամենօրյա զբաղվածության առնչությամբ թափանցիկության բարձրացմանը՝ նպաստելով հանրային հաշվետվողականությանն ու ավելի արդյունավետ վերահսկմանը։

Ուսումնասիրության համաձայն՝ քաղաքացիները և տնտեսվարողների ներկայացուցիչները կարծում են, որ արդարադատության համակարգին վերաբերող տեղեկատվությունը մատչելի չէ։ Ե¢վ քաղաքացիները, և¢ տնտեսվարողները հայտնել են, որ ավելի բավարարված են կոնկրետ իրենց դատական գործին առնչվող տեղեկատվության հասանելիությունից, քան ընդհանուր համակարգին վերաբերող տեղեկատվության։ Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ թեև առցանց տեղեկատվության տրամադրման հարցում առկա է առաջընթաց, այնուամենայնիվ բարելավման կարիք կա, որը կնպաստի արդարադատության մատչելիության և արդյունավետության կատարելագործմանը։ Դատական վարույթների և որոշումների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության հասանելիության բացակայությունն ավելի է սահմանափակում քաղաքացիների համար համակարգի կանխատեսելիությունը և նվազեցնում դատական համակարգի հանրային վերահսկողության հնարավորությունները։

Այս առնչությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն Կառավարության սահմանած կարգով։ Ըստ այդմ, կիսամյակային և տարեկան կտրվածքով դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am) տեղադրվում են վիճակագրական տվյալներ։ Բացի այդ, Դատալեքս տեղեկատվական համակարգում հասանելի է դատական նիստերի ժամանակացույցը։

Այնուամենայնիվ, առավել մեծ հանրային հաշվետվողականությունն ապահովելու և դատավորների աշխատանքային զբաղվածության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր դատավորի աշխատանքային օրակարգի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սա կներառի ոչ միայն դատական նիստերի ժամանակացույցը, այլև դատավորների այլ ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվությունը՝ կապված վերապատրաստումների, դատավորների ընդհանուր ժողովի նիստերին, Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցության, այլ աշխատանքների իրականացման վերաբերյալ։

Սա կնպաստի նաև դատավորների ժամանակի առավել արդյունավետ կառավարմանը և ավելի մանրամասն հետազոտությունների իրականացման հնարավորությանը՝ կապված նրա հետ, թե որքանով արդյուանվետ է յուրաքանչյուր դատավորն իրականացնում իր աշխատանքային պարտականությունների բաշխումը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել, որ յուրաքանչյուր դատավորի տրամադրվում է աշխատանքային օրակարգի պատուհան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում դատավորի պարտականությունների ժամանակացույցը, ներառյալ՝ դատական նիստերի, վերապատրաստումների, այլ աշխատանքի կատարման ժամերը։ Աշխատանքային օրակարգի պատուհանները պետք է ստեղծվեն միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ յուրաքանչյուր դատավորի աշխատանքային օրակարգը պետք է հրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով։

Առավել արդյունավետ և մանրամասն պլանավորում իրականցնելու նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունը՝ սահմանելու դատավորների աշխատանքային օրակարգի կառուցվածքը, օրակարգում ներառվող տեղեկատվության ցանկը, դրա հրապարակման կարգը և ժամկետները։

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քրեկատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով  առաջարկվում է նախատեսել դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցության հնարավորությունը։ Ընդ որում, նախատեսվում է, որ տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը կարող է ապահովվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ հետևյալ իրավաչափ նպատակներով՝ հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանություն, նրա անվտանգության ապահովում, հանցագործությունների կանխում, ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովում։ Բացի այդ վերը նշված նախագծով առաջարկվում է նախատեսել, որ տեսակապի միջոցով դատական նիստին դատապարտյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝

1) դատական նիստին ներկայացած անձինք և դատապարտյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց․

2) դատապարտյալը և նրա փաստաբանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.

3)դատապարտյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով ծանոթանալու գործի նյութերին։

3 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։

 

4 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի «Իրավունք և արդարադատություն» բաժնի 5․3-րդ «Դատաիրավական բարեփոխումներ» կետից։

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում ծախսերի ավելացում, որոնց չափը գտնվում է ճշգրտման փուլում։

 

6 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի դատավորների ամենօրյա աշխատանքային գործունեության վերաբերյալ առավել բարձր հանրային հաշվետվողականությունը և թափանցիկությունը, ժամանակի ավելի արդյունավետ կառավարումը։

 «Հայաստանի Հանրապետության քրեկատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տեսակապի միջոցով դատական նիստերին դատապարտյալի մասնակցությունն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ առողջության կամ դատապարտյալի անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում դատական վարույթի իրականացումն նպատակով։

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

  • Discussed

    18.09.2025 - 03.10.2025

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1508

Print

Suggestions

Մարտիկ Մարտիրոսյան

23.09.2025

Կարծում եմ նախագիծը ընդունվելու պարագայում որևէ կերպ չի նպաստելու դրա հիմնավորումներում նշված խնդիրների լուծմանը։ Նախագծով ոչ թե լուծումներ են առաջարկվում ծանրաբեռնվածությունը թեթևանցելու վերաբերյալ, այլ՝ դատավորների համար սահմանվում է լրուցուցիչ աշխատանք, որը տեխնիակական է և կապ չունի արդարադատության իրականացման գործառույթի հետ։ Արդարադատության իրականացման նկատմամբ հանրային վերահսկողությունն ապահովվում է հրապարակային դատաքննության սկզբունքի ապահովմամբ։ Բացի այդ, անհասկանալի է թե ինչու է այս նախագիծը ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Մասնավորապես, հայտնի չէ թե ՆԳՆ որ գործառույթների իրականացմանն է նպատստելու նախագիծը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: