ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.
2025 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N ՀՕ-201-Ն օրենքը և հարակից այլ օրենքների փաթեթը, որոնցով կանոնակարգվում են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները։
Օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվել է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հաշվի առնելով օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը՝ մշակվել է «էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նախագիծը հնարավորություն կտա թվայնացնելու կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և վերահսկման գործընթացը, կանոնակարգելու երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացի թվայնացումը։ Որոշման նախագծով սահմանվում են միասնական պահանջներ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման համար։
Որրոշման նախագիծը կդյուրացնի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպող մամինների կողմից էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գնման գործընթացի տեխնիկական առաջադրանքի մշակման և պահանջներ սահմանելու գործընթացը։
2․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
4․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 3.1-ին կետից, որով որպես նպատակ սահմանված է նաև տրանսպորտի զարգացումը` միասնական տոմսային համակարգի ներդնումը, ուղևորափոխադրումների սպասարկման որակի և վերահսկողության մակարդակի բարձրացումը և այլն: