ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչարարության կրճատմամբ, որի արդյունքում բարելավվում է գործարար և ներդրումային միջավայրը։
- Ներկա վիճակը և առկա խնդիրները․
Ներկայումս Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 127-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք չի ներկայացվում: Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Վերոնշյալ օրենքի փոփոխությունը կատարվել է Օրենսգրքի 02.05.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-220-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք), սակայն կատարված նախագծի փաթեթում ոչ մի հիմնավորում առկա չէ ժամկետների մասով, մասնավորապես՝ օրենքի փոփոխությունով պարզ չէ, թե ինչու՞ են վարչական ակտերի կատարումը կասեցնելու մասին որոշումներն ուժի մտնում կայացման պահից, իսկ վարչական ակտի կասեցումը վերացնելու մասին որոշումներն ուժի մեջ մտնում դրանք ստանալուց հինգ օր անց, այն էլ այն դեպքում, եթե այն չի բողոքարկվում վերադասության կարգով:
Միաժամանակ նշենք, որ Օրենքի փաթեթում բացակայում է իրավակարգավորում առ այն, թե մինչև օրենքի փոփոխության ընդունումը կայացված և բողոքարկման ժամկետը դեռևս չլրացած կամ բողոքարկման փուլում գտնվող` վարչական ակտի կասեցումը վերացնելու մասին որոշումները ե՞րբ են համարվում ուժի մեջ մտած և արդյո՞ք օրենքի փոփոխությունը ունենալու է հետադարձ ուժ, թե ոչ: Գործնականում նման անորոշություններից խուսափելու համար, առաջարկում ենք նաև իրավական կարգավորման ենթարկել նշված հարցը` կամ հստակ ամրագրելով որ օրենքի գործողությունները տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո կայացված որոշումների վրա` կամ դրան տալով նաև հետադարձ ուժ` դեռևս ուժի մեջ չմտած վարչական ակտի կասեցումը վերացնելու մասին որոշումների մասով:
Միաժամանակ կարծում ենք, որ եթե դատարանը որոշել է, որ վերացել են վարչական ակտի կասեցման հիմքերը, կամ դրանք ի սկզբանե բացակայել են, ապա անհասկանալի է թե ինչու՞ պետք է նշված դատական ակտը ուժի մեջ չմտնի անմիջապես (ինչպես կասեցման որոշումը) և ինչու պետք է բարենպաստ վարչական ակտի հասցեատերը հնարավորություն չունենա իրացնել այդ վարչական ակտով սահմանված իրավունքը։
Կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված կարգավորման ներդրումը նպատակաուղղված է եղել հենց շինարարության թույլտվությունների կասեցումները բոլոր դեպքերում բացառելուն, մինչդեռ, եթե օրենսդիրը տարբեր իրավական կառուցակարգեր է նախատեսում վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի և վարչական ակտի կասեցումը վերացնելու մասին միջանկյալ դատական ակտերի ուժի մեջ մտնելու կարգի հետ կապված, ապա առավել քան ակնհայտ է, որ այդպիսով կառուցապատման ոլորտում բազմաթիվ խնդիրների և վնասների առաջացման ռիսկը չի նվազեցվում, քանզի կառուցապատողը փաստացի իր ձեռքի տակ ունենալով կասեցման հիմքերի վերացման վերաբերյալ դատական ակտ, պետք է ամիսներ շարունակ սպասի դրա ուժի մեջ մտնելուն, որպեսզի շարունակի շինարարության իրականացումը:
Ավելին, եթե վարչական ակտի կատարման կասեցումը որակվում է որպես անհապաղ կիրառվող միջոց՝ հաշվի առնելով չկիրառման արդյունքում հայցվորի համար հնարավոր բացասական հետևանքների վրա հասնելու վտանգը, ապա նույն մոտեցումը պետք է որդեգրվի նաև վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու որոշումների նկատմամբ։ Մասնավորապես, եթե կասեցումը կոչված է պաշտպանելու հայցվորի, ապա վերացումը՝ վարչական ակտի հասցեատիրոջ շահերը։ Միաժամանակ, անվիճելի է այն փաստը, որ հայցվորի շահը չի կարող վեր դասվել վարչական ակտի հասցեատիրոջ շահից։ Հետևաբար, եթե դատարանը գտել է, որ վերացել են վարչական ակտի կասեցման հիմքերը, կամ դրանք իսկզբանե բացակայել են (կասեցումը վերացնելու հիմքեր), ապա անհասկանալի է թե ինչու պետք է նշված դատական ակտը ուժի մեջ չմտնի անմիջապես (ինչպես կասեցման որոշումը) և ինչու պետք է վարչական ակտի հասցեատերը հնարավորություն չունենա կատարելու վարչական ակտը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Օրենքի նախագծով ներկայացված կարգավորումը խնդրահարույց է մասնավորապես կառուցապատման ոլորտում՝ շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու/կասեցումը վերացնելու դատական ակտերի մասով։ Որպես կանոն տվյալ փուլում կառուցապատողի կողմից արդեն իսկ սկսված են լինում շինարարական աշխատանքները, դրանց իրականացման նպատակով կնքվում են բազմաթիվ պայմանագրեր, ներգրավվում են միջազգային և/կամ տեղական ներդրումներ, վարկային միջոցներ։ Շինարարական աշխատանքների կասեցումը վերացնելու վերաբերյալ դատական ակտերի ուժի մեջ մտնելու համար նման կարգավորումը կառուցապատողների համար հանգեցնում է վնասների՝ թե լրացուցիչ ծախսերի և թե ներդրումային միջավայրի հանդեպ վստահության նվազեցման։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվի վարչարարությունը, որը հնարավորություն կստեղծի ապահովել գործարար և ներդրումային միջավայրի ճկունությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և(կամ) այլ ռազմավարություններ»
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր «Տնտեսություն» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» կետից - Ներդրումների ծավալների և համատարած արտադրողականության աճը կարող է տեղի ունենալ բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի առկայության պայմաններում։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
20.08.2025 - 06.09.2025
-
Type
Legal code
-
Area
Economy, Administrative Offenses
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 1142
Print